Պարույր Սևակ | Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան


Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի:


Եվ բացվում է իմ դեմ, իմ աչքերի առաջ
Իմ հայրենի գյուղը - այնտեղ՝ ցածում:
Քնաթաթախ գյուղի տանիքներից ելած
Երդիկների ծուխն է ծո՜ւյլ հորանջում:

Գետակն, աղբյուրների չարաճճի որդին,
Թավալվում է ձորում ու փրփըրում.
Նրա ժայռոտ ափին ավերակը բերդի
Իր հին պաշարումն է մտաբերում...

Նախիրը բառաչելով դաշտ է գնում հիմա,
Այգիներում, հոգնա՜ծ, ջուրը հուն է գտնում...
Բաց է մեր դռնակը կարոտ գրկի նման,
Եվ ես - կրկի՛ն մանուկ - մեր հին տունն եմ մտնում:


24.V.1946թ.       
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ 
Պարույր Սևակ | Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան Պարույր Սևակ | Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 20, 2018 Rating: 5
Технологии Blogger.