Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներորդ


Չիպոլինոյի և խլուրդի ճանապարհորդությունը մի բանտից մյուսը
Գիշերը Չիպոլինոն արթնացավ։ Նրան թվաց, թե ինչ֊որ մեկը դուռը թակում է։ «Տեսնես ո՞վ կարող է լինել, ― մտածեց նա, ― բայց գուցե ինձ միայն թվաց, թե թակում են»։
Նա դեռ գլխի չէր ընկել, թե ով էր իրեն արթնացնողը, երբ նորից աղմուկ լսվեց։ Դա մի հավասար ու խուլ ձայն էր կարծես թե մոտերքում ինչ֊որ մեկն աշխատում էր քլունգով։
«Մեկն ու մեկը ընդհատակյա անցք է փորում», ― մտածեց Չիպոլինոն, ականջը դնելով այն պատին, որտեղից ձայն էր լսվում։
Նա նոր էր արել այս եզրակացությունը, երբ հանկարծ պատից հող թափվեց, հետո պոկվեց ու ընկավ մի աղյուս, իսկ աղյուսից հետո ինչ֊որ մեկը թռավ նկուղ։
Այս ո՞ւր ընկա ես, սատանան տանի։
Իմ խցիկը, ― պատասխանեց Չիպոլինոն, ― այսինքն՝ կոմսուհի Բալերի ամրոցում ամենամութ նկուղը։ Ներեցեք, որ այս անիծյալ խավարի մեջ ես չեմ կարող ձեզ լավ տեսնել և, ինչպես հարկն է, բարևել ձեզ։
Իսկ դուք ո՞վ եք։ Ներեցեք, ես սովոր եմ մթության, իսկ այստեղ շատ լույս է։ Ես լույս ժամանակ ոչինչ չեմ տեսնում։
Ահա թե ինչ, ուրեմն դուք Խլուրդն եք։
Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Խլուրդը, ― ես վաղուց էի ուզում այս կողմը անցք փորել, բայց ազատ ժամանակ չէի գտնում։ Ախր իմ ստորանցքները գետնի տակով տասնյակ կիլոմետրեր են ձգվում։ Երբեմն ջուր է լցվում այնտեղ, դրանից էլ ես միշտ հիվանդանում եմ հարբուխով։ Իսկ այդ անտանելի որդերը ուր ասես սողոսկում են և ուրիշի աշխատանքը չեն հարգում։ Ա՛յ դրա համար էլ այս գործը մի շաբաթից մյուսն էի հետաձգում։ Բայց այսօր առավոտ ինքս ինձ ասացի «Սինյոր Խլուրդ, եթե դուք իրոք հետաքրքրասեր եք և ուզում եք աշխարհ տեսնել, ապա ժամանակն է, որ նոր միջանցք փորեք»։ Եվ ճամփա ընկա․․․
Բայց այստեղ Չիպոլինոն ընդհատեց սինյոր Խլուրդի պատմությունն ու անհրաժեշտ համարեց ներկայանալ։
Իմ անունը Չիպոլինո է, որ նշանակում է «փոքրիկ սոխի գլուխ»։ Ես ասպետ Պոմիդորի գերին եմ։
Մի անհանգստացեք, բացատրության կարիք չկա։ Ես ձեզ հոտից անմիջապես ճանաչեցի։ Ես անկեղծորեն ձեզ խղճում եմ։ Դուք ստիպված եք գիշեր ցերեկ մնալ այսքան անտանելի լույս տեղում, իսկ դա իսկական պատիժ է։
Ինձ թվում է, թե այստեղ շատ մութն է․․․
Դուք կատակ եք անում, բայց ես ձեզ անսահման խղճում եմ։ Այո, մարդիկ չար են։ Ես այսպես եմ կարծում, եթե ուզում եք որևէ մեկին զնդան գցել, ապա թող այդ զնդանում կարգին մութ լինի, որտեղ մարդու աչքերն իսկականից կկարողանան հանգստանալ։
Չիպոլինոն գլխի ընկավ, որ բնավ միտք չունի լույսի ու մթության մասին վիճել Խլուրդի հետ, որը վարժվելով իր ստորանցքների խավարին, այդ մասին բոլորովին առանձնահատուկ կարծիք ուներ։
Այո, ես պետք է խոստովանեմ, որ լույսն ինձ էլ է անհանգստացնում, ― հառաչելով ասաց Չիպոլինոն։
Ահա տեսնո՞ւմ եք։ Իսկ ես ի՞նչ էի ասում։
Չիպոլինոյի խոսքերը Խլուրդին շատ հուզեցին։
Եթե դուք ավելի փոքր լինեիք․․․ սկսեց նա։
Ե՞ս, ես մի՞թե մեծ եմ։ Հավատացնում եմ ձեզ, որ կարող եմ մտնել ուզածդ Խլուրդի անցքը, այսինքն՝ բույնը։
Գուցե, գուցե, երիտասա՛րդ։ Միայն թե բարի եղեք իմ ստորանցքներին մեկ էլ անցք կամ բույն չասեք։ Այսպես ուրե՛մն, գուցե ինձ հաջողվի ձեզ այստեղից դուրս բերել։
Ես հեշտությամբ կմտնեմ այն ստորանցքը, որ դուք հենց նոր փորեցիք, ― ասաց Չիպոլինոն։ Միայն խնդրում եմ, առաջ դուք գնացեք, որովհետև ես կարող եմ կորչել։ Լսել եմ, որ ձեր ստորանցքները շատ խառնիխուռն են։
Հնարավոր է, ― ասաց Խլուրդը, ― ես ձանձրանում եմ միշտ միևնույն ճանապարհով գնալ։ Ուզո՞ւմ եք, մի նոր ճանապարհ փորեմ։
Իսկ ո՞ր կողմը, ― վրա բերեց Չիպոլինոն։
Է՜, որ կողմն ուզում եք, ― պատասխանեց Խլուրդը, ― միայն թե մի տեղ հասնենք և չընկնենք սրա նման լուսավոր տեղ, անեծք սրան։
Չիպոլինոն միանգամից մտածեց այն զնդանի մասին, որտեղ տառապում էին Դդումը, Խաղողը և մյուսները։ Այ թե կզարմանան, եթե նա ընդհատակյա անցքով հանկարծ հասնի այնտեղ։
Ես կարծում եմ պետք է փորել դեպի աջ, ― առաջարկեց նա Խլուրդին։
Աջ թե ձախ՝ ինձ համար մեկ է։ Եթե դու այդպես ես ուզում՝ գանանք աջ։
Եվ Խլուրդը առանց երկար մտածելու, գլուխը խրեց պատի մեջ ու սկսեց այնպես արագ փորել, որ Չիպոլինոն ոտից֊գլուխ հողոտվեց։ Տղան մոտ քառորդ ժամ հազում ու փռշտում էր։ Երբ հազն ու ղնգտոցն անցավ, նա լսեց Խլուրդի ձայնը, որն անհաբեր կանչում էր նրան
Այդ ի՞նչ է, երիտասարդ, ― գալո՞ւ եք իմ հետևից թե ոչ։
Չիպոլինոն խցկվեց Խլուրդի փորած ստորանցքը, որ բավականաչափ լայն էր, որպեսզի նա կարողանար առանց որևէ դժվարության առաջ գնալ։ Խլուրդը կայծակի արագությամբ աշխատելով, արդեն մի քանի մետր փորել էր։
Ես այստե՛ղ եմ, ես այստե՛ղ եմ, քրթմնջաց Չիպոլինոն, անընդհատ թքոտելով և պաշտպանվելով Խլուրդի թաթերի տակից դուրս թռչող հողակոշտերից, որ ընկնում էին ուղիղ նրա բերանը։
Սակայն նախքան Խլուրդի հետևից գնալը, Չիպոլինոն իր խցի պատի մեջ մի անցք բաց արեց։
«Երբ ասպետ Պոմիդորը նկատի, որ փախել եմ, ― մտածեց նա, թող չիմանա, թե որ կողմն եմ փախել»։
Ինչպե՞ս եք ձեզ զգում, ― հարցրեց Խլուրդը շարունակելով աշխատանքը։
Շնորհակալություն, հիանալի եմ զգում, ― պատասխանեց Չիպոլինոն։ Այստեղ այնքան անթափանց խավար է, որ․․․
Ես ախր ասում էի ձեզ, որ իսկույն ձեզ լավ կզգաք։ Ուզո՞ւմ եք, մի քիչ կանգնենք։
Ի միջի այլոց, ես կգերադասեի ճանապարհը շարունակել, որովհետև շտապում եմ։ Բայց գուցե ձեզ համար դժվար կլինի իմ ստորանցքներով այսքան արագ քայլել, քանի որ սովոր չեք։
Ո՛չ, ո՛չ, շարունակենք, ― պատասխանեց Չիպոլինոն, մտածելով, որ արագ գնալով նրանք ավելի շուտ կհասնեն այն նկուղը, որտեղ գտնվում են իր բարեկամները։
Շատ լավ։ Եվ Խլուրդն սկսեց արագ առաջ գնալ։
Չիպոլինոն հազիվ էր հասնում նրան։
― ― ― ― ―
Չիպոլինոյի փախուստից քառորդ ժամ հետո նրա խցիկի դուռը բացվեց։ Մի ուրախ երգ սուլելով, զնդան մտավ սինյոր Պոմիդորը։
Ինչպիսի՜ չարությամբ էր քաջ ասպետը սպասում այդ րոպեին։ Երբ նա նկուղ էր իջնում, նրան թվաց, թե ամենաքիչը մի քանի կիլոյով թեթևացել է։
«Չիպոլինոն ձեռքս է ընկել, ― ինքնագոհ մտածում էր նա։ Ես նրան կստիպեմ ամեն ինչ խոստովանել, իսկ հետո կկախեմ։ Այո՛, այո՛, կկախեմ։ Դրանից հետո վարպետ Խաղողին և մնացած հիմարներին բաց կթողնեմ նրանցից արդեն վախենալու բան չունեմ։ Ահա և այն խուցը, որտեղ նստած է կալանավորը։ Ա՜խ, ինչքան հաճելի է մտածել այդ փոքրիկ սրիկայի մասին, որ երևի այնքան է լաց եղել, որ արցունքներն սպառել է արդեն։ Նա, իհարկե, կընկնի իմ ոտներն ու ներումն կխնդրի։ Կարող եմ երդվել, որ կլիզի կոշիկներս։ Ի՞նչ կա որ, կթողնեմ, որ մի քիչ թավալվի ոտներիս մոտ և նույնիսկ ազատելու որոշ հույսեր կտամ, իսկ հետո կհայտնեմ վճիռս՝ «կախաղա՜ն»։
Սակայն երբ ասպետ Պոմիդորը մեծ բանալիով բացեց խցիկի դուռը և վառեց գրպանի լապտերը, հանցագործի հետքն էլ չգտավ։ Խուցը դատարկ էր, բոլորովին դատարկ։
Պոմիդորն իր աչքերին չէր հավատում։ Նրա մոտ կանգնած բանտապանները տեսան, որ նա չարությունից կարմրեց, դեղնեց, կանաչեց, կապտեց և, վերջապես, սևացավ։
Որտե՞ղ կարող էր թաքնվել այդ տղան։ Չիպոլինո, որտե՞ղ ես անպիտանի մեկը, թաքնվե՞լ ես, հա՞։
Հարցը բավական անտեղի էր։ Բայց այնուամենայնիվ, որտե՞ղ կարող էր Չիպոլինոն թաքնվել, երբ նեղլիկ խցում հարթ ու մերկ պատերից, նստարանից և ջրով կժից բացի, ուրիշ ոչինչ չկար։
Ասպետ Պոմիդորը նայեց նստարանի տակ, զննեց ջրի կուժը, նայեց առաստաղին, հետախուզեց հատակի ու պատերի յուրաքանչյուր սանտիմետրը, բայց ամեն ինչ իզուր էր գերին անհայտացել էր, կարծես գոլորշիացել։
Ո՞վ է նրան բաց թողել, ― սպառնագին հարցրեց Պոմիդորը, դիմելով Լիմոնուկներին։
Չգիտենք, սինյոր ասպետ։ Չէ՞ որ բանալին ձեզ մոտ է, ― համարձակվեց հիշեցնել պահակապետը։
Պոմիդորը ծոծրակը քորեց իսկապես, բանալին իր մոտ էր։
Որպեսզի գաղտնիքը լուծի, նա որոշեց նստել նստարանին։
Նստած ավելի հեշտ է մտածել, քան թե կանգնած։ Բայց նստած էլ նա ոչինչ չկարողացավ հասկանալ։
Հանկարծ քամու հանկարծակի հոսանքը դուռը փակեց։
Բա՛ց արեք, տվարնե՛ր, ― ճչաց Պոմիդորը։
Ձերդ բարություն, այդ հնարավոր չէ։ Լսեցի՞ք, թե ինչպես փականքը չխկաց։
Ասպետ Պոմիդորը փորձեց դուռը բանալիով բացել, բայց փականքն այնպես էր շինված, որ միայն դրսից կարելի էր բացել։
Վերջապես սինյոր Պոմիդորը համոզվեց, որ ինքը իրեն բանտ է նստեցրել և կատաղությունից քիչ մնաց պայթեր։
Նա նորից սևացավ, կապտեց, կանաչեց, կարմրեց, դեղնեց և սկսեց սպառնալ, թե անմիջապես բոլոր բանտարկյալներին կգնդակահարի, եթե նրանք երկու ժամում իրեն չազատեն։
Կարճ ասած, որպեսզի դուռը բացեին, հարկավոր էր դինամիտով պայթեցնել այն։
Այդպես էլ արեցին։ Ցնցումից սինյոր Պոմիդորը գլուխկոնձի տվեց և ոտից֊գլուխ թաղվեց հողի տակ, Լիմոնուկները նետվեցին ասպետին հողի տակից հանելու, և երկար չարչարվելուց հետո դուրս քաշեցին նրան, որ նոր հանած կարտոֆիլի նման ամբողջովին հողոտվել էր։ Հետո նրան տարան վեր, թափ տվեցին և սկսեցին զննել, որպեսզի տեսնեն, թե գլուխը, քիթը, ոտներն ու ձեռները հո չեն վնասվել։
Պոմիդորի գլուխն առողջ էր, բայց քիթը կարգին տուժել էր։ Վնասվածքին կպչուն լաթ փակցրին, և ասպետն իսկույն անկողին մտավ։ Նա անհարմար էր զգում այդ ուռույցքը քթին՝ մարդկանց երևալ։
Չիպոլինոն և Խլուրդն արդեն հեռու էին երբ լսեցին պայթյունի արձագանքը։
Ի՞նչ կարող էր լինել այդ․․․ հարցրեց տղան։
Օ՜, մի անհանգստացեք, ― բացատրեց Խլուրդը, ― այդ երևի զինվորական պարապմունքներ են։ Իշխան Լիմոնն իրեն մեծ զորավար է պատկերացնում և չի հանգստանա մինչև պատերազմ չհնարի, թեկուզ սուտ պատերազմ։
Եռանդով փորելով ստորերկրյա միջանցը, Խլուրդն անընդհատ գովում էր խավարը և վատաբանում լույսը, որը նա ամբողջ հոգով ատում էր։
Մի անգամ, ― ասաց նա, ― այնպես պատահեց, որ ես մի աչքով նայեցի մոմի․․․ երդվում եմ, երբ իմացա, թե դա ինչ բան է, ինչքան ոտներումս ուժ կար՝ փախա։
Իհարկե, ― հառաչեց Չիպոլինոն, ― որոշ մոմեր շատ պայծառ են վառվում։
Ի՞նչ ես ասում, ― պատասխանեց Խլուրդը, ― այդ մոմը չէր վառվում։ Բարեբախտաբար հանգած էր։ Ի՞նչ կլիներ իմ բանը, եթե վառված լիներ։
Չիպոլինոն մնացել էր զարմացած ինչպե՞ս կարող էր հանգած մոմը վնաս տալ տեսողությանը։ Բայց այդ ժամանակ Խլուրդը հանկարծ կանգ առավ։
Ես ձայներ եմ լսում, ― ասաց նա։
Չիպոլինոն ականջները սրեց, նրան հեռավոր խոսակցություն հասավ, թեև չէր կարողանում ձայները որոշել։
Լսո՞ւմ եք, ― ասաց Խլուրդը։ Որտեղ մարդկային ձայն, այնտեղ էլ մարդ։ Իսկ որտեղ մարդ կա, այնտեղ էլ լույս։ Ավելի լավ է ուրիշ կողմ գնանք։
Չիպոլինոն նորից ականջ դրեց և այս անգամ նա պարզ լսեց վարպետ Խաղողի ձայնը։ Միայն թե նա չկարողացավ հասկանալ, թե ինչ է ասում կոշկակարը։
Տղան ուզում էր ամբողջ ձայնով կանչել, որպեսզի իրեն լսեին, ճանաչեին, բայց իսկույն մտածեց «Ոչ, թող Խլուրդն առայժմ չիմանա, թե դրանք իմ բարեկամներն են։ Առաջ հարկավոր է սրան համոզել, որ մինչև նկուղը անցք փորի, թե չէ կարող է համառել, և իմ բոլոր պլանները փուլ կգան»։
Սինյոր Խլո՛րդ, ― զգուշորեն սկսեց Չիպոլինոն, ― ես լսել եմ մի շատ, շա՜տ մութ անաձավի մասին, որն իմ կարծիքով պետք է հենց այս կողմում լինի։
Իմ ստորանցքից մո՞ւթ, ― բացարձակ կասկածանքով հարցրեց Խլուրդը։
Շատ ավելի մութ, ― վճռականորեն ասաց Չիպոլինոն։ Երևի այդ մարդիկ, որոնց ձայները մենք լսում ենք, եկել են այդ անձավը, որպեսզի հանգիստ տան իրենց հոգնած աչքերին։
Հը՛մ․․․ մռթմռթաց Խլուրդը, ― ինչ֊որ չեմ հավատում․․․ բայց եթե շատ եք ուզում այդ անձավում լինել, թող ձեր ասածը լինի։ Իհարկե, պատասխանատվությունը ձեզ վրա է ընկնում։
Խնդրում եմ, սինյոր Խլուրդ։ Ձեզ անչափ շնորհակալ կլինեմ, ― խնդրեց Չիպոլինոն։ Իսկ դուք կծանոթանաք նոր անձավին։ Մարդ ինչքան ապրի, այնքան կսովորի, ճիշտ չէ՞։
Լա՛վ, ― համաձայնեց Խլուրդը, ― իսկ եթե ուժեղ լույսից իմ աչքերը ցավեն, ձեր բանը վատ կլինի։
Մի քանի րոպե հետո ձայները ավելի մոտիկից լսվեցին։
Չիպոլինոն պարզ լսեց, թե ինչպես է քավոր Դդումը ծանր հառաչում։
Օ՜խ, այս բոլորի համար ես եմ մեղավոր․․․ Ե՛ս․․․ ախ, եթե Չիպոլինոն գար և մեզ այս նեղությունից ազատեր․․․
Եթե չեմ սխալվում, ― ասաց Խլուրդը, այնտեղ ձեր անունը տվեցին։
Իմ անո՞ւնը, կարծես ոչինչ չհասկանալով՝ հարցրեց Չիպոլինոն, ― չի կարող պատահել, ես չեմ լսում, թե ինչ են խոսում։
Բայց այդ ժամանակ հնչեց վարպետ Խաղողի ձայնը
Չիպոլինոն խոստացավ, որ մեզ կազատի, ուրեմն անպայման կգա։ Ես բոլորովին չեմ կասկածում։
Լսո՞ւմ եք։ Ձեր մասին են խոսում, ― պնդեց Խլուրդը, ― ձեր մասին։ Ո՛չ, ո՛չ ինձ մի հավատացրեք, թե չեք լսում։ Ավելի լավ է ասեք, թե ի՞նչ մտադրությամբ դուք ստիպեցիք, որ այստեղ գամ։
Սինյոր Խլուրդ, ― խոստովանեց Չիպոլինոն, ― գուցե իրոք ավելի լավ կլիներ, որ ես ձեզ սկզբից ճշմարտությունն ասեի։ Բայց թույլ տվեք գոնե հիմա ասել, թե բանն ինչ է։ Այս ձայները, որ դուք լսում եք, գալիս են կոմսուհիներ Բալերի զնդանից։ Այնտեղ տառապում են իմ բարեկամները, որոնց ես խոստացել եմ ազատել։
Եվ դուք այդ որոշել եք իմ օգնությամբ անել։
Իհարկե՛, սինյոր Խլուրդ, դուք այնքան բարի եղաք, որ արդեն այսքան երկար միջանցք փորեցիք։ Չէի՞ք ուզենա մի քիչ էլ աշխատել, որպեսզի ազատեիք իմ բարեկամներին։
Խլուրդը մի քիչ մտածեց ու ասաց
Լա՛վ, համաձայն եմ։ Ինձ համար, ճիշտն ասած, միևնույն է թե որ կողմն եմ հող փորում։ Ոչի՛նչ, ձեր ընկերների համար ստորանցք կբացեմ։
Չիպոլինոն հաճույքով կհամբուրեր ծեր Խլուրդին, բայց տղայի դեմքը այնպես էր հողոտվել, որ նա ինքն էլ չգիտեր, թե որտեղ է գտնվում իր բերանը։
Ամբողջ սրտով շնորհակալ եմ ձեզնից, սինյոր Խլուրդ։ Մինչև մահ ձեզ պարտական կլինեմ։
Դե լավ․․․, փնթփնթաց հուզված Խլուրդը։ Ավելի լավ է ժամանակ չկորցնենք շաղակրատելով և շուտ հասնենք ձեր բարեկամներին։
Նա նորից սկսեց իր աշխատանքը և մի քանի վայրկյանում նկուղի պատը ծակեց։ Սակայն, դժբախտաբար այն պահից, երբ Խլուրդը մտավ նկուղ, վարպետ Խաղողը լուցկի վառեց, որ տեսնի, թե ժամը քանիսն է։
Խեղճ Խլուրդի վրա լուցկու բոցն այնպես ազդեց, որ նա անմիջապես ետ֊ետ գնաց ու կորավ խավարի մեջ։
Ցտեսություն, սինյոր Չիպոլինո, ― հեռանալով ձայն տվեց նա, ― դուք լավ տղա եք, և ես անկեղծորեն ուզում էի ձեզ օգնել։ Բայց դուք պարտավոր էիք նախազգուշացնել ինձ, որ մեզ այդպիսի կուրացուցիչ լույսով կդիմավորեն։ Դուք չպետք է ինձ խաբեիք։
Նա այնքան արագ էր վազում, որ հետևից փլվեց հենց նոր փորած ստորանցքի առաստաղը, պատերը նստեցին, և ամբողջ ստորուղին հողով լցվեց։ Շուտով Չիպոլինոն Խլուրդի ձայնն այլևս չէր լսում։ Նա ինքն իրեն փնթփնթալով տխրությամբ հրաժեշտ տվեց Խլուրդին․․․ «Ցտեսություն, բարի ծերուկ Խլուրդ։ Աշխարհը նեղ է, և գուցե մենք դեռ հանդիպենք երբևէ, ու ես ձեզ խաբելու համար ներողություն կխնդրեմ։
Այսպես բաժանվելով իր ճանապարհորդության ընկերոջից, Չիպոլինոն ինչքան հնարավոր էր թաշկինակով դեմքը մաքրեց և վազեց իր բարեկամների մոտ այնքան ուրախ և անհոգ, կարծես տոնի էր եկել։
Բարի օր, բարեկամներս, ― զրնգուն ձայնով գոչեց նա։
Պատկերացրե՜ք ձերբակալվածների ուրախությունը։ Նրանք նետվեցին Չիպոլինոյի գիրկը և համբույրի անձրև տեղացին նրա գլխին։ Մի վայրկյանում նրա վրա նստած կեղտը մաքրվեց։ Ոմանք գրկում էին նրան, ոմանք բարեկամաբար կսմթում, ոմանք խփում ուսին։
Հանգի՛ստ, հանգի՛ստ, ― համոզում էր Չիպոլինոն, ― դուք ինձ կտոր֊կտոր կանեք։
Նրանք շատ չհանգստացան, բայց նրանց ուրախությունը փոխվեց հուսահատության, երբ Չիպոլինոն պատմեց իր չարաբաստիկ արկածների մասին։
Ուրեմն, ախպերս, դու է՞լ մեզ նման գերի ես, ― հարցրեց վարպետ Խաղողը։
Այդպես է դուրս գալիս, ― պատասխանեց Չիպոլինոն։
Բայց եթե պահակները գան, քեզ կտեսնեն։
Այդ արդեն պարտադիր չէ, ― ասաց Չիպոլինոն։ Ես միշտ էլ կարող եմ թաքնվել պրոֆեսոր Տանձի ջութակի մեջ։ Բարեբախտաբար ես այնքան էլ մեծ չեմ։
Օ՜յ, իսկ ո՞վ մեզ այստեղից կհանի, ― շշնջաց Դդումը։
Եվ այս բոլորը իմ մեղքով, ― ծանր հառաչեց Դդումը։ Այս բոլորն իմ պատճառով եղավ․․․
Չիպոլինոն ուզում էր ընկերներին աշխուժացնել, բայց նրա բոլոր ջանքերը իզուր անցան։ Դե, ասենք, նրա տրամադրությունն էլ բանի նման չէր։

Հաջորդ գլուխները տես Այստեղ 
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասներորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 27, 2019 Rating: 5
Технологии Blogger.