Պլավտուս | Կյանքը և գործը



Հռոմեական կատակերգության առաջին հեղինակը՝ ծագումով ստրուկ Տիտուս Մակկուսը, Պլավտուս (հարթաթաթ) մականունով (254 – 180 թթ.), եղել է ատելլանայում Մակկուսի դերակատարը: Հռոմեացի գիտնական Վարոնը առաջին դարում նրան է վերագրում 21 կատակերգությունների հեղինակությունը: Պլավտուսը ստեղծել է միայն պալլիատաներ, որոնք գրել է հունարեն և որոնց բնագրերը չեն պահպանվել, ավելացնելով ակրոբատիկա, բուֆոնադ և ֆարս: Նա օգտագործել է կոնտամինացիա, բացառիկ հումոր և ժողովրդական լեզու: Նրա սիրած կերպարն է ճարպիկ և խորամանկ ստրուկը: Կատակերգությունների նախերգանքները՝ արգումենտաները, գրված են աքրոստիքոսով:

«Սնապարծ զինվորը» (204 թ.) կատակերգության գլխավոր հերոսը Պիրգոպոլինիկոսն է՝ ալ կարմիր զգեստով, փետուրներով, փարթամ հոպոպներով, հսկայական սրով, միամիտ և սնապարծ: Նա մեծ հաճույքով լսում է պարասիտ Արտոտրոգի հնարած պատմությունները «կատարած» սխրանքների, հատկապես կանանց գերելու մասին:
Պարասիտը և խորամանկ ստրուկը որոշում են միացնել բաժանված սիրահարվածներին և, օգտվելով Պիրգոպոլինիկոսի միամտությունից ու գոռոզությունից, նրա աջակցությամբ առևանգում են իր իսկ ստրկուհուն: Կատակերգությունը լի է զգեստափոխություններով, ծեծկռտոցով, ուրախ ինտրիգներով: Հռոմեացի դերասանները դիմակ չէին կրում, բնականաբար մեծ դեր ուներ դիմախաղը և դերասանական տեխնիկան:
Պիրգոպոլինիկոսի կերպարը օգտագործել է Շեքսպիրը իր «Տասներկուերորդ գիշեր» կատակերգության մեջ, Ֆալստաֆի կերպարում:
«Կճուճը» կատակերգության մեջ օջախի բարի աստված Լարը գիշերը ծեր Էվկլիոնին երազում հայտնում է, որ նրա օջախում ոսկով կճուճ է թաքցրած: Նույն գիշերը Էվկլիոնը գտնում է կճուճը և դստերը՝ Ֆեդրային օժիտ տալու փոխարեն որոշում է թաղել այգում: Հարևանի ստրուկը, նկատելով նրա գործերը, Էվկլիոնի հեռանալուց հետո գողանում է կճուճը և հանձնում իր տիրոջը՝ Լիկոնիդին, որը մի տոնական գիշեր բռնաբարել էր Ֆեդրային և, իմանալով, որ նա հղի է, որոշել էր ամուսնանալ հետը:
Իմանալով կճուճի տեղը՝ հարևանից պահանջում է վերադարձնել այն: Լիկոնիդը, վաղուց սիրահարված լինելով Էվկլիոնի դստերը՝ Ֆեդրային, խնդրում է նրա ձեռքը: Պլավտուսի ստեղծած Էվկլիոնի կերպարը հիմք է ծառայել Մոլիերի «Ժլատը» կատակերգության համար:
«Երկվորյակներ» կատակերգության մեջ երիտասարդ Մենեքմոսը գալիս է մի քաղաք, որտեղ նրա վրա է հարձակվում իրեն անծանոթ մի կին իր թիկնոցը գողանալու և սիրուհուն նվիրելու մեղադրանքով: Տեսնելով, որ Մենեքմոսը չի ճանաչում իրեն, կինը օգնության է կանչում հորը, գանգատվելով, որ ամուսինը ծաղրում է իրեն: Մենեքմոսը, սակայն, «աներոջն» էլ չի ճանաչում: Նրան հիվանդ համարելով՝ հայրը բժիշկ է հրավիրում: Այդ ժամանակ հայտնվում է Մենեքմոսի երկվորյակը: Ստրուկ Մեսենիոսի միջամտությամբ պարզվում է, որ երկվորյակներից մեկը կորել էր հոր հետ ճանապարհորդության ժամանակ, հայրը վշտից մահացել էր, իսկ երեխային գտել և որդեգրել էր մի հարուստ վաճառական: Մյուս եղբայրը մեծացել է հարազատ քաղաքում՝ Սիրակուզում, մի օր որոշել է գնալ եղբորը փնտրելու, և հասնելով Էպիդամնոս գտել է նրան:
Պլավտուսի գրչին են պատկանում նաև «Ամփիտրիոն», «Խաբեբա» և «Գերիներ» կատակերգությունները, որոնց սյուժեները փոխառված են ատտիկական հեղինակներից:

Տես նաև Արիստոփանես Ամպեր և Լուկիանոս Կյանքը և գործը
Պլավտուս | Կյանքը և գործը Պլավտուս | Կյանքը և գործը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on декабря 11, 2017 Rating: 5
Технологии Blogger.