Պարույր Սևակ | Հպարտություն


Ի՜նչ փույթ, թե մեզ դպրոցական նստարանից
Կյանքը նետեց մահասարսուռ ռազմաճակատ,
Կյանքը պոկեց մեզ մեր գրքի՛ց, մորի՛ց, տանի՛ց՝
Խոստովանանքը մեր սիրո թողած կիսատ:

Ի՜նչ փույթ, թե մենք մահն ապրեցինք այն ժամանակ,
Երբ նոր միայն հասնում էինք դեռ արբունքի:
Ի՜նչ փույթ նաև, որ այդպես շուտ՝ անժամանա՜կ
Ճերմակ թելեր երևացին մեր թուխ քունքին:

Եվ ի՜նչ փույթ, թե յուրաքանչյուրը մեզանից
Իր անունով-ազգանունով չի հիշվելու,-
Ի՜նչ փույթ, թե մեզ իրարից չեն զանազանի
Սերունդները իրենց կյանքում և հուշերում...

Մենք լա՛վ գիտենք առաջնեկի կյանքը տան մեջ:
Իսկ մենք չէ՞ որ առաջնեկն ենք նոր պատմության...
Մենք հինավուրց այս աշխարհը այնպե՛ս մտանք,
Որ կորչենք էլ՝ մի՜շտ կմնանք պատմության մեջ...

13.II.1951թ.          
Երևան

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Հպարտություն Պարույր Սևակ | Հպարտություն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 26, 2018 Rating: 5
Технологии Blogger.