Ալֆոնս Լամարթին | Աշուն


Ողջույն անտառին՝ թոշնած սաղարթով,
Հովտում ծվարած դեղնած տերևին,
Ողջույն լուսավոր օրերին հանգչող,
Մեռնող բնության վերջին տաք շնչին:

Ահա քայլում եմ նեղ արահետով
Ու երազում եմ գեթ վերջին անգամ
Տեսնել արևի շողը գունատվող,
Որ մարում է խոր թավուտում անձայն:

Աշնան բնությունն աղոտ հայացքով
Դառնում է միակ հրապույրը իմ,
Մահվանից առաջ ժպտացող շուրթով
Կարծես այն լինի իմ ընկերը հին:

Ձուլվելով անծայր մութ հորիզոնին՝
Հույսն է իմ վերջին անհետ չքանում,
Ու դառնում եմ ես նորից այն կյանքին,
Ուր չվայելած բերկրանքն է սպասում:

Արփի´, դա´շտ, հովի´տ՝ լցված անդորրով,
Իմ շիրմին կաթող արցունքն անապակ
Կլցնի օդը քաղցրանուշ բույրով,
Մեռնող աչքերը՝ հուր արևով տաք:

Ու պիտի պարպեմ ես վերջին կումով
Նեկտարի, վշտի թուրմը կենսալի,
Գուցե գավաթի խորքում հրաշքով
Մի կաթիլ մեղր մնացած լինի:

Գուցե ապագան իմ սիրո երգի
Երջանկություն է դեռ ինձ բերելու,
Գուցե ամբոխում անհայտ մի հոգի
Լսելու է ինձ ու հասկանալու:

Թոշնում է ծաղիկը՝ զեփյուռին տալով
Իր թերթիկների բույրն արբեցուցիչ,
Թռչում է հոգիս՝ աշխարհին տալով
Տրտմության, թախծի մեղեդին թովիչ:

Ալֆոնս Լամարթին | Աշուն Ալֆոնս Լամարթին | Աշուն Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.