Խոսե Օրտեգա ի Գասսետ | Թարգմանության թշվառությունն ու պերճանքը


1.Թշվառությունը

Գիտական բանավեճերից մեկի ժամանակ, որին մասնակցում էին Ֆրանսիայի Քոլեջի և գիտական այլ հաստատությունների դասախոսներն ու ուսանողները, ներկաներից մեկը նշեց, որ որոշ գերմանացի փիլիսոփաների անհնար է թարգմանել: Զարգացնելով իր տեսակետը՝ նա կոչ արեց ստեղծել մի ուսմունք, որն էլ կորոշի, թե որ փիլիսոփային կարելի է թարգմանել, որին՝ ոչ:
«Այսինքն նշանակում է, որ կարելի է հաստատ համոզմունքով ասել, որ կան փիլիսոփաներ և ընդհանրապես գրողներ, որոնց հնարավոր է թարգմանել: Մի՞թե սա պատրանք չէ,- ասացի ես,- մի՞թե թարգմանելն անիրագործելի առաջադրանք չէ»: Ճշմարտությունն այն է, որ մարդու ձեռնարկած ցանկացած գործն անիրականալի է: Ու թեպետ նա սկզբունքորեն փորձում է բացահայտել ամեն ինչ մինչև վերջ,  բայց երբեք հաջողության չի հասնում: Արդարություն փնտրելիս նա անխուսափելիորեն դիմում է խորամանկության: Նրան թվում է, թե սիրում է, բայց հասկանում է, որ միայն խոստացել է սիրել: Մի կարծեք, թե այս խոսքերով սատիրայի եմ ենթարկում բարոյականությունը, թե իբր քննադատում եմ գործընկերներիս, որովհետև վերջիններս չեն անում այն, ինչ խոստանում են: Իմ մտադրությունը ճիշտ հակառակն է: Նրանց իրենց ձախողման մեջ մեղադրելու փոխարեն, ես կնշեի, որ դրանցից ոչ մեկն իրագործելի չէ, քանի որ դրանք երկուսն էլ անիրագործելի են իրենց էությամբ ու միշտ էլ հանդես կգան սոսկ որպես մտադրություն, ապարդյուն ձգտում, անիմաստ վիճակ: Պարզապես բնությունը յուրաքանչյուր էակի օժտել է գործողությունների հատուկ ծրագրով, որը նա կարող է իրականացնել բավարար չափով: Այդ է պատճառը, որ կենդանու համար այդքան անսովոր է տխրելը: Միայն հազվադեպ տխրության նման ինչ-որ բան  կարող է նշմարվել կենդանիների մի քանի բարձրակարգ տեսակների՝ շան, ձիու մոտ: Ահա հենց այդ ժամանակ էլ նրանք մեզ շատ ավելի հարազատ են թվում, ավելի մարդկային: Միգուցե բնությունը առեղծվածային ջունգլիի մթին խորքերում է բնակեցրել իր ամենազարմանալի կերպարին՝ մելամաղձոտ օրանգուտանին՝ երկիմաստ արտաքինով: Կենդանիները բնականաբար երջանիկ են: Մենք օժտված ենք հակադիր բնավորությամբ: Մարդը, որ միշտ մելամաղձոտ է, խելահեղ, մոլեգին, ունի վատ վարքագիծ, այն բոլոր վատ գծերը, որ Հիպոկրատը կոչել է աստվածային: Եվ սրա պատճառն այն է, որ մարդու դերը անըմբռնելի է: Մարդու ճակատագիրը, նրա առավելությունն ու ազնվությունը թույլ չեն տալիս նրան ձեռք բերել այն, ինչ առաջարկվում է, և այն մնում է որպես սոսկ մտադրություն, գոյություն ունեցող ուտոպիա: Նա մշտապես քայլում է դեպի ձախորդություն և մինչ կռվի մեջ մտնելը արդեն իսկ վերք ունի քունքին:
Ահա այսպիսի բան է կատարվում ամեն անգամ, երբ զբաղվում ենք այդ պարզ աշխատանքով՝ թարգմանությամբ: Մտավոր աշխատանքի շրջանակում սա ամենից հնազանդը լինելով, այնուհանդերձ շատ կարևոր զբաղմունք է:
«Լավ գրել, նշանակում է հասու լինել քերականության արդեն հաստատված կանոններին և ընդունված լեզվաբանական նորմերին: Այն իրենից ներկայացնում է ինքնայրում, հասարակական միջավայրի դեմ մշտական ապստամբություն: Լավ գրել, նշանակում է լինել խիզախ: Լավ, բայց չպետք է մոռանալ, որ թարգմանիչը սովորաբար իր էությամբ ամոթխած է: Այդ պատճառով էլ ընտրել է այսպիսի քիչ նշանակալից զբաղմունք, որի ժամանակ հայտնվում է քերականական կառույցներից ու դրանց առօրյա գործածությունից կազմված հսկայական կառավարող ապարատին դեմ հանդիման: Ինչ պետք է նա անի անհնազանդ տեքստի հետ: Արդյոք շատ չի լինի նրան էլ խնդրել ապստամբ դառնալ, հատկապես, եթե տեքստը պատկանում է մեկ ուրիշի գրչին: Արդյունքում թարգմանիչը կդառնա երկչոտ, վախկոտ ու քերականական սահմանափակումներին դիմադրելու փոխարեն կանի ճիշտ հակառակը՝ թարգմանվող հեղինակին կանոնավոր արտահայտությունների բանտը կնետի, այսինքն կդավաճանի նրան. Traduttore, traditore».
«Եվ այնուամենայնիվ, բնական և ճշգրիտ գիտությունների վերաբերյալ գրքերը կարող են թարգմանվել», - պատասխանեց գործընկերս:
«Ես չեմ ժխտում, որ այս դեպքում գործն ավելի դյուրին է դառնում, բայց չեմ կարող հերքել այն փաստը, որ դժվարություն այնուամենայնիվ գոյություն ունի: Վերջին 25 տարիների ընթացքում ավելի մեծ հռչակ ձեռք բերած մաթեմատիկայի ճյուղը համակարգային տեսությունն է: Լավ, բայց դրա ստեղծողը՝ Կանտորը, այն անվանեց մի տերմինով, որը ոչ մի կերպ հնարավոր չէ թարգմանել մեր լեզվով: Այն, ինչ մենք անվանում ենք «հավաքածու համակարգ» նա անվանել է «քանակ» բառով, որի իմաստը ընդգրկված չէ «համակարգ» բառում: Ուստի եկեք չչափազանցնենք մաթեմատիկական, ֆիզիկական գիտությունների թարգմանելիությունը: Սակայն այս դեպքում ես հակված եմ ընդունել, որ այս գիտակարգերի թարգմանությունը կարող է ավելի ճշգրիտ լինել, քան որևէ այլ գիտակարգից արված թարգմանությունը»:
«Այսինքն դուք ընդունում եք, որ գոյություն ունի գրվածքի երկու տեսակ՝ մեկը, որ կարող է ենթարկվել թարգմանության և մյուսը, որ չի կարող»:
«Ընդհանուր առմամբ պետք է ընդունել այս տարբերակումը, բայց դրանով կփակվի դուռը թարգմանության իսկական խնդրի առջև, որովհետև, եթե մենք մեզ հարցնենք, թե ինչու են որոշ գիտական աշխատություններ հեշտ թարգմանվում, շատ շուտով կհասկանանք, որ հեղինակն ինքն էր սկսել թարգմանել իրական լեզվից, որով նա «ապրում, շարժվում ու գոյություն է ունենում» մի կեղծ (pseudolanguage) լեզվով, որը կազմված է տեխնիկական տերմիններից, լեզվաբանական առումով արհեստական բառերից: Վերջիններս նա ինքը պետք է սահմանի իր գրքում: Մի խոսքով նա ինքն իրեն մի լեզվից փոխադրում է տերմինաբանության լեզու»:
«Բայց չէ որ տերմինաբանությունն էլ մյուս լեզուների նման լեզու է. դեռ ավելին, ըստ Կոնդիլլակի ամենալավ և «ճշգրտորեն կառուցված» լեզուն գիտությունն է»:
«Ներեցեք, թույլ տվեք չհամաձայնել Ձեր և Կոնդիլլակի հետ: Լեզուն նշանների համակարգ է, որի օգնությամբ մարդիկ իրար հասկանում են առանց նախօրոք համաձայնության գալու, մինչդեռ տերմինաբանությունը հասկանալի է միայն այն դեպքում, երբ այն մարդը, որը գրում կամ խոսում է, և մյուսը, որը կարդում կամ լսում է, նախապես և անհատական համաձայնության են եկել այս կամ այն նշանի վերաբերյալ: Այդ իսկ պատճառով ես այն կեղծ եմ համարում և գտնում, որ գիտնականը պետք է սկսի իր սեփական մտքերը այդ լեզվով թարգմանելուց: Սա Volapuk է, էսպերանտո, որ հաստատվել է նախապես կշռադատված համաձայնությամբ նրանց միջև, ովքեր զարգացնում են այս ճյուղը: Դրա համար էլ հեշտ է այս գրքերը մի լեզվից մյուսը թարգմանելը: Այդ իսկ պատճառով մարդիկ, որոնք խոսում են իրական լեզվով, որով գրված են այդ գրքերը, դրանք համարում են անթափանցելի, անհասկանալի կամ առնվազն դժվար ըմբռնելի»:
«Անկեղծ ասած պետք է ընդունեմ, որ իրավացի եք: Ես արդեն սկսում եմ հասկանալ մարդկանց միջև եղած բառային հարաբերությունների որոշ գաղտնիքներ, որ մինչ այդ չէի նկատել»:
«Ես էլ իմ հերթին հասկանում եմ, որ դուք վերջին abencerrejes-ի պես անհետացած տեսակից, միակ կենդանի մնացածն եք, որովհետև երբ հանդիպում եք ուրիշի համոզմունքին, ընդունակ եք կարծելու, որ նա ավելի ճիշտ է, քան դուք: Ընդունված փաստ է, որ թարգմանության քննարկումը, ինչ աստիճանի էլ հասնի, մեզ կտանի դեպի այն հիասքանչ երևույթի անթափանցելի  գաղտնիքները, որ կոչվում է խոսք: Միայն մեր թեմայի առաջադրած խնդիրների ուսումնասիրությունը ներկայիս համար բավական կլինի: Մինչև այժմ իմ արած մեկնաբանություններում թարգմանությունը անիրականանալի եմ համարել՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ցանկացած գրքի հեղինակ, բացի մաթեմատիկայի, ֆիզիկայի և նույնիսկ կենսաբանության գրքերից, գրող է՝ բառի բուն իմաստով»:
Սա նշանակում է, որ նա զարմանալի հմտությամբ է օգտագործել իր մայրենի լեզուն՝ հասնելով երկու կարևոր արդյունքի, որոնց համատեղումը անհնար է թվում. դրանք են՝ պարզապես լինել հասկանալի և միաժամանակ կարողանալ փոփոխություններ մտցնել լեզվի սովորական գործածության մեջ: Այս երկակի գործողությունը իրականացնելը ավելի դժվար է, քան պարանի վրա քայլերը: Ինչպե՞ս կարող ենք նման բան պահանջել միջակ թարգմանչից:  Դեռ ավելին, բացի անհատական ոճից, թարգմանչին ներկայացրած այս առաջին երկընտրանքից, կարելի է հանդիպել դժվարությունների նոր շերտերի: Օրինակ, հեղինակի անհատական ոճը արտահայտվում է բառիմաստի ոչ սովորական գործածությամբ: Հեղինակը վերջինս գործածում է յուրահատուկ ձևով, այնպես, որ մատնանշված առարկաների շրջանակը ճշգրտորեն չհամընկնի այն առարկաների շրջանակի հետ, որ նշանակում է տվյալ բառը իր սովորական գործածության ժամանակ: Հեղինակի նման շեղումներն ենք անվանում հեղինակային ոճ: Փաստորեն յուրաքանչյուր լեզու ցանկացած լեզվի հետ համեմատած ունի նաև իր սեփական լեզվական ոճը, կամ, ինչպես Հումբոլդտն էր անվանում, իր «ներքին ձևը»: Այդ պատճառով էլ անհնար է հավատալ, որ տարբեր լեզուների պատկանող երկու բառ, որոնք ըստ բառարանի համարժեք են համարվում, կարող են մատնանշել միևնույն երևույթը: Լեզուների անհամապատասխանությունը բնական երևույթ է այն պատճառով, որ դրանք ձևավորվել են տարբեր աշխարհագրական միջավայրում և ունեցել տարբեր կենսափորձ: Օրինակ՝ սխալ է ենթադրել, որ իսպաներեն bosque (անտառ) և գերմաներեն Wald-ը նույն նշանակությունն ունեն, չնայած ըստ բառարանի Wald նշանակում է bosque: Եթե ժամանակ լիներ, հնարավոր կլիներ ariadì bravura-ն ընդմիջարկելու համար իրար հակադրել Գերմանիայի և Իսպանիայի անտառները: Չեմ սիրում ծաղրել (կատակել), բայց համոզված եմ, որ արդյունքը լրիվ պարզ կլինի, այսինքն երկու իրականությունների միջև հսկայական տարբերություն կա՝ ոչ միայն դրանք են չափազանց տարբեր, այլև դրանց բոլոր անդրադարձումները՝ և´ մտավոր, և´ հուզական:
«Երկուսի իմաստները չեն համընկնում այնպես, ինչպես տարբեր դիրքերից որևէ մեկի լուսանկարները: Սրա հետևանքով մեր ընկալումը տատանվում ու փոփոխվում է առանց հաստատելու դրանցից որևէ մեկի ինքնուրույնությունը կամ ձևավորելու երրորդը: Պատկերացրեք՝ ինչպիսի անորոշություն կապրենք այս եղանակով գրված հազարավոր բառեր կարդալիս: Սրանք այն նույն պատճառներն են, որ առաջացնում են flou (մշուշ, միգամածություն) երևույթը տեսողական պատկերայնության և լեզվականն արտահայտության մեջ:
Թարգմանությունը մշտական գրական flou է, սակայն մյուս կողմից էլ այն, ինչ շատ հաճախ անվանում ենք հիմարություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ մտքերի flou: Ուստի չպետք է զարմանալ, եթե թարգմանված հեղինակը մեզ ինչ-որ չափով հիմար թվա»:
2.Ուտոպիստական երկու դրսևորում
«Երբ խոսակցությունը ոչ միայն բառային մեխանիզմի փոխանակում է, որտեղ մարդիկ ասես պատեֆոնի (գրամոֆոնի) դերում լինեն, այլ նաև մտքերի իրական փոխանակում, մի զարմանալի բան է տեղի ունենում: Զրույցի զարգացմանը զուգընթաց յուրաքանչյուր խոսողի անհատականությունը շատ արագ զատվում է (բաժանվում). մի կողմը համաձայնելով լսում է, թե ինչ է ասվում, մինչդեռ մյուսը հմայված խոսակցության առարկայով, ինչպես օձի տեսքից կախարդված թռչունը, հետզհետե սթափվում է և սկսում մտածել ասվածի մասին: Երբ զրուցում ենք, ապրում ենք հասարակության մեջ, երբ մտածում ենք, մենակ ենք մնում: Սակայն այս դեպքում, նման խոսակցության մեջ, մենք միաժամանակ երկուսն էլ անում ենք և քննարկման շարունակման հետ մեկտեղ, աստիճանաբար աճող լարվածությամբ, ուշադրություն ենք դարձնում այն բանին, թե ինչ է ասվում գրեթե մելոդրամատիկ հուզմունքով: Միևնույն ժամանակ մենք ավելի ենք սուզվում մեկուսի մտորումների գիրկը: Մտքերի բաժանումը, որ շարունակ մեծանում է, չի կարող մշտապես հավասարակշռության մեջ լինել: Այս իսկ պատճառով նման խոսակցությունները առանձնահատուկ կերպով հասնում են մի կետի, երբ կաթվածահար են լինում ու խրվում անհատակ լռության մեջ: Յուրաքանչյուր խոսակից մտքերի մեջ է խորասուզվում: Պարզապես մտածելու պատճառով ի վիճակի չէ խոսել: Երկխոսությունը լռություն է ծնում, և առաջին իսկ մարդկային շփումը հանգեցնում է մեկուսի վիճակների»:
«Սա պատահեց նաև մեր գիտաժողովի ժամանակ՝ իմ վերջին հայտարարությունից հետո: Ինչո՞ւ: Պատասխանը պարզ է: Լռության այս հանկարծահաս ալիքը ճնշում է երկխոսությունը այն պահին, երբ քննարկման թեման ծայրաստիճան զարգացել է մի ուղղությամբ, իսկ զրույցը պետք է ամբողջությամբ շրջվի և նոր ուղղություն վերցնի դեպի շրջանագծի մյուս կողմը»:
«Այս լռությունը, որ առաջացել է մեր միջև,- ասաց ինչ-որ մեկը,- թաղման տպավորություն է թողնում: Դուք  սպանեցիք թարգմանությունը, իսկ մենք մռայլ հետևում ենք թաղման թափորին»:
«Օ˜, ո´չ, - պատասխանեցի, - ամենևին էլ ոչ: Խիստ կարևոր էր, որ ես շեշտեի թարգմանության պատճառած չարչարանքները, հատկապես կարևոր էր, որ սահմանեի դրա բարդությունն ու անհավանական լինելը, բայց ոչ այնքան, որ այն անհնարին թվա: Ընդհակառակը, սա նույնիսկ կարող էր ձգողական զսպանակի նման մեզ մղել դեպի թարգմանության արվեստի հնարավոր կատարելություն: Սա է այն հնարավորությունը, որ թույլ է տալիս բարձրաձայն գոչել. «Թարգմանությունը մեռած է: Կեցցե˜ թարգմանությունը»: Այժմ մենք պետք է պաշտպանենք հակառակ տեսակետը և, ինչպես Սոկրատեսն է ասել նման առիթով, տեղի տանք (նահանջենք) »:
«Վախենում եմ, չափազանց դժվար լինի Ձեզ համար, ասաց պարոն X-ը, - քանի որ մենք չենք մոռացել ձեր առաջին հայտարարությունը, որտեղ պնդում էիք, որ թարգմանությունն ուտոպիստական աշխատանք է և անհնար ձեռնարկում»:
«Փաստորեն, ես ասացի այդ և դեռ ավելին, ցանկացած հատուկ առաջադրանք, որ մարդ ստանձնում է, նման բնույթ է կրում: Հիմա մտադիր եմ ձեզ ապացուցել, թե ինչու եմ այդպես կարծում: Ես գիտեմ, որ ֆրանսերեն խոսքի մեջ պետք է միշտ շրջանցել հիմնական գաղափարը և գերադասելի է միջանկյալ հարցերում չեզոք դիրք գրավել: Դուք ինձ բարյացակամորեն հանդուրժեցիք նույնիսկ հակադրելով գաղտնի մենախոսության, չնայած այն բանին, որ  դա հավանաբար ամենածանր հանցագործությունն է, որ մարդ կարող է գործել Փարիզում: Այդ իսկ պատճառով ի վիճակի չեմ մտածել, կիսագիտակից վիճակում եմ, կարծես այժմ ինչ-որ գողություն պետք է անեմ: Միակ բանը, որ ինձ հանգստացնում է, այն համոզմունքն է, որ ես ֆրանսերենից կաղում եմ և երբեք չեմ կարողանա երկխոսության contredanse թույլ տալ ինձ:
Բայց եկեք վերադառնանք մեր թեմային՝ մարդկությանը վերաբերող անիրագործելի, էական պայմանին: Այս կարծիքը ճշգրիտ և հաստատուն բացատրությամբ ամրագրելու փոխարեն ես պարզապես ձեզ առաջարկում եմ մտավոր գիտափորձի հաճույքը վայելելու համար ընդունել այն որպես հիմնական սկզբունք և այս լույսի տակ դիտել մարդու ջանքերը»:
«Այնուամենայնիվ, - ասաց իմ սիրելի ընկեր Ժան Բարուզին, - քո վեճը ուտոպիայի դեմ հաճախ է սողոսկում քո աշխատանքի մեջ»:
«Հաճախ և հիմնավորապես: Մի կեղծ ուտոպիա կա, որը այժմյան իմ նկարագրածի ճիշտ հակառակն է: Ուտոպիան, առհասարակ, հավատացնում է, որ ինչ մարդը ցանկանում, նախագծում և առաջարկում է, ակնհայտորեն հնարավոր է: Ոչինչ ավելի անհանդուրժելի չէ ինձ համար, քանի որ այս կեղծ ուտոպիան ես համարում եմ մեր մոլորակի վրա եղող բոլոր աղետների ամենամեծ պատճառը: Այս հասարակ հարցի միջոցով, որի հետ մենք հիմա գործ ունենք, կարող ենք գնահատել ուտոպիաների հակադիր իմաստները: Երկուսն էլ՝ լավ և վատ ուտոպիստները ցանկանում են ուղղել բնական իրականությունը, որը մարդկանց դնում է զանազան լեզուների սահմանների մեջ, խոչընդոտում  նրանց խոսակցությունը: Վատ ուտոպիստը գտնում է, որ այն հնարավոր է, որովհետև ցանկալի է: Եթե հավատանք, որ դա հեշտ է, ապա մեկ քայլ առաջ կգնանք: Այս տեսանկյունից ելնելով նա շատ չի մտածի այն հարցի մասին, թե ինչպես պետք է թարգմանել, այլ կսկսի  գործը առանց հետագա բարդությունների: Այս է պատճառը, թե ինչու մինչ այժմ արված գրեթե բոլոր թարգմանությունները վատն են: Մյուս կողմից՝ լավ ուտոպիստը մտածում է, քանի որ ցանկալի կլիներ մարդկանց ազատել լեզուների առաջացրած հարկադրական բաժանումներից, ապա թարգմանություն կատարելու հավանականությունը քիչ է: Դրանց կարելի է հասնել միայն մոտավոր ճշտությամբ: Բայց այս մոտավոր ճշտությունը անորոշի համեմատ կարող է շատ կամ քիչ լինել և թարգմանություն կատարելու համար պահանջվող ջանքերը սահմանափակ չեն, քանի որ միշտ էլ գոյություն ունի ավելի լավ, ավելի կատարելագործված, անթերի դարձնելու հնարավորությունը, կարճ ասած՝ «առաջընթացը»»: Ամբողջ մարդկության գոյությունը կազմված է այս տեսակ գործունեությունից: Պատկերացրեք հակառակը. դուք դատապարտված եք զբաղվելու միայն այնպիսի գործունեությամբ, որն ինքնին ենթադրում է հաջող ավարտ: Ինչպիսի˜ տանջանք: Դուք կկարծեք, թե ձեր կյանքը կորցրել է իր ամբողջ իմաստը: Ավելի ճիշտ, քանի որ դուք ձեր գործունեությամբ ձեռք եք բերել այն, ինչ ենթադրվում էր, ապա ձեզ կթվա, թե ոչինչ չեք արել: Մարդն իր էությամբ վտանգներից չխուսափող էակ է և բավականություն է ստանում ջանքեր գործադրելու պրոցեսից և ոչ միայն դրանց արդյունքից: Աշխարհի պատմությունը ստիպում է մեզ ճանաչել մարդու՝ անիրագործելի նախագծեր հորինելու շարունակական, անսպառ կարողությունը: Դրանք իրականացնելու փորձում նա շատ բաների է հասնում, ստեղծում անհնար ճշմարտություններ, որոնք այսպես կոչված բնությունը անկարող է իր համար ստեղծել: Միակ բանը, որին մարդ չի հասնում հաստատ այն է, ինչ նա մտադիր է անել, ասենք, իր համբավի համար: Իրականության կապը անհնարինության սատանայի հետ հնարավորություն է տալիս աշխարհին զարգանալ: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է շեշտել, որ այն ամենը, ինչ արժեքավոր է և իսկապես մարդկային, բարդ է, շատ բարդ, նույնիսկ անհնարին:
 «Ինչպես տեսնում եք, դրա անհնարինությունը ընդունելը բոլորովին չի նսեմացնում թարգմանչի աշխատանքի պերճանքը: Ընդհակառակը, այս բնութագրումը թարգմանությանը տալիս է ամենաբարձր գնահատականը և թույլ է տալիս եզրակացնել, որ այն խոր իմաստ ունի»:
Մի արվեստի պատմաբան ընդհատեց. «Համապատասխանաբար դուք, ինչպես և ես պետք է հակված լինեք մտածելու, որ մարդու իսկական առաքելությունը, որ իմաստավորում է նրա ձեռնարկումները, բնությանը հակադրվելն է»:
«Իրականում, ես համամիտ եմ այդ կարծիքին, քանի դեռ չենք մոռացել ուտոպիստականության դրսևորումների (լավ և վատ) միջև եղած տարբերությունները: Սա ասում եմ, որովհետև բնությանը արմատապես հակադրվող լավ ուտոպիստի էական առանձնահատկությունն է իրազեկ լինել դրա գոյությանը և չմոլորվել: Լավ ուտոպիստը ինքն իրեն խոստանում է առաջին հերթին լինել անողոք ռեալիստ: Միայն այն դեպքում, երբ նա իսկապես չի տրվի ամենաչնչին պատրանքին՝ վաստակելով իրականության ամբողջ պատկերը՝ բացարձակ, բոլորովին մերկ, կկարողանա կանոնավոր մտքերով դեմ հանդիման կանգնել այդ իրականությանը և ջանալ վերափոխել այն. բայց և այնպես, ընդունելով առաջադրանքի անհնարինությունը, որը միակ խելամիտ մոտեցումն է»:
«Հակառակ վերաբերմունքը, որն ավանդական է, բաղկացած է հետևյալից. այն ինչ ցանկալի է, արդեն առկա է որպես իրականության անմիջական պտուղ: Այս մոտեցումը կուրացրել է մեզ. դա մի lumine է մարդկային գործունեության մեր հասկացողության մեջ: Յուրաքանչյուր ոք, օրինակ, ուզում է, որ մարդ լավը լինի, բայց ձեր Ռուսոն, որը մեզ բոլորիս ստիպել է տառապել, կարծում էր, որ այդ ցանկությունը վաղուց է իրականացել, որ մարդ իրենով է լավ, ի ծնե: Այս գաղափարը ոչնչացրել է Եվրոպայի պատմության մեկուկես դարը, որը կարող էր հրաշալի ժամանակաշրջան լինել: Մենք անթիվ անհամար տառապանքների, սարսափելի աղետների միջով ենք անցել, բայց կան այնպիսի բաներ, որ դեռ պետք է հաղթահարենք, որպեսզի նորից հայտնաբերենք պարզ ճշմարտությունը, որ հայտնի էր գրեթե բոլոր նախորդ դարերում, այն, որ մարդը ինքն իր մեջ ոչ այլ ինչ է, եթե ոչ չար գազան»:
«Այժմ պարզապես վերադառնանք մեր նյութին. թարգմանության անհնարինությունը շեշտելը բոլորովին էլ չի նշանակում թարգմանությամբ զբաղվելը անիմաստ գործ համարել, քանի որ ոչ մեկի մտքով անգամ չի անցնի անհեթեթ համարել մայրենի լեզվով միմյանց հետ խոսելը, թեև դա նույնպես անիրագործելի վարժանք է»:
Այս պնդումն իր հերթին ընդդիմության ու բողոքների պատճառ է հանդիսանում: «Դա չափազանցություն է կամ, ավելին, ինչպես քերականագետներն են ասում «չարաշահում»,- ասաց մի լեզվաբան, որը մինչ այդ լուռ էր: «Դրա մեջ չափազանց շատ ենթադրություն ու պարադոքս կա»,- բացականչեց մի սոցիոլոգ:
«Տեսնում եմ, որ համարձակ ուսմունքի ելած իմ փոքրիկ նավը այս հանկարծակի փոթորկի ծանծաղուտը խրվելու վտանգին է ենթարկվում: Հասկանում եմ, որ նույնիսկ այդքան բարյացակամ ֆրանսիացու ականջին խորթ է հնչում այն պնդումը, որ զրույցը անիրագործելի վարժանք է: Իսկ ի՞նչ անել, եթե այդպիսին է անհերքելի ճշմարտությունը»:
3. Խոսելու և լռելու մասին
Քանի որ իմ դիտողությունների առաջացրած փոթորիկը հանդարտվեց, ես շարունակեցի. «Ես լավ եմ հասկանում քո զայրույթը, նաև այն դրույթը, որ զրույցը պատրանքային և անիրագործելի գործողություն է, պարադոքս, իսկ պարադոքսը միշտ էլ զայրացնող է»:
Դա այդպես է հատկապես ֆրանսիացիների համար: Հավանաբար այս խոսակցության ընթացքը տանում է մեզ դեպի այն հարցը, որտեղ անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչու ֆրանսիական ոգին այդքան թշնամաբար է վերաբերում պարադոքսին: Բայց դուք երևի թե իմացաք. միշտ չէ, որ մեր ձեռքին է դրանից խուսափելու հնարքը: Մենք փորձում ենք շտկել այն հիմնական կարծիքը, որը մեզ շատ սխալ է թվում, բայց քիչ հավանական է, որ մեր խոսքը զերծ լինի արտասովոր խճողումից: Ո՞վ կարող է ասել, թե մտավորականը, որ անողոքաբար պետք է դեմ առ դեմ կանգնի իր ցանկությանն ու կամքին, չի կարող այս աշխարհում բացատրել պարադոքսը: Եթե ինչ-որ մեկը իրեն նեղություն տված լիներ, մեզ համար խորությամբ և մեկընդմիշտ պարզաբանելու, թե ինչու գոյություն ունի մտավորականը ի սկզբանե: Եթե ինչ-որ մեկը մեր առջև մի քանի պարզ օրինակ բերեր այն մասին, թե ինչպես են հնագույն մտածողները կատարել իրենց առաքելությունը՝ օրինակ, Հունաստանի անտիկ մտածողները, Իսրայելի առաջին մարգարեները և այլն, հավանաբար իմ կասկածները պարզ ու չնչին կդառնային: Վերջիվերջո doxa նշանակում է հասարակության կարծիք, և դա արդարացի չի թվում, քանի որ մարդկանց այնպիսի մի խումբ կա, որի մասնավոր աշխատանքը կարծիք արտահայտելն է, եթե նրանց կարծիքը համընկնում է հասարակական կարծիքի հետ: Մի՞թե սա շատախոսություն չէ, կամ, ինչպես ասում են մեր իսպաներեն լեզվով, սա ավելի շուտ ջորեպանի ապրանք է, քան լորդի սենեկապետի, թամբ է թամբի վրա: Մի՞թե հավանական չէ այն փաստը, որ մտավորականը գոյություն ունի, որպեսզի հակադրվի հասարակության կարծիքին՝ doxa-ին՝ բացահայտելով ու դեմ հանդիման կանգնելով սովորականին ճշմարիտ կարծիքով՝ paradoxa-ով: Շատ հավանական է, որ մտավորականի առաքելությունը հիմնականում ժողովրդականություն չի վայելում:
«Պարզապես համարենք, որ ես պաշտպանվում եմ այս մտքերով՝ ձեր զայրույթից, բայց պետք է ընթացքում ասել, որ դրանց անդրադառնալով ես հավաստում եմ, որ առնչվում եմ առաջնային կարևորություն ունեցող նյութին, չնայած այն դեռ որքան էլ վիրավորական է, անձեռնմխելի է: Բացի այդ պետք է պարզ լինի, որ դուք եք մեղավոր այն բանում, որ ես կրկին շեղվում եմ»:
«Իսկ փաստն այն է, որ իմ դրույթը, չնայած դրա պարադոքսալ բնախոսությանը (ֆիզիոգնոմիկային), շատ ավելի ակներև է ու պարզ: Մենք պարզապես խոսք տերմին ասելով հասկանում ենք մի գործունեության վարժանք, որի միջոցով մեզ հաջողվում է դիմացինին հաղորդել մեր մտածածը: Խոսքը, իհարկե, բացի սրանից այլ բաներ էլ է ենթադրում, բայց հայտնի է, որ սա է խոսքի առաջնային գործառույթը: Օրինակ, խոսքի միջոցով մենք փորձում ենք համոզել հակառակը, ազդել ինչ-որ մեկի վրա, երբեմն էլ մոլորության մեջ գցել: Սուտը խոսք է, որը թաքցնում է մեր իսկական միտքը: Բայց ակնհայտ է, որ սուտը, անհնար կլիներ, եթե իրական խոսքը ի սկզբանե անկեղծ չլիներ: Կեղծ փողը շրջանառության մեջ է մտնում՝ պահպանելով փողի գաղափարը: Ի վերջո պարզվում է, որ խաբեությունը անմեղության հնազանդ մակաբույծն է»:
«Ուրեմն այդ դեպքում ասենք, որ մարդը սկսում է խոսել, որովհետև կարծում է, որ կկարողանա ասել այն, ինչ մտածում է: Դե, սա պատրանք է: Լեզուն չի կարող այդքան բան արտահայտել: Այն հաղորդում է, այս կամ այն չափով, մեր մտածածի մի մասը միայն, միաժամանակ ստեղծում է մի անհաղթահարելի խոչընդոտ՝ կանխելով մնացածի փոխանցումը: Այն շատ օգտակար է մաթեմատիկական պնդումների և ապացույցների համար, բայց ֆիզիկայի լեզուն արդեն սկսում է երկիմաստ կամ անբավարար լինել: Հենց որ սկսվում է խոսակցություն տարվել ավելի կարևոր, մարդկային, «իրական» թեմաների շուրջ, քան վերջինս է, այն դառնում է պակաս ճշգրիտ, պակաս ճկուն ու խրթին: Վարակված լիելով այն հայտնի նախապաշարմունքով, որ խոսքի միջոցով հասկանում ենք միմյանց, մենք սկսում ենք կարծիք հայտնել և լսել այնպիսի բարեխղճությամբ, որ անխուսափելիորեն ավելի սխալ ենք հասկանում միմյանց, քան, եթե լուռ մնայինք և փորձեինք կռահել: Բացի այդ, քանի որ մեր միտքը մեծ չափով կախված է լեզվից, թեև կասկածում եմ, որ այդ կախումը բացարձակ է, ինչպես սովորաբար ենթադրվում է, պարզվում է, որ մտածելը ինչ-որ մեկի հետ խոսելն է և, հետևաբար, ենթադրվում է, որ նրան սխալ հասկանալու և խառնաշփոթություն առաջացնելու մեծ վտանգ կա»:
«Դուք մի քիչ չե՞ք չափազանցնում»,- ծաղրանքով ասաց պարոն z–ը:
«Հավանաբար, հավանաբար…բայց ամեն դեպքում սա կլիներ հարցի բուժիչ, հավասարակշռող չափազանցում: 1922 թ. Փարիզի փիլիսոփայության միությունում նիստ է կայացել՝ նվիրված լեզվի մեջ առաջընթացի հարցի քննարկմանը: Բացի Սենի փիլիսոփաներից, մասնակցում էին նաև հայտնի դասավանդողներ ֆրանսիական լեզվաբանական դպրոցից, որն, որպես դպրոց, անշուշտ ամենամեծանունն է աշխարհում: Քննարկման ամփոփումն ընթերցելիս ես հանդիպեցի Միլեյին՝ ժամանակակից լեզվաբանության խոշոր վարպետի արտահայտություններից մի քանիսին, որոնք ինձ ապշեցրին: «Ամեն լեզու,- ասում է նա,- հանդիսանում է հասարակության օրգան և արտահայտում է այն, ինչ անհրաժեշտ է վերջինիս համար…Ցանկացած հնչյունաբանությամբ ու քերականությամբ մարդ կարող է արտահայտել ցանկացած բան»: Չե՞ք կարծում, որ որքան էլ հարգանքով վերաբերենք Միլեյին, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ այդ բառերի մեջ նույնպես չափազանցում կա: Ինչպե՞ս է նա իմացել նման հայտարարության բացարձակ ճշմարտության մասին: Որպես լեզվաբանի դա նրան դժվար թե հաջողված լիներ: Նա միայն գիտի մարդկանց լեզուն, ոչ թե նրանց մտքերը: Ըստ նրա դոգմայի լեզուն և միտքը պետք է համընկնեն: Նույնիսկ այդ դեպքում բավական չի լինի ասել, որ ցանկացած լեզվով կարելի է կազմել ցանկացած միտք, այլ կարելի է ասել, որ բոլորն էլ կարող են այն բավական հեշտությամբ և արագությամբ անել: Բասկերի լեզուն կարող է, այնուհանդերձ, կատարյալ լինել,- կարծում է Մեյեն, բայց բանն այն է, որ նրանց բառապաշարի մեջ չկա մի բառ, որ նշանակեր Աստված.անհրաժեշտ էր գտնել մի արտահայտություն, որը կնշանակեր «բարձրունքների լորդ» Jaungoikua: Քանի որ դարեր առաջ վերացել է լորդի նշանակությունը, ապա Jaungoikua-ն այսօր ուղղակի նշանակում է Աստված: Մենք պետք է տեղավորվենք այն ժամանակաշրջանում, երբ մարդ պարտավոր էր մտածել Աստծո մասին, որպես քաղաքական, երկրային հեղինակություն, քաղաքացիական կառավարիչ և այլն: Ավելի ճիշտ, այս դեպքը մեզ համար բացահայտում է, որ Աստծո անվան պակասը բասկերի համար դժվարացրեց Աստծո մասին մտածելը: Այդ պատճառով նրանք շատ ուշ ընդունեցին քրիստոնեությունը: Jaungoikua բառի սոսկ աստվածային գաղափարը իրենց ուղեղում տեղավորելու համար բասկերին անհրաժեշտ եղավ ոստիկանական միջամտություն: Այսպիսով, լեզուն ոչ միայն հնարավոր է դարձնում արտահայտել որոշ մտքեր, այլ նաև խոչընդոտում է մարդկանց կողմից դրանց ընկալումը, կաթվածահար է անում մեր մտավոր կարողությունը որոշակի ուղղությամբ»:
«Մենք այժմ չենք պատրաստվում ճշգրտորեն քննարկել հիմնական վիճահարույց հարցերը, որ այս արտասովոր երևույթը՝ լեզուն, ի հայտ է բերում: Ըստ իմ դատողության մենք այդ հարցերի մասին նույնիսկ չենք էլ ակնարկել, որովհետև կուրացել էինք գաղափարի մեջ թաքնված այն կայուն երկիմաստությամբ, որ խոսքի գործառույթը մեր միտքն արտահայտելն է»:
«Դուք այդ ի՞նչ երկիմաստություն ի նկատի ունեք: Ես իսկապես չեմ կարողանում հասկանալ», - հարցրեց արվեստի պատմաբանը:
«Այդ նախադասությունը կարող է նշանակել երկու միանգամայն տարբեր բան: Նախ այն, որ խոսելիս մենք փորձում ենք արտահայտել մեր մտքերը կամ ներքին իրավիճակը, ինչը մեզ միայն մասամբ է հաջողվում կամ, մյուս կողմից, երբ այս մտադրությունը խոսքի միջոցով ի կատար է ածվում ամբողջությամբ: Ինչպես տեսնում եք, այն երկու ուտոպիաները, որոնց քիչ առաջ անդրադարձանք թարգմանության քննարկման ժամանակ, այստեղից նորից հայտնվում են: Եվ այս նույն եղանակով նրանք հայտնվելու են մարդու ամեն մի արարքում, համաձայն այն ընդհանուր թեզի, որ ես ներկայացրի ձեր ուշադրությանը: «Մարդու ցանկացած գործողություն ուտոպիստական է»: Միայն այս սկզբունքը կբացի մեր աչքերը լեզվի հիմնական խնդիրների առաջ, որովհետև եթե մեզ հանգստացնում է այն համոզմունքը, որ խոսքի միջոցով կարող ենք արտահայտել մեր բոլոր մտքերը, մենք փաստորեն կճանաչենք այն, ինչ ակնհայտորեն շարունակ կատարվում է մեզ հետ, այն, որ խեսելիս կամ գրելիս շարունակ խուսափում ենք բազմաթիվ բաներ հաղորդելուց, որովհետև լեզուն ինքն է դա արգելում: Խոսքի ուժը միայն խոսելու, հայտարարություններ անելու մեջ չէ, այլ, միևնույն ժամանակ, անհրաժեշտությունից ելնելով խոսքից հրաժարվելու, լռելու մեջ է: Այս երևույթն ավելի պարզ ու հասկանալի չէր կարող լինել: Հիշեք՝ ինչ է կատարվում ձեզ հետ, երբ ստիպված եք խոսել օտար լեզվով: Շա˜տ մտահոգիչ է: Ահա թե ինչ եմ զգում հիմա, երբ խոսում եմ ֆրանսերեն: Մտահոգություն, որ ստիպված եմ չասել մտածածիս 4/5-ը, որովհետև իմ իսպաներեն մտքերի 4/5-ը հնարավոր չէ ճիշտ արտահայտել ֆրանսերենով՝ չնայած այդ լեզուների սերտ կապի: Ոչ, մի´ կարծեք, թե նույնը չի լինում, իհարկե ավելի փոքր չափով, երբ խոսում ենք մեր իսկ մայրենի լեզվով: Պարզապես, մեր հակադիր կանխատեսումները թույլ չեն տալիս տեսնելու այն: Ես սարսափելի վատ եմ զգում հասկանալով, որ իմ այս հայտարարությունը կառաջացնի նոր, առաջինից ավելի ուժեղ փոթորիկ: Փաստորեն, ամբողջ ասվածն անհրաժեշտորեն ամփոփվում է մի բանաձևում, որն էլ ճշգրտորեն ցույց է տալիս պարադոքսի նկատելի բիցեպսները: Բանն այն է, որ այն զարմանահրաշ իրականությունը, որ կոչվում է լեզու, հնարավոր չէ խորապես ըմբռնել առանց գիտակցելու, որ խոսքը նախ և առաջ բաղկացած է լռությունից: Այն մարդը, որն ընդունակ չէ շատ բաների մասին լռելու, ընդունակ չէ նաև խոսելու: Ամեն մի լեզու խոսքի և լռության տարրեր հավասարեցնում է: Բոլորն էլ լռում են շատ բաների մասին, որպեսզի կարողանան ասել մյուս բաները: Հակառակ դեպքում ոչինչ հնարավոր չէր լինի ասել: Սրանից մենք կարող ենք եզրակացնել թարգմանության վիթխարի դժվարության մասին: Թարգմանության մեջ մարդ փորձում է ասել այն, ինչի մասին տվյալ լեզուն փորձում է լռել: Սակայն, միևնույն ժամանակ կարելի է նկատել թարգմանության մյուս՝ լավ կողմը, այն է՝ բացահայտումն այն փոխադարձ գաղտնիքների, որոնք մարդիկ ու դարաշրջաններն իրենց են պահում և որոնք այդքան նպաստում են նրանց անջատմանն ու թշնամությանը: Մի խոսքով, թարգմանությունը մարդկությանը մղում է դեպի լիակատար միացում, քանի որ ինչպես Գյոթեն էր ասում. «Այն ինչ մարդկային է, կարող է լիարժեք ապրել միայն մարդկային հասարակության մեջ»:
4.Մենք լուրջ չենք խոսում
Իմ կանխատեսումները չիրականացան: Փոթորիկը, որին սպասում էի, չբարձրացավ: Այդ տարօրինակ հայտարարությունն իմ ունկնդիրների ուղեղի մեջ թափանցեց առանց որևէ ցնցում, սարսուռ առաջացնելու, ենթամաշկային ներարկման նման, որը բարեբախտաբար, չի դիպչում նյարդին: Այնպես որ նահանջելու հոյակապ առիթ էր:
«Իմ դեմ կատաղի ապստամբություն բարձրացնելու փոխարեն, ասածս ընդունեք խաղաղությամբ: Հավանաբար չեք զարմանա, եթե ես օգտվեմ այս հնարավորությունից մեկ այլ ելույթի համար, որի հեղինակը ակամա ինքս եմ դարձել: Գրեթե բոլորդ ինձնից ավելի լավ եք ծանոթ այս խնդիրներին: Հատկապես պետք է նշել նոր սերնդին պատկանող լեզվաբանության մի ականավոր գիտնականի, որի մտքերը քիչ առաջ մեր կողմից քննարկված թեմայի շուրջ կհետաքրքրեն բոլորիս»:
«Ես այդքան մեծ գիտնական չեմ», - սկսեց լեզվաբանը: «Ես ոգեշնչված եմ իմ մասնագիտությամբ, որն իմ կարծիքով հասնում է առատ բերքի, հասունացման առաջին շրջանին: Եվ ես մեծ գոհունակությամբ հաստատում եմ, որ ընդհանրապես այն ինչ դուք ասացիք և նույնիսկ  այն ինչ կռահում ու զգում եմ, ավելի է համընկնում իմ մտքերի և այն բանի հետ, որն ըստ իս իշխելու է լեզվաբանության ապագայում: Ինչ խոսք ես կխուսափեի Աստծուն բնորոշող բասկյան բառից, որովհետև այն շատ վիճելի հարց է: Բայց ընդհանրապես ես համամիտ եմ ձեզ հետ: Եկեք ուշադիր դիտենք, թե որն է ցանկացած լեզվի առաջնային գործողությունը»:
«Ժամանակակից մարդը շատ է հպարտանում իր ամեն մի ստեղծածով: Անշուշտ, դրանց միջոցով աշխարհը նոր կաղապար է ստանում: Բայց այս նորամուծությունն այնքան էլ լուրջ չէ: Իրականում այն, ինչ մենք ներկայացնում ենք որպես հայտնագործություն, տարբեր դարաշրջաններում  ստեղծված կաղապարներն իրար միացնող նուրբ շղարշ է: Սրանից մենք ամեն հնարավորության դեպքում հսկայական հարստություն ենք ստեղծում, բայց չենք հասկանում, որ դա մենք չենք հայտնագործել, ավելի ճիշտ կլինի ասել մենք այն ժառանգել ենք: Լավ ժառանգներից մեծ մասի պես մենք սովորաբար հիմար ենք գտնվում: Հեռախոսը, ներքին այրման շարժիչը և էլեկտրական շաղափը մեծ հայտնագործություններ են, բայց դրանք գոյություն չէին ունենա, եթե 20.000 տարի առաջ մարդկային հանճարը չհայտնաբերեր կրակ ստեղծելու եղանակը, չստեղծեր կացինը, մուրճը և անիվը: Նմանապես, աշխարհի գիտական  մեկնաբանությանը նպաստեցին ու նյութ տվեցին նախորդող այլ երևույթներ, հատկապես դրանցից ամենահինն ու ինքնատիպը՝ լեզուն: Ներկայիս գիտությունը առանց լեզվի անհնար կլիներ ոչ թե սովորական դարձած այն արտահայտության պատճառով, որ գիտություն ստեղծելու համար պետք է խոսել, այլ՝ հակառակը, որովհետև լեզուն հենց ինքը գիտություն է: Մի՞թե սա իմաստ կունենար, եթե լեզուն ինքը գիտություն չլիներ, գիտելիք, որ փորձում ենք կատարելագործել, որովհետև այն մեզ չի բավարարում: Մենք չենք տեսնում, որ դա ակնհայտ է, որովհետև մարդկությունը, առնվազն արևմտյան քաղաքակրթությունը երկար, շատ երկար ժամանակ լուրջ չի խոսել: Չեմ հասկանում, թե ինչու լեզվաբանները լրջորեն չեն արձագանքել նման կարևորություն ունեցող խնդրին: Այսօր խոսելիս մեզ չի հետաքրքրում, թե ինչ ի նկատի ունի լեզուն, որով խոսում ենք, փոխարենը կատակելու նման բառերի իմաստը պայմանականորեն օգտագործելով, հաղորդում ենք այն ինչ ուզում ենք ասել: Ասածս դարձավ լեզվի չափազանց բարդ խնդիր: Օրինակ el Sol (արև, արական), sale (ծագում) և por Oriente (արևելքում) բառերը, նմանապես այն լեզուն, որով խոսում եմ, պարզապես նշանակում է, որ ինքնուրույն գործողությունների ընդունակ արական սեռի մի միավոր, այսպես կոչված արևը, իրագործում է «ծագելու» գործողությունը, այսինքն ծնվում է ինչ-որ վայրում՝ արևելքում, որը համարվում է միակ ծննդավայրը: Դե, իսկ հիմա ես ի նկատի չունեմ դրանցից և ոչ մեկը: Ես չեմ հավատում, որ արևը երիտասարդ է, կամ ինքնուրույն գործողությունների ընդունակ առարկա, ոչ էլ որ դրա գործողությունը՝ ծագելը, մի բան է, որ իրագործվում է իր կողմից, ոչ էլ որ արևելքն է միակ ծննդավայրը: Երբ ես օգտագործում եմ նման արտահայտություն մայրենի լեզվով, ես հեգնանքով եմ վերաբերվում: Ես կասկածում եմ իմ ասածին և այն դիտում որպես կատակ: Այսօր լեզուն սոսկ կատակ է: Բայց պարզ է, որ կար մի ժամանակ, երբ հնդեվրոպացիները կարծում էին, որ արևը տղամարդ է, որ ամենակարող միավորների ինքնուրույն գործողությունները բանական երևույթներ էին և որ բարերար աստղը ծնվում և ամեն առավոտ վերածնվում է երկնքի մի մասում, որովհետև նա հավատում էր դրան, փորձում էր գտնել դրանք արտահայտող խորհրդանիշներ և այսպիսով ստեղծվեց լեզուն: Այդ դարաշրջանի խոսքը տարբերվում էր մեր դարաշրջանի խոսքից: Այն լուրջ խոսք էր: Տառերը, ձևաբանությունը, շարահյուսությունը ունեին իմաստ: Արտահայտություններով ասվում էր աշխարհի մասին ճշմարտությունը, կատարում էին նոր ուսումնասիրություններ ու գիտելիք կուտակում: Այս ամենը կատակի հակադրությունն էր: Փաստորեն և այն հին լեզվում, որից սանսկրիտն է ծագել, և´ հունարենում «աշխարհ» և´ «ասել» բառերը – drahman, logos ունեին հոգևոր արժեք»:
«Հնդեվրոպական նախադասության կառուցվածքը ենթադրում է իրականության այնպիսի մեկնաբանություն, որում աշխարհի իրադարձությունները միշտ հանդես են գալիս որպես որոշակի սեռ ունեցող առարկայի գործողություն: Այսպիսով, կառույցն անպայման բաղկացած է արական կամ իգական սեռի ենթակայից և ներգործական բայից: Բայց կան այնպիսի լեզուներ, որոնց նախադասության կառուցվածքը տարբեր է և որը ենթադրում է հնդեվրոպականից տարբեր շատ իրականության մեկնաբանում»:
«Փաստորեն մարդուն շրջապատող աշխարհը երբեք չի բնորոշվել պարզ ձևով, ավելի ճիշտ, աշխարհը ինչպես մենք ենք այն տեսնում, բաղկացած չէ միմյանցից որոշակիորեն բաժանված, պարզապես տարբեր երևույթներից: Մենք դրանց մեջ գտնում ենք անթիվ տարբերություններ, բայց դրանք բացարձակ չեն: Ավելի ստույգ ամեն ինչ տարբերվում է մնացածից, բայց նաև ամեն ինչ որոշ չափով նման է մնացածին, իրականությունը բազմազանության անվերջանալի շարունակություն է: Որպեսզի չկորչենք այդ բազմազանության մեջ, պետք է բացարձակ բնույթ հաղորդել տարբերակումներին, որոնք իրականում հարաբերական են: Այդ պատճառով է Գյոթեն ասում, որ առարկաները մեր սահմանած տարբերակումներն են: Առաջին գործողությունը, որ մարդը ձեռնարկել է աշխարհի հետ մտավոր հակադրման ժամանակ, երևույթների դասակարգումն է՝ իր առջև եղածի բաժանումը դասերի: Այս խմբերից յուրաքանչյուրն ունի իր սեռի նշանակիչը, սա էլ հենց լեզուն է: Աշխարհը մեզ առաջարկում է անթիվ դասակարգումներ, բայց ոչ մեկը չի պարտադրում մեզ: Այս դեպքում բոլորը պետք է փոփոխվող աշխարհը բաժանեն տարբեր ձևով, տարբեր կտրվածքով: Դրա համար էլ առկա է լեզուների այսպիսի բազմազանությունը՝ տարբեր քերականությամբ, բառապաշարով ու իմաստաբանությամբ: Այս բացառիկ դասակարգումը աշխարհի  ճշմարտության մասին առաջին ենթադրությունն է, հետևաբար նաև առաջին գիտելիքը»:
«Հնդեվրոպացին կարծում էր, որ առարկաները պետք է տարբերակել ըստ սեռի, և նա բոլոր առարկաները դասակարգեց ըստ սեռային հատկանիշի: Աշխարհին վերագրված մյուս մեծ բաժանումը հիմնված էր այն ենթադրության վրա, որ ամեն գոյություն ունեցող բան կա´մ գործողություն էր, հետևաբար բայ, կա´մ կատարող, հետևաբար գոյական»:
«Ի տարբերություն գոյականների մեր դասակարգման արական, իգական, չեզոք, բանթու լեզուներով խոսող աֆրիկացիները առաջարկում են ավելի հարուստ դասակարգում: Այս լեզուներից մի քանիսում կան քսանչորս դասակարգող նշանակիչներ, այսինքն եթե համեմատենք մեր երեք սեռերի հետ, ոչ պակաս, քան երկու տասնյակ շարժվող մարմինները տարբերակվում են անշարժներից, բանջարեղենը կենդանիներից և այլն: Մի լեզվում որևէ հասկացություն կարող է ունենալ մեկ, իսկ մյուսում տասնյակ տարբերակ: Էյզ լեզվում կա երեսուներեք բառ մարդու շարժման՝ «գնալու» ամենատարբեր ձևերն արտահայտելու համար: Արաբերենում կա ուղտի 5.714 անուն: Ակնհայտ է, որ արաբական անապատի քոչվորն ու Գլազգոյի արդյունաբերողը դժվարությամբ համաձայնության կգան սապատավոր կենդանու անվան շուրջ: Լեզուները բաժանում են մեզ և խանգարում մեր հաղորդակցմանը, որովհետև դրանք առաջ են գալիս տարբեր մտապատկերներից, զանազան մտածողության համակարգերից և, ի վերջո, տարամետ փիլիսոփայություններից: Մենք ոչ միայն խոսում, այլև մտածում ենք որոշակի լեզվով և մտքով անցնում ենք մեր բառային համակարգով սահմանած ուղու երկայնքով»:
Լեզվաբանը դադարեց խոսել, ոտքի կանգնեց սրածայր քիթն ուղղած դեպի մշուշոտ երկինք: Նրա բերանի անկյուններում թույլ ժպիտ էր նշմարվում: Ես իսկույն հասկացա, որ խորաթափանց մտքով օժտված այս անհատն ընտրել է դիալեկտիկ ճանապարհ՝ մեկ այս, մեկ այն կողմ հարված ուղղելով: Քանի որ ես նույնպիսի բնավորության տեր եմ, հաճույք ստացա՝ բացահայտելով այն առեղծվածը, որը նրա զրույցը ներկայացրեց մեզ:
«Աննկատելիորեն և խորամանկորեն,- ասացի ես,- դուք մեզ բերեցիք հակասության անդունդ՝ անկասկած ավելի դյուրազգաց դարձնելու համար: Փաստորեն, դուք պաշտպանում եք երկու հակադիր թեզ: Մեկը, որ յուրաքանչյուր լեզու ունի և պարտադրում է կարգերի և մտավոր ուղիների իր աղյուսակը, մյուսը, որ յուրաքանչյուր լեզվի կողմից նախագծված բուն աղյուսակներն այլևս չունեն հիմնավորում, մենք դրանք օգտագործում ենք պայմանականորեն, սրամտելով, և մեր խոսքն այլևս այն չէ, ինչ մտածում ենք, այն խոսելաձև է: Քանի որ այս երկուսն էլ համոզիչ են, նրանց հակասությունը մեզ տանում է դեպի մի խնդրի բացատրություն, որը մինչ այժմ չի ուսումնասիրվել որևէ լեզվաբանի կողմից. ի՞նչն է կենդանի  և ի՞նչն է մեռած մեր լեզվում, ո՞ր քերականական կարգերն են շարունակում արտահայտել մեր միտքը և որո՞նք են կորցրել իրենց հիմնավորումը: Ձեր ասածներից ամենաակնհայտն այս վիճահարույց պնդումն է, որից Միլեյը և Վենդրիեսը պարզապես կապշեին. մեր լեզուները ժամանակային անախրոնիզմներ (անհամապատասխանություններ) են»:
«Միանգամայն ճիշտ է, - բացականչեց լեզվաբանը,- դա է այն հիմնավորումը, որ ես ուզեցի առաջ քաշել, դա է իմ մտածելակերպը: Մեր լեզուներն անախրոնիստական գործիքներ են: Երբ խոսում ենք, մենք դառնում ենք անցյալի հնազանդ պատանդներ»:

5.Պերճանք
«Ժամանակն անցնում է, - ասացի ես մեծ լեզվաբանին,- և այս հանդիպումը պետք է որևէ կերպ եզրափակել: Եվ, սակայն, ես կցանկանայի իմանալ, թե ինչ եք դուք մտածում թարգմանչի աշխատանքի մասին»:
«Ես մտածում եմ այնպես, ինչպես դուք,- պատասխանեց նա,- կարծում եմ, որ դա բավականին դժվար, անհավանական և միևնույն ժամանակ իմաստալից աշխատանք է: Բացի այդ, կարծում եմ, որ մենք առաջին անգամ լայն ու խոր քննարկման կենթարկենք այն: Ամեն դեպքում պետք է նկատի ունենալ, որ այս խնդրին առնչվող էական հարցերին անդրադարձել է մեծ աստվածաբան Շլայերմախերը ավելի քան մեկ դար սրանից առաջ իր «Թարգմանության տարբեր մեթոդների մասին» ակնարկում: Ըստ նրա թարգմանություն կարելի է կատարել երկու ուղղությամբ՝ կամ հեղինակն է մոտենում ընթերցողի լեզվին, կամ ընթերցողը հեղինակի լեզվին: Առաջին դեպքում մենք չենք թարգմանում բառը բուն իմաստով, մենք փաստորեն, ընդօրինակում կամ վերապատմում ենք բնագիրը: Միայն այն դեպքում է առկա իրական թարգմանություն, երբ ընթերցողը իր լեզվական տիրույթից դուրս գալով մոտենում է հեղինակի լեզվական տիրույթին: Մինչ այժմ եղել են միայն շինծու թարգմանություններ»:
«Ելնելով այս ամենից ես կցանկանայի ձևակերպել որոշակի սկզբունքներ, որոնք կսահմանեն թարգմանության նոր նպատակը: Ավելի ուշ, եթե ժամանակ լինի, ես կշարադրեմ այն պատճառները, ըստ որոնց մենք ավելի քան երբևէ պետք է նվիրվենք այս աշխատանքին»:
«Նախ և առաջ պետք է ճշտել, թե թարգմանությունն ինչ կարող է լինել և ինչ պետք է լինի: Արդյո՞ք մենք պետք է համարենք այն մի կախարդական երևույթ, որի շնորհիվ մի լեզվով գրված գործը հանկարծ հանդես է գալիս մեկ այլ լեզվով: Մենք չենք կարող դա ընդունել, որովհետև այդ դեպքում տեքստի փոխադրումը մի լեզվից մյուսը անհնար կլինի»:
«Թարգմանությունը բնագրի կրկնօրինակը չէ: Այն չի կարող լինել նույն գործը տարբեր բառապաշարով: Ես կասեի, որ թարգմանությունը չի պատկանում այն գրական ժանրին, որին պատկանում է թարգմանելի գործը: Տեղին է կրկնել և պնդել, որ թարգմանությունն առանձին գրական ժանր է, մյուսներից տարբեր, իրեն հատուկ կանոններով ու նպատակներով: Փաստորեն, թարգմանությունը տվյալ գործը չէ, այլ դեպի այն տանող ուղի: Եթե դա  բանաստեղծական ստեղծագործություն է, ապա թարգմանությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի գործիք, տեխնիկական միջոց, որ մեզ մոտեցնում է գործին՝ առանց փորձելու կրկնել կամ փոխարինել այն»:
«Թյուրիմացությունից խուսափելու համար պարզենք, թե ինչն է ամենից կարևորը իմ դատողություններում, և որ թարգմանությունն է մեզ համար  ամենակարևորը. իհարկե հունահռոմեականը: Մեզանում դրանք կորցրել են իրենց նախատիպային բնույթը: Հավանաբար մեր ժամանակաշրջանի ամենատարօրինակ և ամենալուրջ հայտանիշներից մեկը հենց այդ նախատիպերի բացակայությունն է, ինչ որ բան որպես օրինակ ընկալելու հատկությունը վերացել է: Հույների և հռոմեացիների նկատմամբ ներկայիս մեր անտարբերությունը միգուցե շահավետ լինի, քանի որ, երբ նրանք մահանում են որպես օրինակ և առաջնորդ, ապա մի շարք պահպանված գրքերի շնորհիվ վերածնվում են որպես կրողներ մի քաղաքակրթության, որն  արմատապես տարբեր է մեր քաղաքակրթությունից, և որտեղ մենք կարող ենք սկսել մեր որոնումները: Ժամանակի մեջ միակ որոշակի ճամփորդությունը, որ մենք կարող ենք կատարել, տանում է դեպի Հունաստան և Հռոմ: Այժմ եվրոպական կրթության համար շատ կարևոր է նման ուղևորությունը: Մանկավարժության երկդարյա ազդեցությունը մաթեմատիկայի, ֆիզիկայի և կենսաբանության վրա ցույց տվեց, որ գիտության այս ճյուղերը բավարար չեն մարդուն մարդկայնացնելու համար: Մենք պետք է ամբողջացնենք մաթեմատիկայի և ֆիզիկայի մեր իմացությունը պատմության իսկական իմացությամբ, որը կազմված չէ միայն թագավորների անվանացանկը, պատերազմների նկարագրությունը, այս կամ այն դարաշրջանի գները և օրավարձերն իմանալուց: Այն պահանջում է ճամփորդություն դեպի անցյալ, դեպի օտար, բացարձակ անծանոթ ու տարբեր քաղաքակրթություն»:
«Բնական գիտությունների հետ համեմատվելու համար հումանիտար գիտությունները պետք է վերստեղծվեն մեկ այլ, նախորդից տարբեր նշանի ներքո: Մենք պետք է դիտենք հույներին և հռոմեացիներին ոչ թե որպես օրինակներ, այլ ընդհակառակը, որպես օրինակելի սխալներ: Քանի որ մարդն ունի պատմական էություն, ապա, ինչպես ցանկացած պատմական իրականություն, նա առժամանակ և ոչ թե վերջնականապես սխալ է: Պատմական գիտակցություն ձեռք բերելը և մարդուն որպես սխալ ընդունելը միևնույն բանն է: Քանի որ ժամանակավորապես, իսկ հարաբերականորեն ասած միշտ, սխալ լինելը մարդու հատկությունն է, ապա միայն պատմական գիտակցությունը կարող է մարդուն և´ դարձնել ճշմարիտ, և´ փրկել նրան: Բայց անօգուտ է հուսալ, որ ժամանակակից մարդը, պարզապես իրեն նայելով, կընդունի, որ ինքը սխալ է: Մարդկային ճշմարտություն և իրական մարդասիրություն տեսնելու համար մարդ կարող է զարգացնել իր տեսողությունը՝ միայն իրեն ստիպելով մոտիկից լավ դիտել մյուսների, հատկապես լավագույնների սխալները: Այդ պատճառով էլ տարիներ շարունակ ինձ տանջել է ամբողջ հունահռոմեական անտիկ գրականությունը ընթերցողներին մատչելի դարձնելու գաղափարը, իսկ դրա համար անհրաժեշտ են հսկայական քանակով նոր թարգմանություններ: Այժմ մեզ պետք են միայն այնպիսի գրական գործեր, որ արժեքավոր են ոչ որպես ժանրային տիպեր, այլ բոլոր ստեղծագործությունները, առանց բացառության: Մենք հետաքրքրվում ենք դրանցով, դրանք կարևոր են մեզ համար, կրկնում եմ, որպես սխալներ և ոչ թե որպես օրինակներ: Մենք պետք է հույներից և հռոմեացիներից սովորենք ոչ թե այն, ինչ նրանք ասել, մտածել, երգել են, այլ պարզապես այն, որ նրանք եղել են, գոյություն են ունեցել, խեղճ են եղել և մեզ նման անհույս պայքարել են կյանքի հավիտենական արհավիրքների դեմ»:
«Կարևոր է կողմնորոշվել դասականների թարգմանության մեջ՝ հիշելով այդ ամենը: Ինչպես վերը նշեցի, ստեղծագործությունն անհնար է կրկնել, թարգմանությունը սոսկ մի միջոց է մեզ մոտեցնելու դրան: Այդ են վկայում միևնույն տեքստի տարբեր թարգմանությունները: Գրեթե միշտ անհնար է արտահայտել բնօրինակի բոլոր կողմերը միաժամանակ: Եթե ուզում ենք գաղափար տալ դրա գեղագիտական որակի մասին, ապա պետք է մի կողմ դնենք  տեքստի բովանդակությունը և խոսենք արտաքին գրավչության մասին: Ուստի անհրաժեշտ կլինի բաժանել տեքստը և կատարել տարամետ թարգմանություններ՝ ուշադրություն դարձնելով այն կողմերի վրա, որոնք կցանկանանք առավել ճշգրիտ թարգմանել:  Բայց սովորաբար այդ տեքստերի նկատմամբ հետաքրքրությունն այնպես սերտորեն է կապված հին կյանքը պատկերելու կարևորության հետ, որ մենք առանց մեծ բան կորցնելու կարող ենք համակերպվել դրա մյուս որակների հետ»:
«Երբ էլ որ Պլատոնի թարգմանությունը, նույնիսկ ամենավերջինը, համեմատվում է բնօրինակի հետ, զարմանալի և զայրացնող է այն փաստը, որ թարգմանելիս ոչ թե պլատոնական ոճի ցանկասիրությունն է անհետացել, այլ փիլիսոփայի արտահայտությունների երեք քառորդը, որոնց նա անդիմադրելիորեն դեմ է առել իր եռանդուն մտածմունքի ժամանակ, որոնք ունեցել է մտքում և միայն անուղղակի կերպով ակնարկել: Այդ պատճառով չէ, ինչպես կարծում են, որ նա այդքան քիչ է հետաքրքրում ժամանակակից ընթերցողին, այլ տեքստի գեղեցկության խաթարման պատճառով: Ինչպես կարող է հետաքրքիր լինել մի տեքստ, որը նախապես դատարկված է, և որից մնացել է միայն բարակ եզրագիծը՝ անբովանդակ ու անարտահայտիչ: Պետք է նշել, որ իմ ասածը սոսկ ենթադրություն չէ: Լավ հայտնի է, որ Պլատոնի միայն մի թարգմանությունն է հաջողված: Դա իհարկե Շլայերմախերինն է, որը միտումնավոր մերժել է գեղեցիկ թարգմանությունը և փորձել նախ և առաջ անել այն, ինչ ասացի: Այս հայտնի տարբերակը մեծ ծառայություն է մատուցել նույնիսկ բանասերներին: Սխալ է կարծել, որ նման աշխատանքը ծառայում է միայն նրանց, ովքեր չգիտեն հունարեն և լատիներեն»:
«Այսպիսով, ես պատկերացնում եմ մի թարգմանություն, որը տգեղ է, ինչպես գիտությունն է միշտ եղել, որը մտադիր չէ կրել գրական հանդերձանք, հեշտ չի ընթերցվում, բայց պարզ է (թեև այս պարզությունը կարող է պահանջել բազում ծանոթագրություններ): Ընթերցողը պետք է նախապես իմանա, որ այս թարգմանությունը, որ ինքը կարդալու է, գեղեցիկ գրական ստեղծագործություն չէ: Դա մի յուրահատուկ գործիք է, որն այնուամենայնիվ իրոք կօգնի տեղափոխվել քսանչորս դար առաջ, երբ ապրել է խեղճ Պլատոնը և յուրովի ջանացել կյանքի մակերևույթին մնալ»:
«Այլ ժամանակներում մարդիկ գործնական առումով են զգացել նախնիների կարիքը: Նրանց անհրաժեշտ էր շատ բան սովորել իրենց նախորդներից՝ ամենօրյա կյանքում կիրառելու նպատակով: Ուստի հասկանալի էր, թե ինչու թարգմանելիս հին տեքստերը դառնում էին ժամանակակից, հարմարեցվում ներկային: Բայց մենք պետք է այլ կերպ վարվենք: Մենք մեր նախորդների կարիքն ունենք հենց այն պատճառով, որ նրանք մեզնից տարբեր են, և թարգմանությունը պետք է շեշտի դրանց տարաշխարհիկ, հեռավոր բնույթը՝ այն որպես այդպիսին հասկանալի դարձնելու համար»:
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես որևէ բանասեր իրեն չի պարտադրի այս եղանակով որոշ հին ստեղծագործություններ թարգմանել:
Ընդհանրապես ոչ մի գրող չպետք է քննադատության ենթարկի թարգմանչի աշխատանքը և պետք է իր իսկ ստեղծագործությունը լրացնի հին, միջնադարյան կամ ժամանակակից տեքստի որևէ տարբերակով: Անհրաժեշտ է սկզբնապես վերականգնել այս աշխատանքի ճշգրիտ անունն ու այն արժեքավորել որպես առաջին կարգի մտավոր աշխատանք: Սա թարգմանությունը կդարձնի sui generis–ի կարգի, որն անընդհատ մշակելով կստեղծի իր հնարները, որոնք բավականին կընդլայնեն մտավոր հայեցակետի մեր ցանցը: Ես ավելի շատ ուշադրություն եմ դարձրել հունահռոմեական թարգմանություններին, որովհետև գլխավոր հարցը դրանց օրինակում  առավել ակնհայտ է: Բայց ամեն դեպքում կատարվելիք եզրակացությունները նույնն են ցանկացած այլ դարաշրջանի ու մարդկանց համար: Թարգմանելիս անհրաժեշտ է մեր լեզվից շարժվել դեպի մյուս լեզուն, և ոչ թե հակառակը, որն էլ հիմնականում արվում է: Երբեմն, հատկապես ժամանակակից հեղինակների մոտ, հնարավոր է, որ ստեղծագործությունը բացի թարգմանական արժեքից ունենա որոշակի գեղագիտական արժեք: Դա կլինի տորթի շաքարաշերտը, կամ, ինչպես դուք իսպանացիներդ եք ասում, մեղր hojuelas-ի վրա, հավանաբար գաղափար անգամ չունենալով, թե ինչ բան է hojuelas-ը»:
 «Ես լսում էի մեծ հաճույքով», - ասացի ես՝ քննարկումը որևէ եզրահանգման բերելու համար: «Ակնհայտ է, որ տվյալ երկրի ընթերցող հասարակությունը չի գնահատում իր լեզվին բնորոշ ոճով կատարված թարգմանությունը: Նրանք ավելի շատ ազգային հեղինակներ ունեն, քան անհրաժեշտ է: Բայց հակառակ երևույթն է գնահատվում. իրենց լեզվի հնարավորությունները մոտեցնել թարգմանված հեղինակի հատուկ խոսելաձևին: Իմ գրքերի գերմանական տարբերակները լավ օրինակ են հանդիսանում, որոնք վերջին մի քանի տարում հրատարակվել են ավելի քան տասնհինգ անգամ: Սա համոզիչ չէր թվա, եթե հաջողության չորս հինգերորդը չվերագրվեր լավ թարգմանությանը: Իսկ դրա հաջողությունը պայմանավորված էր նրանով, որ իմ թարգմանիչը գերմաներենի քերականությունը դրել է որոշակի սահմաններում, որպեսզի ճշգրտորեն հաղորդի այն ամենը, ինչը գերմանական չէ իմ խոսելաձևում: Այս ճանապարհով ընթերցողը, առանց ջանքեր գործադրելու, մտովի կատարում է իսպանական շրջադարձ: Նա մի քիչ հանգստանում  և զվարճանում է՝ որոշ ժամանակով փոխակերպվելով ուրիշի»:
«Բայց սա շատ դժվար է կատարվում ֆրանսերենում: Ցավում եմ, որ այս հանդիպումն ակամայից ավարտվում է այս ձևով, բայց մեր խոսակցության նյութը ստիպում է ասել, որ բոլոր եվրոպական լեզուներից թարգմանչի աշխատանքը նվազագույնս հեշտացնող լեզուն ֆրանսերենն է»:

Թարգմանությունը՝ Ս. Գաբրիելյան
Խոսե Օրտեգա ի Գասսետ | Թարգմանության թշվառությունն ու պերճանքը Խոսե Օրտեգա ի Գասսետ | Թարգմանության թշվառությունն ու պերճանքը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 19:30:00 Rating: 5
Технологии Blogger.