Պարույր Սևակ | Իմ արցունքները թեպետ չեն հոսում


Իմ արցունքները թեպետ չեն հոսում,
Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց՝
Ինչպես մանկության օրերում անցած,
Երբ լալիս էի ես անարտասուք
Եվ մորըս ասում.
        Քաղցա՛ծ եմ, քաղցա՜ծ»...

Բռնում էր մայրս հարցերի ճամփան,
Որ սիրտս շահի իր ունեցածով.
Չի՞ր, չամի՞չ, փշա՞տ, թե՞ տանձ ու խնձոր:
Իսկ ես մտքիս մեջ ունեի մի բան
Եվ մյուսները մերժում էի չոր:

Հարցնում էր էլի իմ մայրը ջահել,
Ու թվարկելիս և ա՛յն էր հիշում,
Ինչ որ ես էի մտքումըս պահել:
Կուզեի, որ նա մեկից կռահեր,-
Եվ այդ էլ էի դառնացած մերժում:

Արցունքով է թաց իմ սիրտը կրկին...
Գիտե՛մ, թե ինչով կհանգստանա.
Աչքերըդ նրան հանել են խելքից,
Նա թունդ է առնում քո տանջող քելքից:
Բայց ինչպե՞ս քո դեմ նա իրեն բանա:

Տեսնում եմ ես քեզ, երբ ոսկեհանդերձ
Քո հագուստներով շորոր ես տալիս,
Երբ սափորն ուսիդ աղբյուր ես գալիս:
Բայց ես քեզ՝ սիրո ծարավով հանդերձ՝
Չտեսնելու եմ վերստին տալիս:

Թե խոստովանեմ՝ գուցե չմերժես,
Բայց ցավալի է, որ միանգամից
Դու չես կռահում և մի անգամ ինձ
Այնպես չե՜ս նայում, չե՜ս ժպտում այնպես,
Որ այսպես լցվա՛ծ, լքվա՜ծ չզգամ ինձ:

23.V.1946թ. 21.VII.1953թ.     
Երևան Նավչալու

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Իմ արցունքները թեպետ չեն հոսում Պարույր Սևակ | Իմ արցունքները թեպետ չեն հոսում Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 31, 2018 Rating: 5
Технологии Blogger.