Պարույր Սևակ | Անբաժան է քեզնից


Անբաժան է քեզնից քո թովչանքը,
Ինչպես գույնը՝ ծաղկից,
Ինչպես պայծառությունն արեգակից,
Ինչպես անրջանքը
Պատանեկան թովիչ այն հասակից,
Որից ես դուրս եկել
Ու դեռ դուրս չեմ եկել։

Անբաժան է քեզնից բարությունը,
Ինչպես կրկին քեզնից մայրությունը,
Որի դուռն ես եկել
Ու դեռ ներս չես եկել։

Անբաժան է քեզնից և երջանկությունը,
Որով լեփ-լեցուն են իմ սիրտն ու իմ տունը,
Որոնց դուռն ես եկել
Ու դեռ ներս չես եկել։

Ես կուզեի քեզնից - սա՜ է իմ տենչանքը-
Միշտ անբաժան լինել՝ ինչպես գույնը ծաղկից,
Ինչպես պայծառությունն արեգակից,
Ինչպես անրջանքը
Պատանեկան թովիչ այն հասակից,
Որից դուրս եմ եկել,
Չէ՜ - տեսնում ես ինքըդ-
Որ դեռ դուրս չեմ եկել...

15.VIII.1953թ.      
Նավչալու

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Անբաժան է քեզնից Պարույր Սևակ | Անբաժան է քեզնից Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 01, 2018 Rating: 5
Технологии Blogger.