Պարույր Սևակ | Եվ ուրիշ ոչի՜նչ


         Ձորից թռչելիս,
         Ժայռից ցատկելիս,
Որպես կենդանի - շնչող արարած,
         Նա խեղանդամվում
Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը՝
Փոշի է հանում ճանապարհներին...

-Իսկ մենք պարզապես կոչում ենք... քամի՛.
         Եվ ուրիշ ոչի՜նչ:

         Նա էլ, մարդու պես,
Ունի ամոթի զգացումը նույն,
         Դրա համար էլ
Հագուստ է գործում խոտից ու թփից,
Որպեսզի ծածկի իր մերկությունը...

-Մենք ընդամենը կոչում ենք... առո՛ւ,
         Եվ ուրիշ ոչի՜նչ:

Առասպելական հսկա մարջաններ,
         Որ վզնոց դարձած՝
Զուգում են վիզը պատըշգամբների,
         Մի բան էլ ավե՜լ -
         Ունեն համ ու հոտ...

-Իսկ մենք կոչում ենք... պղպե՛ղ կամ տաքդե՛ղ.
         Եվ ուրիշ ոչի՜նչ:

Զուգված ավազի դեղին կապրոնով
Եվ անձեռագործ նեյլոնով կանաչ՝
Հնչեցնում է նա իր ջինջ սոպրանոն...

-Իսկ մենք պարզապես կոչում ենք... աղբյո՛ւր.
         Եվ ուրիշ ոչի՜նչ:

Մի մե՜ծ, երփներանգ յուղաներկ կտավ,
Որ ժամեր հետո փոխվում է հանկարծ
Սև ու միագույն խորանկարի...

         Եվ ուրիշ ոչի՜նչ:

         Հրա՜շք իսկական,
         Կոչում ենք... գլուխ:

         Լեցուն գաղտնարա՜ն,
         Անվանում ենք... սիրտ:

         Մի քայլող աշխա՜րհ,
         Մարդ ենք հորջորջում...

         Եվ... վա՜յ ինձ ու ձեզ.
         Այսքանից հետո
Մենք մեզ կոչում ենք նաև... բանաստե՜ղծ...

18.XII.1959թ.        
Թիֆլիս

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Եվ ուրիշ ոչի՜նչ Պարույր Սևակ | Եվ ուրիշ ոչի՜նչ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 05, 2018 Rating: 5
Технологии Blogger.