Չիպոլինոյի արկածները | Գլուխ վեցերերդ


Որտեղ պատմվում է այն մասին, թե ինչքան գլխացավանք ու տհաճություն պատճառեցին կոմսուհիներին նրանց ազգականները՝ բարոն Նարինջն ու հերցոգ Մանդարինը

Հիմա մեզ անհրաժեշտ է մտնել կոմսուհիներ Բալերի ամրոցը, որոնք, ինչպես երևի հասկացել եք, ամբողջ գյուղի՝ տների, հողի և նույնիսկ զանգակատնով եկեղեցու տերն ու տնօրենն էին։
Այն օրը, երբ Չիպոլինոն քավոր Դդումի տունը տեղափոխեց անտառ, ամրոցում արտակարգ աշխուժություն էր տիրում ամրոցի տերերի մոտ էին եկել նրանց ազգականները։
Ազգականները երկուսն էին՝ բարոն Նարինջը և հերցոգ Մանդարինը։ Բարոն Նարինջը սինյորա կոմսուհի Ավագի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան էր։ Իսկ հերցոգ Մանդարինը սինյորա կոմսուհի Կրտսերի հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղան էր։ Բարոն Նարինջը արտակարգ մեծ փոր ուներ։ Ի միջի այլոց, զարմանալու ոչինչ չկա այստեղ, նա բացի ուտելուց ուրիշ ոչինչ չէր անում, և միայն քնելիս էին նրա ծնոտները մի երկու ժամ հանգստանում։
Երբ դեռ բարոն Նարինջը ջահել էր, քնում էր երեկոյից մինչև առավոտ, որպեսզի կարողանար ամբողջ օրվա կերածը մարսել։ Բայց հետո նա ասաց
«Քնել՝ այդ նշանակում է ժամանակ կորցնել, չէ՞որ երբ քնում եմ, ոչինչ չեմ կարողանում ուտել»։
Դրա համար էլ նա որոշեց սնվել նաև գիշերը, մարսողության համար օրվա մեջ թողնելով միայն մեկ֊երկու ժամ։ Որպեսզի հագեցնեն բարոն Նարնջի քաղցը, նրա բազմաթիվ հողերից, որ տարածված էին ամբողջ մարզում, ամեն օր բազմազան ուտելիքներով բարձած մեծաթիվ քարավաններ էին ուղևորվում նրա մոտ։
Խեղճ գյուղացիները չգիտեին, թե էլ ի՛նչ ուղարկեն նրան։ Նա խժռում էր ձվեր, հավեր, խոզեր, այծեր, կովեր, ճագարներ, մրգեր, բանջարեղեն, հաց, պաքսիմատ, գաթա․․․ Երկու ծառա զբաղված էին Նարնջի բերանը դնելով այն բոլորը, որ բերվում էր նրա համար։ Երբ սրանք հոգնում էին, նրանց փոխարինում էին ուրիշ երկուսը։
Վերջ ի վերջո գյուղացիները նրա մոտ մարդ ուղարկեցին, որ ասի, թե այլևս ուտելու ոչինչ չի մնացել։ Ամբողջ անասունը կերված է, ամբողջ մրգեղենը ծառերից պոկված։
Այդ դեպքում ծառերը ուղարկեք ինձ, ― հրամայեց Նարինջը։
Գյուղացիները ծառերն ուղարկեցին, և նա, տերևներն ու արմատները ձիթապտղի յուղի մեջ թաթախելով և վրանները աղ լցնելով, ծառերն էլ խժռեց։
Երբ բոլոր պտղատու ծառերը կերավ վերջացրեց, բարոնը սկսեց իր հողերը վաճառել և ստացած փողերով ուտելիք գնել։ Ամբողջ կալվածքը վաճառելուց հետո, նամակ գրեց սինյորա կոմսուհի Ավագին, թույլտվություն խնդրեց նրա մոտ հյուր գնալու։
Ճիշտն ասած, սինյորա կոմսուհի Կրտսերն այնքան էլ գոհ չէր։
Բարոնը մեր ամբողջ կարողությունը կուտի։ Նա մեր ամրոցը մի ափսե մակարոնի նման կուլ կտա։
Սինյորա կոմսուհի Ավագը լաց եղավ։
Դու չես ուզում իմ հարազատներին ընդունել։ Ա՜խ, դու երբեք չես սիրել իմ խեղճ հաստափոր բարոնին։
Լա՛վ, ասաց կոմսուհի կրտսերը, ― կանչիր քո բարոնին, բայց ես էլ կկանչեմ հերցոգ Մանդարինին, իմ խեղճ հանգուցյալ ամուսնու հորեղբոր տղային։
Խնդրեմ, արհամարհանքով պատասխանեց Ավագը, դե նա հավի ճտից էլ քիչ կուտի։ Քո խեղճ ամուսնու (աստված հոգին լուսավորի) ազգականներն այնքան մանր ու նիհար են, որ գետնի վրա չեն երևում։ Իսկ իմ խեղճ հանգուցյալ ամուսնու (աստված հոգին լուսավորի) ազգականները ոնց որ ջոկածուրիկ լինեն՝ բարձր են, հաստ ու նշանավոր։
Եվ իսկապես, բարոն Նարինջը շատ նշանավոր անձնավորություն էր նա մի կիլոմետրի վրա էլ սարի չափ էր երևում։ Ստիպված նրա համար ծառա վարձեցին, որպեսզի նրա մեծ փորը տեղափոխի։ Ինքը բարոնն ի վիճակի չէր քարշ տալու իր հսկայական փորը։
Պոմիդորը մարդ ուղարկեց ձորձահավաք Լոբուն կանչելու, որ սա իր սայլակով գա ամրոցը։ Բայց Լոբին սայլակը չգտավ ինչպես գիտեք, սայլակը վերցրել էր նրա տղան՝ Լոբիկը։ Դրա համար էլ նա քարշ տալով բերեց մի ձեռնասայլակ, որով սովորաբար որմնադիրները կիր են տեղափոխում։
Սինյոր Պոմիդորը բարոն Նարնջին օգնեց փորը ձեռնասայլակին դնելիս և գոռաց
Դե, գնացինք․․․
Լոբին ինչքան ուժ ուներ սկսեց քաշել հին, ջարդված ձեռնասայլակը բայց ոչ մի սանտիմետր էլ չկարողացավ տեղից շարժել՝ բարոնը հենց նոր էր կուշտ նախաճաշել։
Երկու ծառա էլ կանչեցին։ Նրանց օգնությամբ բարոնին վերջապես հաջողվեց այգու ծառուղիներում մի փոքր զբոսնել։ Ձեռնասայլակի անիվը երբեմն ելնում էր ամենաբարձր և սուր քարերին, և ցնցումներն այնպես էին ազդում խեղճ բարոնի փորի վրա, որ ճակատը սառը քրտինքով ծածկվեց։
Զգո՜ւյշ եղեք, այստեղ քարեր կան, ― ձայն էր տալիս նա։
Լոբին ու ծառաներն սկսեցին զգուշորեն անցնել բոլոր քարերի կողքից, որպեսզի սրանք անիվի տակ չընկնեն։ Բայց այդ պատճառով էլ հենց ձեռնասայլակը փոսի մեջ ընկավ։
Հե՜յ, բերանբացներ, ի սեր աստծո, էլ փոսերը չընկնեք, ― աղաղակեց բարոնը։
Սակայն, չնայած ցնցումներին ու ցավերին, նա չէր ընդհատում իր սիրած զբաղմունքը և ճանապարհին եռանդով կրծում էր տապակած մի հնդկահավ, որ սինյորա կոմսուհի Ավագն էր պատրաստել նրա համար։
Հերցոգ Մանդարինը նույնպես տանտիրուհիներին և ծառաներին քիչ գլխացավանք չէր պատճառում։ Սինյորա կոմսուհի Կրտսերի աղախինը, խեղճ Մորին, առավոտից իրիկուն Մանդարինի շապիկներն էր արդուկում։ Երբ նա բերում էր արդուկած սպիտակեղենը, հերցոգը դժգոհ տեսք էր ընդունում, փնչում էր, հեծկլտում, իսկ հետո բարձրանում պահարանի վրա և ամբողջ տնով մեկ ճչում
Օգնեցե՜ք, մեռնում եմ։
Գլխապատառ վազում գալիս էր սինյորա կոմսուհի Կրտսերը իրար հետևից Մանդարինին էր նվիրում իր հանգուցյալ ամուսնու մետաքսե շապիկները։
Հերցոգն զգուշորեն իջնում էր պահարանից և սկսում շապիկները փորձել։
Մի քիչ հետո նրա սենյակից դարձյալ գոռգոռոց էր լսվում
Օ՜, երկինք, ես մեռնում եմ։
Սինյորա կոմսուհի Կրտսերը սիրտը բռնելով նորից սլանում էր նրա մոտ։
Իմ թանկագին Մանդարին, ի՞նչ պատահեց։
Հայելու կատարից Հերցոգը ճչում էր
Օ՜, ես կորցրել եմ օձիքիս ամենալավ կոճակը և չեմ ուզում այլևս ապրել։ Սա այնքան ծանր կորուստ է ինձ համար։
Որպեսզի հանգստացնի հերցոգին, կոմսուհի Կրտսերը վերջ ի վերջո իր հանգուցյալ ամուսնու օձիքի բոլոր կոճակները նվիրեց նրան, իսկ այդ բոլոր կոճակները ոսկուց, արծաթից և թանկագին քարերից էին։
Մի խոսքով, դեռ արևը մայր չէր մտել, իսկ սինյորա կոմսուհի Կրտսերն արդեն ոչ մի թանկարժեք իր չուներ, իսկ հերցոգ Մանդարինը մի ամբողջ ճամպրուկ նվերներ էր ստացել և ինքնագոհ ձեռքերն էր շփում։
Երկու ազգականների անսահման ագահությունը լրջորեն անհանգստացնում ու հուզում էր կոմսուհիներին, և նրանք իրենց զայրույթը թափում էին խեղճ Բալուկի վրա, որը կոմսուհիների ազգականն էր ու ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր։
Ձրիակե՛ր, ― գոռում էր նրա վրա սինյորա կոմսուհի Ավագը, ― անմիջապես գնա խնդիրներդ լուծի։
Բայց ես արդեն բոլորը լուծել եմ։
Նորերը լուծիր, ― խստորեն կարգադրում էր սինյորա կոմսուհի Կրտսերը։
Բալուկը հնազանդորեն գնում էր նոր խնդիրներ լուծելու։ Յուրաքանչյուր օր նա այնքան խնդիրներ էր լուծում, որ մի քանի տետրակ էր գրոտում, և շաբաթվա մեջ տետրակների մի ամբողջ կույտ էր գոյանում։
Ազգականների գալստյան օրը կոմսուհիները անընդհատ հարձակվում էին Բալուկի վրա։
Ծույլ, ի՞նչ ես այստեղ քարշ գալիս։
Ես ուզում էի այգում մի քիչ զբոսնել։
Այգում զբոսնում է բարոն Նարինջը այնտեղ քեզ նման անգործների տեղը չէ։ Անմիջապես գնա դասերդ սովորի։
Բայց ես արդեն դասերս սովորել եմ։
Վաղվա դասերդ սովորիր։
Միշտ հնազանդ Բալուկը վաղվա դասերն էլ էր պատրաստում։ Յուրաքանչյուր օր նա այնքան դասեր էր պատրաստում, որ արդեն անգիր էր արել իր բոլոր դասագրքերը և կարդացել էր ամրոցի գրադարանի բոլոր գրքերը։ Բայց կոմսուհիները հենց որ Բալուկի ձեռքին գիրք էին տեսնում, ավելի էին բարկանում։
Անմիջապես գիրքը դիր տեղը, հանդուգն, թե չէ կպատռես։
Բայց ինչպե՞ս պիտի դասերս առանց գրքի սովորեմ։
Անգիր սովորիր։
Բալուկը գնում էր իր սենյակը և սկսում էր սովորել ու սովորել, այս անգամ արդեն, հասկանալի է, առանց գրքի։ Անդադար սովորելուց նրա գլուխն սկսում էր ցավել, և կոմսուհիները նորից էին վրան գոռգոռում։
Դու միշտ հիվանդանում ես, որովհետև անընդհատ մտածում ես։ Քիչ մտածիր, դեղերի վրա քիչ ծախս կանենք։
Մի խոսքով, Բալուկը ինչ էլ որ աներ, կոմսուհիները դժգոհ էին մնում։
Բալուկը չգիտեր, թե ինչպես մի քայլ անի, որ հանդիմանություն չստանա։ Նա իրեն սարսափելի դժբախտ էր զգում։
Ամբողջ ամրոցում նա միայն մի բարեկամ ուներ, դա աղախին Մորին էր։ Նա խղճում էր այդ փոքրիկ, խեղճ տղային, որն ակնոց էր կրում, և որին ոչ ոք չէր սիրում։ Մորին Բալուկի հետ սիրալիր էր, և երեկոները, քնելուց առաջ թաքուն, միշտ մի համեղ բան էր բերում նրան։
Բայց այսօր բարոն Նարինջը բոլոր համեղ բաները կերել էր։
Հերցոգ Մանդարինն էլ էր քաղցրեղեն ուզում։ Նա անձեռոցիկը գցեց հատակին, բարձրացավ բուֆետի վրա և վայնասուն բարձրացրեց
Բռնեցե՜ք ինձ, թե չէ ես ինձ ցած կգցեմ։
Սակայն այս անգամ նրան ոչ մի վայնասուն էլ չօգնեց բարոնը միանգամայն հանգիստ կերավ֊պրծավ քաղցրեղենը և բոլորովին էլ ուշադրություն չդարձրեց Մանդարինի վրա։
Սինյորա կոմսուհի Կրտսերը ծնկի եկավ բուֆետի առաջ և արցունքն աչքերում աղաչեց իր թանկագին աղգականին, որ ծաղիկ հասակում չմեռնի։
Իհարկե, հարկավոր էր որևէ նվեր խոստանալ, որ Մանդարինը ցած իջներ, բայց կոմսուհին արդեն ոչինչ չուներ։
Վերջապես հերցոգ Մանդարինը հասկացավ, որ ոչինչ չի կարող ստանալ, և երկար համոզելուց հետո որոշեց ցած իջնել ասպետ Պոմիդորի օգնությամբ, որը հուզմունքից ու զոռից ամբողջովին քրտնել էր։
Հենց այդ րոպեին էլ սինյոր Պոմիդորին լուր բերեցին քավոր Դդումի տնակի խորհրդավոր անհայտացման մասին։
Ասպետը երկար չմտածեց, նա անմիջապես բողոք ուղարկեց իշխան Լիմոնին և խնդրեց մի երկու տասնյակ Լիմոնուկ ուղարկել գյուղ։
Լիմոնուկները գյուղ հասան հաջորդ օրը և տեղնուտեղը գյուղում կարգ ու կանոն հաստատեցին շրջեցին բոլոր տները և ով պատահեց՝ ձերբակալեցին։
Առաջին բանտարկվածներից էր վարպետ Խաղողը։ Կոշկակարը բիզը հետը վերցրեց, որ ազատ ժամանակ ծոծրակը քորի, և հետևեց ոստիկաններին։ Բայց Լիմոնուկները նրա բիզը խլեցին։
Դու հետդ զենք վերցնելու իրավունք չունես, ― ասացին նրանք վարպետ խաղողին։
Իսկ ինչո՞վ ծոծրակս քորեմ։
Հենց որ քորվել ուզենաս, ասա մեր պետերից մեկն ու մեկին։ Տե՛ս թե մենք այն ժամանակ քո գլուխը ոնց կքորենք։
Եվ Լիմոնուկն իր սրածայր թրով խուտուտ տվեց կաշկակարի ծոծրակը։
Պրոֆեսոր Տանձին էլ ձերբակալեցին։ Սա խնդրեց, որ թույլ տան հետը վերցնի ջութակն ու մի մոմ։
Մոմն ի՞նչ ես անում։
Կինս ասում է, թե ամրոցի նկուղում շատ մութն է, իսկ ես պիտի նոտաներ սովորեմ։
Մի խոսքով, գյուղի բոլոր բնակիչները ձերբակալվեցին։ Փրկվեցին միայն սինյոր Սիսեռիկը, որովհետև նա փաստաբան էր, և սոխ Պրասը, որին պարզապես չգտան։
Իսկ սոխ Պրասը չէր էլ թաքնվել։ Նա հանգիստ նստած էր իր պատշգամբում։ Նրա բեղերը ձգված էին պարանի փոխարեն և դրանց վրա սպիտակեղեն էր փռված։ Սավանները, շապիկներն ու գուլպաները տեսնելով, Լիմոնուկները անցան նրա մոտով և այդպես էլ չնկատեցին տան տիրոջը։
Քավոր Դդումը գնում էր Լիմոնուկների հետևից և իր սովորության համաձայն խոր հոգոց հանում։
Ինչո՞ւ ես այդքան հառաչում, ― խստորեն հարցրեց Սպան։
Ինչպե՞ս չհառաչեմ։ Ամբողջ կյանքում աշխատել եմ և միայն հառաչանքներ եմ հավաքել։ Օրական մի հառաչանք․․․ Հիմա մի քանի հազար հառաչանք ունեմ կուտակած։ Պետք է, որ մի կերպ նրանց օգտագործեմ։
Կանանցից ձերբակալեցին միայն սանամեր Դդումին, և քանի որ սա հրաժարվեց բանտ գնալ, խփելով գցեցին ցած, և նա այդպես մինչև ամրոց գլորվեց։ Դե նա այնքան կլոր էր, ո՜ր․․․
Բայց ինչքան էլ Լիմոնուկները խորամանկ էին, էլի նրանց չհաջողվեց Չիպոլինոյին ձերբակալել, չնայած որ նա մի Բողկ անունով աղջկա հետ նստած էր ցանկապատին և կամակոր հայացքով նայում էր ոստիկաններին։
Ցանկապատի մոտով անցնելիս Լիմոնուկները նույնիսկ նրան ու Բողկին հարցրին, թե մոտերքում չե՞ն տեսել մի վտանգավոր խռովարարի Չիպոլինո անունով։
Տեսե՛լ ենք, տեսե՛լ, ― ճղճղացին նրանք, ― նա քիչ առաջ թաքնվեց ձեր սպայի եռանկյոնի գլխարկի տակ։
Եվ բարձր ծիծաղելով, երեխաները հեռու փախան։
Նույն օրը Չիպոլինոն ու Բողկը գնացին ամրոցի կողմը հետախուզության։ Չիպոլինոն որոշեց ինչ գնով էլ լինի գերիներին ազատել, իսկ Բողկը, հասկանալի է, խոստացավ ամեն ինչում օգնել նրան։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ վեցերերդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ վեցերերդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:20:00 Rating: 5
Технологии Blogger.