Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումներն ավարտին են մոտենում, ինչ արտեֆակտներ են հայտնաբերվել


Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, Սյունիքի եպիսկոպոսանիստ վանքերն ու անապատները թվարկելիս առաջինը հիշատակում է Մեղրու Սբ Հովաննես վանքը: Ավելի ուշ՝ 17-18-րդ դդ., վանքի գոյության մասին տեղեկություններ է հաղորդում Աբրահամ Կրետացի կաթողիկոսն՝ իր «Պատմություն» աշխատությունում: Եվ վերջապես հայր Ալիշանը կարճ անդրադարձ կատարելով Մեղրիի եկեղեցիներին` հստակեցնում է Մեղրու վանքի տեղադրությունը, նշանակությունը և պարզեցնում անվան հետ կապված շփոթությունը: ժողովրդի շրջանում վանքը հայտնի է նաև «Անապաստանաց վանք» անվամբ, որից հասկանալի է դառնում, որ եկեղեցին նաև կացարան է եղել բազմաթիվ անապաստան ներգաղթյալերի համար:
Այսպիսով 13-րդ դարից գոյություն ունեցող սրբատեղին իր երկրորդ ծաղկումն է ապրել ուշ միջնադրում` ամենայն հավանականությամբ վերաշինվելով Պարսկաստանից ներգաղթած հայորդիների կողմից:
Այսօր երբեմնի վանքից կանգուն է միայն գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որի պատերը շարված են անմշակ գրանիտով, իսկ գմբեթն՝ աղյուսով, ինչը բնորոշ է Մեղրիի և Նախիջևանի եկեղեցաշինությանը: Եկեղեցու միակ մուտքը արևմտյան մասում է, խորանի երկու կողմերում կան մեկական ցածրիկ ավանդատներ, որոնցից հարավայինի տակ թաքստոց-գաղտնարան է: Եկեղեցու երկու մույթերին առկա են 18-րդ դարում արված սրբերի, հրեշտակների և հոգևորականների որմնանկարներ: Կանգուն է նաև ուշ շրջանում կառուցված գավիթ-նախասրահի մի հատված, կացարանների և տնտեսական սենյակների հիմքեր:
2016թ. Ֆրանսիայում գործող «Երկիր և մշակույթ» հայկական, բարեգործական կազմակերպությունն ստանձնեց Մեղրիի Սբ Հովհաննես վանքի վերականգնման պատասխանատու և նվիրական աշխատանքը, որի իրականացման հիմնական մեկենասներն են ամերիկահայ բարերարներ Հայկ և Հիլդա Մանճիկյանները: Ըստ ծրագրի` նախատեսվում են եկեղեցու և նրան հարող տարածքի հնագիտական պեղումներ, քանդված հատվածների, գմբեթի, հնարավոր է նաև գավիթի վերականգնում և հիմքերի ամրակայում, տարածքի բարեկարգում, որմնանկարների վերականգնում: Հիշյալ աշխատանքներին ներգրավվել են նաև կամավորներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:
Այս օրերին շարունակվում են դեռևս 2016թ. մեկնարկած պեղումները (հնագետներ Հ. Բադալյան, Ա. Նալբանդյան. Տ. Ալեքսանյան), որով կավարտվի հուշարձանի հնագիտական հետազոտումը: Աշխատանքների արդյունքում եկեղեցուց արևմուտք բացվել են մի շարք օջախներ, թոնիրներ, ճարտարապետական կառույցների հատվածներ: Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թերի և ամբողջական խաչքարեր, կավե և մետաղե իրեր և այլն: Գտածոների շարքում մեծ թիվ են կազմում հատկապես եկեղեցական իրերը` մոմակալներ, կանթեղների, աշտանակների մասեր, թասերի հատվածներ, բոժոժներ այլն:
Այս տարի կատարվում են նաև հարավային ավանդատան տակ կառուցված և դեպի աղոթասրահը ձգվող գաղտնարանի պեղումները, որի ընթացքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան փաստաթղթերի, ձեռագիր և տպագիր մատյանների էջերի և կազմի պատառիկներ:

Նյութի աղբյուրը՝ mamul.am
Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումներն ավարտին են մոտենում, ինչ արտեֆակտներ են հայտնաբերվել Մեղրու Սբ. Հովհաննես վանքի պեղումներն ավարտին են մոտենում, ինչ արտեֆակտներ են հայտնաբերվել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 12, 2018 Rating: 5
Технологии Blogger.