Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան


Կրոնահայրենասիրական քերթության խոշոր ներկայացուցիչ է Երեմիա Չելեպի Քյոմյուրճյանը: Ծնվել է 1637 թվականին, Պոլսում: Ստացել է հիմնավոր կրթություն, տիրապետել հունարենին, լատիներենին, թուրքերենին և որոշ եվրոպական լեզուների: Պատանի հասակում արդեն հրաժարվել է հոգևոր կոչումից և ապրել աշխարհականի կյանքով: Նրա կրթության ու մտավոր զարգացման գործում նշանակալից դեր են կատարել հատկապես Մարտիրոս Ղրիմեցին և Եղիազար Այնթափցին: Միառժամանակ եղել է Ղրիմեցու նոտարը, երբ վերջինս վարում էր Պոլսի հայոց պատրիարքի պաշտոնը:
1660-1680-ական թվականներին Քյոմյուրճյանը գործուն մասնակցություն է ունեցել հայության քաղաքական, եկեղեցական և մշակութային կյանքին: Նա ևս պայքարել է հանուն հայ ժողովրդի լուսավորության, եկեղեցական և քաղաքական միասնության, լուսավորչական դավանանքի ամրապնդման՝ փայփայելով Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգման հույսերը: Մահացել է 1995 թվականին: Նրանից մեզ հասել է բավական ծավալուն գրական ժառանգություն, որը բաղկացած է պատմական, կրոնադավանաբանական, աշխարհագրական, գեղարվեստական, տոմարական, հուշագրական և այլ բնույթի արձակ և չափածո բազմաթիվ երկերից: Նա թարգմանություններ է կատարել հունարենից ու լատիներենից, հայատառ թուրքերեն է թարգմանել մի շարք աղոթքներ, քարոզներ, հատվածներ Հին կտակարանից, Նոր կտակարանը, համառոտ Հայսմավուրքը, Ալեքսանդր Մակեդոնացու, Փարիզի և Վիեննայի պատմությունները և այլն:
Քյոմյուրճյանի գրական ժառանգության մեջ թերևս ամենանշանակալիցը «Պատմութիւն համառօտ ԴՃ տարւոյ օսմանցոց թագաւորացն» երկն է՝ գրված 1675-1678 թվականներին: Մեզ հասած միակ օրինակը բաղկացած է 16–վանկյա 3622 տողից: Այս քերթվածքում թուրքական և հայկական աղբյուրների հիման վրա շարադրված է Օսմանյան թագավորության պատմությունը սկզբից մինչև 1670-ական թվականները: Բանաստեղծ պատմագիրը մեկ առ մեկ անդրադարձել է այդ 400-ամյա ժամանակաշրջանում գահակալած օսմանյան 19 սուլթաններին, նրանց օրոք տեղի ունեցած ռազմաքաղաքական խոշոր անցուդարձերին: Հեղինակը ցույց է տվել, որ թուրքերը Փոքր Ասիայում եկվոր են և ոչ թե «հիմն և արմատ», ինչպես դեռ այն ժամանակներից փորձել են հավաստիացնել նրանք: Երկը օժտված է նաև գրական-գեղարվեստական արժանիքներով: Հիշարժան է հատկապես Պատմության այն հատվածը, ուր պատկերված է Մուհամեդ II-ի կողմից 1453 թվականին Պոլսի առումը և Բյուզանդական պետության կործանումը: Նկարագրելով այս իրողությունը՝ հեղինակն սկսում է ողբալ՝ հետևելով հայ պատմաողբի ժանրային իմաստով երեք սկզբնաղբյուրներին՝ Երեմիա մարգարեի Երուսաղեմի ողբին, Մովսես Խորենացու Հայաստանի ողբին և Ներսես Շնորհալու Եդեսիայի ողբին:
Իր մարտական ոգով ու հայրենասիրական շնչով Քյոմյուրճյանի «Պատմութիւն համառօտ…»ը զարթոնքի շրջանի հայ գրականության բնորոշ երկերից է: Այդպիսին է նաև նրա «Ստամպօլոյ պատմութիւնը»: Սա պատմագեղարվեստական բնույթի մի ընդարձակ չափածո տեղագրություն է, ուր պատկերված է XVII դարի Պոլիսն իր սոցիալ-տնտեսական կյանքով, կենցաղով, սովորույթներով, էթնիկական կազմով, մեծ ու փոքր կառույցներով: Այստեղ էլ իր խոսքը գրավիչ դարձնելու համար հեղնակը մեջ է բերել որոշ զրույցներ, լեգենդներ, զավեշտական պատմություններ, փաստերը շարադրել պատկերավոր լեզվով: Բանաստեղծը ներքուստ փայփայել է օսմանյան բռնապետության տակ տառապող հայության, այլև մյուս ժողովուրդների ազատագրման գաղափարը: Երկում հեղինակը նաև շարադրել է արքունի թուրք հովիվների կողմից հրեա կանանց բռնաբարելու միջադեպը՝ ձգտելով ցույց տալ Թուրքիայում ազգային փոքրամասնության իրավունքների անպատիժ ոտնահարումները:
Այսպես ասած՝ «հրեական թեմային» Քյոմյուրճյանն անդրադարձել է նաև մի քանի այլ երկերում: Կարեկցելով ու համակրելով թուրքական լծի տակ տառապող հրեա ժողովրդին՝ բանաստեղծը միաժամանակ մերժում է հրեական կրոնը, դատապարտում Սաբեթա Սևիի հրեական աղանդավորական շարժումը (1666-1668): Ուշադրության է արժանի հատկապես Քյոմյուրճյանի այն պոեմը, ուր հյուսված է ալբանացի քրիստոնյա Տիմոյի և հրեուհի Մրգատայի սիրո պատմությունը: Այստեղ հեղինակի հիմնական նպատակն է եղել ցույց տալ քրիստոնեական կրոնի առավելությունը հրեականի, այլև մյուս բոլոր կրոննների նկատմամբ և արտահայտել իր հակաթուրքական տրամադրությունները:
Ինչպես հայտնի է, Երեմիա Քյոմյուրճյանը համակիր է եղել Հակոբ Ջուղայեցու՝ Հայաստանի ազատագրման քաղաքական ծրագրերին և որոշ հույսեր է կապել եվրոպական հզոր տերությունների հետ: 1679 թվականին նա գրում է մի ծավալուն ներբողական ուղերձ Լեհաստանի թագավոր Յան Սոբեսկուն: Հայտնի է, որ Սոբեսկին առաջարկել է Ղափանի հայ մելիքներին իր բանակով նվաճել Հայաստանը՝ Թուրքիայի թիկունքում ստեղծելով հայկական թագավորություն (Լեհաստանի և Վատիկանի հովանավորությամբ): Սա, անշուշտ, չէր կարող չոգևորել հայկական պետականության վերականգման համար մաքառող հայ գործիչներին, որոնցից մեկն էր Քյոմյուրճյանը: Եվ ահա, իր ուղերձում նա ջերմագին գովերգում, փառաբանում է լեհաց թագավորին, որպես ամենազոր տիրակալի և երկնաշնորհ փրկչի: Ավելի ուշ Քյոմյուրճյանը գրել է նաև Լյուդովիկոս XIV-ին ձոնված մի ուղերձ, որի վերնագիրն է միայն մեզ հայտնի Ուղերձ համառօտ առ Լուդովիկոս ԺԴ թագաւոր Գաղիոյ, ի պատեհառիթ գահակալութեան նորին»):
Քյոմյուրճյանը ներբողական ուղերձներ է հղել նաև հայ աշխարհիկ ու հոգևոր դասի մի շարք երևելի ներկայացուցիչների: Բանաստեղծի դրվատանքին են արժանացել Փիլիպպոս և Նահապետ կաթողիկոսները, Պետրոս չելեպին, Աբրահամ իշխանը, երաժիշտ-մանկավարժ տեր Պետրոսը, Նաղաշ Հովնաթանը և ուրիշներ:

Տես նաև Վարդան Այգեկցի Առակներ, Եզնիկ Կողբացի Եղծ աղանդոց և Մովսես Կաղանկատվացի Պատմություն աղվանից աշխարհի
Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 05, 2018 Rating: 5
Технологии Blogger.