Արթուր Կոնան Դոյլ | Կարմրահերների միությունը


Այդ անցյալ տարվա աշնանն էր։ Շերլոք Հոլմսի մոտ նստել էր ինչ-որ տարեց ջենթլմեն՝ խիստ մարմնեղ, շիկակարմիր մազերով։ Ես ուզում էի ներս մտնել, բայց տեսնելով, որ երկուսն էլ տարված են խոսակցությամբ, շտապեցի հեռանալ։ Սակայն Հոլմսը ինձ քարշ ավեց սենյակ և դուռը հետևիցս ծածկեց։

Դուք իսկը ժամանակին եք եկել, թանկագին Վա՛թսըն,— ասաց նա սիրալիր տոնով։
Ես վախեցա խանգարել Ձեզ։ Ինձ թվաց, թե Դուք զբաղված եք։
Այո, զբաղված եմ և նույնիսկ շատ։
Ավելի լավ չէ՞ սպասեմ մյուս սենյակում։
Ո՛չ, ո՛չ Մի՛ստր Վիլսըն,— ասաց նա՝ դիմելով հաստլիկին,— այս ջենթլմենը շատ անգամներ է բարեկամական օգնություն ցույց տվել ինձ իմ ամենահաջող հետազոտություններում։ Չեմ կասկածում, որ Ձեր գործում ևս նա խիստ օգտակար կլինի ինձ։
Հաստլիկը մի փոքր բարձրացավ աթոռից և գլխով արեց։ Նրա փոքրիկ, ճարպակալած աչքերը հետաքրքրությամբ զննում էին ինձ։
Նստեցեք այստեղ՝ բազմոցին,— ասաց Հոլմսը։
Նա ինքը նստեց բազկաթոռին և, ինչպես միշտ մտազբաղ րոպեներին, զույգ ձեռքի մատների ծայրերը միացրեց իրար։
Թանկագին Վա՛թսըն,— ասաց Հոլմսը,— ես գիտեմ, որ Դուք բաժանում եք իմ սերը դեպի այն ամենը, ինչ արտասովոր է, ինչը խախտում է մեր առօրյա կյանքի միօրինակությունը։ Եթե Դուք անսովոր դեպքերը չսիրեիք, այդպիսի եռանդով գրի չէիք առնի իմ համեստ արկածները ըստ որում, խղճով ասած՝ Ձեր որոշ պատմվածքները մի փոքր գունազարդված են պատկերում իմ գործունեությունը։
Բայց, ախր, Ձեր արկածները միշտ էլ այնքան հետաքրքիր են թվացել ինձ,— առարկեցի ես։
Հիշում եմ, դեռ երեկ էր, որ ես ասում էի Ձեզ, թե ամենահամարձակ երևակայությունն անգամ ի վիճակի չէ պատկերացնել այն արտասովոր ու տարօրինակ դեպքերը, որոնք պատահում են կյանքում։
Իսկ ես պատասխանեցի, որ թույլ եմ տալիս ինձ կասկածելու Ձեր կարծիքի ճշտությանը։
Բայց և այնպես, դոկտո՛ր, ստիպված պիտի լինեք խոստովանել, որ ես իրավացի եմ, այլապես Ձեր գլխին զարմանալի փաստերի մի այնպիսի հեղեղ կթափեմ, որ հարկադրված կհամաձայնեք ինձ հետ։ Ահա թեկուզ այն պատմությունը, որ հենց նոր պատմեց միստր Ջեյբեզ Վիլսընը։ Իրադրությունը, ուր տեղի է ունեցել այն, բոլորովին հասարակ է ու առօրյա, մինչդեռ ինձ թվում է, թե ամբողջ կյանքիս ընթացքում դրանից ավելի հիանալի պատմություն չեմ լսել Մի՛ստր Վիլսըն, բարի եղեք կրկնել Ձեր պատմությունը։ Ես այդ խնդրում եմ ոչ միայն նրա համար, որ իմ բարեկամ միստր Վաթսընը լսի պատմության սկիզբը, այլև որպեսզի ես ինքս որքան հնարավոր է ավելի լավ ծանոթանամ ամենաչնչին մանրամասնություններին։ Սովորաբար, հենց որ սկսում են որևէ դեպք պատմել ինձ, հազարավոր նման դեպքեր են արթնանում հիշողությանս մեջ։ Բայց այս անգամ ստիպված եմ խոստովանել, որ երբևէ նման բան չեմ լսել։
Հաստլիկ այցելուն որոշ հպարտությամբ կուրծքը դուրս ցցեց, վերարկուի ծոցագրպանից դուրս քաշեց մի կեղտոտ, ճմրթված թերթ ու բաց արեց իր ծնկներին։ Մինչ նա, վիզը դուրս գցած, աչքերն արագությամբ կհածեր հայտարարությունների սյունակների վրա, ես ուշադիր զննեցի նրան և փորձեցի, ընդօրինակելով Շերլոք Հոլմսին, հագուստից ու արտաքինից որոշել, թե ով է նա։
Դժբախտաբար, իմ դիտողությունները համարյա ոչ մի արդյունք չտվին։ Իսկույն կարելի էր նկատել, որ մեր այցելուն ամենասովորական մանր խանութպան է՝ ինքնաբավական, բութ և դանդաղաշարժ։ Նրա տաբատը գորշ էր, վանդակավոր ու տոպրակի նման կախ ընկած։ Ոչ այնքան մաքուր սև սերթուկի կոճակներն արձակ էին, իսկ մուգ ժիլետի վրա փայլում էր պղնձե ոսկեպատ ու ծանր մի շղթա, որից իբրև կախազարդ կախված էր միջից ծակված ինչ-որ մետաղի քառանկյուն մի կտոր։ Աթոռին նետված էին նրա մաշված ցիլինդրը և գունաթափ, գորշ վերարկուն՝ թավշյա կնճռոտված օձիքով։ Մի խոսքով՝ ինչքան էլ որ զննեցի այդ մարդուն, ոչ մի ուշադրության արժանի բան չտեսա, բացի բոցագույն, շիկակարմիր մազերից։ Պարզ էր, որ նա խիստ շփոթված է ինչ-որ տհաճ դեպքից։
Իմ զբաղմունքը չվրիպեց Շերլոք Հոլմսի խորաթափանց հայացքից։
Անշուշտ, ամեն մեկին պարզ է,— ասաց նա ժպտալով,— որ մեր հյուրը մի ժամանակ զբաղվել է ֆիզիկական աշխատանքով, բռնոթի է քաշում, ֆրանկմասոն է, եղել է Չինաստանում և վերջին ամիսների ընթացքում շատ է գրել։ Բացի այս ակնբախ փաստերից, ես ուրիշ բան չեմ կարող գուշակել։
Միստր Ջեյբեզ Վիլսընը վեր թռավ բազկաթոռից և, ցուցամատը թերթից չկտրելով, աչքերը չռեց բարեկամիս վրա։
Մի՛ստր Հոլմս, ինչպե՞ս իմացաք այդ բոլորը,— հարցրեց նա։ Օրինակ՝ որտեղի՞ց գիտեք, որ ես զբաղվել եմ ֆիզիկական աշխատանքով։ Ախր ճիշտ որ ես իմ կարիերան սկսել եմ իբրև նավի հյուսն։
Իմ թանկագին սը՛ր, Ձեր ձեռքերը պատմեցին ինձ այդ։ Ձեր աջ ձեռքը մեծ է ձախից։ Դուք աշխատել եք այդ ձեռքով, դրա համար էլ աջ ձեռքի մկաններն ավելի խոշոր են։
Հապա բռնոթի քաշե՞լը, ֆրանկմասոնությո՞ւնը
Ֆրանկմասոնության մասին դժվար չէ գլխի ընկնել, քանի որ Դուք, հակառակ Ձեր ընկերության խիստ կանոնադրության, աղեղի ու շրջագծի պատկերով կոճակ եք կրում։
Ա՛խ, այդպե՜ս Ես այդ մոռացել էի։ Բայց ո՞նց գլխի ընկաք, որ ես շատ եմ գրել։
Ուրիշ ինչի՞ մասին կարող է վկայել Ձեր պսպղացող աջ թևքը և թևքի մահուդը, որ ձախ արմունկի մոտ տրորվել է փայլելու աստիճան։
Իսկ Չինաստա՞նը։
Միայն Չինաստանում կարող էին կտել այն ձկնիկը, որ երևում է Ձեր աջ նախադաստակին։ Ես ուսումնասիրել եմ կտումները, նույնիսկ գիտական հոդվածներ եմ գրել դրանց մասին։ Ձկան թեփը քնքուշ-վարդագույն գույնով ներկելու սովորույթը հատուկ է միայն Չինաստանին։ Տեսնելով Ձեր ժամացույցի շղթայի վրա չինական դրամ՝ ես վերջնականապես համոզվեցի, որ Դուք եղել եք Չինաստանում։
Միստր Ջեյբեզ Վիլսընը բարձրաձայն քրքջաց։
Այ թե ի՜նչ,— ասաց նա։ Սկզբում ես կարծեցի, թե Աստված գիտե ինչ դժվար միջոցներով եք գուշակում, մինչդեռ պարզվում է, որ դա շատ հասարակ բան է։
Վա՛թսըն, ես սկսում եմ մտածել,— ասաց Հոլմսը,— որ սխալ գործեցի՝ բացատրելով, թե ինչ ձևով հանգեցի իմ եզրակացություններին։ Ինչպես հայտնի է Ձեզ՝ «Omne ignotum pro magnifico», և իմ համեստ փառքին կործանում է սպասում, եթե այսպես անկեղծ լինեմ Հայտարարությունը գտա՞ք, մի՛ստր Վիլսըն։
Գտա,— պատասխանեց նա՝ հաստ կարմիր մատը պահելով թերթի սյունակի կենտրոնում։ Հրես։ Ամեն ինչ հենց սրանից էլ սկսվեց։ Ինքներդ կարդացեք, սը՛ր։
Ես վերցրի թերթն ու կարդացի
ԿԱՐՄՐԱՀԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ։ Ի կատարումն հանգուցյալ Հեզըքայա Հոփքինզի կտակի (Լեբընոն, Պենսիլվանիա, ԱՄՆ), բացված է միության անդամի նոր աշխատատեղ։ Ա ռ ա ջ ա ր կ վ ո ւ մ է ա շ խ ա տ ա վ ա ր ձ՝ շաբաթական չորս ֆունտ ստերլինգ զուտ անվանական ծառայության դիմաց։ Քսանմեկ տարեկանից ոչ փոքր ամեն մի կարմրահեր, որ ունի առողջ դատողություն և զգաստ հիշողություն, կարող է պիտանի լինել այդ աշխատանքի համար։ Դիմել անձամբ Դանքըն Ռոսին երկուշաբթի օրը ժամը տասնմեկին, միության գրասենյակ, Ֆլիթ-սթրիթ, Փոփզ Քորթ ։
Սատանան տանի, այս ի՞նչ կարող է նշանակել,— բացականչեցի ես՝ երկու անգամ կարդալով արտասովոր հայտարարությունը։
Հոլմսը անձայն ծիծաղեց ու մի տեսակ ամբողջ մարմնով կուչ եկավ բազկաթոռի մեջ, իսկ դա պարզ նշան էր, որ նա մեծ բավականություն է զգում։
Այնքան էլ աննշան հայտարարություն չէ, հը՞։ Ի՛նչ եք կարծում,— ասաց նա։ Դե՛, մի՛ստր Վիլսըն, շարունակեցեք Ձեր պատմությունը։ Պատմեցեք Ձեր և Ձեր տան մասին, այն մասին, թե այդ հայտարարությունն ինչ դեր խաղաց Ձեր կյանքում։ Իսկ Դուք, դոկտո՛ր, խնդրում եմ գրեք, թե ինչ թերթ է այդ և ամսի քանիսինն է։
— «Մորնինգ քրոնիքըլ», 27 ապրիլի 1890 թվական։ Ուղիղ երկու ամիս առաջ։
Շատ լավ։ Շարունակեցեք, մի՛ստր Վիլսըն։
Ինչպես արդեն ասացի, մի՛ստր Շերլոք Հոլմս,— ասաց Ջեյբեզ Վիլսընը ճակատը սրբելով,— Սիթիի մոտերքում՝ Զաքս-Քոբուրգ-սկվերի վրա, ես մի փոքրիկ փոխատու գանձարկղ ունեմ։ Իմ գործերն առաջ էլ մի բանի նման չէին, իսկ վերջին երկու տարիները եկամուտս այնքան էր լինում, որ հազիվ մի կերպ ծայրը-ծայրին էի հասցնում։ Մի ժամանակ ես երկու օգնական էի պահում, բայց հիմա միայն մեկն է նրան վճարելն էլ ինձ համար դժվար կլիներ, բայց նա համաձայնեց կես ռոճիկսվ աշխատել, որպեսզի հնարավորություն ունենա ուսումնասիրելու իմ գործը։
Ի՞նչ է այդ պատրաստակամ պատանու անունը,— հարցրեց Շերլոք Հոլմսը։
Նրա անունն է Վինսենթ Սպոլդինգ, և նա ամենևին էլ պատանի չէ։ Դժվար է ասել, թե նա քանի տարեկան է։ Դրանից ավելի ճարտար օգնական դժվար թե կարողանայի ճարել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ նա կարող էր լիովին յոլա գնալ առանց ինձ և երկու անգամ ավելի շատ վաստակել։ Բայց քանի որ վերջիվերջո նա գոհ է, ինչո՞ւ պիտի ես նրա գլուխն այնպիսի մտքեր մտցնեմ, որոնք վնաս կհասցնեն իմ շահերին։
Իսկապես որ, ինչո՞ւ։ Տեսնում եմ, որ Ձեր բախտը շատ լավ բերել է Դուք ունեք մի օգնական, որին վճարում եք ավելի քիչ, քան նույնպիսի աշխատանքի համար ուրիշները վճարում են։ Մեր ժամանակներում այնքան էլ հաճախ չեն պատահում այդպիսի անշահախնդիր ծառայողներ։
Օ՜, իմ օգնականն ունի նաև իր պակասությունները,— ասաց միստր Վիլսընը։ Ես դեռ երբեք չեմ պատահել մի մարդու, որն այդպիսի կրքով տարվեր լուսանկարչությամբ։ Չրթացնում է տեսախցիկը, երբ պետք է աշխատել, իսկ հետո ծլկում է նկուղ, ոնց որ ճագարն իր բույնը, ու երևակում է թիթեղիկները։ Այդ նրա գլխավոր պակասությունն է։ Մնացած բաներում նա լավ աշխատող է։
Հուսով եմ, որ նա հիմա էլ է ծառայում Ձեզ մոտ։
Այո, սը՛ր։ Նա է, մեկ էլ տասնչորս տարեկան մի աղջիկ, որը մի կերպ բան-ման է պատրաստում մեզ համար ու սենյակն է հավաքում։ Ուրիշ մարդ չկա ինձ մոտ ես մենակ եմ, առանց երեխաների։ Մենք երեքով սուսիկ-փուսիկ ապրում ենք մեզ համար, սը՛ր, օջախի կրակը վառ պահում և վճարում ըստ հաշիվների՝ ահա մեր ողջ ծառայությունները Այդ հայտարարությունը մեզ հունից դուրս հանեց,— շարունակեց միստր Վիլսընը։ Այսօր լրացավ ութ շաբաթ այն օրից, երբ Սպոլդինգն այդ թերթը ձեռքին ներս մտավ գրասենյակ և ասաց
«Մի՛ստր Վիլսըն, ես կուզեի, որ Աստված ինձ շիկակարմիր ստեղծած լիներ»։
«Ինչո՞ւ»,— հարցրի ես։
«Այ, տեսեք,— ասաց նա,— նոր ազատ տեղ է բացվել Կարմրահերների միությունում։ Ով այդ տեղն զբաղեցնի, նա վատ եկամուտ չի ունենա։ Այնտեղ, հավանորեն, շատ ավելի տեղեր կան, քան թեկնածուներ։ Կարմրակատարները գլուխ են ջարդում՝ չիմանալով, թե փողերն ինչ անեն։ Եթե իմ մազերն ընդունակ լինեին իրենց գույնը փոխելու, ես անպայման կօգտվեի այդ շահավետ տեղից»։
«Այդ ի՞նչ Կարմրահերների միություն է»,— հարցրի ես։
Բանն այն է, մի՛ստր Հոլմս, որ ես մեծ տնկալ եմ, և քանի որ հարկ չի լինում վազվզել գործի հետևից, այլ գործն ինքն է գալիս ինձ մոտ, երբեմն ես ամբողջ շաբաթներով ոտքս տնից դուրս չեմ գնում։ Ահա ինչու շատ քիչ գիտեմ, թե աշխարհում ինչ է կատարվում, և միշտ ուրախ եմ նորություններ լսելու
«Մի՞թե երբեք չեք լսել Կարմրահերների միության մասին»,— հարցրեց Սպոլդինգը՝ աչքերը լայն չռելով։
«Երբե՛ք»։
«Այդ ինձ շատ է զարմացնում, որովհետև Դուք այն մարդկանցից մեկն եք, ովքեր իրավունք ունեն գրավելու այդ ազատ տեղը»։
«Իսկ դա շա՞տ եկամուտ կարող է բերել»,— հարցրի ես։
«Տարեկան երկու հարյուր ֆունտ ստերլինգից ոչ ավելի, բայց աշխատանքը չնչին է և այնպիսին, որ չի խանգարում ուզած ուրիշ գործով զբաղվելու»։
Հասկանալի է, որ ականջներս սրեցի, քանի որ վերջին ժամանակներս իմ ձեռնարկությունը շատ չնչին եկամուտ էր բերում, և տարեկան ավելորդ երկու հարյուր ֆունտը խիստ տեղին կլիներ։
«Պատմեցեք այն բոլորը, ինչ գիտեք այդ միության մասին»,— ասացի ես։
«Ինչպես ինքներդ էլ տեսնում եք,— պատասխանեց Սպոլդինգը՝ ցույց տալով հայտարարությունը,— Կարմրահերների միությունում ազատ տեղ կա, ահա և հասցեն, ուր կարող եք դիմել տեղեկանքի համար, եթե ուզում եք մանրամասնություններն իմանալ։ Որքան հայտնի է ինձ՝ այդ միությունը հիմնադրել է ամերիկացի միլիոնատեր Հեզըքայա Հոփքինզը, որը խելառի մեկն էր։ Նա ինքն էլ թունդ շիկակարմիր մազեր ուներ և համակրում էր աշխարհի բոլոր կարմրահերներին։ Մեռնելիս նա մի հսկայական գումար է թողել իր կտակակատարներին՝ ցանկություն հայտնելով գործադրել այն վառ շիկակարմիր մազեր ունեցող մարդկանց վիճակը թեթևացնելու համար։ Ինձ ասել են, որ այդ բախտավորներին սքանչելի աշխատավարձ են վճարում՝ համարյա ոչ մի աշխատանք չպահանջելով նրանցից»։
«Բայց ախր կարմրահերները միլիոնավորներ են,— ասացի ես,— և ամեն մեկը կուզի գրավել այդ ազատ տեղը»։
«Այնքան էլ շատ չեն, որքան Ձեզ թվում է,— պատասխանեց նա։ Ինչպես տեսնում եք, հայտարարությունն ուղղված է միայն լոնդոնցիներին, ըստ որում՝ միայն մեծերին։ Այդ ամերիկացին ծնվել է Լոնդոնում, այստեղ է անցկացրել իր պատ անեկությունը և կամեցել է բարերարություն անել իր հարազատ քաղաքին։ Բացի դրանից, որքան լսել եմ՝ այն անձինք, որոնց մազերը բաց շիկակարմիր են կամ մուգ շիկակարմիր, իզուր կդիմեն միությանը այնտեղ պահանջվում են վառ, շլացուցիչ կրակաշիկակարմիր մազերով մարդիկ։ Մի՛ստր Վիլսըն, եթե ուզում եք օգտվել այս առաջարկից, բավական է միայն հասնեք միության գրասենյակ։ Բայց իմաստ ունի՞ արդյոք, որ Դուք մի քանի հարյուր ֆունտ ստերլինգի համար կտրվեք Ձեր հիմնական զբաղմունքից»։
Ինչպես ինքներդ էլ բարեհաճում եք տեսնել, ջենթլմեննե՛ր, ես խիստ գունեղ, հարուստ երանգի վառ շիկակարմիր մազեր ունեմ, և ինձ թվում էր, որ եթե բանը հասներ Կարմրահերների միության, ես հավանորեն շանսեր կունենայի գրավելու ազատվող աշխատատեղը։ Վինսենթ Սպոլդինգը՝ իբրև այդ գործում ամեն ինչից տեղյակ, կարող էր մեծ օգուտ տալ ինձ, ուստի կարգադրեցի նրան ամբողջ օրով փակել փեղկերը և ուղեկցել ինձ մինչև միության շենքը։ Նա շատ ուրախացավ, որ այսօր չի աշխատելու, և մենք, գրասենյակը փակելով, քայլներս ուղղեցինք դեպի հայտարարության մեջ նշված հասցեն։
Մի՛ստր Հոլմս, ես մի այնպիսի տեսարան տեսա, որի նման այլևս երբեք չի վիճակվի տեսնել։ Հյուսիսից, հարավից, արևելքից ու արևմուտքից հայտարարության հետքերով դեպի Սիթի էին մղվում բոլոր այն մարդիկ, որոնց մազերը թեկուզ մի փոքր շիկակարմիր երանգ ունեին։ Ամբողջ Ֆլիթ-սթրիթը լցված էր կարմրահերներով, իսկ Փոփզ Քորթը նման էր նարնջավաճառի սայլակի։ Երբեք մտքովս չէր անցել, որ Անգլիայում այդքան կարմրահերներ կան։ Այստեղ կային շիկակարմիր գույնի բոլոր երանգները հարդագույն, կիտրոնագույն, աղյուսագույն, իռլանդական սետերի գույնի, լեղիի և կավի երանգի։ Բայց, ինչպես Սպոլդինգն էր ասում՝ իսկական կենդանի, վառ, հրեղեն գույնի գլուխներ քիչ կային այդտեղ։ Այնուամենայնիվ, տեսնելով մի այդպիսի ամբոխ՝ ես հուսահատվեցի։ Սպոլդինգն իրեն չկորցրեց։ Չգիտեմ, թե այդ ինչպես հաջողվեց նրան, բայց նա հրհրում ու առաջ էր խցկվում այնպիսի եռանդով, որ ինձ անցկացրեց բազմության միջով, և մենք շուտով հայտնվեցինք գրասենյակի աստիճանների վրա։ Աստիճաններով շարժվում էր մարդկային կրկնակի մի հոսանք ոմանք բարձրանում էին՝ լի հաճելի հույսերով, մյուսները իջնում էին արդեն հուսախաբ։ Մենք խցկվում էինք առաջ և շուտով գրասենյակում էինք։
Անչափ հետաքրքիր պատմություն է,— ասաց Հոլմսը, երբ այցելուն լռեց, որպեսզի հիշողությունը թարմացնի բռնոթի քաշելով,— խնդրեմ շարունակեցեք։
Գրասենյակում ոչինչ չկար, բացի մի զույգ փայտե աթոռներից ու սոճու հասարակ սեղանից, որի մոտ նստել էր ինձանից էլ կարմրահեր մի մարդուկ։ Նա յուրաքանչյուր թեկնածուի հետ մի քանի խոսք էր փոխանակում, երբ նրանք մոտենում էին սեղանին, և ամեն մեկի մեջ մի որևէ պակասություն գտնում էր։ Երևում է՝ այդ աշխատատեղը գրավելն այնքան էլ հեշտ չէր։ Բայց երբ մենք էլ մեր հերթին սեղանին մոտեցանք, փոքրիկ մարդուկն ինձ դիմավորեց շատ ավելի սիրալիր, քան մնացած թեկնածուներին։ Հազիվ էինք ներս մտել, և նա փակեց դուռը, որպեսզի զրուցի մեզ հետ առանց կողմնակի մարդկանց։
«Սա միստր Ջեյբեզ Վիլսընն է,— ասաց իմ օգնականը։ Նա կուզենար գրավել աշխատատեղը Ձեր միությունում»։
«Եվ նա լիովին արժանի է դրան,— պատասխանեց մարդուկը։ Վաղուց ես այսպիսի հիանալի մազեր չէի տեսել»։
Նա մի քայլ հետ գնաց, գլուխը թեքեց կողքի և այնքան երկար նայեց մազերիս, որ ես անհարմար զգացի։ Հետո առաջ նետվեց, հափշտակեց ձեռքս և ջերմորեն շնորհավորեց ինձ։
«Իմ կողմից անարդարացի կլիներ դանդաղելը,— ասաց նա։ Սակայն հուսով եմ կներեք ինձ, եթե որոշ նախազգուշական միջոցների դիմեմ»։
Նա երկու ձեռքով ճանկեց մազերս և այնպես ձիգ տվեց, որ ես ցավից գոռացի։
«Ձեր աչքերում արցունքներ եմ տեսնում,— ասաց նա՝ մազերս բաց թողնելով։ Ուրեմն ամեն ինչ կարգին է։ Ներեցեք, բայց մենք ստիպված ենք զգույշ լինել, որովհետև երկու անգամ խաբել են մեզ կեղծամի օգնությամբ և մի անգամ՝ ներկի։ Ես կարող էի պատմել Ձեզ այնպիսի անազնիվ արարքների մասին, որոնք զզվանք կառաջացնեին Ձեր մեջ դեպի մարդիկ»։
Նա մոտեցավ լուսամուտին և կոկորդով մեկ բղավեց, որ աշխատատեղը զբաղված է։ Ներքևից լսվեց հիասթափության հառաչանք, բազմությունը ցրվեց տարբեր ուղղություններով, և շուտով ողջ այդ թաղում ոչ մի կարմրահեր մարդ չմնաց, բացի ինձանից և այն մարդուց, որն ինձ վարձում էր։
«Իմ անունը միստր Դանքըն Ռոս է,— ասաց նա։ Ես էլ եմ թոշակ ստանում այն ֆոնդից, որ թողել է մեզ մեր մեծահոգի բարերարը։ Մի՛ստր Վիլսըն, Դուք ամուսնացա՞ծ եք, ընտանիք ունե՞ք»։
Ես պատասխանեցի, որ կինս մահացել է։ Նրա դեմքին երևաց վշտի արտահայտություն։
«Աստվա՛ծ իմ,— մռայլ ասաց նա։ Ախր դա շատ լուրջ արգելակ է։ Որքա՜ն ցավալի է, որ Դուք ամուսնացած չեք։ Ֆոնդն ստեղծվել է շիկակարմիրների բազմացման ու տարածման, և ոչ թե միայն նրանց կյանքն ապահովելու համար։ Ի՜նչ դժբախտություն, որ Դուք ամուրի եք»։
Այդ խոսքերը լսելով՝ իմ դեմքը ձգվեց, մի՛ստր Հոլմս, որովհետև սկսեցի վախենալ, թե ինձ չեն վերցնի, բայց մի քիչ մտածելուց հետո նա ասաց, որ ամեն ինչ յոլա կգնա։
«Բոլոր մյուսների համար մենք կանոններից չէինք նահանջի, բայց այսպիսի մազեր ունեցող մարդուն կարելի է ընդառաջել։ Դուք ե՞րբ կարող էիք անցնել Ձեր նոր պարտականությունների կատարմանը»։
«Դա մի քիչ դժվար է, քանի որ ես զբաղված եմ ուրիշ ձեռնարկության մեջ»,— ասացի ես։
«Մի անհանգստանաք դրա համար, մի՛ստր Վիլսըն,— ասաց Վինսենթ Սպոլդինգը։ Այդ աշխատանքից ես առանց Ձեզ էլ գլուխ կհանեմ»։
«Ո՞ր ժամերին եմ զբաղված լինելու»,— հարցրի ես։
«Տասից մինչև երկուսը»։
Քանի որ փոխատու գանձարկղներում գլխավոր աշխատանքը կատարվում է երեկոները, մի՛ստր Հոլմս, հատկապես հինգշաբթի և ուրբաթ օրերը՝ ռոճիկի նախօրյակին, որոշեցի, որ վատ չի լինի առավոտյան ժամերին մի բան վաստակել։ Մանավանդ, որ իմ օգնականը հուսալի մարդ է և, եթե հարկավոր լինի, կարող է լիովին փոխարինել ինձ։
«Այդ ժամերն ինձ հարմար են,— ասացի ես։ Իսկ ինչքա՞ն աշխատավարձ եք վճարում»։
«Շաբաթական չորս ֆունտ»։
«Իսկ ի՞նչ աշխատանք է»։
«Զուտ անվանական»։
«Ի՞նչն եք անվանում զուտ անվանական աշխատանք»։
«Աշխատանքի համար նախատեսված ողջ ժամանակամիջոցում Դուք պետք է գտնվեք մեր գրասենյակում կամ, ծայրահեղ դեպքում, այն շենքում, ուր տեղավորված է մեր գրասենյակը։ Եթե թեկուզ մեկ անգամ աշխատանքի ժամին հեռանաք այստեղից, ընդմիշտ կկորցնեք Ձեր տեղը։ Կտակողն առանձնապես պնդում է այս կետի ճշգրիտ կատարման վրա։ Կհաշվվի, որ Դուք մեր պահանջները չկատարեցիք, եթե աշխատանքի ժամերին թեկուզ մեկ անգամ հեռանաք գրասենյակից»։
«Եթե խոսքը վերաբերում է օրվա մեջ ընդամենը չորս ժամին, իհարկե, իմ մտքով իսկ չի անցնի գրասենյակից հեռանալ»,— ասացի ես։
«Ի նկատի ունեցեք,— կրկնեց միստր Դանքըն Ռոսը,— որ հետո ո՛չ մի ներողության հաշվի չենք առնի։ Ո՛չ մի հիվանդություն, ո՛չ մի գործ չի կարող ծառայել իբրև արդարացում։ Դուք պետք է գտնվեք գրասենյակում, այլապես՝ կկորցնեք Ձեր աշխատանքը»։
«Իսկ աշխատանքը ո՞րն է»։
«Դուք պետք է արտագրեք «Բրիտանական հանրագիտարանը»։ Առաջին հատորն այս պահարանում է։ Թանաք, գրիչ, թուղթ ու ծծան ինքներդ ձեռք կբերեք, իսկ մենք կտրամադրենք միայն աթոռ ու սեղան։ Կարո՞ղ եք վաղն աշխատանքի անցնել»։
«Իհարկե»,— պատասխանեցի ես։
«Այդ դեպքում ցտեսություն, մի՛ստր Ջեյբեզ Վիլսըն։ Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, որ հաջողվեց այսպիսի լավ պաշտոն ստանալ»։
Նա գլխով արավ ինձ։ Ես դուրս եկա սենյակից և օգնականիս հետ գնացի տուն՝ ուրախանալով իմ անսովոր հաջողության համար։ Ամբողջ օրը մտածում էի այդ դեպքի մասին, և երեկոյան մի փոքր տրամադրությունս ընկավ։ Սկսեց մտքովս անցնել, որ այդ բոլորը պարզապես սրիկայություն է՝ չնայած ոչ մի կերպ չէր հաջողվում գուշակել, թե ինչ նպատակ կարող է ունենալ այդ խաղը։ Անհավանական էր թվում, որ գոյություն ունի այդպիսի կտակ, և որ մարդիկ համաձայն են այդքան մեծ գումարներ վճարել «Բրիտանական հանրագիտարանի» արտագրման համար։ Վինսենթ Սպոլդինգն ամենայն եռանդով աշխատում էր սրտապնդել ինձ, բայց պառկելով քնելու՝ ես հաստատ որոշեցի հրաժարվել այդ գործից։ Սակայն առավոտյան մտքովս անցավ, որ հարկավոր է գոնե, համենայն դեպս, մի անգամ գնալ այնտեղ։ Մեկ փենիի թանաք գնեցի և, վերցնելով փետուրե գրիչ ու յոթ թերթ մեծ թուղթ, քայլերս ուղղեցի դեպի Փոփզ Քորթ։ Ի զարմանս իմ՝ այնտեղ ամեն ինչ կարգին Էր։ Շատ ուրախացա։ Սեղանն արդեն պատրաստ էր իմ աշխատանքի համար, և միստր Դանքըն Ռոսն սպասում էր ինձ։ Նա պատվիրեց սկսել «Ա» տառից և դուրս գնաց, բայց ժամանակ առ ժամանակ վերադառնում էր գրասենյակ, որ տեսնի՝ աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ։ Ժամը երկուսին նա հրաժեշտ տվեց ինձ, գովեց, որ կարողացել էի այդքան շատ արտագրել, և գրասենյակի դուռը փակեց իմ հետևից։
Այդպես անցնում էր օրն-օրին, մի՛ստր Հոլմս։ Շաբաթ օրն իմ տերը չորս ոսկի սովըրին6 դրեց իմ առաջ՝ սեղանի վրա՝ մի շաբաթվա վարձը։ Այդպես անցավ նաև երկրորդ շաբաթը, երրորդը։ Ամեն առավոտ ուղիղ ժամը տասին ես գնում էի այնտեղ և ճիշտ երկուսին հեռանում։ Կամաց-կամաց միստր Դանքըն Ռոսն սկսեց գրասենյակ մտնել միայն առավոտները, իսկ հետո բոլորովին դադարեց այցելել։ Բայց և այնպես, հասկանալի է, որ ես սիրտ չէի անում նույնիսկ մի րոպեով դուրս գալ սենյակից, որովհետև համոզված չէի, թե նա չի գա, և չէի ուզում այդպիսի շահավետ պաշտոնը ռիսկի ենթարկել։
Անցավ ութ շաբաթ։ Ես արտագրեցի աբբայի, արբալետի, Ատտիկեի վերաբերյալ հոդվածները և հուսով էի շուտով անցնել «Բ» տառին։ Մեծ քանակությամբ թուղթ էր գնում, և արդեն գրածներս հազիվ էին տեղավորվում դարակի վրա։ Բայց հանկարծ ամեն ինչ վերջացավ։
Վերջացա՞վ։
Այո, սը՛ր։ Այսօր առավոտյան։ Ժամը տասին, ինչպես միշտ՝ գնացի աշխատանքի, բայց դուռը կողպեքով փակված էր, իսկ դռան վրա մեխով ամրացված էր ստվարաթղթի մի պատառ։ Ահա այն, ինքներդ կարդացեք։
Նա մեկնեց մեզ ծոցատետրի թերթիկի մեծության մի ստվարաթուղթ, որի վրա գրված էր
ԿԱՐՄՐԱՀԵՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՑՐՎԱԾ Է
9 հոկտեմբերի 1890 թվական
Ես և Շերլոք Հոլմսը երկար դիտում էինք այդ կարճ գրությունը և Ջեյբեզ Վիլսընի ընկճված դեմքը, վերջապես դեպքի ծիծաղելի կողմը մեր աչքից ծածկեց ողջ մնացյալը մենք քրքջացինք՝ չկարողանալով զսպել մեզ։
Ես այստեղ ոչ մի ծիծաղելի բան չեմ տեսնում,— բացականչեց մեր այցելուն՝ վեր թռչելով բազկաթոռից ու կարմրելով մինչև իր հրեղեն մազերի արմատները։ Եթե Դուք օգնելու փոխարեն պատրաստվում եք ծիծաղել ինձ վրա, ես կդիմեմ մի ուրիշի օգնության։
Ո՜չ, ո՛չ,— բացականչեց Հոլմսը՝ նորից նստեցնելով նրան բազկաթոռին։ Ձեր գործը ես ոչ մի պայմանով ձեռքից բաց չեմ թողնի։ Նա տառացիորեն թարմացնում է հոգիս իր նորությամբ։ Բայց և այնպես, ներեցեք ինձ, դրանում ինչ-որ զվարճալի բան կա։ Իսկ ի՞նչ արեցիք՝ այս գրությունը դռան վրա գտնելով։
Ես ցնցված էի, սը՛ր։ Չգիտեի, թե ինչ անեմ։ Գնացի հարևան գրասենյակները, բայց ոչ ոք ոչինչ չգիտեր։ Վերջապես գնացի տանտիրոջ մոտ, որն ապրում էր ներքևի հարկում, և հարցրի, թե արդյոք չի՞ կարող ասել՝ ի՛նչ է պատահել Կարմրահերների միությանը։ Նա պատասխանեց, թե երբեք չի լսել այդպիսի կազմակերպության մասին։ Այն ժամանակ ես հարցրի, թե ո՞վ է միստր Դանքըն Ռոսը։ Նա պատասխանեց, որ առաջին անգամն է լսում այդ անունը։
«Ես խոսում եմ այն ջենթլմենի մասին, որը վարձել էր Ձեր համար չորս բնակարանը»,— ասացի ես։
«Շիկակարմիր ջենթլմենի՞»։
«Այո»։
«Նրա անունը Վիլյամ Մորիս է։ Նա իրավաբան է, շենքը վարձել էր ժամանակավորապես, որովհետև իր մշտական գրասենյակը վերանորոգման էր ենթարկվում։ Նա երեկ մեկնեց»։
«Որտե՞ղ կարելի է գտնել նրան»։
«Իր մշտական գրասենյակում։ Նա թողել է իր հասցեն։ Ահա՝ Քինգ Էդուարդ-սթրիթ 17, սուրբ Պողոսի տաճարի մոտ»։
Ես գնացի այդ հասցեով, մի՛ստր Հոլմս, բայց պարզվեց, որ այնտեղ արհեստական ոտքերի արհեստանոց է այդ արհեստանոցում ոչ ոք երբևէ չէր լսել ո՛չ միստր Վիլյամ Մորիսի, ո՛չ էլ մի՛ստր Դանքըն Ռոսի մասին։
Դրանից հետո ի՞նչ արեցիք,— հարցրեց Հոլմսը։
Վերադարձա տուն՝ Զաքս-Քոբուրգ-սկվերի վրա, և խորհուրդ արեցի օգնականիս հետ, որը ոչնչով չկարողացավ օգնել ինձ։ Նա ասաց, որ պետք սպասել, հավանորեն որևէ բան կհաղորդեն փոստով։ Բայց դա ինձ չի գոհացնում, մի՛ստր Հոլմս։ Այդպիսի հիանալի տեղը ես չեմ ուզում առանց կռվի զիջել, և քանի որ լսել էի, որ Դուք խորհուրդներ եք տալիս խեղճ մարդկանց, որոնք դժվարին դրության մեջ են ընկել, ես էլ որոշեցի գալ ուղիղ Ձեզ մոտ։
Եվ ճիշտ եք վարվել,— ասաց Հոլմսը։ Ձեր դեպքը հիանալի դեպք է, և ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ դրանով զբաղվելու։ Լսելով Ձեզ՝ ես գալիս եմ այն եզրակացության, որ այդ գործը շատ ավելի լուրջ է, քան երևում է առաջին հայացքից։
Այն էլ ինչպե՜ս լուրջ,— ասաց միստր Ջեյբեզ Վիլսընը։ Ես զրկվեցի շաբաթական չորս ֆունտից։
Եթե խոսելու լինենք անձամբ Ձեր մասին,— ասաց Հոլմսը,— ապա հազիվ թե Դուք գանգատվելու պատճառ ունենաք այդ արտասովոր միությունից։ Ընդհակառակը՝ որքան ես հասկանում եմ, նրա շնորհիվ Դուք մի երեսուն ֆունտով ավելի հարստացաք՝ չխոսելով արդեն, որ խորը գիտելիքներ ձեռք բերեցիք «Ա» տառով սկսվող առարկաների մասին։ Այնպես որ, ըստ էության՝ Դուք ոչինչ չեք կորցրել։
Չեմ վիճում, սը՛ր, այդ այդպես է։ Բայց ես կուզենայի գտնել նրանց, իմանալ, թե ովքե՞ր են նրանք և ինչո՞ւ այդպիսի խաղ խաղացին իմ գլխին, եթե միայն դա խաղ էր։ Այդ խեղկատակությունը բավական թանկ նստեց նրանց վրա դրա համար նրանք վճարեցին երեսուներկու ֆունտ ստերլինգ։
Մենք կփորձենք այդ բոլորը պարզել։ Բայց թույլ տվեք նախ մի քանի հարց տալ Ձեզ, մի՛ստր Վիլսըն։ Վաղո՞ւց է ծառայում Ձեզ մոտ այդ օգնականը նա, որ հայտարարությունը Ձեզ ցույց տվեց։
Այն ժամանակ նա ինձ մոտ ծառայում էր արդեն մոտ մի ամիս։
Դուք նրան որտե՞ղ գտաք։
Նա ներկայացավ թերթում տված իմ հայտարարությամբ։
Միայն նա՞ արձագանքեց Ձեր հայտարարությանը։
Ոչ, արձագանքեցին մոտ տասը մարդ։
Ինչո՞ւ Դուք հատկապես նրան ընտրեցիք։
Որովհետև նա ժիր էր ու էժան։
Ձեզ հրապուրեց նրան կես ռոճիկ վճարելու հնարավորությո՞ւնը։
Այո։
Ի՞նչ տեսք ունի նա՝ այդ Վինսենթ Սպոլդինգը։
Պստլիկ, ամրակազմ, խիստ շարժուն։ Երեսին ոչ մի մազ չունի, չնայած երեսունին մոտ է արդեն։ Ճակատին մի սպիտակ խալ կա, որ առաջացել է թթվուտի այրումից։
Հոլմսը ուղղվեց տեղում։ Նա շատ հուզված էր։
Այդպես էլ գիտեի,— ասաց նա։ Իսկ Դուք նրա ականջներին գինդի անցքեր չե՞ք նկատել։
Նկատել եմ, սը՛ր։ Նա բացատրեց, որ երբ ինքը դեռ փոքր է եղել, ինչ-որ գնչուհի ծակել է նրա ականջները։
Հը՜մ,— մռմռաց Հոլմսը և խոր մտքերի մեջ թաղված հետ ընկավ բազկաթոռի թիկնակին։ Նա մինչև հիմա Ձեզ մո՞տ է։
Այո, սը՛ր, ես քիչ առաջ տեսա նրան։
Երբ Դուք տանը չէիք լինում, նա լա՞վ էր գլուխ հանում Ձեր գործերից։
Չեմ կարոդ գանգատվել, սը՛ր։ Ասենք, առավոտներն իմ փոխատու գանձարկղում համարյա անելիք չի լինում։
Բավական է, մի՛ստր Վիլսըն։ Մեկ կամ երկու օր հետո ես կհայտնեմ Ձեզ, թե ինչ եմ մտածում այդ դեպքի մասին։ Այսօր շաբաթ է Հուսով եմ, որ երկուշաբթի օրը մենք արդեն ամեն ինչ կիմանանք։
Դե, Վա՛թսըն, ի՞նչ եք մտածում այս ամենի մասին,— հարցրեց Հոլմսը, երբ մեր այցելուն արդեն գնացել Էր։
Ոչինչ էլ չեմ մտածում,— անկեղծորեն պատասխանեցի ես։ Այդ գործն ինձ թվում է բոլորուվին խորհրդավոր մի բան։
Ընդհանուր կանոնն այս է,— ասաց Հոլմսը դեպքը որքան տարօրինակ է, այնքան քիչ խորհրդավորություն է պարունակում իր մեջ։ Ամենից դժվարը հենց սովորական անգույն հանցագործությունները մերկացնելն է՝ ինչպես որ բազմության մեջ ամենադժվարը սովորական դիմագծերով մարդուն գտնելն է։ Բայց այս դեպքը պետք է որքան կարելի է շուտ վերջացնել։
Ի՞նչ եք մտադիր անել։
Ծխել,— պատասխանեց նա։ Այս խնդիրը ուղիղ երեք ծխամորճի համար է, և ես խնդրում եմ Ձեզ մի տասը րոպե չխոսել ինձ հետ։
Նա կուչ եկավ բազկաթոռի մեջ՝ նիհար ծնկները բարձրացնելով դեպի բազեի քիթը, և երկար նստած մնաց այդ դիրքում՝ աչքերը փակ, առաջ տնկած կավե սև ծխամորճը, որը նման էր ինչ-որ տարօրինակ թռչնի կտուցի։ Ես կարծեցի, թե նա քնեց, և ինքս էլ արդեն սկսում էի ննջել, երբ հանկարծ Հոլմսը վեր թռավ տեղից մի այնպիսի մարդու տեսքով, որը հաստատ որոշում է կայացրել, և ծխամորճը դրեց բուխարիկի վրա։
Այսօր Սարասատեն նվագում է Սեյնթ Ջեյմս հոլում,— ասաց նա։ Ի՞նչ եք մտածում այդ մասին, Վա՛թսըն։ Ձեր հիվանդները մի քանի ժամով կարո՞ղ են յոլա գնալ առանց Ձեզ։
Ես այսօր ազատ եմ։ Իմ պրակտիկան այնքան էլ շատ ժամանակ չի խլում ինձանից։
Այդ դեպքում դրեք Ձեր գլխարկը, գնանք։ Ամենից առաջ ես ուզում եմ Սիթիում լինել։ Ճամփին որևէ տեղ մի բան կուտենք։
Մետրոյով գնացինք մինչև Օլդըրզգեյթ, այնտեղից քայլեցինք մինչև Զաքս-Քոբուրգ-սկվեր, ուր տեղի էին ունեցել այն բոլոր իրադարձությունները, որոնց մասին առավոտյան պատմել էին մեզ։
Զաքս-Քոբուրգ-սկվերը մի փոքրիկ, քնկոտ հրապարակ է՝ արիստոկրատ երևալու ողորմելի ջանքերով։ Չորս շարք աղյուսե երկհարկանի կեղտոտ տներ իրենց լուսամուտներով նայում են մի պստլիկ, մոլախոտերով ծածկված այգու, ուր մի քանի թոշնած դափնեթփեր ծանր պայքարի էին մտել մրով հագեցած օդի հետ։ Երեք ոսկեզօծ գնդեր և անկյունում կախված դարչնագույն մի ցուցանակ՝ «Ջեյբեզ Վիլսըն» մակագրությամբ, ցույց էին տալիս, որ այստեղ է գտնվում մեր շիկակարմիր այցելուի ձեռնարկությունը։
Շերլոք Հոլմսը կանգ առավ դռան մոտ՝ կիսափակ կոպերի տակից նրա վրա հառելով փայլուն աչքերը։ Հետո նա դանդաղաքայլ անցավ փողոցով, վերադարձավ անկյուն՝ ուշադիր զննելով շենքերը։ Փոխատու գանձարկղի առաջ նա մի երեք անգամ ձեռնափայտով ուժգին հարվածեց սալարկին, ապա մոտեցավ դռանն ու ծեծեց։ Դուռն անմիջապես լայնորեն բացեց արագաշարժ, մաքուր ածիլված մի երիատասարդ և մեզ ներս հրավիրեց։
Շնորհակալություն,— ասաց Հոլմսը։ Ես ուզում էի միայն հարցնել, թե այստեղից ինչպե՞ս գնալ Ստրենդ։
Երրորդ դարձումը դեպի աջ, չորրորդը՝ դեպի ձախ,— վայրկենապես պատասխանեց մի՛ստր Վիլսընի օգնականը և դուռը շրխկոցով փակեց։
Ճարպի՜կն է,— նկատեց Հոլմսը, երբ մենք նորից քայլում էինք փողոցով։ Կարծում եմ, որ նա ճարպկության տեսակետից չորրորդ տեղն է գրավում Լոնդոնում, իսկ քաջության տեսակետից, թերևս, նույնիսկ երրորդը։ Ես նրա մասին որոշ բաներ գիտեմ։
Ինչպես երևում է,— ասացի ես,— միստր Վիլսընի օգնականը փոքր դեր չի խաղում այդ Կարմրահերների միությունում։ Համոզված եմ, որ Դուք ճանապարհը հարցրիք միայն նրա համար, որպեսզի տեսնեք նրան։
Ոչ թե նրան։
Հապա ի՞նչը։
Նրա ծնկները։
Եվ ի՞նչ տեսաք։
Այն, ինչ սպասում էի։
Իսկ ինչո՞ւ էիք թակում սալարկը։
Սիրելի դոկտո՛ր, այժմ դիտելու ժամանակ է և ոչ թե խոսակցության։ Մենք հետախույզներ ենք հակառակորդի ճամբարում։ Մեզ հաջողվեց որոշ բան իմանալ Զաքս-Քոբուրգ-սկվերի մասին։ Հիմա հետախուզենք այն փողոցները, որոնք հարում են նրան մյուս կողմից։
Մենք շուռ եկանք փողոցի անկյունը։ Տարբերությունը Զաքս-Քոբուրգ-սկվերի և մեր տեսածի միջև նույնքան մեծ էր, որքան մեծ է նկարի և նրա հակառակ երեսի միջև եղած տարբերությունը։ Այդտեղով անցնում էր քաղաքի գլխավոր զարկերակներից մեկը, որը Սիթին միացնում է հյուսիսի ու արևմուտքի հետ։ Այդ մեծ փողոցն ամբողջովին լցված էր աջ ու ձախ հոսող կառքերի հեղեղով, իսկ մայթերի վրա սևին էին տալիս հետիոտների պարսերը։ Նայելով հիանալի խանութների ու շքեղ գրասենյակների շարքերին՝ դժվար էր պատկերացնել, որ այդ նույն տների հետևում գտնվում է այնպիսի մի աղքատիկ ամայի հրապարակ։
Թույլ տվեք մի լավ դիտեմ,— ասավ Հոլմսը՝ կանգ առնելով անկյունում և իրար հետևից ուշադիր զննելով տները։ Ուզում եմ շենքերի հերթականությունը հիշել։ Լոնդոնի ուսումնասիրումն իմ կիրքն է Ամենից առաջ Մորթիմըրի ծխախոտի խանութն է, հետո՝ թերթի կրպակը, հետո՝ Քաղաքային և Մերձքաղաքային դրամատան Քոբուրգի բաժանմունքը, այնուհետև՝ բուսակերների ռեստորանը, ապա՝ Մըք Ֆարլինի ծածկակառքերի նորոգման կայանը։ Հետո արդեն գալիս է ուրիշ թաղամաս Դե, դոկտո՛ր, մեր աշխատանքն ավարտված է։ Հիմա կարող ենք մի քիչ զվարճանալ՝ սենդվիչ, մի բաժակ սուրճ և ապա՝ դեպի ջութակների աշխարհը, ուր ամեն ինչ քաղցրություն է, գրգանք ու ներդաշնակություն, ուր չկան շիկակարմիր այցելուներ, որոնք վրդովում են մեզ դժվարին հանելուկներով։
Իմ բարեկամը կրքոտությամբ հրապուրվում էր երաժշտությամբ նա ոչ միայն շատ ընդունակ կատարող էր, այլև երևելի երգահան։ Ամբողջ երեկոն նա նստեց բազկաթոռին, լիովին երջանիկ՝ երաժշտության տակտի հետ թեթևակի շարժելով երկար ու բարակ մատները։ Նրա մեղմորեն ժպտացող դեմքը, խոնավ, մշուշված աչքերը ոչնչով չէին հիշեցնում Հոլմս-խուզարկուին՝ խորամանկ, դաժան Հոլմսին, ավազակների հետապնդողին։ Նրա զարմանալի բնավորությունը բաղկացած էր երկու հիմունքից։ Հաճախ մտածում էի, որ նրա՝ իր ճշգրտությամբ ապշեցնող սրաթափանցությունը ծնվել է այդ մարդու բնավորության հիմնական գիծը կազմող բանաստեղծական մտախոհության դեմ վարած պայքարում։ Նա շարունակ լիակատար թուլությունից անցնում էր արտասովոր էներգիայի։ Ինձ լավ հայտնի էր, թե նա ինչպիսի անհոգ հանգստությամբ երեկոներն անձնատուր էր լինում իր իմպրովիզացիաներին ու նոտաներին։ Բայց հանկարծ որսորդական կիրքը համակում էր նրան, իրեն հատուկ մտածողության փայլուն ուժը աճում, հասնում էր ներհայեցողության աստիճանին, և նրանք, ովքեր ծանոթ չէին նրա մեթոդին, սկսում էին մտածել, որ մարդ չէ կանգնած իրենց առաջ, այլ ինչ-որ գերբնական արարած։ Հետևելով նրան Սեյնթ Ջեյմս հոլում և տեսնելով, թե նրա հոգին ինչպիսի լիությամբ է տրվում երաժշտության՝ ես զգում էի, որ վատ է լինելու այն մարդու բանը, որին նա ուզում է որսալ։
Դոկտո՛ր, Դուք, իհարկե, ուզում եք տուն գնալ,— ասաց նա համերգը վերջանալուց հետո։
Հասկանալի է, տուն։
Իսկ ես դեռ մի գործ էլ ունեմ, որն ինձանից կխլի երեք-չորս ժամ։ Քոբուրգ-սկվերի այդ դեպքը շատ լուրջ բան է։
Իսկապե՞ս։
Այնտեղ մի ոճրագործություն է պատրաստվում։ Ես բոլոր հիմքերն անեմ մտածելու, որ դեռ կարող ենք կանխել այն։ Բայց ամեն ինչ բարդանում է նրանով, որ այսօր շաբաթ է։ Երեկոյան ես կարող եմ Ձեր օգնության կարիքն զգալ։
Ո՞ր ժամին։
Ժամը տասին, ոչ շուտ։
Ուղիղ տասին կլինեմ Բեյքր-սթրիթում։
Շատ լավ։ Ի նկատի ունեցեք, դոկտո՛ր, որ գործը վտանգավոր է լինելու։ Ձեր զինվորական ատրճանակը վերցրեք հետներդ։
Նա ձեռքով արավ ինձ, արագ շուռ եկավ և իսկույն անհետացավ բազմության մեջ։
Ես ինձ ուրիշներից հիմար չեմ համարում, բայց ամեն անգամ Շերլոք Հոլմսի հետ գործ ունենալիս սեփական բթամտության գիտակցությունը տանջում է ինձ։ Ահա, ես էլ լսեցի նույնը, ինչ նա, տեսա նույնը, ինչ նա, սակայն, դատելով նրա խոսքերից՝ նա գիտի ու հասկանում է ոչ միայն այն, ինչ պատահել է, այլև այն, ինչ պատահելու է։ Իսկ ինձ այդ ամբողջ գործը պատկերանում է իբրև անհասկանալի անհեթեթություն։
Տուն վերադառնալիս նորից հիշեցի և՛ «Բրիտանական հանրագիտարանի» շիկակարմիր արտագրողի ողջ անսովոր պատմությունը, և՛ մեր այցելությունը Զաքս-Քոբուրգ-սկվեր, և՛ այն չարագուշակ խոսքերը, որ ասաց ինձ Հոլմսը հրաժեշտ տալիս։ Ի՞նչ է նշանակում այդ գիշերային արշավը, և ինչի՞ համար պետք է ես զինված գնամ։ Ո՞ւր ենք գնալու և ի՞նչ պիտի անենք։ Հոլմսը ակնարկեց, որ փոխատու գանձարկղի տիրոջ անմորուք օգնականը խիստ վտանգավոր մարդ է՝ ընդունակ մեծ հանցագործությունների։
Ամեն կերպ աշխատում էի լուծել այդ հանելուկը, բայց ոչինչ դուրս չեկավ։ Որոշեցի սպասել գիշերվան, որը պետք է ամեն բան պարզեր։
Տասից քառորդ պակաս դուրս եկա տնից և, անցնելով Հայդ այգին ու Օքսֆորդ-սթրիթը, դուրս եկա Բեյքր-սթրիթ։ Մուտքի մոտ կանգնած էին երկու կառք։ Նախասենյակ մտնելով՝ լսեցի ձայների աղմուկ։ Հոլմսի մոտ երկու մարդ գտա, որոնց հետ նա աշխույժ զրույցի էր բռնված։ Մեկին ճանաչում էի դա Փիթըր Ջոնզն էր՝ ոստիկանության պաշտոնական գործակալը։ Մյուսը բարձրահասակ, նիհար, մռայլ մի մարդ էր՝ գլխին փայլուն ցիլինդր, հագին՝ ճնշող անբասիր ֆրակ։
Ահա և մենք հավաքվեցինք,— ասաց Հոլմսը՝ նավաստիական բաճկոնը կոճկելով ու թարեքից վերցնելով ծանրակոթ որսորդական մտրակը։ Վա՛թսըն, Դուք, կարծեմ, ծանոթ եք Սքոթլենդ Յարդի գործակալ միստր Ջոնզին։ Թույլ տվեք Ձեզ ներկայացնել միստր Մերիվեդըրին։ Միստր Մերիվեդըրը նույնպես մասնակցելու է մեր գիշերային արկածին։
Ինչպես տեսնում եք, դոկտո՛ր, մենք միստր Հոլմսի հետ նորից միասին ենք որսի դուրս գալիս,— ասաց Ջոնզը իր սովորական մեծալուրջ ու ներողամիտ տեսքով։ Մեր բարեկամը աննման մարդ է։ Բայց որսի հենց սկզբում գազանին հետապնդելու համար նրան հարկավոր է ծեր քերծեիս օգնությունը։
Վախենում եմ ոչ թե գազան սպանենք, այլ բադ,— մռայլ տոնով ասաց միստր Մերիվեդըրը։
Սը՛ր, կարող եք լիովին վստահել միստր Հոլմսին,— հովանավորող տոնով խոսեց ոստիկանության գործակալը։ Նա ունի իր սեփական սիրած մեթոդները, որոնք, թույլ եմ տալիս ինձ նկատելու, մի փոքր վերացական են ու ֆանտաստիկ, բայց և այնպես՝ հիանալի արդյունքներ են տալիս։ Պետք է խոստովանել, որ եղել են դեպքեր, երբ նա իրավացի է դուրս եկել, իսկ պաշտոնական ոստիկանությունը սխալվել է։
Քանի որ Դուք այդպես եք ասում, մի՛ստր Ջոնզ, ուրեմն ամեն ինչ կարգին է,— ներողամտորեն ասաց անծանոթը։ Բայց և այնպես ցավում եմ, որ այսօր իմ սովորական ռոբըրը չեմ խաղալու։ Քսանյոթ տարվա ընթացքում սա առաջին շաբաթ երեկոն է, որ ես անց եմ կացնելու առանց թղթախաղի։
Այսօրվա խաղում խաղագումարը շատ ավելի խոշոր է լինելու, քան Ձեր թղթախաղերում,— ասաց Շերլոք Հոլմսը,— և ինքը խաղն էլ ավելի հրապուրիչ է։ Մի՛ստր Մերիվեդըր, Ձեր խաղագումարը հավասար է երեսուն հազար ֆունտ ստերլինգի։ Իսկ Ձեր խաղագումարը, Ջո՛նզ, այն մարդն է, որին վաղուց ի վեր ուզում եք բռնել։
Ջոն Քլեյը մարդասպան է, գող ու սրիկա,— ասաց Ջոնզը։ Նա դեռ ջահել է, մի՛ստր Մերիվեդըր, բայց դա ամենահմուտ գողն է երկրում։ Ոչ ոքի ձեռքերին ես այնպիսի հաճույքով ձեռնաշղթա չէի անցկացնի, ինչպես նրա։ Հիանալի մարդ է նա՝ այդ պատանի Ջոն Քլեյը։ Նրա պապը հերցոգ էր, նա ինքը սովորել է Իթընում և Օքսֆորդում։ Նրա ուղեղը նույնքան մարզված է, որքան ձեռքերը։ Չնայած մենք յուրաքանչյուր քայլափոխում հանդիպում ենք նրա հետքերին, բայց նա մինչև հիմա անորսալի է մնացել։ Այս շաբաթ նա կողոպտում է որևէ մեկին Շոտլանդիայում, իսկ մյուս շաբաթ արդեն փող է հանգանակում Քորնվոլում մանկատուն կառուցելու համար։ Ես մի քանի տարի է, ինչ հետապնդում եմ նրան, բայց դեռ ոչ մի անգամ իրեն չեմ տեսել։
Այս գիշեր ես բավականությամբ նրան Ձեզ կներկայացնեմ։ Ինքս էլ մի երկու անգամ առիթ եմ ունեցել դեմ առնելու միստր Ջոն Քլեյի սխրագործություններին և լիովին համամիտ եմ Ձեզ հետ, որ նա ամենահմուտ գողն է երկրում Արդեն ժամը տասնմեկն է՝ շարժվելու ժամանակը։ Դուք երկուսդ գնացեք առաջին կառքով, իսկ ես և Վաթսընը կգանք երկրորդով։
Մեր երկար ուղևորության ընթացքում Շերլոք Հոլմսն այնքան էլ մարդամոտ չէր։ Նա հետ էր ընկել նստաբարձին և սուլում էր այդ օրը համերգում լսած եղանակները։ Մենք անցանք գազով լուսավորված անհամար խառնաշփոթ փողոցների միջով, մինչև որ վերջապես հասանք Ֆերինգթըն-սթրիթ։
Հիմա մենք բոլորովին մոտիկ ենք,— ասաց բարեկամս։ Այդ Մերիվեդըրը դրամատան տնօրենն է և անձամբ շահագրգռված ամբողջ գործի մեջ։ Ջոնզն էլ պետք կգա։ Նա պատվական մարդ է՝ չնայած իր մասնագիտությունից բան չի հասկանում։ Սակայն նա ունի մի անժխտելի արժանիք՝ խիզախ է ինչպես բուլդոգ և կառչուն՝ ինչպես խեցգետին։ Եթե մեկնումեկին բռնեց իր չանչով, այլևս բաց չի թողնի Հասանք։ Ահա և նրանք։
Մենք նորից կանգ առանք այն մարդաշատ ու եռուն փողոցում, ուր եղել էինք առավոտյան։ Վճարելով կառապաններին և միստր Մերիվեդըրին հետևելով՝ մտանք ինչ-որ նեղ միջանցք և ներս ընկանք կողքի դռնից, որ նա բաց արավ մեզ համար։ Դռան հետևում մի ուրիշ, ավելի կարճ միջանցք կար, որը վերջանում էր զանգվածեղ երկաթե դռներով։ Այդ դռները բաց անելով՝ պտուտակաձև սանդուղքի քարե աստիճաններով ցած իջանք ու մոտեցանք մի նոր, նույնքան ծանրաշարժ դռան։
Միստր Մերիվեդըրը կանգ առավ, որպեսզի լամպը վառի և առաջնորդեց մեզ մութ, հողի հոտ արձակող միջանցքով։ Անցնելով մի դուռ ևս՝ մենք հայտնվեցինք մի ընդարձակ դամբարանում կամ նկուղում, որը լի էր զամբյուղներով ու ծանր արկղերով։
Վերևից այստեղ թափանցելն այնքան Էլ հեշտ չէ,— նկատեց Հոլմսը՝ բարձրացնելով լամպը և առաստաղը զննելով։
Ներքևից նույնպես,— ասաց միստր Մերիվեդըրը՝ ձեռնափայտը թխկացնելով սալերին, որոնցով ծածկված էր հատակը։ Սատանան տանի, այնպիսի ձայն է արձակում, ասես այնտեղ դատարկություն է,— զարմանքով բացականչեց նա։
Ես պետք է խնդրեմ Ձեզ չաղմկել,— բարկությամբ ասաց Հոլմսը։ Ձեր պատճառով մեր ամբողջ գիտարշավը կարող է ձախողվել։ Բարի եղեք նստել այդ արկղերից մեկի վրա և չխանգարել։
Մեծալուրջ միստր Մերիվեդըրը վիրավորված տեսքով նստեց մի զամբյուղի վրա, իսկ Հոլմսը չոքեց և սկսեց լամպի ու խոշորացույցի օգնությամբ ուսումնասիրել սալերի միջև եղած ճեղքերը։ Մի քանի վայրկյան հետո, գոհ իր հետազոտության արդյունքներից՝ նա վեր կացավ ու խոշորացույցը դրեց գրպանը։
Մենք դեռ ամենաքիչը մի ժամ ժամանակ ունենք,— նկատեց նա։ Հազիվ թե նրանք գործի անցնեն նախքան փոխատու գանձարկղի հարգարժան տիրոջ քնելը։ Իսկ երբ նա քնի, նրանք ոչ մի րոպե չեն կորցնի, որովհետև որքան շուտ ավարտեն աշխատանքը, այնքան շատ ժամանակ կունենան փախուստի համար Դոկտո՛ր, մենք գտնվում ենք, ինչպես Դուք, անկասկած, արդեն գլխի եք ընկնում, Լոնդոնի ամենահարուստ դրամատներից մեկի մառանում։ Միստր Մերիվեդըրը այդ դրամատան վարչության նախագահն է։ Նա մեզ կբացատրի, թե ինչն է ամենահանդուգն հանցագործներին ստիպում հենց այս ժամին հատուկ ուշադրություն դարձնել այս մառանին։
Մենք այստեղ պահում ենք մեր ֆրանսիական ոսկին,— շշուկով ասաց տնօրենը։ Արդեն ունեցել ենք մի շարք նախազգուշացումներ, որ այն հափշտակելու փորձ է նախապատրաստվում։
Ձեր ֆրանսիական ոսկի՞ն։
Այո՛։ Մի քանի ամիս առաջ ավելորդ միջոցներ էին հարկավոր մեզ, և մենք ֆրանսիական դրամատնից պարտք վերցրինք երեսուն հազար նապոլեոնդոր։ Հետագայում պարզվեց, որ կարիք չունենք այդ փողերը նույնիսկ բաց անելու, և նրանք մինչև այժմ մնում են մեր մառանում։ Այն զամբյուղը, որի վրա ես նստած եմ, պարունակում է երկու հազար նապոլեոնդոր՝ դարսված արճճե թղթերի միջև։ Հազվադեպ է պատահում, որ դրամատան մեկ բաժանմունքում այնքան ոսկի պահեն, որքան ներկայումս պահվում է մեզ մոտ, և դա հարկադրում է տնօրենին անհանգստանալ։
Նրանք բոլոր հիմքերն ունեն անհանգստանալու,— նկատեց Հոլմսը։ Դե, պատրաստվելու ժամանակն է։ Կարծում եմ, որ առաջիկա մի ժամվա ընթացքում ամեն ինչ վերջացած կլինի։ Մի՛ստր Մերիվեդըր, անհրաժեշտ է այդ լապտերը ծածկել որևէ սև բանով
Ու նստել մթության մե՞ջ։
Վախենամ, որ այո։ Ես մի ձեռք թուղթ էի վերցրել հետս, որպեսզի Դուք կարողանաք ռոբըրի Ձեր պարտիան խաղալ, քանի որ այստեղ մենք չորս հոգով ենք։ Բայց տեսնում եմ, որ թշնամու նախապատրաստությունները խիստ հեռու են գնացել, և այստեղ լույս թողնելը վտանգավոր բան կլիներ։ Բացի դրանից, մենք պետք է տեղներս փոխենք։ Նրանք համարձակ մարդիկ են և, չնայած մենք անակնկալ ենք հարձակվելու, այնուամենայնիվ կարող են մեծ վնաս պատճառել, եթե զգույշ չլինենք։ Ես կթաքնվեմ այս զամբյուղի հետևը, իսկ Դուք՝ այն մյուսների։ Երբ ես լույսը կուղղեմ գողերի վրա, Դուք բռնեցեք նրանց։ Եթե կսկսեն կրակել, Վա՛թսըն, առանց տատանվելու կրակ բացեք նրանց վրա։
Ես իմ լցված ատրճանակը դրի տախտակե արկղի կափարիչին, իսկ ինքս թաքնվեցի արկղի հետևում։ Հոլմսը փակեց լապտերի դռնակը՝ մեզ թողնելով անթափանց խավարի մեջ։ Տաքացած մետաղի հոտը հիշեցնում էր, որ լամպը հանգցված չէ, և ամեն ակնթարթ լույսը կարող է բռնկվել։ Սպասումից լարված ջղերս ճնշված էին այդ անակնկալ խավարից, նկուղի այդ պաղ խոնավությունից։
Նրանք փախուստի միայն մի ճանապարհ ունեն՝ հետ, դեպի Զաքս-Քոբուրգ-սկվերի վրա գտնվող տունը,— շշնջաց Հոլմսը։ Հուսով եմ, Ջո՛նզ, Դուք արել եք այն, ինչ խնդրել էի։
Տեսուչը և երկու սպա սպասում են նրանց շքամուտքի մոտ։
Ուրեմն բոլոր անցքերը փակել ենք։ Հիմա մեզ մնում է միայն լռել և սպասել։
Ի՜նչ դանդաղ էր անցնում ժամանակը։ Ըստ էության՝ անցել էր ընդամենը մեկ ժամ տասնհինգ րոպե, բայց ինձ թվում էր, թե գիշերն արդեն վերջացել է, և վերևում լուսաբաց է։ Ոտքերս թմրել ու հոգնել էին, որովհետև վախենում էի շարժվել, ջղերս լարվել էին։ Եվ հանկարծ ներքևում նկատեցի լույսի մի ցոլք։
Սկզբում դա մի աղոտ կայծ էր, որ լուսավորեց հատակի քարերից մեկը։ Շուտով այդ կայծը վերածվեց դեղին շերտի։ Հետո հատակի մեջ անաղմուկ մի անցք առաջացավ, և լուսավորված տարածության մեջտեղում հայտնվեց մի ձեռք՝ սպիտակ, կանացի մի ձեռք, որն ասես փորձում էր շոշափել ինչ-որ առարկա։ Մոտ մի րոպե շարժվող մատներով այդ ձեռքը դուրս էր ցցվել անցքի միջից։ Հետո նա չքացավ նույնքան անակնկալ, ինչպես որ հայտնվել էր, և նորից ամեն ինչ թաղվեց խավարում, միայն երկու սալերի միջև եղած բարակ ճեղքից մի թույլ լույս էր թափանցում։
Սակայն մի վայրկյան հետո լայն, սպիտակ սալերից մեկը սուր ճռնչյունով շուռ եկավ, և նրա տեղում բացվեց քառակուսի խոր մի փոս, որտեղից դուրս հորդեց լամպի լույսը։ Փոսից հայտնվեց մաքուր սափրված տղայական մի գլուխ անծանոթն ուշադիր նայեց չորս կողմը, երկու ձեռքեր հենվեցին բացվածքի եզրերին, փոսից վեր բարձրացան նախ ուսերը, ապա ամբողջ իրանը, ծունկը հենվեց հատակին։ Քիչ հետո անծանոթն արդեն ողջ հասակով կանգնած էր փոսի եզրին և օգնում էր վեր բարձրանալու իր ընկերոջը՝ իր պես փոքրիկ ու ճկուն, գունատ դեմքով, վառ շիկակարմիր գանգուրներով մի մարդու։
Ամեն ինչ կարգին է,— շշնջաց նա։ Պարկերն ու դուրը քեզ մո՞տ են Գրո՛ղը տանի Թռի՛ր, Ա՛րչի, թռիր, իսկ ես իմ գլուխը կազատեմ։
Շերլոք Հոլմսը բռնեց նրա օձիքից։ Երկրորդ գողը ծլկեց անցքի մեջ։ Ջոնզը փորձեց բռնել նրան, բայց, ինչպես երևում է, անհաջող ես լսեցի պատռվող շորի ձայն։ Լույսը փայլկլտաց ատրճանակի փողին, բայց Հոլմսը որսորդական մտրակով շրխկացրեց իր գերու ձեռքին, և ատրճանակը զնգոցով ընկավ քարե հատակի վրա։
Իզուր է, Ջոն Քլե՛յ,— ասաց Շերլոք Հոլմսը մեղմությամբ։ Բռնվեցիք։
Տեսնում եմ,— միանգամայն հանգիստ պատասխանեց նա։ Բայց ընկերոջս հաջողվեց դուրս պրծնել, միայն նրա պիջակի փեշը մնաց Ձեր ձեռքում։
Դռների հետևում երեք մարդ սպասում են նրան,— ասաց Հոլմսը։
Ա՛խ, ահա թե ի՜նչ։ Մաքուր գործ է։ Շնորհավորում եմ Ձեզ։
Ես էլ Ձեզ։ Կարմրահերների մասին Ձեր հնարքը միանգամայն յուրօրինակ էր ու հաջող։
Հիմա Դուք կտեսնեք Ձեր բարեկամին,— ասաց Ջոնզը։ Նա ինձանից էլ արագ է կարողանում ծլկել անցքի մեջ։ Իսկ այժմ ես ձեռնաշղթաներ կանցկացնեմ Ձեր ձեռքերին։
Խնդրեմ, հեռու տարեք Ձեր կեղտոտ ձեռքերը։ Չդիպչե՛ք ինձ,— ասաց մեր գերին, երբ ձեռնաշղթաներն արդեն անցկացված էին։ Թերևս Ձեզ հայտնի է, որ իմ մեջ արքայական արյուն է հոսում։ Ուրեմն, բարի եղեք ինձ դիմելիս անվանել «սըր» և ասել «խնդրում եմ»։
Շատ բարի,— ասաց Ջոնզը քմծիծաղով։ Սը՛ր, խնդրում եմ, բարձրացեք վերև և բարեհաճեցեք նստել կառք, որը Ձերդ պայծառափայլությանը կտանի ոստիկանատուն։
Ահա, այդպես ավելի լավ է,— հանգիստ ասաց Ջոն Քլեյը։
Վեհապանծորեն գլխով անելով մեզ՝ նա անխռով հեռացավ խուզարկուի հսկողությամբ։
Մի՛ստր Հոլմս,— ասաց Մերիվեդըրը՝ դուրս բերելով մեզ նկուղից,— իսկապես չգիտեմ, թե մեր դրամատունն ինչպես կարող է շնորհակալություն հայտնել Ձեզ այս ծառայության համար։ Ձեզ հաջողվեց կանխել մեծագույն կողոպուտը։
Ես իմ սեփական հաշիվներն ունեի միստր Ջոն Քլեյի հետ,— ասաց Հոլմսը։ Այսօրվա գործում իմ ծախքերը մեծ չեն, և Ձեր դրամատունն, անշուշտ, կհատուցի դրանք՝ չնայած, ըստ էության՝ ես արդեն վարձատրված եմ նրանով, որ ապրեցի իր տեսակի մեջ եզակի այս արկածը և լսեցի Կարմրահերների միության հիանալի պատմությունը
Հասկանում եք, Վա՛թսըն,— վաղ առավոտյան բացատրում էր ինձ Շերլոք Հոլմսը, երբ մենք նստել էինք Բեյքր-սթրիթում և մի-մի բաժակ սոդայախառն վիսկի էինք խմում,— ինձ համար սկզբից ի վեր պարզ էր, որ Կարմրահերների միության մասին այդ ֆանտաստիկ հայտարարության և «Բրիտանական հանրագիտարանն» արտագրելու միակ նպատակը կարող էր լինել փոխատու գանձարկղի ոչ այնքան խելոք տիրոջը ամեն օր իր տնից մի քանի ժամով հեռացնելու ցանկությունը։ Նրանց ընտրած միջոցն, իհարկե, տարօրինակ է, սակայն դրա շնորհիվ նրանք լիովին հասան իրենց նպատակին։ Անկասկած, այդ ամբողջ պլանը Քլեյի ներշնչվող մտքին հուշել է իր գործակցի մազերի գույնը։ Շաբաթական չորս ֆունտը ծառայում էր իբրև խայծ Վիլսընի համար։ Իսկ ի՞նչ նշանակություն ուներ նրանց համար չորս ֆունտը, երբ հույս ունեին հազարներ ստանալ։ Նրանք հայտարարություն զետեղեցին թերթում, մի սրիկան ժամանակավորապես գրասենյակ վարձեց, մյուսն իր տիրոջը համոզեց գնալ այնտեղ, և երկուսն էլ հնարավորություն ստացան ամեն առավոտ օգտվել նրա բացակայությունից։ Երբ ես լսեցի, թե օգնականը գոհանում է կես ռոճիկով, հասկացա, որ նա հիմնավոր պատճառներ ունի դրա համար։
Բայց ինչպե՞ս բաց արիք նրանց մտադրությունը։
Մեր շիկակարմիր այցելուի ձեռնարկությունը մի չնչին բան է, նրա ողջ բնակարանում չկա մի իր, որի համար արժենար այդքան բարդ խաղ սկսել։ Հետևաբար, նրանք ի նկատի ունեին բնակարանից դուրս գտնվող ինչ-որ բան։ Ի՞նչ կարող էր լինել այդ։ Հիշեցի օգնականի լուսանկարչական մոլությունը, այն, որ նա օգտվում է դրանից, որպեսզի մտնի նկուղ։ Նկո՜ւղը Ահա խճճված թելի մյուս ծայրը։ Վիլսընին մանրամասն հարցուփորձ արի այդ հանելուկային օգնականի մասին և հասկացա, որ գործ ունեմ Լոնդոնի ամենասառնարյուն ու հանդուգն ոճրագործներից մեկի հետ։ Նա ինչ-որ բան է անում նկուղում՝ ինչ-որ բարդ բան, քանի որ ամեն օր մի քանի ժամ շարունակ աշխատում է այնտեղ, և այն էլ երկու ամսվա ընթացքում։ Ի՞նչ կարող է անել։ Միայն մի բան՝ ստորերկրյա անցք փորել, որը տանում է դեպի մի որևէ այլ շենք։ Գալով այդ եզրակացության՝ ես վերցրի Ձեզ ու գնացի ծանոթանալու այն տեղին, ուր կատարվում էր այդ բոլորը։ Դուք շատ զարմացաք, երբ ես ձեռնափայտով թխկացրի սալարկին։ Մինչդեռ ես ուզում էի իմանալ՝ ստորերկրյա անցքը ո՛ր կողմն է ձգվում՝ ճակատի՞, թե՞ բակի։ Պարզվեց, որ ճակատի կողմը չէ։ Զանգահարեցի։ Ինչպես և սպասում էի՝ դուռը բացեց օգնականը։ Ես նրա հետ որոշ ընդհարումներ ունեցել էի արդեն, բայց մենք երբեք իրար դեմքով չէինք տեսել։ Ասենք, այս անգամ էլ ես նրա դեմքին չնայեցի։ Ուզում էի տեսնել նրա ծնկները։ Դուք ինքներդ էլ կարող էիք նկատել, թե այդ ծնկները որքան կեղտոտ էին, ճմռթված ու տրորված։ Դրանք վկայում էին շատուշատ ժամեր ստորերկրյա անցք փորելու մասին։ Մնում էր միայն պարզել, թե ո՞ւր է տանում այդ անցքը։ Ես շուռ եկա փողոցի անկյունը, նկատեցի Քաղաքային և Մերձքաղաքային դրամատան ցուցանակը և հասկացա, որ խնդիրը լուծված է։ Երբ համերգից հետո Դուք տուն գնացիք, ես ուղղվեցի դեպի Սքոթլենդ Յարդ, իսկ այնտեղից՝ դրամատան վարչության նախագահի մոտ։
Իսկ ինչպե՞ս իմացաք, որ նրանք կփորձեին հատկապես այդ գիշեր կատարել կողոպուտը,— հարցրի ես։
Փակելով Կարմրահերների միությունը՝ նրանք դրանով իսկ հասկացնում էին, որ այլևս միստր Ջեյբեզ Վիլսընի բացակայության կարիքը չեն զգում, այլ կերպ ասած՝ անցքը պատրաստ է։ Պարզ էր, որ նրանք կաշխատեին որքան կարելի է շուտ օգտվել դրանից, քանի որ առաջին՝ անցքը կարող էր նկատվել, իսկ երկրորդ՝ ոսկին կարող էր ուրիշ տեղ տեղափոխվել։ Շաբաթ օրը հատկապես հարմար էր, որովհետև դա ավելորդ մի օր էր տրամադրում նրանց փախուստի համար։ Այս բոլոր նկատառումների հիման վրա ես եկա այն եզրակացության, որ կողոպուտի փորձը կկատարվի մոտակա գիշերը։
Ձեր դատողությունները հիանալի են,— բացականչեցի ես անկեղծ հիացմունքով։ Դուք մի այնպիսի երկար շղթա եք ստեղծել, որի ամեն մի օղակն անթերի է։
Այս դեպքն ինձ ազատեց ճնշող ձանձրույթից,— հորանջելով խոսեց Շերլոք Հոլմսը։ Ավա՜ղ, ես զգում եմ, որ ձանձրույթը նորից սկսում է հաղթահարել ինձ։ Իմ ամբողջ կյանքը մեր առօրյա կյանքի տաղտկալի միօրինակությունից խույս տալու համատարած մի ջանք է։ Այն փոքրիկ հանելուկները, որ ես երբեմն լուծում եմ, օգնում են ինձ այդ նպատակին հասնելու։
Դուք մարդկության իսկական բարերար եք,— ասացի ես։
Հոլմսը ուսերը թոթվեց։
Միգուցե ես իրոք օգուտ տալիս եմ։ «L'homme c'est rien, l'œuvre c'est tout», ինչպես ասել է Գյուստավ Ֆլոբերը Ժորժ Սանդին գրած նամակում։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Կարմրահերների միությունը Արթուր Կոնան Դոյլ | Կարմրահերների միությունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 22, 2018 Rating: 5
Технологии Blogger.