Մարիո Բենեդետտի | Գիշերի գիշերը


1
Երկուսս էլ գեշ ենք, նույնիսկ շատ գեշ: Ութ տարեկանում, երբ նրան վիրահատել են, մի այտոսկրը փոս է ընկել: Բերանիս կողքի զզվելի սպին մնացել է պատանեկությանս տարիներին ստացած սարսափելի այրվածքից:
Ոչ էլ կարելի է ասել, որ մեղմ աչքեր ունենք. այդ արդարացնող ուղեցույցների հաջողությունը, որոնց միջոցով, երբեմն, ահավորները մերձենում են գեղեցկությանը: Ոչ, ոչ մի դեպքում: Ինչպես նրա, այնպես էլ իմ աչքերը վիրավորանքով լի աչքեր են, որոնք արտացոլում են քիչ կամ բոլորովին գոյություն չունեցող հնազանդություն միայն, որի հետ մեր դժբախտությանն ենք ընդդիմանում: Թերևս հենց դա է մեզ միացրել: Գուցե միացրել բառն այնքան էլ տեղին չէ: Նկատի ունեմ այն անողոք ատելությունը, որը մեզանից յուրաքանչյուրը զգում է իր սեփական դեմքի հանդեպ:
Իրար հետ ծանոթացանք կինոթատրոնի մուտքի առջև` հերթում, որպեսզի ինչ-որ երկու գեղեցիկ էակ տեսնենք էկրանին: Այդտեղ առաջին անգամ իրար զննեցինք առանց համակրանքի, բայց մի անըմբռնելի համերաշխությամբ: Հենց այդտեղ առաջին հայացքից արձանագրեցինք մեր երկուսի միայնությունը: Բոլորը երկու-երկու էին հերթ կանգնել, ու բացի այդ էլ` զույգեր էին` ամուսիններ, սիրահարներ, սիրեկաններ, ծերուկներ, ինչ իմանաս, թե էլ ով: Ոչ ոք չկար, որ ինչ-որ մեկի ձեռքը բռնած կամ թևանցուկ արած չլիներ: Միայն իմ և նրա ձեռքերն էին միայնակ:
Բծախնդրությամբ, անպատկառությամբ ու առանց հետաքրքրասիրության զննեցինք միմյանց անճոռնիությունները: Առանց քաշվելու ուսումնասիրեցի նրա այտոսկրի ճեղքվածքը, որն ինձ թույլ էր տալիս այրվածքից կնճռոտված իմ թուշը: Նա չշիկնեց: Ինձ դուր եկավ, որ ուժեղ է, որ փոխադարձ մանրակրկիտ հայացք գցեց անմորուս, փայլուն հին այրվածքիս:
Վերջապես ներս մտանք: Տարբեր, բայց իրարկից շարքերում նստեցինք: Նա չէր կարող ինձ նայել, բայց ես նույնիսկ կիսախավարում կարողանում էի նկատել նրա շիկահեր մազերով ծոծրակը, նրա գեղեցիկ ձևավորված ականջը: Դա նրա դեմքի նորմալ կողմի ականջն էր:
Մի ժամ քառասուն րոպե հիացանք կոպիտ հերոսի և նրբագեղ հերոսուհու բարեմասնություններով: Ես, այնուամենայնիվ, միշտ կարողացել եմ հիանալ գեղեցիկով: Ատելությունս պահում եմ իմ դեմքի համար, երբեմն էլ` Աստծո: Նաև մյուս գեշերի, մյուս խրտվիլակների համար: Թերևս պետք է Աստծո հանդեպ վախ զգամ, բայց չեմ կարող: Իրականությունն այն է, որ կարծես հայելի լինեմ: Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ ճակատագիր կունենար հայտնի միֆը, եթե Նարգիզը փոս ընկած այտոսկր ունենար, կամ եթե ծծմբաթթուն այրեր նրա այտը, կամ եթե կես քիթ, կամ էլ ճակատին կար ունենար:
Ելքի մոտ նրան սպասեցի: Մի քանի մետր քայլեցի նրա կողքով, իսկ հետո խոսեցի հետը: Երբ կանգ առավ ու ինձ նայեց, տպավորությունս այնպիսին էր, որ երկմտում է: Նրան հրավիրեցի մի քիչ զրուցելու մի սրճարանում կամ հրուշակարանում: Համաձայնվեց ոչ միանգամից:
Հրուշակարանը լիքն էր, բայց այդ պահին մի սեղան ազատվեց: Մինչ անցնում էինք մարդկանց միջով, մեր թիկունքում զարմանքի նշաններ ու ժեստեր էին մնում: Շատ լավ կարողանում եմ ընկալել հրաշքով համաչափ, սովորական դեմք ունեցող մարդկանց այդ հիվանդագին հետաքրքրասիրությունը, այդ չգիտակցված սադիզմը: Բայց այս անգամ իմ փորձառու կանխազգացողության կարիքն անգամ չկար, քանի որ ականջիս էին հասնում փսփսոցներ, հազոցներ, կոկորդի կեղծ խզխզոցներ: Հավանաբար, ահարկու և առանձնակի դեմքն իր հետաքրքրությունն ունի, բայց երկու գեշ միասին իրենցից մի ուրիշ, քիչ համակարգված, գերագույն տեսարան են ներկայացնում. մի բան, որ հարկ է ընկերովի նայել, մեկի հետ, ում հետ արժե կիսել այս աշխարհը:
Տեղավորվեցինք, պաղպաղակ պատվիրեցինք, և նա խիզախություն ունեցավ (դա էլ ինձ դուր եկավ) պայուսակից հանել իր փոքրիկ հայելին և կարգի բերել մազերը` իր գեղեցիկ մազերը:
- Ի՞նչ եք մտածում,- հարցրի:
Նա պահեց հայելին ու ժպտաց: Այտի փոսը փոխեց իր ձևը:
- Ժամանցի սովորական տեղ է,- ասաց նա:
Երկար խոսեցինք: Մեկուկես ժամ անց ստիպված եղա նորից երկու սուրճ պատվիրել` մեր երկարաձգված ներկայությունն արդարացնելու համար: Շուտով գլխի ընկա, որ ինչպես նա, այնպես էլ ես այնպիսի վիրավորական անմիջականությամբ ենք խոսում, որ այդ ամենը սպառնում է անցնել անկեղծության սահմանը ու վերափոխվել շողոքորթությանը հավասար մի բանի: Որոշեցի ավելի հեռուն գնալ:
- Դուք Ձեզ աշխարհից կտրված եք զգում, այնպես չէ՞:
- Այո,- պատասխանեց նա` նայելով ինձ:
- Դուք հիանում եք գեղեցիկ, սովորական մարդկանցով: Կցանկանայիք Ձեր աջ կողմում գտնվող աղջկա նման հավասարակշռված դեմք ունենալ, չնայած այն բանին, որ Դուք խելացի եք, իսկ նա, դատելով ծիծաղից, աներևակայելի հիմար:
- Այո:
Եվ առաջին անգամ չկարողացավ դիմակայել հայացքիս:
- Ես էլ եմ այդ ցանկանում: Բայց, գիտե՞ք, մի հնարավորություն կա, որ ես և Դուք մի բանի հասնենք:
- Օրինակ ինչի՞:
- Օրինակ, սիրել իրար, գրողը տանի: Կամ էլ պարզապես մտերմանալ: Անվանեք ինչպես կուզեք, բայց հնարավորություն կա:
Նա հոնքերը կիտեց: Չէր ցանկանում սին հույսեր փայփայել:
- Խոստացեք, որ ինձ խախտվածի տեղ չեք դնի:
- Խոստանում եմ:
- Հնարավորությունը գիշերը միասին անցկացնելն է: Լիակատար գիշերվա, բացարձակ մթության մեջ: Հասկանու՞մ եք ինձ:
- Ոչ:
- Պետք է, որ հասկանաք: Բացարձակ մթություն, որտեղ Դուք ինձ չեք տեսնի, ես` Ձեզ: Ձեր մարմինը գեղեցիկ է, գիտե՞ք:
Շիկնեց ու թշի փոս ընկած հատվածը հանկարծակի վառ կարմիր գույն ստացավ:
- Մենակ եմ ապրում մի բնակարանում, մոտերքում է:
Գլուխը բարձրացրեց և այս անգամ հարցական հայացքով նայեց ինձ, քննելով, հուսահատորեն փորձելով վճիռ կայացնել:
- Գնանք,- ասաց նա:
2
Ոչ միայն լույսն անջատեցի, այլև կրկնակի վարագույրը քաշեցի: Կողքիս զգում էի նրա շնչառությունը: Ու ծանր շնչառություն չէր: Չցանկացավ, որ օգնեմ հանվելիս:
Ես ոչինչ չէի տեսնում, ոչինչ: Բայց, միևնույն է, հասկացա, որ անշարժ սպասում է: Ձեռքս զգուշորեն մեկնեցի, շոշափեցի նրա կուրծքը, փորը: Նա էլ ձեռքով ինձ կպավ:
Այդ պահին միտքս շանթահարեց, ու հասկացա, որ հարկավոր է դուրս գալ (նրան էլ դուրս քաշել) այդ կեղծիքից, որ ես ինքս էի ստեղծել, կամ էլ փորձում էի ստեղծել: Մենք այդ չէինք. այդ չէինք:
Ստիպված էի հավաքել ողջ քաջությունս, բայց ես դա արեցի: Ձեռքս դանդաղ բարձրացավ դեպի նրա դեմքը, գտավ ահազդու խորշոմն ու սկսեց դանդաղ, հավատալի ու վստահորեն փաղաքշել: Երբեմն-երբեմն մատներս (սկզբում մի քիչ դողոցով, բայց աստիճանաբար ավելի հանգիստ) անցան նրա արցունքների վրայով:
Այն պահին, երբ ամենաքիչն էի դրան սպասում, նրա ձեռքը նույնպես հասավ իմ դեմքին և նորից ու նորից անցավ իմ արատավոր սպիի ու ողորկ մաշկի` այդ անմորուս կղզյակի վրայով:
Մենք լաց եղանք մինչև արշալույս` տգեղ ու երջանիկ: Հետո վեր կացա ու ետ քաշեցի վարագույրը:

Իսպաներենից թարգմանեց ԱՆԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԸ

Տես նաև Մարիո Բենեդետտի Պատմվածքներ
Մարիո Բենեդետտի | Գիշերի գիշերը Մարիո Բենեդետտի | Գիշերի գիշերը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on октября 26, 2018 Rating: 5
Технологии Blogger.