Պարույր Սևակ | Օրորոցային


Գիշերային մութն է հորդում:
Ու թո՛ղ հորդի:
Եվ իր կարգին թո՛ղ ցամաքի ցերեկն այնպես,
Որ կարոտենք լույսին,
Ինչպես
Մեր ա՛յն մոտիկ-հեռավորին՝
Սիրավորի՜ն,
Վիրավորի՜ն,
Ումից ընդմիշտ բաժանում է մեզ Օրենքը՝
Անօրենքը...

Բայց կա նաև օրինավոր մի օրենք էլ,
Որի հլու կատարածուն ենք ամենքըս...
Գիշերային մութը միշտ էլ քուն է բերում:
Եվ ահա ես
-Քնե՜ք,- ձեզ եմ ասում մոր պես,
-Քնե՜նք,- ինձ էլ խառնում եմ ձեզ:
-Քնե՜նք,
Որ զուր չմտածենք ծանր ու բարակ,
Որ մեզանից պոկենք ամեն մի մտորում,
Մեր բարձի տակ ճխլենք ամեն խոկում ու խոհ:
Քնե՛նք, թեպետ ըստ առածի՝
Մեկ է, իբըր, մեռել ու քուն:

Եթե անգամ մեկ է, իբըր, մեռել ու քուն,
Վնաս չկա՜,- հորդորում եմ ես հոր նման,
Հո՜գ չէ, հոգի՛ս, ավելացնում եմ մոր նման,
Ձե՛զ եմ ասում,
Ի՛նձ համոզում,
Որ իսկապես վնաս-ն ինքը կուտի իրեն,
Չկա-ն ինքը կուտի իրեն,
Հոգ-ն էլ՝ հոգ-ին,
Ու կմնա միայն... հոգին:
Այդ պահին էլ մենք... կարթնանանք:

-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Որ արթնանաք:
Արթնանալը շատ պետք է ձե՛զ,
Մե՛զ՝
Ամենքի՜ս...

-Քնե՛ք ուրեմն,- ասում եմ ձեզ,-
Քնե՛ք, որ նախ... ե՜ս արթնանամ,
Եվ ձեր վնաս ու մնասի,
Կա-չկայի,
Հոգս ու հոգի
Ու ձեր հոգու մասին հոգա իմ հեգ հոգի՜ն՝
Ձեր ամենքիդ հոգս ու հոգի կատարածո՛ւն...

20.II.1967թ.          
Արզնի

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Օրորոցային Պարույր Սևակ | Օրորոցային Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 03, 2018 Rating: 5
Технологии Blogger.