Վոլֆգանգ Գյոթե | Անտառի արքան


Ո՞վ է վարգում ցուրտ գիշերվա հողմ ու մառախուղին,
Մի հեծյալ է, որդուն առած, մթնով ընկել ուղի,
Կուչ է եկել հոր գրկի մեջ, սարսռում է տղան,
Հայրը իր տաք կրծքին սեղմել, ջերմացնում է նրան:

-Տղա´ս, վախով հպվել կրծքիս, դու ինչո՞ւ ես դողում…
-Հա´յր, անտառի արքան մթից կարծես ինձ է նայում:
Նա սև թագ է կրում գլխին, ունի մորուք փարթամ…
-Չէ´, զավա´կս, մառախուղն է քեզ թվացել արքա…

«Դու հետ նայիր, սիրո´ւն մանկիկ, ինձ մոտ արի, փոքրի´կ,
Այնքան ուրախ բան կա այստեղ՝ իմ եզերքում գողտրիկ,
Ծաղիկները փիրուզագույն, մարգարիտներ շիթ-շիթ,
Ոսկեձույլ են դղյակներս, կյանքը՝ անհոգ, անվիշտ»:

-Հա´յր, լսո՞ւմ ես՝ կանչում է ինձ այս անտառի արքան,
Խոստանում է ոսկի, գոհար ու հրճվանքներ այնքան…
-Չէ´, զավա´կս, այդ քամին է տերևները շարժում,
Եվ թվում է՝ ինչ-որ մեկը քեզ իր մոտ է կանչում:

«Ինձ մոտ, ինձ մոտ արի, փոքրի´կ, թավուտներում կանաչ
Դու կտեսնես գեղեցկուհի իմ դուստրերին սևաչ,
Որոնք կերգեն ու կպարեն քո շուրջն իբրև պատրանք,
Երգ-օրորով քո աչքերին քուն կբերեն նրանք…»:

-Հա´յր, լսեցի՞ր՝ աղջիկներին այժմ կանչեց արքան,
Գլխով անում մութ ճյուղերից, ինձ են կանչում անձայն…
-Չէ´, զավա´կս, մի´ վախեցիր, ցուրտ խավարի գրկում
Այդ ալեհեր ուռիներն են աչքիդ աղջիկ թվում…

«Սիրո´ւն մանկիկ, ինձ թովեցիր, ու սիրեցի ես քեզ,
Ուզես –չուզես՝ այսուհետև իմը պիտի լինես…»:
-Շո´ւտ, շո´ւտ, հայրի´կ, մեզ է հասնում, տե´ս, անտառի արքան,
Ահա´, ահա´, հասա´վ, և օդ…խեղդվո˜ւմ եմ…չկա˜…

Հեծյալն ահով, ի˜նչ արշավել, սլանում է, սուրում,
Ու ընթացքում այն մանկիկի վերջին ճիչն է մարում…
Երբ ձին, թողած անտառն հեռվում, տուն հասցրեց նրան,
Հոր գրկի մեջ արդեն վաղուց մահացել էր տղան…

Թարգմանությունը՝  Հ. Սարոյան

Տես նաև Վոլֆգանգ Գյոթե Բանաստեղծություններ
Վոլֆգանգ Գյոթե | Անտառի արքան Վոլֆգանգ Գյոթե | Անտառի արքան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on февраля 26, 2019 Rating: 5
Технологии Blogger.