Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում X


Ինչպես խարույկը լույս է շաղ տալիս
Եվ անջատում է գույն ու ջերմություն,
Այդպես էլ ինձնից պոկվում է ծիծաղ,
Թափվում է ժպիտ,
Եվ բարություն է կաթկըթում անվերջ
Իմ դեմքից,
Նաև հագուստի՜ց անգամ...

Ինքըս վերըստին ինձ եմ նմանվում
Ու ճանաչում եմ կրկին ինքըս ինձ.
Զգում եմ, որ ես իմ հորն եմ քաշել,
Եվ ինձ չի եղծել կյանքը ոչնչով...

Որտեղ էլ լինեմ`
Իմ տանն եմ զգում,
Եվ բաց է սիրտըս`
Հեռագրատան դռների նման...

Համբույրի պես է նայվածքըս ջերմին,
Խոսքըս` համբույրի շարունակություն,
Որից կարող են... մանուկնե՜ր ծնվել...

-Այդ... ես եմ ուրա՛խ:

31.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում X Պարույր Սևակ | Վերնագիրը վերջում X Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 05, 2017 Rating: 5
Технологии Blogger.