Պարույր Սևակ | Պարտքի տոկոսները


Առավոտն է հասունանում՝ մտքի նման.
Պիտի պոռթկա նա շատ շուտով
Եվ սրտաքամ իր իսկ հյութով
Կրկին ներկի
Երկին-երկիր:

Օրն է գալիս
Պարտատիրոջ վստահությամբ,
Իբրև անգութ մի վաշխառու:
Պարտ եմ իրոք՝
Սիրո՛ դիմաց,
Ու պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում...

Ու ես
Հոգնած ուրախությամբ
Հեռվից հեռու ժպտում եմ քեզ
Սիրո՛ղ, ներո՛ղ ու համբերո՜ղ մի ժպիտով...

Հանկարծակի-միանգամից
Արբունքի է հասնում քամին,
Եվ ձները
Նրա տաք-տաք ակնարկներից ամաչելով՝
Տեղն ու տեղը հալվում են լուռ:

Վտիտ վտակն աչքիս առաջ
Նույնքան արագ
Հասունանում-դառնում է կին
Ու փռվելով փարթամ մեջքին՝
Սարսռում է...

Միայն ես եմ, ես եմ մնում նո՛ւյնը կրկին՝
Նո՜ւյն մշտական պարտապանը
Իմ գերհասուն սիրո դիմաց,
Եվ պարտավոր եմ վճարել մի կարոտով,
Որի շահն է իրեն ծածկում:

Իսկ քո սե՜րը...
Ե՞րբ պիտի նա հասունանա:
Թե չէ, գիտե՞ս,
Եթե անվերջ այսպես գնա՝
Ես երբևէ պարտք չե՜մ փակի.
Պարտքը, գիտե՞ս, նա՛, դռան պես,
Իր կողպեքով ինձ կփակի...

23.III.1964թ.         
Դիլիջան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Պարտքի տոկոսները Պարույր Սևակ | Պարտքի տոկոսները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 22, 2018 Rating: 5
Технологии Blogger.