Չիպոլինոյի արկածները | Գլուխ հինգերորդ


Քավոր Հավամրգին դռների վրա գողերի համար զանգակ է կախում
Վերադառնալով գյուղ, Չիպոլինոն տեսավ, որ Դդումի տնակի մոտ շատ մարդիկ են հավաքվել։ Նրանք տագնապահար ու կիսաձայն խոսում էին իրար հետ։ Երևում էր, որ կարգին վախեցած են։
Տեսնես էլի՞ որևէ բան կանի ասպետ Պոմիդորը, ― տխուր ու մտահոգ հարցրեց պրոֆեսոր Տանձը։
Ես կարծում եմ, որ այս պատմությունը վատ կվերջանա։ Ինչ ուզում ես արա, նրանք են այստեղ տերն ու տիրակալը, դրա համար էլ ինչ սրտներն ուզում է, անում են, ― ասում էր սանամեր Դդումը։
Սոխ Պրասի կինն անմիջապես համաձայնեց նրան և, ամուսնու բեղերը սանձի պես բռնելով, ճչաց
Հապա մի տուն գնանք, քանի դեռ մի վատ բան չի պատահել։
Նույնիսկ վարպետ խաղողը տագնապած օրորում էր գլուխը։
Ասպետ Պոմիդորն արդեն երկրորդ անգամն է հիմար վիճակի մեջ ընկնում։ Նա անպայման կուզենա վրեժ լուծել։ Միայն քավոր Դդումը չէր անհանգստանում։ Նրա գրպանում էլի կոնֆետ կար և նա բոլոր ներկա երեխաներին ուրախ դեպքի առթիվ հյուրասիրեց։
Չիպոլինոն մի կոնֆետ վերցրեց, և բերանը դնելով, սկսեց մտածել։
Ես էլ եմ կարծում, որ Պոմիդորը հեշտությամբ չի զիջի, ― ասաց նա։
Բայց այդ դեպքում․․․ վախեցած ճչաց Դդումը։
Ուրախ ժպիտը նրա դեմքից իսկույն չքացավ, կարծես արեգակը մտավ ամպերի տակ։
Ես կարծում եմ, մեզ միայն մի բան է մնում՝ տունը թաքցնել։
Ինչպե՞ս թե՝ թաքցնել։
Շատ հասարակ։ Եթե սա պալատ լիներ, մեզ, իհարկե, չէր հաջողվի թաքցնել։ Բայց ախր տունն այնքան փոքր է, որ կարելի կլինի ձորձահավաքի սայլակով տանել։
Ձորձահավաքի տղան՝ Լոբիկը, վազեց տուն և իսկույն, սայլակը քարշ տալով, վերադարձավ։
Դուք ուզում եք տնակը բարձել սայլակի վրա՞, ― անհանգստացած հարցրեց քավոր Դդումը։
Նա վախենում էր, թե իր թանկագին տնակը հանկարծ քարուքանդ կլինի։
Մի՛ անհանգստացիր, տնակիդ ոչինչ չի լինի, ― ծիծաղեց Չիպոլինոն։
Իսկ ո՞ւր տանենք, ― նորից հարցրեց քավոր Դդումը։
Նա վախենում էր, թե իր թանկագին տնակը հանկարծ քարուքանդ կլինի։
Առայժմ կարելի է տանել իմ նկուղը, ― առաջարկեց վարպետ Խաղողը, ― իսկ հետո՝ կտենսնենք։
Իսկ եթե սինյոր Պոմիդորը որևէ կերպ իմանա՞։
Այստեղ բոլորը միանգամից նայեցին փաստաբան Սիսեռիկին, որ կարծես պատահաբար անցնում էր այդտեղով և այնպես էր ցույց տալիս, թե անցնողը բոլորովին էլ ինքը չէր։
Փաստաբանը կարմրեց, բարևեց ու սկսեց երդվել
Ասպետ Պոմիդորն ինձանից ոչինչ չի իմանա, ես խաբարբզիկ չեմ, ես ազնիվ փաստաբան եմ։
Նկուղում տնակը կխոնավանա և կարող է փուլ գալ, ― երկչոտ հակաճառեց քավոր Դդումը։Իսկ ինչո՞ւ չպահենք անտառում։
Իսկ այնտեղ ո՞վ կհսկի տնակը, ― հարցրեց Չիպոլինոն։
Անտառումն է ապրում իմ ծանոթը, քավոր Հավամրգին, ― ասաց պրոֆեսոր Տանձը, ― կարելի է տնակը նրան վստահել։ Իսկ հետ կտեսնենք, թե ի՛նչ անենք։
Այդպես էլ որոշեցին։
Մի քանի րոպեում տնակը դրեցին սայլակի վրա։ Քավոր Դդումը հառաչելով հրաժեշտ տվեց տնակին և գնաց իր թոռնիկի, սանիկ Դդմիկի մոտ, որ այս բոլոր հուզումներից հետո մի փոքր հանգստանա։
Իսկ Չիպոլինոն, Լոբիկն ու Տանձը տնակն անտառ տարան։ Տանելն այնքան էլ դժվար չէր, քանի որ տնակը ավելի ծանր չէր քան թռչնավանդակը։
Քավոր Հավամրգին ապրում էր անցյալ տարվա շագանակի հաստ և փշոտ կեղևի մեջ։ Դա շատ նեղ բնակարան էր, բայց քավոր Հավամարգին իր ամբողջ ունեցվածքով, որ բաղկացած էր մրկրատի մի կեսից, ժանգոտած ածելուց, ասեղ ու թելից և պանրի մի կտորից, բավական հարմար էր տեղավորվել։
Երբ քավոր Հավամրգին լսեց, թե ի՛նչ են իրենից խնդրում, նա սկզբում սարսափելի անհանգստացավ։
Ապրել այդքան մեծ տանը, ոչ, ես երբեք չեմ համաձայնի։ Դա անհնարին է։ Ես մեն֊մենակ ի՞նչ պիտի անեմ այդ հսկայական դատարկ պալատում։ Ես ինձ լավ եմ զգում իմ շագանակի կեղևում։ Գիտե՞ք հին առածը։ Ասում են՝ սեփական տանը պատերն էլ են մարդու օգնում։
Սակայն, երբ քավոր Հավամրգին իմացավ, որ անհրաժեշտ է օգնել քավոր Դդումին, անմիջապես համաձայնեց։
Ես միշտ խղճացել եմ ծերուկին։ Մի անգամ ես նրան զգուշացրի, որ վզի մոտ որդ է սողում։ Ախր դրանով, կարելի է ասել, կործանումից փրկեցի։
Տնակը դրեցին մի մեծ կաղնու տակ։ Չիպոլինոն, Լոբիկը և Տանձը քավոր Հավամրգին օգնեցին, որ սա իր ամբողջ հարստությունը նոր տուն տեղափոխի և, խոստանալով շուտով վերադառնալ, հրաժեշտ տվեցին։
Մենակ մնալով, քավոր Հավամրգին լրջորեն անհանգստացավ։ Հանկարծ ու գողերը հարձակվեն։
«Հիմա, երբ իմ տունն այսքան մեծ է, պարզ է, որ ինձ կուզենան թալանել։ Ո՞վ գիտի, կարող է քնած տեղս ինձ նույնիսկ սպանեն, ենթադրելով, թե մոտս գանձ կա»։
Նա մտածեց, մտածեց և որոշեց դռան վրա մի զանգակ կախել, իսկ մեջը դնել տպագիր տառերով գրված այս գրությունը
«Խոնարհաբար խնդրում ենք սինյոր գողերին, որ այս զանգակը զնգացնեն։ Նրանց իսկույն կթողնեն ներս, և սինյոր գողերը իրենց սեփական աչքերով կտեսնեն, որ տանը գողանալու ոչինչ չկա»։
Գրությունը գրելով, նա հանգստացավ, և երբ մթնեց, հանգիստ պառկեց քնելու։
Կես-գիշերին նա արթնացավ զանգի ձայնից։
Ո՞վ է, ― հարցրեց քավոր Հավամրգին, պատուհանից գլուխը հանելով։
Գողեր են, ― պատասխանեց մի կոպիտ ձայն։
Գալիս եմ, գալիս, միայն, խնդրում եմ, սպասք խալաթս հագնեմ, ― ասաց քավոր Հավամրգին։
Նա խալաթը հագավ, դուռը բաց արեց և գողերին խնդրեց, որ ամբողջ տունը խուզարկեն։ Գողերը երկու հսկայական, բարձրահասակ, սևամորուս տղաներ էին։ Նրանք հերթով, զգուշորեն, որպեսզի ուռույցքներ չստանան, գլուխները ներս մտցրին և շուտով համոզվեցին, որ տանելու բան չկա։
Տեսնո՞ւմ եք, սինյորներ, համոզվեցի՞ք, ― ուրախացած ասաց քավոր Հավամրգին, ձեռքերը շփելով։
Հը՛մ․․․ այո՛․․․ մռթմռթացին հիասթափված գողերը։
Հավատացեք, ինձ համար տհաճ է ձեզ դատարկ ձեռքով ճամփու դնելը, ― շարունակեց քավոր Հավամրգին, ― չե՞մ կարող ձեզ որևէ օգուտ տալ։ Սափրվել չէի՞ք ուզենա, ես այստեղ ածելի ունեմ ճիշտ է, հին է, իմ ապու պապից մնացած ժառանգությունն է, բայց թվում է, մի կերպ կսափրի։
Գողերը համաձայնեցին։ Նրանք ժանգոտած ածելիով մի կերպ սափրվեցին և, մի քանի անգամ տանտիրոջը շնորհակալություն հայտնելով, գնացին։ Մի խոսքով՝ նրանք կարգին տղաներ դուրս եկան։
Ով գիտի, թե ինչո՞ւ էին նրանք այդքան վատ արհեստ ընտրել։
Քավոր Հավամրգին նորից անկողին մտավ և քնեց։
Ժամը երկուսին նրան արթնացրեց երկրորդ զանգահարությունը։ Էլի երկու գող էին եկել։
Ներս մտեք, ― ասաց քավոր Հավամրգին, ― միայն հասկանալի է՝ հերթով, թե չէ տունը կքանդվի։
Այս գողերը մորուք չունեին, բայց նրանցից մեկը բաճկոնի վրա կոճակներ չուներ։
Ոչ մի կոճակ։ Քավոր Հավամրգին նրան նվիրեց ասեղն ու թելը և խորհուրդ տվեց զբոսանքի ժամանակ ոտքերի տակ ավելի ուշադիր նայել։
Գիտե՞ք ինչ, ճանապարհի վրա միշտ շատ կոճակներ են թափված լինում, ― բացատրեց նա գողին։
Այս գողերն էլ գնացին իրենց գործին։
Մի խոսքով, քավոր Հավամրգուն ամեն գիշեր արթնացնում էին գողերը, որոնք զանգակը զնգացնում էին, ներս էին մտնում, նայում և ետ գնում, չնայած առանց ավարի, բայց շատ գոհ, որ ծանոթացան այս բարի ու քաղաքավարի փոքրիկ տանտիրոջ հետ։
Այսպիսով, ինչպես տեսաք, քավոր Դդմի տնակը լավ հսկողության տակ էր։ Այժմ եկեք բաժանվենք նրանից և տեսնենք, թե ի՛նչ է կատարվում մյուս տեղերում։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ հինգերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ հինգերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:39:00 Rating: 5
Технологии Blogger.