Ռոման Յակոբսոն | Թարգմանության լեզվաբանական ասպեկտների շուրջ


Ըստ Բերտրան Ռասըլի՝ «ոչ ոք չի կարող հասկանալ պանիր բառը, եթե պանրի հետ արտալեզվական ծանոթություն չունի»: Այնուամենայնիվ, եթե հետևենք Ռասըլի հիմնական կանոնին և «շեշտը դնենք ավանդական փիլիսոփայական խնդիրների լեզվաբանական ասպեկտների վրա», ապա մենք պարտավոր ենք հաստատել, որ ոչ ոք չի կարող հասկանալ  պանիր բառը, եթե ծանոթ չէ անգլերենի բառային համակարգում այդ բառին վերագրվող նշանակության հետ: Պանիր չգործածող խոհարարական մշակույթի ցանկացած ներկայացուցիչ կհասկանա անգլերեն cheese բառը, եթե նա տեղյակ է, որ այդ լեզվում այն նշանակում է մամլած կաթնաշոռից պատրաստված սնունդ և առնվազն լեզվական ծանոթություն ունի կաթնաշոռի հետ: Մենք երբևիցե չենք օգտագործել ամբրոզիա/ աստվածների կերակուր/ կամ նեկտար/ ծաղկի հյութ/ և ունենք զուտ լեզվական ծանոթություն ամբրոզիա, նեկտար և աստվածներ/ դրանց առեղծվածային օգտագործումների անունը/ բառերի հետ: Չնայած դրան՝ մենք հասկանում ենք այդ բառերը և գիտենք, թե ինչպիսի կոնտեքստներում կարող է դրանցից յուրաքանչյուրը գործածվել:
Պանիր, խնձոր, նեկտար, ծանոթություն, սակայն, սոսկ և ցանկացած այլ բառի կամ բառակապակցության իմաստը, անկասկած, լեզվական է կամ, ավելի որոշակի՝ նշանային: Ամենապարզ և ճշմարիտ փաստարկն ընդդեմ նրանց, ովքեր իմաստը /signatum/ վերագրում են ոչ թե նշանին, այլ առարկային, կարող է լինել այն, որ ոչ ոք երբևէ պանրի կամ խնձորի իմաստի համն ու հոտը չի առել: Իմաստ /signatum/ առանց նշանի /signum/ գոյություն չունի: Cheddar-ի /պանրի պինդ տեսակ/ կամ camembert–ի/ պանրի փափուկ տեսակ/ հետ արտալեզվաբանական ծանոթությունից չի կարելի գուշակել պանիր բառի իմաստը՝ առանց բառային համակարգի օգնության: Անծանոթ բառ ներկայացնելու համար անհրաժեշտ է մի շարք լեզվական նշաններ: Պարզապես մատնացույց անելը մեզ չի սովորեցնի՝ պանիրը տվյալ տեսակի անունն է, հալած պանրի որևէ տեսակ, թե ընդհանրապես հալած պանիր, թե պանրի, կաթնամթերքի, սննդի, զովացուցիչ խմիչքի որևէ տեսակ, կամ էլ միգուցե տուփի անունն է՝ անկախ նրա պարունակությունից: Վերջապես, արդյո՞ք բառն ուղղակի անվանում է տվյալ առարկան, թե՞ այն որևէ իմաստ է ենթադրում, ինչպես օրինակ առաջարկել, վաճառել, արգելել կամ նզովել: /Մատնացույց անելը նույնիսկ կարող է նզովք նշանակել. որոշ մշակույթներում, հատկապես Աֆրիկայում, այն սպառնալիք արտահայտող շարժում է:/
Մեզ համար, որպես և լեզվաբանների, և բառերի սովորական գործածողների, ցանկացած լեզվական նշանի իմաստը դրա թարգմանական փոխակերպումն է մեկ այլ նշանի, հատկապես այնպիսի նշանի, որտեղ «իմաստն ավելի կատարելագործված է», ինչպես համառորեն պնդում է նշանների էության ամենախոր հետազոտող Փիրսը: Օրինակ, ամուրի բառը կարելի է փոխակերպել ավելի պարզ չամուսնացած տղամարդ արտահայտության այն դեպքերում, երբ ավելի մեծ որոշակիություն է պահանջվում: Մենք տարբերում ենք բառային նշանի թարգմանության երեք ձև. այն կարելի է թարգմանել միևնույն լեզվի այլ նշաններով, մեկ այլ լեզվով կամ ոչ բառային համակարգի նշաններով:
1.Ներլեզվային թարգմանությունը կամ այլ բառերով արտահայտվելը բառային նշանի մեկնումն է նույն լեզվի այլ նշանների միջոցով:
2.Միջլեզվային թարգմանությունը կամ բուն թարգմանությունը բառային նշանի մեկնումն է մեկ այլ լեզվի միջոցով:
3.Միջնշանային թարգմանությունը կամ փոխարինումը բառային նշանի մեկնումն է ոչ բառային նշանային համակարգի տարրերի միջոցով:
Բառի ներլեզվային թարգմանությունը գործածում է կամ մեկ այլ բառ, քիչ թե շատ հոմանշային, կամ էլ դիմում է բացատրության: Սակայն հոմանշությունը, որպես կանոն, բացարձակ համարժեքություն չէ: Օրինակ՝ «յուրաքանչյուր վանական ամուրի է, սակայն ոչ յուրաքանչյուր ամուրի է վանական»: Բառը կամ բառային դարձվածքը, կարճ ասած՝ բարձրագույն մակարդակի համակարգային միավորը, կարող է լիարժեք թարգմանվել միայն համարժեք կապակցված համակարգային միավորների միջոցով, այն է՝ տվյալ համակարգային միավորին վերաբերող հաղորդագրությամբ: Օրինակ՝ «յուրաքանչյուր ամուրի չամուսնացած տղամարդ է, և յուրաքանչյուր չամուսնացած տղամարդ ամուրի է» կամ «յուրաքանչյուր վանական պարտավոր է չամուսնանալ, և յուրաքանչյուր ոք, որ պարտավոր է չամուսնանալ, վանական է»:
Նմանապես, միջլեզվային թարգմանության մակարդակում համակարգային միավորների միջև սովորաբար բացարձակ համարժեքություն չի լինում, մինչդեռ հաղորդագրությունները կարող են համարվել օտար համակարգային միավորների կամ հաղորդագրությունների համարժեք թարգմանություն: Անգլերեն cheese բառը չի կարելի բացարձակապես նույնացնել ռուսերենի сыр բառի հետ, որովհետև կաթնաշոռը /cottage cheese/ պանիր է /cheese/, բայց ոչ сыр: Ռուսերեն ասում են՝ принеси сыру и творогу, bring cheese and cottage cheese: Առօրյա ռուսերենում մամլած կաթնաշոռից պատրաստված ուտելիքը կոչվում է сыр միայն այն դեպքում, եթե խմորիչ է օգտագործվում:
  Այնուամենայնիվ, ավելի հաճախ միջլեզվային թարգմանությունը մի լեզվի հաղորդագրությունները փոխարինում է ոչ թե մեկ այլ լեզվի առանձին համակարգային միավորներով, այլ ամբողջական հաղորդագրություններով: Նման թարգմանությունն անուղղակի խոսք է. թարգմանիչը վերակոդավորում և փոխանցում է մեկ այլ աղբյուրից ստացած հաղորդագրություն: Այսպիսով, թարգմանությունը պարունակում է երկու տարբեր համակարգերի միջոցով արտահայտված երկու համարժեք հաղորդագրություն:
Համարժեքությունը լեզվի կարևորագույն խնդիրն է և լեզվաբանության հիմնական մտահոգությունը: Ինչպես բառային հաղորդագրությունների ցանկացած ընկալող, լեզվաբանը դրանք մեկնաբանողի դեր է կատարում: Լեզվագիտությունը չի կարող մեկնաբանել որևէ լեզվական նմուշ՝ առանց թարգմանելու դրա նշանները միևնույն կամ մեկ այլ համակարգի նշաններով: Երկու լեզուների ցանկացած համեմատություն ենթադրում է դրանց փոխադարձ թարգմանելիության ուսումնասիրությունը. միջլեզվային հաղորդակցության, հատկապես թարգմանական գործունեության տարածված պրակտիկան պետք է լեզվաբանական գիտության մշտական հսկողության տակ գտնվի: Դժվար է գերագնահատել այն տարբերակիչ երկլեզու բառարանների խիստ պահանջը և դրանց տեսական և գործնական կարևորությունը, որոնք տալիս են բոլոր համապատասխան միավորների ստույգ համեմատական սահմանումը՝ իրենց իմաստային նշանակությամբ և ծավալով: Նույն ձևով տարբերակիչ երկլեզու քերականությունները պետք է սահմանեն, թե ինչն է միավորում և տարբերակում երկու լեզուները՝ քերականական հասկացությունների իրենց ընտրության և սահմանազատման մեջ:
Եվ թարգմանության տեսությունը, և գործնական թարգմանությունը լի են բարդություններով, և ժամանակ առ ժամանակ փորձեր են արվում լուծել այս խնդիրները անթարգմանելիության դոգմայի հռչակման միջոցով: Ենթադրվում է, որ պարոն Ամենմիմարդը / Mr. Everyman/ `սովորական տրամաբանը, որը Բ. Լ. Վորֆի վառ երևակայության արդյունք է, եկել է հետևյալ համոզման. «Իրողությունը տարբեր է խոսողների համար, որոնց լեզվական նախադրյալը դրանց տարբեր ձևակերպման հիմք է տալիս»: Ռուսական հեղափոխության առաջին տարիներին կային մոռելանդ ցնորամիտներ, որոնք սովետական մամուլում պահանջում էին վերանայել ավանդական լեզուն և մասնավորապես գործածությունից հանել այնպիսի մոլորեցնող արտահայտություններ, ինչպես օրինակ արևածագը և մայրամուտը: Այնուամենայնիվ, մենք դեռևս գործածում ենք այս Պտղոմեոսյան պատկերավորումը՝ առանց Կոպեռնիկոսի ուսմունքը ժխտելու, և հեշտությամբ կարող ենք արևածագի կամ մայրամուտի վերաբերյալ սովորական խոսակցությունը վերածել նկարի, որում պատկերված է երկրի պտույտը, պարզապես որովհետև ցանկացած նշան կարելի է արտահայտել այնպիսի նշանով, որը մեզ ավելի լիարժեք և ճշգրիտ կներկայացնի այն:
Որևէ լեզվով խոսելու ունակությունը ենթադրում է այդ լեզվի մասին խոսելու ունակություն: Նման վերլեզվաբանական /metalinguistic/ գործողությունը թույլ է տալիս վերանայել և վերասահմանել գործածվող բառապաշարը: Երկու մակարդակների՝ իրական լեզվի և վերլեզվի /metalanguage/ զուգակցման գաղափարը առաջ է քաշել Նիլս Բորը. փորձերով հաստատված բոլոր ապացույցները պետք է արտահայտություն գտնեն առօրյա լեզվում, «որտեղ յուրաքանչյուր բառի գործնական կիրառումը զուգակցվում է դրա ճշգրիտ սահմանման փորձերի հետ»:
Բոլոր ճանաչողական երևույթները և դրանց դասակարգումը կարելի է հաղորդել ցանկացած գոյություն ունեցող լեզվով: Եթե բառապաշարում որոշակի պակաս է առկա, տերմինաբանությունը կարելի է լրացնել և ընդլայնել փոխառությունների, նորաբանությունների, իմաստային տեղաշարժերի և, վերջապես, բազմախոսությունների միջոցով: Այսպես, հյուսիսային Սիբիրի չուկչիների նորաստեղծ գրական լեզվում պտուտակը վերարտադրվում է որպես պտտվող մեխ, պողպատը՝ պինդ երկաթ, արճիճը՝ բարակ երկաթ, կավիճը՝ գրող օճառ, ժամացույցը՝ բաբախող սիրտ: Նույնիսկ արտաքուստ հակասական բազմախոսությունները, ինչպես օրինակ էլեկտրական ձիաքարշ /электрическая конка/՝ առանց ձի երթևեկող առաջին ռուսական մեքենայի անունը, կամ թռչող շոգենավ /jena paragot/՝ նշանակում է ինքնաթիռ, ուղղակի ցույց են տալիս, որ խոսքը ձիաքարշի էլեկտրական նմանակի կամ շոգենավի թռչող նմանակի մասին է, և չեն խոչընդոտում հաղորդակցմանը, ինչպես որ իմաստային խառնաշփոթ և խախտում չկա cold beef-and-pork hot dog կրկնակ օքսիմորոնում:
Թարգմանության լեզվում որևէ քերականական հնարի բացակայություն անհնար չի դարձնում բնագրում պարունակվող ողջ գաղափարային տեղեկության ճշգրիտ թարգմանությունը: And, or ավանդական շաղկապներին այժմ ավելացել է նոր կապակցող մասնիկ՝ and /or, որը մի քանի տարի առաջ քննարկվեց Federal Prose սրամիտ գրքում / How to write in and /or for Washington /: Այս երեք շաղկապներից միայն վերջինն է առկա Սամոյդ /Samoyed/ լեզուներից մեկում: Չնայած շաղկապների ցանկի այս տարբերությանը, վերոհիշյալ գրքում տեղ գտած հաղորդագրությունների երեք ձևերն էլ կարող են պարզ թարգմանվել ավանդական անգլերեն և այդ Սամոյդ լեզուն: Գրքում՝ 1. John and Peter; 2. John or Peter; 3. John and /or Peter will come. Ավանդական անգլերեն՝ 3. John and Peter or one of them will come. Սամոյդ լեզու՝ 1. John and /or Peter both will come. 2. John and /or Peter, one of them will come.
Եթե որևէ քերականական կարգ բացակայում է տվյալ լեզվում, դրա իմաստը կարելի է փոխանցել բառային միջոցներով: Հին ռուսերենի брага և նման այլ երկակի ձևերը թարգմանվում են թվականի օգնությամբ՝ երկու եղբայր: Ավելի դժվար է բնագրին հավատարիմ մնալ, երբ թարգմանության լեզվում առկա է որոշակի քերականական կարգ, որը բնագրի լեզվում բացակայում է: Երբ անգլերենի She has brothers նախադասությունը թարգմանում ենք այնպիսի լեզվով, որը տարբերակում է երկակին և հոգնակին, մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու նախադասությունների միջև՝ She has two brothers- She has more than two, կամ էլ որոշումը թողնել ունկնդրողին և ասել՝ She has two or more than two brothers: Եվ կրկին, թվի քերականական կարգ չունեցող լեզվից անգլերեն թարգմանելիս՝ մենք ստիպված ենք ընտրություն կատարել երկու հնարավոր տարբերակների միջև՝ brother կամ brothers, կամ էլ երկընտրանքի առջև կանգնեցնել հաղորդագրության ընկալողին. She has either one or more than one brother.
Ինչպես Բոասն է նրբորեն նկատել, լեզվի քերականական կաղապարը /ի տարբերություն դրա բառապաշարի/ որոշում է յուրաքանչյուր իրողության այն բնագավառները, որոնք պետք է արտահայտվեն տվյալ լեզվում. «Մենք պետք է ընտրություն կատարենք այդ բնագավառների միջև, և պետք է ընտրենք մեկը կամ մյուսը: Անգլերեն I hired a worker նախադասությունը ճիշտ թարգմանելու համար ռուսին անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն. արդյո՞ք գործողությունը ավարտվել է թե ոչ, աշխատողը կի՞ն է թե տղամարդ, որովհետև նա պետք է ընտրություն կատարի կատարյալ և անկատար ձևերի միջև нанял կամ нанимал և արական ու իգական գոյականների միջև - работника կամ работницу: Եթե անգլիացուն հարցնենք՝ աշխատողը տղամարդ էր թե կին, հարցն անհամեստ և անտեղի կթվա, մինչդեռ ռուսերենում այս հարցի պատասխանը պարտադիր է: Մյուս կողմից այս անգլերեն նախադասությունը թարգմանելու համար ռուսական քերականական ձևերից որն էլ ընտրենք՝ թարգմանությունը պատասխան չի տա այն հարցին, թե աշխատողին վարձեցին, թե վարձել էին կամ թե նա անորոշ թե որոշակի աշխատող էր / a կամ the/ : Քանի որ անգլերենի և ռուսերենի քերականական կաղապարների պահանջած տվյալները տարբեր են, մենք տարբեր տեսակի երկընտրանքային իրավիճակների առջև ենք կանգնում, ուստի առանձին վերցրած միևնույն նախադասության թարգմանությունը անգլերենից ռուսերեն և հակառակը / ռուսերենից անգլերեն/ կարող է ամբողջովին զրկել նման հաղորդագրությունն իր նախնական բովանդակությունից: Ժնևցի լեզվաբան Ս.Կառչևսին նման աստիճանական կորուստը համեմատում էր անհաջող դրամաշրջանառական գործարքների շարանի հետ: Սակայն ակնհայտ է՝ որքան հարուստ լինի հաղորդագրության կոնտեքստը, այնքան քիչ կլինի բովանդակային տեղեկության կորուստը»:
Լեզուները էապես տարբերվում են ոչ թե նրանով, թե ինչ կարող են հաղորդել, այլ նրանով, թե ինչ պետք է հաղորդեն: Տվյալ լեզվի յուրաքանչյուր բայ մի շարք «այո» կամ «ոչ» պատասխան պահանջող հարցեր է առաջադրում, ինչպես օրինակ՝ պատմվող դեպքը որպես ավարտվա՞ծ թե անավարտ իրողություն է ընկալվում: Արդյո՞ք պատմվող դեպքը տեղի է ունեցել խոսելու պահից առաջ, թե ոչ: Բնականաբար մայրենի լեզվով խոսողների ուշադրությունը կկենտրոնանա այնպիսի լեզվական երևույթների վրա, որոնք պարտադիր են իրենց լեզվական համակարգում:
Իր ճանաչողական գործառույթով լեզուն շատ քիչ է կախված քերականական կաղապարից, որովհետև մեր փորձի սահմանումը լրացուցիչ հարաբերությունների մեջ է գտնվում վերլեզվաբանական գործողությունների հետ: Լեզվի ճանաչողական մակարդակը ոչ միայն ընդունում, այլև ուղղակի պահանջում է վերակոդավորված մեկնաբանություն, այսինքն՝ թարգմանություն: Հետևաբար, հակասություն կլինի ենթադրել, որ որևէ ճանաչողական տեղեկություն կարող է անփոխանցելի կամ անթարգմանելի լինել: Սակայն կատակներում, երազներում, կախարդության մեջ, կարճ ասած՝ առօրյա բառային դիցաբանության մեջ ու նախ և առաջ բանաստեղծական խոսքում քերականական կարգերն իմաստային մեծ նշանակություն ունեն: Նման հանգամանքներում թարգմանության հարցը շատ ավելի խճճված ու վիճելի է դառնում:
Նույնիսկ այնպիսի կարգ, ինչպես քերականական սեռն է, որ հաճախ սոսկ ձևական է համարվում, մեծ դեր է խաղում հասարակության այլաբանական մտածելակերպի ձևավորման հարցում: Ռուսերենում իգական սեռը չի կարող վերագրվել տղամարդուն, ոչ էլ արական սեռը՝ կնոջը: Անշունչ գոյականները անձնավորելիս կամ փոխաբերական մեկնաբանություն կատարելիս հաշվի է առնվում դրանց սեռը: Մոսկվայի հոգեբանության ինստիտուտում անցկացրած փորձը ցույց տվեց, որ ռուսները, որոնք հակված են անձնավորել շաբաթվա օրերը, երկուշաբթին, երեքշաբթին և հինգշաբթին մշտապես զուգորդում էին տղամարդկանց հետ, իսկ չորեքշաբթին, ուրբաթը և շաբաթը՝ կանանց հետ, առանց գիտակցելու, որ նման ստորաբաժանումը պայմանավորված է առաջին երեք բառերի արական սեռով / понедельник, вторник, четверг/ ի հակադրություն մյուս բառերի իգական սեռի /среда, пятница, суббота/: Այն փաստը, որ ուրբաթ օրն անվանող բառը որոշ սլավոնական լեզուներում արական է, իսկ մյուսներում՝ իգական, արտացոլված է համապատասխան ժողովրդների ազգային սովորույթներում, որոնք տարբերվում են իրենց ուրբաթօրյա ծիսական կարգերով: Տարածված ռուսական այն սնահավատությունը, որ հատակին ընկած դանակը տղամարդ հյուրի նշան է, իսկ պատառաքաղը՝ կին, պայմանավորված է ռուսերենում դանակ /нож/ գոյականի արական և պատառաքաղ /вилка/ գոյականի իգական սեռով: Սլավոնական և այլ լեզուներում, որտեղ օրը արական սեռի գոյական է, գիշերը՝ իգական, բանաստեղծները պատկերում են օրը որպես գիշերվա սիրեկան: Ռուս նկարիչ Րեպինը մոլորության մեջ էր ընկել այն բանից, թե ինչու են գերմանացի նկարիչները մեղքը կնոջ տեսքով պատկերում. նա չէր գիտակցում, որ գերմաներենում մեղքը իգական սեռի գոյական է /die Sunde/, իսկ ռուսերենում՝ արական /грех/: Նմանապես, գերմանական հեքիաթների թարգմանությունն ընթերցող ռուս երեխան ապշած էր մնացել, որ իր մոտ ակնհայտորեն կնոջ հետ զուգորդվող մահը պատկերված էր ծերունու տեսքով/ գերմ. արական der Tod/: «Իմ քույր կյանքը»՝ Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների հավաքածուի վերնագիրը ռուսերենում միանգամայն բնական է հնչում, քանի որ կյանքը իգական սեռի գոյական է, սակայն չեխերենում այս գոյականը արական սեռի է /zivot/, ինչը հուսահատության մեջ էր գցել չեխ բանաստեղծ Յոզեֆ Հորային, որը փորձում էր թարգմանել այդ բանաստեղծությունները:
Ո՞րն էր սլավոնական գրականության ձևավորման սկզբում առաջ եկած հարցը: Բավականին հետաքրքիր է, որ թարգմանիչների համար դժվար է պահպանել քերականական սեռի խորհրդանշական իմաստը, և այս խնդրի ճանաչողական կողմը քննարկվել է վաղ սլավոնական բնագիր աշխատության՝ կտակարանի /Evangeliarium/ առաջին թարգմանության նախաբանում: Սլավոնական տառերի և պատարագի հիմնադիր, փիլիսոփա Կոնստանտինը կատարել է այդ թարգմանությունը 860–ական թթ. սկզբին, իսկ Ա. Վաիլանտը վերջերս վերականգնել և պարզեցրել է այն: «Այլ լեզվով թարգմանվող հունարենը չի կարող մշտապես վերարտադրվել, և դա պատահում է յուրաքանչյուր թարգմանվող լեզվի հետ», պնդում է սլավոնացի առաքյալը: - «Հունարենում արական սեռի գոյականներ գետը և աստղը սլավոնական մեկ այլ լեզվում իգական են»: Ըստ Վաիլանտի մեկնաբանության, այս տարբերությունը անհամոզիչ է դարձնում գետերի խորհրդանշական նույնացումը սատանաների և աստղերի նույնացումը հրեշտակների հետ Մաթևոսի ավետարանների սլավոնական թարգմանություններում: Սակայն այս բանաստեղծական խոչընդոտին սուրբ Կոնստանտինը վճռականորեն հակադրում է Դիոնիսոսի պատվիրանը, որը կոչ էր անում ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե բառերի, այլ ճանաչողական արժեքների/ բանականության ուժի/ վրա:
Բանաստեղծական խոսքում բառային հավասարակշռությունը տեքստի կառուցողական սկզբունքն է: Շարահյուսական և ձևաբանական կարգերը, արմատները և ածանցները, հնչույթները և նրանց բաղադրիչները/ տարբերակիչ առանձնահատկությունները/, կարճ ասած՝ լեզվական համակարգի բոլոր տարրերը հակադրվում են, զուգադրվում են, նմանության և տարբերության սկզբունքի հիման վրա որոշակի փոխհարաբերության մեջ են մտնում և ունեն իրենց ինքնուրույն իմաստավորվածությունը: Հնչույթային նմանությունը ընկալվում է որպես իմաստային հարաբերություն: Բանաստեղծական արվեստում իշխում է բառախաղը, ավելի բազմագիտակ և ճշգրիտ երևալու համար կոչենք այն հարանունություն /paronomasia/, և բացարձակ թե սահմանափակ լինի դրա իշխանությունը, պոեզիան իր էությամբ անթարգմանելի է: Հնարավոր է միայն ստեղծագործական փոխադրում. կամ ներլեզվային՝ մի բանաստեղծական կաղապարից մեկ այլ կաղապար, կամ միջլեզվային՝ մի լեզվից մեկ այլ լեզու, կամ էլ, վերջապես, միջնշանային՝ նշանների մի համակարգից մեկ այլ համակարգ, ինչպես օրինակ՝ խոսքը վերածել երաժշտության, պարի, կինոյի, նկարի:
Եթե Traduttore, traditore ավանդական արտահայտությունը անգլերեն թարգմանեինք The translator is a betrayer, մենք կզրկեինք իտալական հանգավորված էպիգրամը իր ողջ բառախաղային արժեքից: Ուստի ճանաչողական մոտեցումը կստիպեր մեզ փոխարինել այս թևավոր խոսքը առավել ճշգրիտ արտահայտությամբ և պատասխանել հետևյալ հարցերին. ինչպիսի՞ հաղորդագրությունների թարգմանիչ, որ՞ արժեքների դավաճան:

Թարգմանությունը՝ Ս. Գաբրիելյան
Ռոման Յակոբսոն | Թարգմանության լեզվաբանական ասպեկտների շուրջ Ռոման Յակոբսոն | Թարգմանության լեզվաբանական ասպեկտների շուրջ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 22, 2019 Rating: 5
Технологии Blogger.