Արթուր Կոնան Դոյլ | Վեց նապոլեոն


Սքոթլենդ Յարդի խուզարկու միստր Լեստրեյդը երեկոները հաճախակի էր այցելում մեզ։ Նրա այցելությունները հաճելի էին Շերլոք Հոլմսին։ Լեստրեյդը բերում էր ոստիկանական ամեն տեսակի նորություններ, իսկ Հոլմսը, ի շնորհակալություն դրա, հաճությամբ լսում էր խուզարկուին հանձնարարված գործերի մանրակրկիտ պատմությունները և կարծես թե պատահականորեն խորհուրդներ տալիս նրան՝ վերցնելով դրանք իր փորձի գանձարանից ու լայն ճանաչողականությունից։
Բայց այդ երեկո Լեստրեյդը խոսում էր միմիայն եղանակի և լրագրային տեղեկությունների մասին։ Հետո նա հանկարծ լռեց և սկսեց մտասուզված փչել սիգարի մոխիրը։ Հոլմսը սևեռուն հայացքով նայեց նրան։
Դուք ինչ-որ հետաքրքիր բա՞ն ունեք ինձ ասելու։
Օ՜, ոչ, մի՛ստր Հոլմս, հետաքրքիր ոչինչ չկա։
Այդ դեպքում պատմեցեք։
Լեստրեյդը ծիծաղեց
Ձեզանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել, մի՛ստր Հոլմս։ Ես իսկապես նկատի ունեմ մի դեպք, բայց այնքան աննշան, որ չուզեցի ծանրաբեռնել Ձեզ։ Ասենք, աննշանը՝ աննշան է, բայց և այնպես բավական տարօրինակ է, իսկ ես գիտեմ, որ Դուք հետաքրքրվում եք հատկապես ամեն տեսակի արտասովոր գործերով։ Թեև, ճիշտն ասած՝ այդ բանը ավելի շատ պետք է զբաղեցներ դոկտոր Վաթսընին և ոչ թե ինձ ու Ձեզ։
Հիվանդությո՞ւն է,— հարցրի ես։
Խելագարություն։ Եվ ընդ որում բավականին տարօրինակ խելագարություն դժվար է պատկերացնել մի մարդ, որն, ապրելով մեր ժամանակներում, այն աստիճանի է ատում Նապոլեոն Առաջինին, որ ոչնչացնում է աչքովն ընկած նրա ամեն մի կերպարը։
Հոլմսը հենվեց բազկաթոռի թիկնատեղին։
Այդ ինձ չվերաբերող գործ է։
Այո՛, այո՛, ես այդպես էլ ասում էի։ Ինչևիցե, եթե այդ մարդը փականք է ջարդում և գողություն է անում, և եթե Նապոլեոնի այն կերպարները, որոնք նա ոչնչացնում է, պատկանում են ոչ թե իրեն, այլ ուրիշների, միևնույն է, նա բժշկի ձեռքից դարձյալ մեզ մոտ է ընկնելու։
Հոլմսը կրկին ուղղվեց։
Գողությո՜ւն փականք ջարդելով։ Դա անհամեմատ ավելի է հետաքրքրաշարժ։ Դե պատմեցեք ինձ բոլորը ամենայն մանրամասնությամբ։
Լեստրեյդը հանեց պաշտոնական հուշատետրը ու թերթեց՝ հիշողությունը թարմացնելու համար։
Առաջին դեպքի մասին մեզ հայտնեցին չորս օր առաջ,— ասաց նա։ Այդ դեպքը տեղի է ունեցել Մորզ Հադսընի կրպակում, որը Քենինգթըն Ռոուդում նկարներ ու արձաններ է վաճառում։ Գործակատարը մի րոպեով դուրս է եկել խանութից և հանկարծ լսել է ինչ-որ շրխկոց։ Նա շտապ վերադարձել է և տեսել, որ Նապոլեոնի գիպսե կիսանդրին, որը արվեստի մյուս ստեղծագործությունների հետ միասին դրված է եղել վաճառասեղանին, ջարդուփշուր եղած ընկած է հատակին։ Գործակատարը փողոց է վազել, բայց չնայած անցորդներից շատերը հաստատել են, թե կրպակից դուրս փախչող մարդուն տեսել են, այնուամենայնիվ, գործակատարին չի հաջողվել հասնել նրան։ Թվացել է, թե դա այն անմիտ խուլիգանական դեպքերից մեկն է, որը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ Եվ այդպես էլ զեկուցել են մոտեցող ոստիկանին։ Գիպսե կիսանդրին ընդամենը մի քանի շիլինգ արժեր, և այդ ամբողջ գործն այնպիսի մի մանրուք էր, որ չարժեր դրա համար քննություն սկսել։
Այնուամենայնիվ, նոր դեպքը ավելի լուրջ դուրս եկավ և դրա հետ նաև՝ ոչ պակաս տարօրինակ։ Այն տեղի է ունեցել այսօր գիշերը։ Մորզ Հադսընի կրպակից ընդամենը մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա՝ Քենինգթըն Ռոուդում, ապրում է ամենքին հայտնի մի բժիշկ՝ դոկտոր Բարնիքոթը, որը Թեմզի հարավային ափին չափազանց մեծ պրակտիկա ունի։ Դոկտոր Բարնիքոթը Նապոլեոնի ջերմեռանդ երկրպագուն է։ Նրա ամբողջ տունը լեփ լեցուն է ֆրանսիական կայսեր գրքերով, նկարներով և հիշատակներով։ Վերջերս նա Մորզ Հադսընից ձեռք էր բերել ֆրանսիական քանդակագործ Դևինի ծեփած Նապոլեոնի հռչակավոր գլխի երկու միանման պատճենները։ Դրանցից մեկը նա տեղավորել էր Քենինգթըն Ռոուդի իր բնակարանում, իսկ երկրորդը դրել էր Լաուըր Բրիքստըն Ռոուդի վիրաբուժարանի բուխարիկի վրա։ Այսօր առավոտյան վերադառնալով տուն՝ դոկտոր Բարնիքոթը հայտնաբերել է, որ գիշերն իր տունը թալանել են, սակայն ոչինչ հափշտակված չի եղել, բացի գիպսե կիսանդրուց, որը դրված է եղել նախասրահում։ Գողը կիսանդրին դուրս է բերել տնից և, խփելով պարտեզի ցանկապատին, փշրել է։ Լուսադեմին ցանկապատի մոտ գտնվել է բեկորների կույտը։
Հոլմսը շփեց ձեռքերը։
Դեպքը իսկապես որ բացառիկ է,— բացականչեց նա։
Ես համոզված էի, որ դեպքը Ձեզ դուր կգա։ Բայց դեռ չեմ վերջացրել։ Դոկտոր Բարնիքոթը ժամը տասներկուսի մոտ եկել է իր վիրաբուժարանը, և պատկերացրեք նրա զարմանքը, երբ տեսել է, որ առանձնասենյակի լուսամուտը բաց է, և ամբողջ հատակով մեկ սփռված են երկրորդ կիսանդրու բեկորները։ Կիսանդրին փշրված է եղել մանրագույն մասերի։ Մենք հետազոտեցինք երկու դեպքն էլ, բայց մեզ չհաջողվեց պարզել, թե ով է նա՝ այդ հանցագործը կամ այդ խելագարը, որ զբաղվում է այդպիսի գիշատիչ գործով։ Ահա, մի՛ստր Հոլմս, բոլոր փաստերը։
Այո՛, յուրօրինակ են և նույնիսկ տարօրինակ,— ասաց Հոլմսը։ Ես կուզեի իմանալ, թե դոկտոր Բարնիքոթի սենյակներում ջարդված կիսանդրիները արդյո՞ք ճիշտ պատճեններն էին այն կիսանդրու, որը ջարդված է եղել Մորզ Հադսընի կրպակում։
Նրանց թափել էին միևնույն կաղապարով։
Նշանակում է՝ չի կարելի պնդել, որ կիսանդրիները ջարդող մարդը գործել է Նապոլեոնի նկատմամբ տածած ատելության ազդեցության տակ։ Եթե հաշվի առնենք, որ Լոնդոնում մեծ կայսերը պատկերող մի քանի հազար կիսանդրիներ կան, դժվար է ենթադրել, որ անհայտ մոլեռանդը միանգամայն պատահականորեն է սկսել միևնույն կիսանդրու երեք պատճենների ոչնչացման գործողությունը։
Այդ բանը իմ մտքով էլ է անցել,— ասաց Լեստրեյդը։ Դուք ի՞նչ եք կարծում, դոկտո՛ր Վաթսըն։
Խելացնորությունները մի որևէ կետում անսահման տարատեսակ են լինում,— պատասխանեցի ես։ Կա այնպիսի երևույթ, որը ժամանակակից հոգեբանները կոչում են «սևեռուն գաղափար»։ Այդ գաղափարը կարող է լինել միանգամայն աննշան, և դրանից տառապող մարդը կարող է առողջ լինել մնացած բոլոր դեպքերում։ Ենթադրենք, այդ մտամոլը չափազանց շատ է կարդացել Նապոլեոնի մասին կամ, ասենք, իմացել է որևէ մի վիրավորանք, որը հասցվել է նրա նախնիներին նապոլեոնական կռիվների ժամանակ։ Նրա մոտ առաջացել է «սևեռուն գաղափար», և դրա ազդեցության տակ նա ընդունակ է դառել ամենաֆանտաստիկ արարքներ կատարելուն։
Ձեր տեսությունն այստեղ չի համապատասխանում, իմ սիրելի Վա՛թսըն,— ասաց Հոլմսը՝ օրորելով գլուխը,— քանի որ ոչ մի «սևեռուն գաղափար» չէր կարող հուշել Ձեր հետաքրքրաշարժ մտամոլին, թե որտեղ են գտնվում այս կիսանդրիները։
Իսկ Դուք ինչպե՞ս կբացատրեք այդ։
Ես փորձ չեմ անում բացատրելու։ Ես միայն տեսնում եմ, որ այդ ջենթլմենի հախուռն արարքներում ինչ-որ մի համակարգ կա։
Հետագա գործողությունները տեղի ունեցան ավելի արագ և դուրս եկան ավելի ողբերգական, քան մենք ենթադրում էինք։ Հաջորդ առավոտը, երբ ես հագնվում էի իմ ննջարանում, Հոլմսը բախեց իմ դուռը և ներս մտավ՝ ձեռքին բռնած մի հեռագիր։ Նա բարձրաձայն կարդաց այն
«Անհապաղ եկեք Քենսինգթըն, Փիթ-սթրիթ 131։ Լեստրեյդ»։
Դա ի՞նչ է նշանակում,— հարցրի ես։
Չգիտեմ։ Դա կարող է ամեն ինչ նշանակել։ Բայց ես կարծում եմ, որ դա կիսանդրիների պատմության շարունակությունն է։ Եթե չեմ սխալվում, դրանից հետևում է, որ մեր մտամոլ բարեկամը իր գործունեությունը փոխադրել է Լոնդոնի մի այլ մասը Սուրճը սեղանին է, Վա՛թսըն, իսկ կառքը՝ դռան մոտ։
Կես ժամ հետո մենք արդեն Փիթ-սթրիթում էինք, մի նեղ նրբանցքում, որը ձգվում է Լոնդոնի ամենաաշխույժ մայրուղիներից մեկին զուգահեռ։ Համար 131 տունը մի պատվարժան տափակակուրծք շինություն էր, որտեղ ռոմանտիկ ոչ մի բան չկար։ Երբ մենք մոտեցանք, տան պարտեզի երկաթե ցանկապատի առաջ կանգնած էր պարապ-սարապների մի ամբոխ։ Հոլմսը սուլեց։
Սատանան տանի, ինչպես երևում է, այստեղ ամենաքիչը սպանություն է եղել։
Լեստրեյդը դուրս եկավ մեզ դիմավորելու շատ մռայլ դեմքով նա մեզ առաջնորդեց հյուրասենյակ, որտեղ այսուայն կողմ էր վազվզում արտասովոր կերպով գզգզված, ֆլանելից խալաթով հասակն առած մի մարդ։ Նրան մեզ ներկայացրին։ Պարզվեց, որ դա տան տերն է՝ միստր Հորըս Հարքըրը, որը մամուլի կենտրոնական արհմիությունում լրագրային աշխատող է։
Նապոլեոնների հետ կապված պատմությունը շարունակվում է,— ասաց Լեստրեյդը։ Երեկ երեկոյան դա Ձեզ հետաքրքրեց, մի՛ստր Հոլմս, և ես մտածեցի, որ հաճելի կլինի Ձեզ մասնակցել այդ գործի հետաքննությանը, հատկապես այժմ, երբ այն հանգել է այսպիսի մռայլ իրողության։
Ինչպիսի՞ իրողության։
Սպանության։ Մի՛ստր Հարքըր, պատմեցեք, խնդրեմ, այս ջենթլմեններին այն ամենը, ինչ կատարվել է։
Խալաթավոր մարդը մեր կողմը շրջեց իր հուզված դեմքը։
Տարօրինակ բան է,— ասաց նա։ Ամբողջ կյանքում ես թերթում նկարագրել եմ դեպքեր, որոնք կատարվել են ուրիշների հետ, իսկ այժմ, ահա, երբ վերջապես ինձ մոտ է տեղի ունեցել այդպիսի մի մեծ իրողություն, ես այն աստիճանի եմ շփոթվել, որ երկու բառ անգամ գրել չեմ կարողանում։ Իմիջիայլոց Ձեր անունը ինձ ծանոթ է, մի՛ստր Շերլոք Հոլմս, և եթե Ձեզ հաջողվի բացատրել այս առեղծվածային գործը, ես վարձատրված կլինեմ՝ կատարվածը նորից պատմելու ցավալի անհրաժեշտության համար։
Հոլմսը նստեց և սկսեց լսել։
Այդ սպանությունը կապված է Նապոլեոնի կիսանդրու հետ, որը ես գնել էի մոտ չորս ամիս սրանից առաջ։ Ես այն գնեցի շատ էժան գնով Հարդինգ եղբայրների խանութում՝ Հայ-սթրիթի կայարանի մոտ։ Սովորաբար ես իմ հոդվածները գրում եմ գիշերները և հաճախ մնում եմ նստած մինչև լուսաբաց։ Այդպես էլ այսօր եղավ։ Ես նստել էի վերնահարկի ծայրին գտնվող իմ որջում, երբ հանկարծ մոտ ժամը երեքին ներքևից ականջիս հասավ ինչ-որ աղմուկ։ Ականջ դրի, բայց աղմուկը այլևս չկրկնվեց, ես ենթադրեցի, թե աղմուկը փողոցից էր։ Բայց մոտ հինգ րոպե հետո հանկարծ սոսկալի աղաղակ լսեցի, մի՛ստր Հոլմս, ես երբեք այդպիսի սարսափելի ձայն չեմ լսել։ Այդ աղաղակը իմ ականջներում հնչելու է մինչև մահս։ Մեկ թե երկու րոպե ես սարսափից կարկամած անշարժ նստեցի, հետո վերցրի կրակխառնիչը և ներքև իջա։ Մտնելով այս սենյակը՝ ես նկատեցի, որ լուսամուտը լայն բացված է, իսկ բուխարիկի վրա գտնվող կիսանդրին անհետացել է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե գողն ինչու հրապուրվեց այդ կիսանդրիով։ Գիպսե ամենասովորական ընդօրինակություն էր և ոչ մի արժեք չուներ։ Ինչպես Դուք ինքներդ եք տեսնում, ով էլ փորձի այս լուսամուտից թռչել, կընկնի շքամուտքի աստիճանների վրա։ Քանի որ թալանչին, անկասկած, փախել էր հենց այդտեղից, ես անցա նախասենյակով և բացեցի դրսի դուռը։ Ոտքս գցելով մթության մեջ՝ կպա այնտեղ ընկած դիակին և քիչ մնաց փռվեի նրա վրա։ Ես գնացի և լամպ բերի։ Դժբախտի կոկորդին վերք էր բացվել։ Վերևի բոլոր աստիճանները արյունով էին ողողված։ Նա ընկած էր մեջքի վրա՝ ծնկերը վեր բարձրացրած և բերանը բաց։ Դա սոսկալի էր։ Ամեն գիշեր տեսնելու եմ երազում։ Ես սուլեցի իմ ոստիկանական սուլիչը և անմիջապես գիտակցությունս կորցրի։ Ուրիշ ոչինչ չեմ հիշում։ Ուշքի եկա նախասենյակում։ Կողքիս կանգնած էր մի ոստիկան։
Սպանվածն ո՞վ էր,— հարցրեց Հոլմսը։
Դա չհաջողվեց որոշել,— ասաց Լեստրեյդը։ Դուք ինքներդ կարող եք տեսնել նրան դիականոցում։ Մենք արդեն նայել ենք, բայց ոչինչ իմանալ չկարողացանք։ Բարձրահասակ, արևավառ, շատ ուժեղ տղամարդ՝ դեռ երեսունին չհասած։ Հագնվել է աղքատիկ, բայց նման չէ բանվորի։ Նրա կողքին՝ լճացած արյան մեջ, ընկած էր եղջերվակոթ ծալովի մի դանակ։ Չգիտեմ ումն էր՝ սպանվածինը, թե մարդասպանինը։ Սպանվածի հագուստի վրա ոչ մի նշան չկար, որով հնարավոր լիներ որոշել նրա անունը։ Գրպանում գտել են խնձոր, մի փոքր պարան, Լոնդոնի քարտեզը և մի լուսանկար, ահա այն։
Դա վայրկենական նկար էր՝ արված փոքրիկ ապարատով։ Նկարում պատկերված էր խիստ դիմագծերով, թավ հոնքերով, պավիանի ծնոտի պես առաջ ցցված և շատ զարգացած ծնոտով մի երիտասարդ։ Առհասարակ նրա մեջ կապկային ինչ-որ բան կար։
Իսկ կիսանդրին ի՞նչ եղավ,— հարցրեց Հոլմսը՝ ուշադրությամբ ուսումնասիրելով լուսանկարը։
Կիսանդրին հաջողվեց հայտնաբերել ուղղակի Ձեր այստեղ գալուց քիչ աոաջ։ Այն գտնվեց Քեմփդըն Հաուզ Ռոուդում գտնվող դատարկ տան առջևի փոքրիկ պարտեզում ջարդուփշուր եղած։ Ես հենց այնտեղ էլ գնում եմ դիտելու։ Ուզո՞ւմ եք ինձ հետ գալ։
Այն տեղը, ուր գտնվել էին կիսանդրու բեկորները, տանից մի քանի հարյուր յարդ հեռավորության վրա էր։ Մեզ առաջին անգամ հաջողվեց տեսնել մեծ կայսեր այդ կերպարը, որը ինչ-որ անծանոթի սրտում այդքան կատաղի և կործանիչ ատելություն էր առաջացրել։ Կիսանդրին փշրված ընկած էր խոտերի մեջ։ Հոլմսը վերցրեց մի քանի բեկոր և ուշադրությամբ սկսեց զննել։ Նրա լարված դեմքից ես հասկացա, որ նա հետքը գտել է։
Հը՞, ինչպե՞ս է,— հարցրեց Լեստրեյդը։
Հոլմսը ուսերը թոթվեց։
Մենք ստիպված կլինենք դեռ երկար չարչարվել այդ գործով,— ասաց նա։ Եվ այնուամենայնիվ այնուամենայնիվ այնուամենայնիվ, մենք արդեն որոշ բաներ ունենք սկզբի համար։ Այդ գրոշանոց կիսանդրին տարօրինակ հանցագործի աչքին մարդկային կյանքից ավելի թանկ է եղել։ Ահա մեր հաստատած առաջին փաստը։ Կա նաև մի այլ փաստ, որը պակաս տարօրինակ չէ։ Եթե հանցագործի միակ նպատակը եղել է կիսանդրու ջարդելը, ապա ինչո՞ւ նա չի ջարդել այդ տանը կամ տան մոտ։
Նա շփոթվել է այն մարդու հանդիպումից, որին ստիպված է եղել սպանել։ Նա ինքը չի հասկացել ինչ է անում։
Ի՞նչ կա որ, դա հավանական է։ Բայց և այնպես ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել պարտեզում գտնվող տան վրա, որտեղ կիսանդրին ջարդված է։
Լեստրեյդը նայեց շուրջը։
Այդ տունը դատարկ է,— ասաց նա,— և հանցագործը գիտեր, որ այդտեղ ոչ ոք նրան չի անհանգստացնի։
Այո՛, բայց այդ փողոցի վրա կա նաև ուրիշ դատարկ տուն,— առարկեց Հոլմսը,— և նա պետք է անցներ այդ տան մոտով՝ սրան հասնելու համար։ Ինչո՞ւ կիսանդրին չի կոտրել առաջին դատարկ տան մոտ։ Չէ՞ որ նա հասկանում էր, որ ամեն մի ավելորդ քայլը մեծացնում է որևէ մեկին հանդիպելու վտանգը։
Ես դրա վրա ուշադրություն չդարձրի,— ասաց Լեստրեյդը։
Հոլմսը ցույց տվեց փողոցի լապտերը, որը վառվում էր մեր գլխավերևում։
Այստեղ այդ մարդը կարող էր տեսնել այն, ինչ անում է, իսկ այնտեղ չէր կարող, ահա ինչն է նրան այստեղ բերել։
Սատանան տանի, Դուք իրավացի եք,— ասաց խուզարկուն։ Այժմ ես հիշում եմ, որ դոկտոր Բարնիքոթին պատկանող կիսանդրին ջարդված էր նրա կարմիր լամպից ոչ հեռու։ Բայց դրանով ի՞նչ կարող ենք ենթադրել, մի՛ստր Հոլմս։
Հիշենք այն։ Հետագայում մենք կարող ենք հանդիպել այնպիսի հանգամանքների, որոնք մեզ կստիպեն վերադառնալ դրան։ Այժմ Դուք ի՞նչ եք ուզում նախաձեռնել, Լե՛ստրեյդ։
Իմ կարծիքով՝ այժմ ամենաօգտակար բանը սպանվածի անձնավորության պարզաբանությամբ զբաղվելն է։ Այդ գործը այնքան էլ դժվար չէ։ Երբ մենք իմանանք ով է նա, և ովքեր են նրա ընկերները, մեզ կհաջողվի պարզել, թե նա ինչ էր անում գիշերը Փիթ-սթրիթում, ում է հանդիպել, և ով է սպանել նրան միստր Հորըս Հարքըրի աստիճանների վրա։ Դուք համաձայն չե՞ք դրա հետ։
Համաձայն եմ։ Բայց ես այդ առեղծվածի լուծմանը կմոտենայի բոլորովին այլ ծայրից։
Ո՞ր։
Օ՜, ես չեմ ուզում ազդել Ձեր վրա։ Դուք վարվեք Ձեր ուզած ձևով, իսկ ես՝ իմ։ Հետագայում մենք կբաղդատենք մեր հետախուզությունների արդյունքները և այդպիսով կօգնենք միմյանց։
Հրաշալի է,— ասաց Լեստրեյդը։
Դուք այժմ վերադառնում եք Փիթ-սթրիթ և, իհարկե, կտեսնեք միստր Հորըս Հարքըրին։ Ուրեմն, հաղորդեք նրան, խնդրեմ, իմ անունից, որ իմ կարծիքով՝ անցյալ գիշերը նրա տունը այցելել է նապոլեոնաատյացության մոլուցքով տառապող մի արյունռուշտ խելագար։ Դա նրան պետք կգա հոդվածի համար։
Լեստրեյդը զարմացած նայեց Հոլմսին։
Մի՞թե Դուք իսկապես այդպես եք մտածում։
Հոլմսը ժպտաց։
Արդյո՞ք այդպես եմ մտածում։ Գուցեև ոչ այդպես։ Բայց այդպիսի տարբերակը միստր Հորըս Հարքըրին և մամուլի կենտրոնական արհմիության բաժանորդներին շատ հետաքրքրաշարժ կթվա։ Դե, Վա՛թսըն, մեզ այսօր սպասում է մի դժվարին օր։ Ես շատ երջանիկ կլինեմ, Լե՛ստրեյդ, եթե Դուք երեկոյան՝ մոտավորապես ժամը վեցին, անցնեք մեզ մոտ՝ Բեյքր-սթրիթ։ Իսկ մինչև այդ լուսանկարը կմնա ինձ մոտ։
Մենք Շերլոք Հոլմսի հետ ոտով գնացինք Հայ-սթրիթ և մտանք Հարդինգ եղբայրների կրպակը, որտեղից կիսանդրին գնված էր։ Երիտասարդ գործակատարը հաղորդեց մեզ, որ միստր Հարդինգը կրպակ կգա միայն օրվա վերջին, իսկ նա ինքը չի կարող մեզ ոչ մի տեղեկություն տալ, որովհետև շատ կարճ ժամանակ է, ինչ աշխատում է այստեղ։ Հոլմսի դեմքին հայտնվեց հիասթափության ու դժգոհության մի արտահայտություն։
Ի՞նչ անել, Վա՛թսըն, անհնար է հույս դնել մշտական հաջողության վրա,— ասաց նա վերջապես։ Անհրաժեշտ է այստեղ անցնել օրվա վերջին, եթե մինչև այդ միստր Հարդինգը այստեղ չի լինելու։ Ես, ինչպես իհարկե կռահեցիք, մտադրություն ունեմ հետևելու այդ կիսանդրիների պատմությանը ամենասկզբից, որպեսզի պարզեմ, թե չե՞ն եղել արդյոք նրանց առաջացման ժամանակ որևէ տարօրինակ հանգամանքներ, որոնք նախապես կկանխորոշեին նրանց տարօրինակ ճակատագիրը։ Եկեք առայժմ գնանք Քենինգթըն Ռոուդ միստր Մորզ Հադսընի մոտ և տեսնենք, թե նա չի՞ կարող արդյոք գոնե որևէ լույս սփռել այդ առեղծվածի վրա։
Մի ամբողջ ժամ մենք գնում էինք մինչև նկարավաճառի կրպակը։ Պարզվեց, որ նա կարճահասակ, կարմրադեմ, խայթող լեզվով, հաստ մի մարդ է։
Այո՛, սը՛ր, ջարդեց իմ վաճառասեղանի վրա, սը՛ր,— ասաց նա։ Ինչո՞ւ ենք հարկ վճարում, եթե ամեն մի սրիկա կարող է ներխուժել մեզ մոտ և փչացնել ապրանքը։ Այո՛, սը՛ր, այդ ես եմ վաճառել դոկտոր Բարնիքոթին երկու կիսանդրին էլ։ Ամոթ ու խայտառակություն է, սը՛ր։ Անարխիստական դավադրություն, ահա թե դա ինչ է իմ կարծիքով։ Միայն անարխիստն է ընդունակ ջարդել արձանիկը։ Որտեղից եմ ձեռք բերել այդ կիսանդրինե՞րը։ Չեմ հիշում, դա ի՞նչ առնչություն կարող է ունենալ գործի հետ։ Է՛, ի՜նչ կա որ, եթե Ձեզ իրոք անհրաժեշտ է իմանալ՝ կասեմ։ Ես դրանք ձեռք եմ բերել Գելդըրի և ընկերության մոտից՝ Չերչ-սթրիթում, Ստեփնիում։ Դա շատ հայտնի ֆիրմա է, որը արդեն քսան տարի է, ինչ գոյություն ունի։ Դրանցից քանի հատ գնեցի՞։ Երեք։ Երկուսին մեկ էլ ավելացնենք, կհավասարվի երեքի։ Երկուսը ես վաճառեցի դոկտոր Բարնիքոթին, իսկ մեկը ջարդվեց օրը ցերեկով իմ սեփական կրպակում։ Գիտեմ արդյոք լուսանկարում պատկերված այդ մարդո՞ւն։ Ո՛չ, չգիտեմ։ Ասենք՝ գիտեմ։ Դա Բեպոն է՝ իտալացի մի արհեստավոր։ Նա երբեմն իմ կրպակում որոշ աշխատանքներ է կատարում։ Նա կարող է քանդակել փայտի վրա, շրջանակներ ոսկեզօծել, ամեն բանից՝ մի քիչ։ Նա իմ մոտից մի շաբաթ առաջ գնաց, և այն ժամանակվանից ի վեր նրա մասին ոչինչ չեմ լսել։ Ոչ, ես չգիտեմ, թե նա որտեղից հայտնվեց։ Որտե՞ղ է այժմ, նույնպես չգիտեմ։ Ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Վատ չէր աշխատում։ Նա գնաց կիսանդրին ջարդելուց երկու օր առաջ
Ոչինչ, Մորզ Հադսընը մեզ ավելի շատ տեղեկություններ տվեց, քան կարող էինք սպասել,— ասաց Հոլմսը, երբ դուրս եկանք կրպակից։ Այսպիսով՝ այդ Բեպոն մասնակցություն է ունեցել և՛ Քենինգթընում, և՛ Քենսինգթընում տեղի ունեցած դեպքերին։ Այդպիսի փաստի սիրույն ափսոս չէ տասը մղոն ճանապարհ գնալը։ Իսկ այժմ, Վա՛թսըն, գնում ենք Ստեփնի՝ Գելդըրի և ընկերության մոտ, կիսանդրիների հայրենիքը։ Ես չեմ կասկածում, որ այնտեղ շատ հետաքրքրաշարժ բաներ կիմանանք։
Մենք արագորեն անցանք պերճաշուք Լոնդոնի միջով, հյուրանոցների Լոնդոնով, թատրոնների Լոնդոնով, գրական Լոնդոնով, առևտրական Լոնդոնով, ծովային Լոնդոնով և, վերջապես, մտանք եկամտաբեր տներով կառուցված առափնյա շրջանը։ Այստեղ վխտում էին Եվրոպայի բոլոր ծայրերից դուրս նետված աղքատները։ Այստեղ՝ մի լայն փողոցում, մենք գտանք այն քանդակագործական արհեստանոցը, որը փնտրում էինք։ Նա գտնվում էր մի լայնարձակ բակում, որը լեփլեցուն էր գերեզմանային հուշարձաններով։ Արհեստանոցը իրենից ներկայացնում էր մի մեծ սենյակ, որի մեջ տեղավորված էին մոտ հիսուն բանվոր՝ զբաղված փորագրությամբ ու դարիճակմամբ։
Բարձրահասակ ու խարտյաշ տերը քաղաքավարությամբ ընդունեց մեզ և պարզ պատասխաններ տվեց Հոլմսի բոլոր հարցերին։ Նրա գրքերի գրանցումները վկայում էին, որ Դևինի կերտած մարմարյա Նապոլեոնի գլխից կաղապարված են բազմաթիվ պատճեններ, բայց այն երեք կիսանդրին, որոնք մոտ մի տարի առաջ նա ուղարկել էր Մորզ Հադսընին, կազմում էին վեց հատից բաղկացած առանձին խմբաքանակի կեսը։ Բայց խմբաքանակի մյուս երեք կիսանդրիները վաճառված էին Հարդինգ եղբայրներին Քենսինգթընում։ Ոչ, այդ վեցյակի կիսանդրիները ոչնչով չէին տարբերվում մյուսներից։ Ոչ, նա չգիտի, թե ինչ պատճառով որևէ մեկը միտք կհղանա ոչնչացնել այդ կիսանդրիները, այդպիսի միտքը նրան պարզապես ծիծաղելի է թվում։ Այդ կիսանդրիների մեծածախ գինը վեց շիլինգ է, բայց մանրածախ վաճառքի մեջ կարելի է նրանց դիմաց վերցնել տասներկու և նույնիսկ ավելի շատ։ Այդ կիսանդրիները պատրաստվում են այսպես թափում են երկու գիպսե կաղապար՝ բաղկացած դեմքի երկու կեսերից, և հետո երկու պրոֆիլները կպցնում են միմյանց։ Սովորաբար այդ աշխատանքները կատարում են իտալացիները ահա այս սենյակում։ Երբ կիսանդրին պատրաստ է լինում, դնում են միջանցքում՝ սեղանի վրա, որպեսզի չորանա, իսկ այնուհետև ուղարկում են պահեստը։ Նա այլևս մեզ պատմելու բան չունի։
Բայց այդ ժամանակ Հոլմսը արհեստանոցի տիրոջը ցույց տվեց լուսանկարը, որը վերջինիս վրա թողեց ցնցող տպավորություն։ Նրա դեմքը կատաղությունից բոցավառվեց, հոնքերը կախվեցին նրա երկնագույն տևտոնական աչքերի վրա։
Ա՛հ, սրիկան,— գոռաց նա։ Այո՛, ես լավ գիտեմ դրան։ Իմ արհեստանոցը վայելում է ընդհանուրի հարգանքը, ամբողջ գոյության ընթացքում միայն մի անգամ է այստեղ ոստիկանություն եղել Ահա այդ սուբյեկտի պատճառով։ Ավելի քան մի տարի է, ինչ այդ պատահեց։ Նա փողոցում դանակով հարվածել էր մի ուրիշ իտալացու և, փախչելով ոստիկանությունից, եկել մտել էր իմ արհեստանոցը։ Հենց այստեղ էլ նրան բանտարկեցին։ Նրա անունը Բեպո էր։ Ազգանունը չգիտեմ։ Ես արդար կերպով պատժվեցի այն բանի համար, որ աշխատանքի ընդունեցի այդպիսի դեմքով մի մարդու։ Ասենք, նա լավ աշխատող էր, ամենալավերից մեկը։
Ինչո՞վ դատապարտեցին նրան։
Այն մարդը, որին նա դանակի հարված էր հասցրել, չմահացավ, և այդ պատճառով էլ նրան տվին ընդամենը մի տարի բանտային կալանք։ Չեմ կասկածում, որ նա արդեն ազատության մեջ է, բայց չի համարձակվի այստեղ անգամ ոտք դնել։ Ինձ մոտ աշխատում է նրա հորեղբոր տղան։ Ըստ երևույթին՝ նա կարող է Ձեզ ասել Բեպոյի տեղը։
Ո՛չ, ո՛չ,— գոռաց Հոլմսը,— նրա հորեղբոր տղային ոչ մի բառ չասեք այդ մասին Աղաչում եմ Ձեզ, ոչ մի խոսք։ Այդ գործը շատ լուրջ է։ Որքան շատ եմ ես նրա մեջ խորանում, այնքան նա ինձ լուրջ է թվում։ Ձեր առևտրական գրքում ցույց է տրված, որ այդ կիսանդրիները Դուք վաճառել եք անցյալ տարի հունիսի երեքին։ Չե՞ք կարող արդյոք ասել ինձ, թե ամսի քանիսին է ձերբակալվել Բեպոն։
Ես կարող եմ վերականգնել այդ մոտավորապես վճարման ցուցակի հիման վրա,— պատասխանեց արհեստանոցի տերը։
Այո՛,— շարունակեց նա՝ քրքրելով իր թղթերը,— վերջին ռոճիկը նրան վճարվել է մայիսի քսանին։
Շնորհակալ եմ,— ասաց Հոլմսը։ Ես այլևս Ձեզանից ժամանակ չեմ խլի և ի չարը գործ չեմ դնի Ձեր համբերությունը։
Հրաժեշտ տալիս խնդրելով նրան ոչ ոքի չասել իր հետ տեղի ունեցած խոսակցության մասին՝ մենք դուրս եկանք արհեստանոցից և վերադարձանք արևմուտք։
Կեսօրը վաղուց անցել էր, երբ վերջապես մեզ հաջողվեց հապշտապ նախաճաշել մի ռեստորանում։ Ռեստորանի մուտքի մոտ վաճառում էին լրագրեր, և վերջին լուրերի մասին հաղորդող հատուկ պաստառում մեծ տառերով տպագրված էր «Հանցագործություն Քենսինգթընում։ Խելագար մարդասպանը»։ Նայելով լրագրին՝ մենք համոզվեցինք, որ միստր Հորըս Հարքըրին, այնուամենայնիվ, հաջողվել է տպել իր հոդվածը։ Երկու սյունակ լցված էր նրա տանը տեղի ունեցած սենսացիոն և հարուստ դեպքերի նկարագրությամբ։ Հոլմսը թերթը փռեց փոքրիկ սեղանի վրա և կարդաց՝ չընդհատելով ուտելը։ Մի երկու անգամ նա փնչացրեց։
Ամեն ինչ կարգին է, Վա՛թսըն,— ասաց նա։ Լսեք «Հաճելի է ընդունել, որ այդ դեպքի համար տարբեր կարծիքներ լինել չեն կարող, քանի որ միստր Լեստրեյդը՝ ոստիկանական ամենափորձված գործակալներից մեկը, և միստր Շերլոք Հոլմսը՝ ամենքին հայտնի խորհրդատուն և վարպետը, համաձայնության եկան այն բանում, որ այդպիսի ողբերգական վախճան ունեցող տարօրինակ գործողությունների շղթան վկայում է խելագարության, և ոչ թե հանցագործության մասին։ Մեր կողմից պատմած փաստերը ոչնչով բացատրվել չեն կարող, բացի խելացնորությունից»։ Մամուլը, Վա՛թսըն, կատարյալ գանձ է, եթե մարդ կարողանա նրանից օգտվել։ Իսկ այժմ, եթե Դուք արդեն կերել եք, մենք կվերադառնանք Քենսինգթըն և կլսենք, թե ինչ կպատմի մեզ «Հարդինգ եղբայրների» սեփականատերը։
Պարզվեց, որ այդ մեծ առևտրական տան հիմնադիրը մի ճարպիկ, անհանգիստ, շատ արագաշարժ, խելամիտ ու շաղակրատ մարդ է։
Այո՛, սը՛ր, ես արդեն գիտեմ ամեն ինչ երեկոյան թերթերից։ Միստր Հորըս Հարքըրը մեր մշտական գնորդն է։ Այդ կիսանդրին մենք վաճառել ենք նրան մի քանի ամիս առաջ։ Երեք այդպիսի կիսանդրի մենք ստացել ենք Ստեփնիի Գելդըր և ընկերությունից։ Նրանք արդեն վաճառված են։ Ո՞ւմ։ Ես կնայեմ իմ առևտրական գիրքը և Ձեզ կպատասխանեմ։ Այո՛, ահա այստեղ ամեն ինչ գրանցված է։ Մեկ կիսանդրին միստր Հարքըրին, մյուսը՝ միստր Ջըզայա Բրաունին, որը բնակվում է Չիզիքում՝ Լաբըրնըմ Վեյլի Լաբըրնըմ Լոջում, իսկ երրորդը՝ միստր Սենդիֆըրդին, որը բնակվում է Ռեդինգում՝ Լաուըր Գրոուվ Ռոուդում։
Մինչ միստր Հարդինգը խոսում էր, Հոլմսը ինչ-որ բան էր գրում։ Նա չափազանց գոհունակ տեսք ուներ։ Այնուամենայնիվ, ինձ ոչինչ չբացատրեց և միայն ասաց, որ մենք պետք է շտապենք, որովհետև մեզ սպասում է Լեստրեյդը։ Իսկապես, երբ մենք եկանք Բեյքր-սթրիթ, խուզարկուն անհամբեր քայլում էր սենյակում և սպասում էր մեզ։ Նրա հպարտ տեսքից դժվար չէր կռահել, որ օրը նրա համար անպտուղ չի անցել։
Ինչպե՞ս են գործերը, մի՛ստր Հոլմս,— հարցրեց նա։
Մենք ստիպված եղանք ինչպես պետքն է աշխատել և աշխատեցինք ոչ իզուր,— ասաց իմ բարեկամը։ Մենք այցելեցինք երկու կրպակատերերին էլ և արհեստանոցի սեփականատիրոջը։ Ես հետևեցի յուրաքանչյուր կիսանդրու ճակատագրին ամենասկզբից։
Յուրաքանչյուր կիսանդրու ճակատագրի՜ն,— բացականչեց Լեստրեյդը,— լա՛վ, լա՛վ, մի՛ստր Հոլմս, ամեն մեկն իր մեթոդներն ունի, և ես մտադրություն չունեմ Ձեզ հետ վիճելու, բայց ինձ թվում է, որ ես օրվա ընթացքում ավելի շատ բանի եմ հասել, քան Դուք։ Ես պարզեցի սպանվածի անձը։
Ի՜նչ եք ասում։
Եվ որոշեցի հանցագործության պատճառը։
Հրաշալի է։
Մենք ունենք իտալական թաղամասերի գծով մասնագետ տեսուչ։ Իսկ սպանվածի պարանոցին կաթոլիկական փոքրիկ խաչ կար։ Բացի դրանից, նրա մաշկի թխությունը ակամայից միտք է առաջացնում, որ նա հարավի ծնունդ է։ Տեսուչ Հիլը նրան ճանաչեց առաջին իսկ հայացքից։ Նրա անունը Պյետրո Վենուչի է, նա նեապոլցի է, Լոնդոնի ամենասարսափելի թոկից փախածներից մեկը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ սկսում է պարզվել։ Հավանական է, որ նրան սպանողը իտալացի է։ Պյետրոն հետևում էր նրան։ Նա իր գրպանում կրում էր նրա լուսանկարը, որպեսզի սխալմամբ չսպանի մեկ ուրիշին։ Նա գտել է իր թշնամուն, տեսել է, թե ինչպես սա մտել է տուն, սպասել է մինչև դուրս գալը, հարձակվել է նրա վրա և մահացու վերք ստացել Ի՞նչ եք կարծում այդ մասին, մի՛ստր Շերլոք Հոլմս։
Հոլմսը ջերմորեն սեղմեց նրա ձեռքերը։
Հրաշալի է, Լե՛ստրեյդ, հրաշալի է,— բացականչեց նա։ Բայց ես լրիվ չեմ հասկանում, ինչպե՞ս եք բացատրում կիսանդրիների ոչնչացումը։
Դարձյալ կիսանդրիները Դուք ոչ մի կերպ չեք կարողանում Ձեր գլխից հանել այդ կիսանդրիները։ Վերջիվերջո այդ կիսանդրիների պատմությունը դատարկ բան է։ Մանր գողություն, որի համար կարելի է դատապարտել ամենաշատը վեց ամիս բանտարկության։ Իսկ սպանությունը՝ այ դա գործ է, և ինչպես տեսնում եք, ես արդեն ձեռքիս բռնել եմ բոլոր թելերը։
Իսկ այսուհետև ի՞նչ եք մտադիր անել։
Հասարակ մի բան։ Ես Հիլի հետ կգնամ իտալական թաղամասը, մենք կգտնենք այն մարդուն, որը պատկերված է լուսանկարում, և ես նրան կձերբակալեմ՝ մեղադրելով սպանության մեջ։ Ուզո՞ւմ եք մեզ հետ գալ։
Հազիվ թե։ Հավանական է՝ ոչ։ Ինձ թվում է՝ մենք հաջողության կհասնենք ավելի հասարակ միջոցով։ Երաշխավորել չեմ կարող, քանի որ այդ կախված է Մի խոսքով՝ դա կախված է մի հանգամանքից, որը մեր իրավասության տակ չէ։ Այսպես, հուսով եմ, որ եթե այս գիշեր Դուք ինձ հետ գաք, մենք կբանտարկենք նրան։
Իտալական թաղամասո՞ւմ։
Ո՛չ։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի փնտրել նրան Չիզիքում։ Եթե Դուք, Լե՛ստրեյդ, այսօր գիշեր գաք ինձ հետ Չիզիք, ես խոստանում եմ վաղը Ձեզ հետ միասին ուղևորվել իտալական թաղամասը։ Այդ հետաձգումը ոչ մի վնաս չի բերի։ Իսկ այժմ անհրաժեշտ է մի քիչ քնել, որովհետև ժամը տասնմեկից շուտ դուրս գալը միտք չունի, իսկ վերադառնալ, ըստ երևույթին, մեզ կհաջողվի միայն առավոտյան։ Ճաշեցեք մեզ հետ, Լե՛ստրեյդ, և պառկեցեք այդ բազմոցին։ Իսկ Դուք, Վա՛թսըն, զանգահարեք և կանչեցեք փոստատարին ինձ անհրաժեշտ է շտապ մի նամակ ուղարկել։
Հոլմսը երեկոն անցկացրեց հին լրագրերի կույտերը քրքրելով, որոնցով լեփ լեցուն էր մեր խորթանոցներից մեկը։ Երբ Հոլմսը վերջապես դուրս եկավ խորթանոցից, նրա ալքերը փայլում էին հաղթանակով, բայց նա մեզ ոչինչ չասաց իր որոնումների արդյունքների մասին։ Ես արդեն այնքան էի ուսումնասիրել իմ բարեկամի մեթոդները, որ նույնիսկ չիմանալով նրա մտադրությունները, ամբողջապես կռահում էի, թե ինչպես է նա նախատեսում բռնել հանցագործին։ Այդ տարօրինակ հանցագործը այժմ կփորձի ոչնչացնել մնացած երկու կիսանդրիները, որոնցից մեկը, ինչպես ես հիշեցի, գտնվում է Չիզիքում։ Անկասկած, մեր գիշերային արշավանքի նպատակն էր բռնել նրան հանցագործության վայրում։ Ես չէի կարող չհրճվել իմ բարեկամի խորամանկությամբ, որը դիտավորյալ կերպով երեկոյան թերթում հաղորդեց միանգամայն կեղծ ենթադրություններ՝ հանցագործին համոզելու համար, որ նա կարող է գործել առանց որևէ ռիսկի։ Եվ չզարմացա, երբ Հոլմսը խորհուրդ տվեց ինձ վերցնել ատրճանակը։ Նա ինքը վերցրեց իր սիրելի զենքը՝ որսորդական մտրակը, որի կոթը լցված էր կապարով։
Ժամը տասնմեկին մեր դռան մոտ կանգնեց կառքը։ Հեմըրսմիթի կամրջով մենք անցանք Թեմզի հակառակ ափը։ Կառապանին կարգադրվեց այստեղ սպասել։ Մենք գնացինք ոտքով և շուտով դուրս եկանք մի ամայի ճանապարհ, որը շրջապատված էր շքեղ տնակներով։ Յուրաքանչյուր տնակ գտնվում էր մի փոքրիկ պարտեզի մեջ։ Փողոցային լույսի լապտերի տակ նրանց դարպասներից մեկի վրա մենք կարդացինք հետևյալ մակագրությունը՝ «Վիլլա Լաբըրնըմ»։ Ըստ երևույթին՝ տան բակի շները արդեն քնած էին, քանի որ նա ամբողջապես սուզված էր խավարի մեջ, և միայն մուտքի դռան վերևի կլոր լուսամուտն էր, որ փայլում էր աղոտ կերպով՝ պարտեզի փոքրիկ արահետի վրա սփռելով լույսի մի հետք։ Մենք դարպասից ներս մտանք և թաքնվեցինք պարտեզը ճանապարհից բաժանող փայտե ցանկապատի ստվերում։
Այդտեղ մեր սպասելը երկար չտևեց և վերջացավ ամենաանակնկալ և տարօրինակ ձևով։ Հանկարծակի, առանց որևէ նախազգուշացման՝ պարտեզի դռնակը կրնկի վրա բացվեց, և մի ճկուն ու մութ կերպարանք կապկի նման արագաշարժ ու սրընթաց անցավ պարտեզի արահետով։ Մենք տեսանք, թե նա ինչպես փայլեց պատուհանից ընկած լույսի ճառագայթների տակ և անհետացավ մութ ստվերում։ Տիրեց երկար լռություն, որի ընթացքում մենք կանգնած էինք՝ շունչներս պահած։ Ի վերջո մեր ականջին հասավ մի թույլ ճռռոց, դա լայնորեն բացվող լուսամուտի ձայնն էր։ Հետո նորից տիրեց լռություն։ Հանցագործը շրջում էր տան մեջ։ Հանկարծ մենք տեսանք, թե ինչպես սենյակում վառվեց նրա գաղտնալապտերը։ Այն, ինչը փնտրում էր նա, ըստ երևույթին այնտեղ չէր, քանի որ մի րոպե հետո լույսը տեղափոխվեց մյուս սենյակը։
Գնանք բաց լուսամուտի մոտ։ Մենք նրան կբռնենք դուրս թռչելու պահին,— շշնջաց Լեստրեյդը։
Բայց մինչև մեր տեղից շարժվելը հանցագործը դուրս թռավ լուսամուտից։ Նա լույսի շողերի տակ կանգ առավ՝ ինչ-որ սպիտակ բան բռնած թևի տակ, ապա գողեգող նայեց շուրջը։ Ամայի փողոցի լռությունը հանգստացրեց նրան։ Թիկունքով շրջվելով դեպի մեզ՝ նա իր բեռը դրեց գետնին, և մի ակնթարթ հետո մենք լսեցինք սկզբից ուժեղ հարվածի ձայն, իսկ այնուհետև թխկթխկոց և ճրթճրթոց։ Նա այնքան էր տարվել իր գործով, որ չլսեց մեր գողեգող քայլերի ձայնը։ Հոլմսը վագրի նման ցատկեց նրա մեջքին, իսկ մենք Լեստրեյդի հետ բռնեցինք նրա ձեռքերը և ձեռնակալներ հագցրինք։ Երբ նա շրջվեց, ես տեսա մի այլանդակ դեմք՝ զայրույթից գունատ ու ծամածռված, և համոզվեցի, որ դա իսկապես այն մարդն է, որի լուսանկարը տեսել եմ ես։
Բայց գերու վրա չէր, որ Հոլմսը բևեռել էր իր ամբողջ ուշադրությունը։ Նա մեծ ուշադրությամբ հետազոտեց այն, ինչ մեր գերին դուրս էր բերել տնից։ Դա Նապոլեոնի փշուր-փշուր եղած կիսանդրին էր՝ միանգամայն նույնը, ինչպիսին մենք տեսել էինք այսօր առավոտյան։ Հոլմսը հերթով լույսին էր մոտեցնում յուրաքանչյուր բեկորը՝ բաց չթողնելով ոչ մեկը, բայց նրանք բոլորն էլ ոչնչով չէին տարբերվում գիպսի մյուս ջարդված կտորներից։ Հազիվ էր նա վերջացրել իր հետազոտությունը, երբ դուռը բացվեց, և մեր առաջ կանգնեց տան տերը՝ մի բարեհոգի, լիքը-լիքը տղամարդ՝ վերնաշապիկով և վարտիքով։
Միստր Ջըզայա Բրա՞ուն, եթե չեմ սխալվում,— ասաց Հոլմսը։
Այո՛, սը՛ր։ Իսկ Դուք, անկասկած, միստր Շերլոք Հո՞լմսն եք։ Փոստատարը ինձ բերեց Ձեր գրությունը, և ես վարվեցի այնպես, ինչպես խորհուրդ էիք տվել Դուք։ Մենք փակեցինք բոլոր դռները և սպասում էինք, թե ինչ է լինելու։ Ուրախ եմ, որ սրիկան չկարողացավ Ձեր ձեռքից փախչել։ Համեցեք տուն, ջենթլմեննե՛ր, խմեք նախքան ճանապարհ ընկնելը։
Բայց Լեստրեյդը ուզում էր որքան հնարավոր է շուտ փոխադրել գերուն ապահով ապաստարան, և մի քանի րոպեից հետո կառքը մեզ չորսիս արդեն տանում էր Լոնդոն։ Գերին ոչ մի բառ չարտասանեց, գլխին դիզված գանգուր մազերի տակից նա զայրույթով նայում էր մեզ։
Ոստիկանական բաժանմունքում մանրակրկիտ կերպով խուզարկեցին նրան, բայց ոչինչ չգտան, բացի մի քանի շիլինգից և երկար դաշույնից, որի դաստակի վրա հայտնաբերվեցին արյան հետքեր։
Ամեն ինչ պարզ է,— ասաց Լեստրեյդը՝ հրաժեշտ տալով մեզ։ Հիլը գիտի այդ մարդկանց և առանց դժվարության կորոշի նրա ով լինելը։ Կտեսնեք՝ իմ տեսությունը ամբողջապես կհաստատվի։ Այնուամենայնիվ, ես շատ շնորհակալ եմ Ձեզ, մի՛ստր Հոլմս, այն բանի համար, որ Դուք այդքան վարպետորեն կազմակերպեցիք հանցագործի թակարդ ընկնելը։ Ես մինչև այժմ էլ լրիվ չեմ հասկանում՝ ինչպե՞ս Ձեր գլխում ծագեց այդ միտքը։
Ինձ թվում է այս ուշ ժամին կարիք չկա զբաղվելու բացատրություններով,— ասաց Հոլմսը։ Բացի դրանից՝ մի քանի մանրամասնություններ դեռ ոչ լիովին են պարզաբանված, իսկ դա այն գործերից է, որն անհրաժեշտ է հասցնել մինչև վերջը։ Եթե վաղը ժամը վեցին Դուք անցնեք ինձ մոտ, ես Ձեզ կապացուցեմ, որ նույնիսկ այժմ էլ մենք դեռ լիովին չենք հասկանում այդ յուրօրինակ գործի իսկական նշանակությանը։
Հաջորդ երեկոյան այցելելով մեզ՝ Լեստրեյդը հայտնեց այն ամենը, ինչ հաջողվել էր պարզել բանտարկյալի անձի վերաբերյալ։ Նրա ազգանունը հայտնի չէ, իսկ անունը Բեպո է։ Դա ամենահանդուգն դատարկապորտն է ամբողջ իտալական գաղութում։ Մի ժամանակ եղել է հմուտ քանդակագործ, բայց հետո ճանապարհից շեղվել է և երկու անգամ բանտ է ընկել, մի անգամ՝ մանր գողության, մյուս անգամ՝ իր հայրենակցին վերք հասցնելու համար։ Անգլերեն նա խոսում է սքանչելի։ Մինչև այժմ էլ պարզված չէ, թե ինչ նպատակով էր նա ջարդում կիսանդրիները, իսկ նա համառորեն հրաժարվում է պատասխան տալ այդ հարցին։ Բայց ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ նա ինքը գիտի պատրաստել կիսանդրիներ, և որ ինքն է պատրաստել դրանք՝ Գելդըրի և ընկերության արհեստանոցում աշխատելիս։
Այդ բոլոր տեղեկությունները, որոնց մեծ մասը մեզ արդեն հայտնի էր, Հոլմսը լսեց բարեկիրթ ուշադրությամբ, բայց ես, որ Հոլմսին լավ եմ ճանաչում, նկատեցի, որ նրա մտքերը զբաղված են ինչ-որ մի այլ բանով, և բարեկամիս հագած դիմակի միջից ես տեսնում էի, որ նա ինչ-որ բանի է սպասում, և տագնապում է ինչ-որ մի բանի համար։ Վերջապես նա վեր թռավ աթոռից, նրա աչքերը փայլեցին։ Զանգը հնչեց։ Մի րոպե հետո մենք լսեցինք ոտնաձայներ, և սենյակ մտավ տարիքավոր, կարմրադեմ, ալեհեր այտամորուքով մի մարդ։ Նա իր աջ ձեռքում բռնել էր հնաձև մի փոքրիկ ճամպրուկ։ Մտնելով ներս՝ նա այն դրեց սեղանին։
Կարելի՞ է տեսնել միստր Շերլոք Հոլմսին։
Իմ բարեկամը ողջունեց, և նրա դեմքին ժպիտ երևաց։
Եթե չեմ սխալվում, միստր Սե՞նդֆըրդն եք Ռեդինգից,— ասաց նա։
Այո՛, սը՛ր։ Կարծեմ ես մի քիչ ուշացա, բայց գնացքի չվացուցակը այնքան անհարմար է կազմված Դուք գրել էիք ինձ մոտ եղած կիսանդրու մասին։
Միանգամայն ճիշտ է։
Ես Ձեր նամակը բերել եմ ինձ հետ։ Դուք գրում եք «Ցանկանալով ձեռք բերել Դևինի կերտած Նապոլեոնի կիսանդրուց մի կաղապար, ես պատրաստ եմ վճարել տասը ֆունտ այն կաղապարի համար, որը պատկանում է Ձեզ»։ Այդպե՞ս է։
Այդպես է։
Ձեր նամակը ինձ շատ զարմացրեց, որովհետև ես չկարողացա գլխի ընկնել, թե Դուք ինչպես իմացաք, որ այդ կիսանդրին գտնվում է ինձ մոտ։
Մինչդեռ այդ ամենը բացատրվում է շատ պարզ։ Հարդինգ եղբայրներ առևտրական տան սեփականատեր միստր Հարդինգն ինձ ասաց, որ Ձեզ է վաճառել այդ կիսանդրու վերջին պատճենը և հայտնեց Ձեր հասցեն։
Հասկանում եմ։ Իսկ նա Ձեզ ասա՞ց, թե ես ինչքան եմ նրան վճարել այդ կիսանդրու համար։
Ո՛չ, չի ասել։
Ես ազնիվ մարդ եմ, թեև ոչ այնքան հարուստ։ Ես այդ կիսանդրու համար վճարել եմ միայն տասնհինգ շիլինգ և մինչև Ձեզանից տասը ֆունտ ստանալս ուզում եմ այդ մասին Ձեզ տեղյակ պահել։
Այդպիսի մանրակրկիտությունը պատիվ է բերում Ձեզ, մի՛ստր Սենդիֆըրդ։ Բայց ես ինքս եմ ասել այդ գինը և մտադրություն չունեմ հրաժարվել նրանից։
Դա Ձեր կողմից մեծ ազնվություն է, մի՛ստր Հոլմս։ Ես, համաձայն Ձեր խնդրանքի, կիսանդրին բերել եմ ինձ հետ։ Ահա այն։
Նա բացեց ճամպրուկը, և վերջապես մենք մեզ մոտ, սեղանի վրա, տեսանք ամբողջական ձևով այն կիսանդրին, որը մինչև այժմ մեզ հաջողվել էր տեսնել միայն բեկորներով։
Հոլմսը գրպանից հանեց թղթի մի թերթ և սեղանի վրա դրեց տասը ֆունտանոց մի վարկատոմս։
Մի՛ստր Սենդիֆըրդ, բարի եղեք ստորագրել այդ թուղթը ահա այս վկաների ներկայությամբ։ Այստեղ ասված է, որ Դուք ինձ զիջում եք այն բոլոր իրավունքները, որոնք բխում են այդ կիսանդրու տերը լինելուց։ Ինչպես տեսնում եք, ես շրջահայաց մարդ եմ։ Նախապես երբեք չի կարելի իմանալ, թե հետագայում ինչպես կդասավորվեն հանգամանքները Շնորհակալություն, մի՛ստր Սենդիֆըրդ։ Ահա Ձեր փողերը։ Ցանկանում եմ Ձեզ հաջողություն։
Երբ մեր այցելուն հեռացավ, Շերլոք Հոլմսը դարձյալ զարմացրեց մեզ։ Նա սկսեց այն բանից, որ զարդասեղանից հանեց սպիտակ մաքուր մի սփռոց և նրանով ծածկեց սեղանը։ Ապա հենց նոր գնած կիսանդրին դրեց սփռոցի ուղիղ կենտրոնում։ Հետո նա բարձրացրեց իր որսորդական մտրակը և նրա ծանր կոթով հարվածեց Նապոլեոնի գագաթին։ Կիսանդրին փշուր-փշուր եղավ, և Հոլմսը ուշի-ուշով դիտեց նրա ամեն մի կտորը։ Վերջապես հաղթական ճիչով նա մեզ մեկնեց մի բեկոր, որի մեջ մի կլոր սևավուն բան էր գտնվում՝ նման քաղցրակուտապի մեջ եփած չամչի։
Ջենթլմեննե՛ր,— բացականչեց նա։ Թույլ տվեք ներկայացնել Ձեզ Բորջաների հայտնի սև մարգարիտը։
Ես և Լեստրեյդը լուռ էինք, բայց հետո, հանկարծակի պոռթկումով բռնկված, սկսեցինք ծափահարել, ինչպես ծափահարում են դրամայի հաջող վերջանալու պահին։ Հոլմսի գունատ այտերը շիկնեցին, և նա մեզ գլուխ տվեց, ինչպես հանդիսատեսների ծափահարությամբ բեմ կանչված թատերագիրը։
Այո՛, ջենթլմեննե՛ր,— ասաց նա,— սա ամենահայտնի մարգարիտն է ամբողջ աշխարհում, և, բարեբախտաբար, մտորումների միջոցով ինձ հաջողվեց հետևել նրա ճակատագրին «Դեյքըր» հյուրանոցի իշխան Կոլոնայի ննջարանից, որտեղ նա կորել էր, մինչև Ստեփնիում գտնվող Գելդըրի և ընկերության արհեստանոցում պատրաստված վեց կիսանդրիներից ամենավերջինի մեջ ընկնելը։
Դուք, իհարկե, հիշում եք, Լե՛ստրեյդ, այդ թանկարժեք քարի սենսացիոն անհետացումը և Լոնդոնի ոստիկանության անարդյունք որոնումները՝ այն գտնելու համար։ Ոստիկանությունը դիմեց նույնիսկ իմ օգնությանը, բայց ես նույնպես անզոր գտնվեցի։ Կասկածներն ընկնում էին իշխանուհու աղախնի վրա, որը ծագումով իտալուհի էր։ Բոլորին էլ հայտնի էր, որ այդ աղախինը եղբայր ունի Լոնդոնում, բայց նրանց միջև ոչ մի կապ չհաջողվեց հաստատել։ Աղախնի անունն էր Լուկրեցիա Վենուչի, և ես չեմ կասկածում, որ Պյետրոն, որին սպանել են երկու օր առաջ, նրա եղբայրն էր։ Ես նայեցի հին թերթերը և հայտնաբերեցի, որ մարգարիտը անհետացել է Բեպոյի բանտարկությունից երկու օր առաջ։ Իսկ Բեպոն բանտարկվել է Գելդըրի և ընկերության արհեստանոցում ճիշտ այն ժամանակ, երբ այնտեղ պատրաստվում էին այդ կիսանդրիները։
Այժմ Ձեզ համար պարզ է դեպքերի հերթականությունը։ Մարգարիտը եղել է Բեպոյի մոտ։ Հնարավոր է, որ նա գողացել է Պյետրոյից, հնարավոր է՝ նա ինքը գործակցել է Պյետրոյին, հնարավոր է, որ նա միջնորդ է եղել Պյետրոյի և նրա քրոջ միջև։ Էապես մեզ համար կարևոր չէ, թե այդ ենթադրություններից որն է ճիշտ։ Մեզ համար կարևորն այն է, որ մարգարիտը եղել է նրա մոտ ճիշտ այն ժամանակ, երբ ոստիկանությունը հետապնդում էր նրան։
Նա վազելով մտել է արհեստանոցը, որտեղ աշխատում էր։ Նա գիտեր, որ իր տրամադրության տակ ընդամենը մի քանի րոպե է մնում այն բանի համար, որպեսզի թաքցնի իր արտասովոր արժեք ունեցող ավարը, որը անպայման կգտնեն, եթե խուզարկեն նրան։ Նապոլեոնի վեց կիսանդրիները չորանալիս են եղել միջանցքում։ Նրանցից մեկը եղել է դեռ ամբողջապես փափուկ։ Բեպոն, որ հմուտ աշխատող էր, խոնավ գիպսի վրա վայրկենապես բացել է մի անցք, այնտեղ է դրել մարգարիտը և հարդարելով կիսանդրուն տվել է իր նախկին տեսքը։ Դա հիանալի պահարան էր, մարգարիտն այնտեղ անհնար էր գտնել, բայց Բեպոյին դատապարտեցին մի տարի բանտարկության, իսկ այդ ժամանակամիջոցում բոլոր վեց կիսանդրիներն էլ վաճառվեցին Լոնդոնի տարբեր ծայրամասերում։ Նա չէր կարող իմանալ, թե նրանցից որի մեջ է գտնվում իր գանձը։ Մարգարիտը նա կարող էր գտնել միայն այն դեպքում, եթե ջարդեր բոլոր կիսանդրիները։ Այնուամենայնիվ, Բեպոն չի հուսահատվել։ Ուղևորված և հետևողականորեն նա ձեռնամուխ է եղել որոնումների։ Գելդըրի մոտ աշխատող իր հորեղբոր տղայի օգնությամբ նա իմացել է, թե որ ֆիրմաներին են վաճառվել այդ կիսանդրիները։ Նրան հաջողվել է
Մորզ Հադսընի մոտ աշխատանք ստանալ և հետևել է, թե ո՞ւր են տանում երեք կիսանդրիները։ Այդ երեքի մեջ մարգարիտը չի գտնվել։ Իր ազգականների օգնությամբ նա հետախուզել և իմացել է, թե ո՛ւմ են վաճառել մնացած երեք կիսանդրիները։ Նրանցից առաջինը գտնվել է Հարքըրի մոտ։ Այդ ժամանակ Բեպոյին հետևել է իր համագործակիցը, որը նրան մարգարիտի կորստյան հանցավորն է համարել, և նրանց միջև կռիվ ու վեճ է ծագել։
Եթե Պյետրոն եղել է նրա գործակիցը, հապա ինչո՞ւ է իր մոտ պահել նրա լուսանկարը,— հարցրի ես։
Որպեսզի հնարավոր լիներ նրա մասին հարցուփորձ անել կողմնակի անձանց, դա ամենահավանական ենթադրությունն է։ Մի խոսքով՝ ես եկա այն համոզմունքին, որ սպանությունից հետո Բեպոն ոչ միայն չի հետաձգի, այլ ընդհակառակը՝ կարագացնի իր որոնումները։ Նա կաշխատի ոստիկանությունից առաջ ընկնել՝ վախենալով, չլինի թե վերջինս տեղեկանա իր գաղտնիքի մասին։ Իհարկե, ես չէի կարող հաստատել, թե նա Հարքըրին պատկանող կիսանդրու մեջ չի գտել մարգարիտը։ Ես նույնիսկ հաստատ չգիտեի, որ դա իսկապես մարգարիտն է, բայց ինձ համար պարզ էր նա ինչ-որ բան է որոնում, քանի որ հափշտակած կիսանդրիները ջարդում էր միայն այն տեղերում, որտեղ լույս կա։ Հարքըրի մոտի կիսանդրին երեքից մեկն էր, և, հետևաբար, շանսերը դասավորված էին ճիշտ այնպես, ինչպես ես Ձեզ ասացի։ Շանսերից մեկը դեմ էր, իսկ երկուսը՝ կողմ։ Մնացել էին երկու կիսանդրի, և պարզ էր, որ նա կսկսի այն մեկից, որը գտնվում է Լոնդոնում։ Ես նախազգուշացրի տան բնակիչներին, որպեսզի նրանք խուսափեն երկրորդ ողբերգությունից, և մենք հասանք փայլուն արդյունքների։ Այդ ժամանակ ես արդեն հաստատ գիտեի, որ մենք գնում ենք Բորջաների մարգարտի հետքերով։ Սպանվածի անունը բոլոր փաստերը կապեց միմյանց հետ։ Մնում էր ընդամենը մի կիսանդրի՝ այն, որը գտնվում էր Ռեդինգում, և մարգարիտը կարող էր լինել միայն նրա մեջ։ Ես Ձեր ներկայությամբ գնեցի այդ կիսանդրին։ Եվ ահա մարգարիտը։
Մենք մի վայրկյան լուռ էինք։
Այո՛,— ասաց Լեստրեյդը,— շատ անգամ եմ համոզվել Ձեր արտասովոր ունակությունների մեջ, մի՛ստր Հոլմս, բայց այդպիսի վարպետության ես դեռ երբեք չէի հանդիպել։
Շնորհակալ եմ,— ասաց Հոլմսը։ Շնորհակալ եմ։

Տես նաև Արթուր Կոնան Դոյլ Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին
Արթուր Կոնան Դոյլ | Վեց նապոլեոն Արթուր Կոնան Դոյլ | Վեց նապոլեոն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 19, 2018 Rating: 5
Технологии Blogger.