Չիպոլինոյի արկածները | Գլուխ չորրորդ


Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը, որը շատ ծարավ էր
Իսկ ի՞նչ եղավ քավոր Դդումի տունը։
Մի բոլորովին էլ ոչ գեղեցիկ օր չորս վարունգ լծած իր կառքով եկավ ասպետ Պոմիդորը։ Այս անգամ նրան մի տասնյակ Լիմոնուկներ էին ուղեկցում։ Առանց երկար֊բարակ խոսելու սրանք քավոր Դդումին դուրս արեցին տանից, իսկ նրա տեղը Մաստինո անունով մի ահագին տնպահ շուն դրեցին։
Ահա, ― սպառնագին շուրջը նայելով, հայտարարեց Պոմիդորը, ― հիմա ձեր բոլոր լակոտները կսովորեն ինձ հարգել և առաջին հերթին՝ այն եկվոր գջլոտը, որին վարպետ Խաղողը վերցրել է իր մոտ։
Ճիշտ է, ճի՛շտ է, ― խուլ հաչեց Մաստինոն։
Ինչ վերաբերում է հիմար ծերուկ Դդումին, ― շարունակեց սինյոր Պոմիդորը, ― նա այսուհետև կսովորի իմ հրամաններին ենթարկվել։ Իսկ եթե շատ է ուզում ծածկի տակ ապրել, ապա նրա համար միշտ էլ մի հարմար տեղ կճարվի բանտում։ Այնտեղ բոլորի համար էլ տեղ կլինի։
Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― նորից հաստատեց Մաստինոն։
Վարպետ Խաղողն ու Չիպոլինոն արհեստանոցի շեմքին կանգնած՝ ամեն ինչ տեսնում ու լսում էին, բայց ծերուկին ոչնչով չէին կարող օգնել։
Քավոր Դդումը տխուր նստել էր մի կոճղի և մորուքի մազերն էր փետում։ Ամեն անգամ քաշելիս ձեռքին մի փունջ մազ էր մնում։ Վերջ ի վերջո նա որոշեց թողնել այդ զբաղմունքը, որ անմորուք չմնա, սկսեց կամաց֊կամաց հառաչել։ Ախր դուք հիշում եք, քավոր Դդումը հառաչանքի մեծ պաշար ուներ։
Վերջապես սինյոր Պոմիդորը մտավ իր կառքը։ Մաստինոն կանգնեց առջևի թաթերին և իր տիրոջը պոչով պատիվ տվեց։
Տե՛ս, հա՜, կպահպանես, ― հրամայեց ասպետ Պոմիդորը, մտրակեց Վարունգներին, և կառքը փոշու ամպ բարձրացնելով, առաջ սլացավ։
Ամառային հրաշալի շոգ օր էր։ Տիրոջ գնալուց հետո Մաստինոն շոգից լեզուն դուրս գցած, պոչը հովհարի նման թափ տալով, մի քիչ զբոսնեց տնակի առաջ։ Բայց ոչինչ չէր օգնում։ Շունը շոգից ուժասպառ եղավ։ «Հիմա վատ չէր լինի, որ մի բաժակ սառը ջուր խմեի», ― մտածում էր նա։
Շուրջը նայեց, տեսնի մի հարմար երեխա չկա՞, որ ուղարկի մոտակա պանդոկը՝ գարեջուր բերելու, բայց փողոցում թարսի պես ոչ ոք չկար։ Ճիշտ է, կոշկակարի արհեստանոցում բաց դռնից երևում էր Չիպոլինոն, որը եռանդով թել էր մոմում, բայց նրանից սոխի այնքան կծու հոտ էր փչում, որ Մաստինոն սիրտ չէր անում նրան կանչել։
Սակայն Չիպոլինոն ինքը նկատեց, որ շունը շոգից նվաղում է։
«Ես Չիպոլինոն չլինեմ, եթե դրա գլխին մի օյին չբերեմ», ― մտածեց նա։
Իսկ շոգը քանի գնում ուժեղանում էր, որովհետև արևն ավելի էր բարձրանում։ Խեղճ Մաստինոն այնպե՛ս խմել էր ուզում։
«Ի՞նչ եմ կերել ես այսօր, ― փորձեց հիշել նա, ― գուցե սուպը շատ աղի՞ էր, բերանիս մեջ ոնց որ կրակ լինի լցրած, իսկ լեզուս այնպես է ծանրացել, կարծես վրան մի քսան ֆունտ ձյութ է կպել»։
Այստեղ Չիպոլինոն գլուխը դռնից դուրս հանեց։
Է՛յ, է՛յ, ― թույլ ձայնով կանչեց Մաստինոն։
Դուք ի՞նձ եք կանչում, սինյոր։
Ձեզ, պատանյակ, ձեզ։ Գնացեք ինձ համար մի շիշ սառը լիմոնադ բերեք, խնդրում եմ։
Ա՛խ, ես մեծ ուրախությամբ կգնայի, սինյոր Մաստինո, բայց իմ տերը հենց նոր կարկատելու տվեց այս կոշիկը, և ես ոչ մի կերպ չեմ կարող բացակայել։ Շատ ափսոսում եմ։
Եվ Չիպոլինոն առանց ավելորդ խոսակցության, վերադարձավ իր արհեստանոցը։
Ծո՛ւյլ, անքաղաքավարի՛, ― մռթմռթաց շունը, անիծելով շղթան, որ խանգարում էր պանդոկ գնալուն։
Մի քիչ հետո Չիպոլինոն նորից երևաց։
Սինյորինո, ― համարյա թե լալով ասաց Մաստինոն, ― գուցե դուք ինձ մի բաժակ հասարակ ջուր բերեք։
Ես մեծ հաճույքով կբերեի, ― ասաց Չիպոլինոն, ― բայց հենց նոր տերս հրամայեց սինյոր սրբազանի տուֆլու կրունկները նորգել։
Ճիշտն ասած, Չիպոլինոն ամբողջ հոգով խղճում էր ծարավից տանջվող շանը, բայց նրան դուր չէր գալիս այն արհեստը, որով զբաղվում էր Մաստինոն, բացի այդ ուզում էր մի անգամ էլ դաս տալ սինյոր Պոմիդորին։
Մոտ ժամը երեքին արևն այնպես սկսեց այրել, որ փողոցում նույնիսկ քարերը քրտնեցին։ Մաստինոն շոգից ու ծարավից քիչ մնաց կատաղեր։
Վերջապես Չիպոլինոն վեր կացավ իր նստարանից, մի շիշ ջուր լցրեց և մեջը ավելացրեց այն սպիտակ դեղափոշուց, որ անքնության դեմ ընդունում էր վարպետ Խաղողի կինը։
Նա մատով փակեց շշի բերանը, մոտեցրեց շրթունքներին, ցույց տալով, թե խմում է։
Ա՜խ, ― փորը շոյելով ասաց նա, ― ի՜նչ հրաշալի սառը ջուր է։
Մաստինոյի թուքը հոսեց, այնպես որ մի պահ նա նույնիսկ իրեն լավ զգաց։
Սինյոր Չիպոլինո, իսկ այդ ջուրը մաքո՞ւր է։
Իհարկե, արցունքի պես զուլալ է։
Իսկ մեջը բացիլներ չկա՞ն։
Ի՜նչ եք ասում, այս ջուրը մաքրել և քամել են երկու նշանավոր պրոֆեսոր, որոնք միկրոբերը թողել են իրենց, իսկ ջուրը ինձ տվել, որովհետև ես կարկատել եմ նրանց տուֆլիները։
Եվ Չիպոլինոն նորից շիշը բերանին մոտեցնելով, ցույց տվեց, թե խմում է։
Սինյոր Չիպոլինո, ― զարմացած հարցրեց Մաստինոն, ― այդ ինչպե՞ս է ձեզ մոտ ստացվում, որ շիշը միշտ լիքն է մնում։
Բանն այն է, ― պատասխանեց Չիպոլինոն, ― որ այս շիշը իմ ողորմածիկ պապի նվերն է։ Սա կախարդական շիշ է և երբեք չի դատարկվում։
Իսկ դուք ինձ չե՞ք թողնի, որ մի քիչ խմեմ, գոնե մի կում։ Մի կում միայն։
Մի կո՞ւմ։ Խմեք ինչքան ուզում եք, ― պատասխանեց Չիպոլինոն, ― ես ձեզ ասացի, որ իմ շիշը երբեք չի դատարկվում։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչքան ուրախացավ Մաստինոն։ Նա անընդհատ շնորհակալություն էր հայտնում Չիպոլինոյին, լիզում էր նրա ոտները և պոչը շարժում։ Նույնիսկ իր տիրուհիների, կոմսուհիներ Բալերի հետ նա երբեք այդպես չէր վերաբերվել։
Չիպոլինոն ջուրը մեկնեց Մաստինոյին։ Սա շիշը խլեց տղայի ձեռքից և ագահորեն ամբողջ ջուրը մի կում արեց։ Դատարկ շշին նայելով, նա զարմացավ
Ինչպե՞ս, արդեն վերջացա՞վ։ Իսկ դուք ինձ ասում էիք, թե շի․․․
Այդպես էլ նա չկարողացավ վերջացնել, ընկավ ու քնեց։
Չիպոլինոն շղթան հանեց, շանը շալակեց և տարավ այն ամրոցի մոտ, որտեղ ապրում էին կոմսուհի Բալերն ու ասպետ Պոմիդորը։ Ետ դառնալով, նա տեսավ, որ քավոր Դդումը արդեն նորից տիրացել է իր տնակին։ Ծերուկի դեմքը և պատուհանից դուրս ընկած քրքրված մորուքը աննկարագրելի ուրախություն էին արտահայտում։
«Խեղճ շուն, ― մտածում էր Չիպոլինոն, դեպի ամրոց գնալով, դու ինձ ներիր, խնդրում եմ, բայց ես պարտավոր էի այդպես վարվել։ Միայն հայտնի չէ, երբ քնից զարթնես, ինչպե՞ս շնորհակալ կլինես իմ տված թարմ ջրի համար»։
Ամրոցի դարբասները բաց էին։ Չիպոլինոն շանը դրեց այգու խոտերի վրա, քնքշորեն շոյեց նրան և ասաց
Ասպետ Պոմիդորին ինձնից բարև արա երկու կոմսուհիներին էլ։
Մաստինոն պատասխանեց երանելի մռլտոցով։ Նա երազում տեսնում էր, թե իբր լողանում է լեռնային լճում, հաճելի, սառը ջրում։ Լողանալով՝ նա խմում է սրտի ուզածի չափ և ինքն էլ աստիճանաբար ջուր է դառնում նրա պոչը ջուր է դարձել, ջուր էին դարձել ականջներն ու չորս թաթերը՝ թեթև ու երկար շատրվանի շիթերի պես։
Հանգիստ քնիր, ― ավելացրեց Չիպոլինոն և վերադարձավ գյուղ։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ չորրորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ չորրորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:05:00 Rating: 5
Технологии Blogger.