Զրույց Խոան Միրոյի հետ



Ժ. Ռ. – Միացյալ նահանգներում, թանգարաններում,- չհաշված մասնավոր հավաքածուները,- կարելի է ավելի շատ տեսնել Ձեր գործերից, քան Փարիզում, հատկապես Ձեր հին գործերից, որ նկարել եք Բլոմե կամ Տուրլաք փողոցներում ապրելիս:

Խ. Մ. – Ամերիկացիները միշտ ավելի զգայուն են եղել աշխատանքի նկատմամբ, քան փարիզցիները: Չեմ կարծում, ինչպես ասում են երբեմն, թե պատճառն այն է, որ նրանք ավելի հարուստ են և դրա համար են կարողացել ավելին գնել, և այլն: Օրինակ, Նյու Յորքում, Ժամանակակից արվեստի թանգարանում, ֆոնդապահն ուզում է մի սրահ պատրաստել, որը կունենա Մատիսի և Պիկասսոյի սրահների նշանակությունը
[…]

- «Մայրամուտի օբյեկտում», ինչպես «Տղամարդ և կին» գործում, որ նույնպես պատկանում էր Անդրե Բրետոնին, զույգը ներկայանում է շղթաների, կախովի կողպեքների մեջ, կամ ուրիշ գործերում՝ ճաղավանդակներում…

- Այո, այո…

- Վերջերս մի տիկին գիրք է գրել սյուրռեալիստների և սեքսուալության մասին, որտեղ այս կարգի գործերի և գրական նյութերի հիման վրա փորձում է ցույց տալ սյուրռեալիստների անվստահությունը կնոջ հանդեպ, նրանց հակաֆեմինիզմը՝ չնայած հավատարմության իրենց հայտարարություններին:

- Այո, կան հակասական բաներ: Սյուրռեալիստները փառաբանեցին կանանց, բայց միաժամանակ փակի տակ պահեցին նրանց: Այո, ճիշտ է:

- Վերադառնանք, եթե կուզեք, Ձեր ընդունելությանը արտասահմանում, օրինակ, Ճապոնիայում…

- Ճապոնիա գնացել եմ երկու անգամ և արժանացել եմ ֆանտաստիկ ընդունելության: Շշմել էի. օդանավակայանում մարդկանց բազմությունը սպասում էր ինձ: Տպավորությունը չափազանց ցնցող էր:
[…]

- «Ցավի մայրաքաղաքում» Էլյուարը 1926-ին հրատարակում է մի բանաստեղծություն «Խոան Միրո» խորագրով՝

Զոհի արև, իմ ուղեղի բանտարկյալ,
Քանդի՛ր բլուրը, վերցրո՛ւ անտառը…
Որը վերջանում է հետևյալ գեղեցիկ տողերով.
Ի վերջո արալույսով պարուրվելու համար

Երկինքը պիտի նույնքան անապական լինի, որքան գիշերը: Ավելի ուշ, Ձեր «Նորստեղծ նկարների» կապակցությամբ Ժորժ Բաթայը մի հակիրճ ամփոփ շարադրանքով ներկայացնում է 1930-ականների Ձեր ստեղծագործության մեջ տեղ գտած «իրերի» պատմությունը. «հետո ցասկոտ ու խելացնոր փոքրիկ տարրերը առաջ են բերում մի նոր ժայթքում, այնուհետև նորից անհետանում մերօրյա այս նկարներում՝ թողնելով միայն ով գիտե ինչ արհավիրքի հետքեր»:

- Եվտուշենկոն ինձ ասել է, որ ՍՍՀՄ-ում ընդհատակյա մի շարժում է սկսվել ի պաշտպանություն ինձ: Սակայն Արևելյան երկրներում դա դժվար է: Ես շարունակ ջերմ ու հուզիչ նամակներ եմ ստանում Լեհաստանից: Նույնիսկ եթե նրանք չեն կարողանում իմ գործերից ձեռք բերել, միևնույն է, գրում են:
[…]

- Այլևս կոլլաժներ չե՞ք անում: Մատիսը ծեր հասակում վերցրել էր մկրատն ու կտրատել թղթերը…

- Ոչ, կոլլաժն իբրև կոլլաժ արդեն անցած փուլ է:
[…]

- Դուք ինքներդ որտեղի՞ց եք ստացել ամենաուժգին հարվածները:

- Մարդկանց առաջին ուժեղ հակազդեցությունն իմ հանդեպ զգացել եմ Բարսելոնայում, Դալմոյի մոտ: Պիկաբիայի հայտնվելն այնտեղ և նրա «391» հանդեսը ինձ համար մեծ նշանակություն են ունեցել: Իսկ Պիկաբիայի կտավները ցնցել էին (ծամածռություն):

- Ուրեմն, Դուք միաժամանակ անտարբեր չէիք Պիկաբիայի անօգուտ մեքենաների երկրաչափության և 1900-ականների վոլյուտաների նկատմամբ, որոնց մասին խոսեցինք Գաուդիի առումով:

- Կար միայն Գաուդի: Մոդեռնիստական Բարսելոնան հոյակապ էր: Այդ տները, ճաղաշարերով խանութները, կերամիկական գործերը, քանդակները: Այդ ամենը քանդեցին տխմարները: Մրցահրապարակների մոտ մի տուն կա, որի վերնամասում կապույտ ու դեղին հախճասալերից կազմված է մի քանի մետրանոց հսկա թիթեռ:

- Ուրիշ տխմնարներ էլ, եթե ոչ նույն մարդիկ, ձեռնամուխ եղան Սագրադա Ֆամիլիան ավարտելու գործին՝ քանդելով երբևէ եղած ճարտարապետական երազանքի ամենագեղեցիկ պատը: Բայց ի՞նչ եք մտածում Դուք Սեն-Սյուլպիսի տիպի քանդակների մասին, որ կան Սագրադա Ֆամիլիայում, ցենտուրիոնի՝ իր մետաղյա սրով, սրբերի…

- Գաուդին կերտել է ճիշտ այնպես, ինչպես այն ամերիկացին՝ Սիգալը, որ բոլորովին վերջերս մուլյաժներ էր անում: Ցնցումի պես մի բան էին դրանք: Նույն ձևով ժամանակին ես կոլլաժներ էի անում փոստային բացիկներով:

- Գաուդին միշտ շատ էր առաջ անցնում: Ասացիք, որ քաջ ծանոթ եք եղել նրան, իսկ տեսե՞լ եք Գաուդիին աշխատելիս:

- Ոչ: Երբեք: Բայց խոսել եմ նրա բանվորների հետ: Նրանք ինձ պատմել են, թե ինչպես է աշխատել. Գծագրեր չի արել, այլ միայն ներկայացրել է ձեռքով-ոտքով. «Դու կանես այսպես», և արել է աստիճանաձև շարժում… Նա ստեղծագործել է անընդհատ: Անվերջ եղել է շինհրապարակում:
[…]

- Դուք խոսում էիք «միջակությունների մասին» այն դեպքում, երբ արդեն հիսուն տարի է, որ Կատալոնիայում ծնունդ է առել կամ այնտեղով է անցել լավագույն ամենագերիչ մոդեռն արվեստը. Պիկասսոն ապրել է այնտեղ, Դյուշանը՝ հաստատվել, Պիկաբիան, Մասոնը և շատ ուրիշներ եղել են որոշ ժամանակով, էլ չասած՝ արմատով այնպիսի կատալոնացիների մասին, ինչպիսին Դուք եք, Դալին, Տապիեսը: Փարիզում Դե Ալի խորշը փորելուց հետո կանչեցին մի կատալոնացու՝ Ռիկարդո Բոֆիլին, վայելուչ ձևով այն լցնելու համար…

- Այո, բայց դրանք թնդանոթի զարկեր են:

- Գուցե ձևերի լեզու մի երկրում, որը զոհ է դարձել երկարատև գրաքննության:

- Այդպես է, ստիպված էին աշխատել մի տեսակ ընդհատակում. Մեր բերանները փակել էին (շարունակում է խոսել ձեռքը բերանին դրած), բայց ներսում աշխատանքը չդադարեց: Պոեզիան և գեղանկարչությունը պահպանեցին մեր երկրի կենսունակությունը:

Թարմանությունը ֆրանսերենից՝ Արուս Բոյաջյան 
Զրույց Խոան Միրոյի հետ Զրույց Խոան Միրոյի հետ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 01, 2017 Rating: 5
Технологии Blogger.