Մարսել Էմե | Շունը


Դելֆինն ու Մարինետը ծնողների հանձնարարությամբ գնումներ էին կատարել և տուն էին վերադառնում: Նրանց մնում էր մեկ կիլոմետր ճանապարհ: Պայուսակում տանում էին երեք կտոր օճառ, մեկ կիլոգրամ շաքար, հորթի երշիկ և 15 տուփ համեմունք՝ մեխակ: Ամեն մեկը, պայուսակի մի կանթից բռնած, ճոճում էր այն՝ գեղեցիկ մի երգ երգելով: Ճանապարհի մի ոլորանում «Միրոնտոն, միրոնտոն, միրոնտեն» երգելիս փոքրիկները տեսան մի շուն, որը քայլում էր գլուխը կախ: Շունը կարծես վատ տրամադրություն ուներ. վեր քաշած ռունգերի տակից փայլում էին սուր-սուր ժանիքները, իսկ երկար, մեծ լեզուն հասնում էր մինչև գետին: Հանկարծ նա աշխուժորեն ճոճեց պոչը և վազեց ճանապարհի եզրով, սակայն այնքան անվարժ, որ գլուխը խփեց ծառին: Անսպասելի հարվածից ետ մղվեց և զայրույթից կլանչեց: Փոքրիկները կանգ առան ճանապարհի մեջտեղում ու վտանգելով գնումները՝ իրար սեղմվեցին: Մարինետը դեռ շարունակում էր երգել «Միրոնտոն, միրոնտոն, միրոնտեն»-ը, բայց շատ ցածր և արդեն փոքր-ինչ դողացող ձայնով:
-Մի՛ վախեցեք,- ասաց շունը,- ես չար չեմ: Ընդհակառակը: Միայն շատ տխուր եմ, որովհետև կույր եմ:
-Օ˜, խեղճ շուն,- ասացին փոքրիկները,- մենք չգիտեինք:
Շունը, ավելի աշխուժորեն թափահարելով պոչը, մոտեցավ աղջիկներին, հետո լիզեց նրանց ոտքերը և բարյացակամորեն հոտոտեց զամբյուղը:
-Պատմե՞մ, թե ինչ է պատահել ինձ,- վերսկսեց նա: -Միայն թույլ տվեք մեկ րոպե նստեմ, ինչպես տեսնում եք հալից ընկել եմ:
Երեխաները տեղավորվեցին նրա դիմաց՝ խոտերի վրա, իսկ Դելֆինն ապահովության համար զամբյուղը դրեց ոտքերի արանքը:
-Ա˜խ, ինչ լավ բան է հանգստանալը,- հառաչեց շունը: -Այսպես, գալով ինձ, ասեմ, որ մինչև կուրանալս ծառայում էի մի կույր մարդու: Դեռևս երեկ վզիցս կախած այս պարանը օգնում էր առաջնորդել տիրոջս ու այժմ լավ եմ հասկանում, թե որքան օգտակար եմ եղել նրան: Տանում էի ամենալավ ճամփաներով, ուր առատորեն ծաղկում է ալոճենին: Երբ անցնում էինք ագարակի առջևով, ասում էի նրան. «ագարակի հասանք»: Ագարակատերերը նրան հացի կտոր էին տալիս, ինձ ոսկոր էին նետում, իսկ երբ թույլ էին տալիս, երկուսով քնում էինք մարագի մի անկյունում: Հաճախ էլ մեզ վատ էին ընդունում: Այդ ժամանակ ես նրան պաշտպանում էի: Կատաղած տեսք էի ընդունում, և մեզ թողնում էին անցնել: Այնպես որ, ցանկության դեպքում, ես կարող եմ սարսափազդու տեսք ընդունել, ապա նայեք…
Եվ ժանիքները ցուցադրելով սկսեց գռմռալ: Միաժամանակ ոլորեց խոշոր աչքերը: Փոքրիկները նրա այդ տեսքից սաստիկ վախեցան:
-Բավական է,- ասաց Մարինետը:
-Ձեզ ցույց տալու համար արեցի: Կարճ ասած, տիրոջս մատուցում էի անհրաժեշտ, փոքրիկ ծառայություններ, էլ չեմ խոսում ինձ լսելու բավականության մասին: Ընդունում եմ, որ ես ընդամենը շուն եմ, բայց խոսելը օգնում է, որ ժամանակն անցնի…
-Դուք մարդու նման լավ խոսում եք, շո´ւն:
-Դուք շատ սիրալիր եք,- ասաց շունը: Աստվա˜ծ իմ, ձեր պայուսակն ի˜նչ լավ է բուրում…Ինչի՞ մասին էի խոսում…Այո, իմ տիրոջ: Ես հնարքներ էի գտնում նրա կյանքը թեթևացնելու, բայց միևնույնն է, նա երբեք գոհ չէր լինում: Ամեն «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն նա ինձ հարվածում էր ոտքով: Դրանից հետո կպատկերացնեք իմ զարմանքը, երբ երկու օր առաջ նա ինձ շոյել սկսեց ու բարեկամաբար խոսեց հետս: Գիտեք, դրանից հոգիս տակն ու վրա եղավ: Ոչինչ ինձ այնքան հաճելի չէ, որքան փաղաքշանքը: Դրանից ես ինձ լիովին երջանիկ եմ զգում: Շոյե´ք ինձ, որպեսզի տեսնեք…
Շունը ձգեց-երկարացրեց վիզը՝ մեծ գլուխը հրամցնելով փոքրիկներին, որոնք շոյեցին նրա գզգզված մազերը: Իրոք, նրա պոչը սկսեց թրթռալ, միաժամանակ ցածր ձայնով գռմռում էր:
-Դուք, իհարկե, համբերությամբ լսում եք ինձ,- վերսկսեց շունը,- բայց ես ցանկանում եմ ավարտել պատմությունս: Ինձ երկար շոյելուց հետո տերս անմիջապես ասաց. «Շուն, ուզո՞ւմ ես վերցնել իմ ցավը ու կուրանալ իմ փոխարեն»: Ես նման բան չէի սպասում՝ վերցնել նրա ցավը: Ամենալավ բարեկամի դեպքում էլ երկմտելու բան կար: Ինչ ուզում եք մտածեք իմ մասին, բայց ես «ո´չ» պատասխանեցի:
-Դե իհարկե,- վրա տվին փոքրիկները,- այդպես էլ պետք էր:
-Այո: Որքան գոհ եմ, որ ինձ նման եք մտածում: Այնուամենայնիվ, մի փոքր խիղճս տանջում էր, որ անմիջապես չհամաձայնեցի:
-Անմիջապե՞ս: Բայց մի՞թե, շուն…
-Սպասե´ք: Նա ավելի սիրալիր էր, քան նախորդ օրը: Նա ինձ այնքան բարեկամաբար էր շոյում, որ ես ամաչում էի մերժելուս համար: Ի վերջո ես համաձայնեցի: Նա երդում կերավ, որ ինձ երջանիկ շուն էր դարձնելու, որ ինձ առաջնորդելու էր ճամփաներով և պաշտպանելու էր, ինչպես ես էի նրան պաշտպանում: Բայց նոր էի վերցրել իր ցավը, երբ նա ինձ անմիջապես լքեց՝ հրաժեշտի խոսք անգամ չասելով: Եվ երեկ երեկոյից մեն-մենակ եմ գյուղում. խփվում եմ ծառերին ու սայթաքում՝ ճանապարհի քարերին դիպչելով: Քիչ առաջ հորթի մսի հոտ առա, հետո լսեցի երկու աղջնակի երգը և մտածեցի՝ թերևս ինձ չեն լքի…
-Օ˜, ոչ,- ասացին փոքրիկները,- դուք շատ ճիշտ եք արել, որ մոտեցել եք մեզ:
Շունը հառաչեց և հոտոտեց պայուսակը.
-Ես նաև շատ քաղցած եմ…Հորթի միս եք տանում, չէ՞:
-Այո, երշիկ է,- ասաց Դելֆինը: Բայց հասկանո՞ւմ եք, շուն, սա մեր ծնողների համար է: Մերը չէ:
-Ուրեմն, ես նախընտրում եմ այդ մասին այլևս չմտածել: Այնուամենայնիվ, այն պետք է որ համեղ լինի: Ասացե´ք, փոքրիկներ, ինձ չե՞ք տանի ձեր ծնողների մոտ: Եթե չպահեն, գոնե մի կտոր ոսկոր, կամ, թերևս, մեկ ափսե ապուր ու քնելու տեղ կտան այս գիշեր:
Փոքրիկների ուզածն էլ դա էր. շանը տուն տանել և նույնիսկ ընդմիշտ պահել: Նրանք մի փոքր անհանգստանում էին, թե ինչպես կընդունեն ծնողները: Չէր կարելի մոռանալ կատվին, որը մեծ կշիռ ուներ տանը և, թերևս, վատ աչքով նայեր շանը:
-Եկեք,- ասաց Դելֆինը,- մեր ձեռքից եկած ամեն բան կանենք, որպեսզի ձեզ ապաստանենք:
Վեր կենալիս փոքրիկները տեսան ճանապարհի մի ավազակի, որի գործը գնումներ կատարած երեխաներին հետևելն էր, նրանցից պայուսակներ խլելը:
-Նա է,- ասաց Մարինետը,- գնումներ հափշտակող մարդը:
-Մի´ վախեցեք,- հանգստացրեց շունը, ես նրան այնպիսի մռութ ցույց կտամ, որ պայուսակին նայելու ցանկությունը հօդս կցնդի:
Մարդը մոտենում էր մեծ-մեծ քայլերով, ձեքերն էր շփում մտածելով մթերքներից տռզած պայուսակի մասին, սակայն երբ տեսավ շան մռութը և լսեց նրա գռմռոցը, դադարեց ձեռքերը շփել: Նա անցավ ճանապարհի մյուս կողմը և բարևեց գլխարկը հանելով: Փոքրիկները ճիգ էին գործադրում, որպեսզի չփռթկան:
-Տեսնո՞ւմ եք,- ասաց շունը, երբ մարդն անհետացել էր,- իզուր եմ կուրությունից խեղճանում, ես դեռ կարող եմ օգտակար լինել:
Շունը շատ գոհ էր: Նա քայլում էր փոքրիկների կողքով, իսկ նրանք, ամեն մեկն իր հերթին, բռնել էին նրա պարանից:
-Միասին որքա˜ն համերաշխ կապրենք,- ասում էր նա:
Բայց ինչպե՞ս են ձեզ կոչում, փոքրիկներ:
-Քույրս, որ բռնել է ձեր պարանից, Մարինետն է, մեր շեկլիկն է Մարինետը:
Շունը կանգ առավ Մարինետին հոտոտելու:
-Մարինետ, շատ լավ,- ասաց նա,- ես կկարողանամ նրան ճանաչել, շարունակե´ք:
-Իսկ իմ քույրը Դելֆինն է,- ասաց իր հերթին շեկլիկը:
-Դելֆին, ես այդ անունն էլ չեմ մոռանա: Հարկադրված ճանապարհորդելով նախկին տիրոջս հետ, ճանաչել եմ շատ աղջիկների, բայց անկեղծ ասած, նրանցից ոչ մեկը ձեր անունների նման գեղեցիկ անուններ չունեին:
Փոքրիկներն իհարկե շիկնեցին, սակայն շունն այդ տեսնել չէր կարող և շարունակում էր հաճոյախոսել: Նա ասում էր, որ փոքրիկները նաև գեղեցիկ ձայն ունեն, և նրանք պետք է որ խելացի լինեն, որպեսզի ծնողները նրանց վստահեին երշիկ գնել:
-Չգիտեմ դուք եք ընտրել այդ երշիկը, թե ոչ, բայց հավատացնում եմ, բուրավե˜տ է…
Նա պատրվակ էր բռնում անդրադառնալու երշիկին ու շարունակ այս մասին էր խոսում: Ամեն րոպե մոտենում, քիթը կպցնում էր պայուսակին և քանի որ կույր էր, բազմաթիվ անգամ խփվեց Մարինետի ոտքերին և, քիչ մնաց նրան վայր գցեր:
-Լսեք, շո´ւն,- ասաց Դելֆինը,- լավ կլինի, որ այլևս չմտածեք երշիկի մասին: Եթե այն իմը լիներ, հավատացնում եմ, ես այն ամբողջ սրտով ձեզ կտայի, բայց ինչպես տեսնում եք, չեմ կարող: Ի՞նչ կասեն ծնողներս, եթե երշիկը չտանենք:
-Անկասկած, ձեզ կնախատեն…
-Նաև հարկ կլինի ասել, որ դուք եք այն կերել և քնելու տեղ տալու փոխարեն նրանք ձեզ դուրս կշպրտեն:
-Միգուցե նաև ծեծեն,- շարունակեց Մարինետը:
-Ճիշտ եք,- հաստատեց շունը,- բայց մի կարծեք, որ շատակերությունից եմ խոսում երշիկի մասին: Ամենևին էլ ինձ տալու համար չեմ ասում: Ի դեպ, երշիկի նկատմամբ անտարբեր եմ: Անկասկած, հրաշալի կերակուր է, բայց մի թերություն ունի՝ ոսկոր չունի: Երբ մատուցում են երշիկ, տերերն այն լրիվ ուտում են ու շան համար ոչինչ չի մնում:
Այսպես զրուցելով փոքրիկներն ու կույր շունը հասան տուն: Առաջինը նրանց տեսավ կատուն: Մեջքն ուռեցրեց, ինչպես անում էր զայրանալիս, մազերը տնկվեցին, իսկ պոչը ավլեց-մաքրեց գետնի փոշին: Հետո վազեց խոհանոց ու ասաց.
-Փոքրիկներն ինչ-որ շուն են բերում: Ինձ դա այնքան էլ դուր չի գալիս:
-Շո՞ւն, դա էր պակաս,- ասացին ծնողները: Նրանք բակ դուրս եկան և համոզվեցին, որ կատուն չէր ստել:
-Ինչպե՞ս եք գտել այդ շանը և ինչո՞ւ եք տուն բերել,- զայրացած հարցրեց հայրը:
-Սա մի խեղճ, կույր շուն է,- ասացին փոքրիկները: -Նա գլուխը խփում էր ճանապարհի ծառերին և շատ դժբախտ էր թվում:
-Կարևոր չէ: Ես ձեզ արգելել եմ խոսել օտարների հետ:
Շունը մի քայլ առաջ եկավ, գլխով բարևեց ու դիմեց նրանց:
-Տեսնում եմ, ձեր տանը տեղ չկա կույր շան համար և ես առանց հապաղելու կշարունակեմ իմ ճանապարհը: Բայց, մինչև մեկնելս, թույլ տվեք ձեզ շնորհավորել, որ այսքան խելացի ու հնազանդ երեխաներ ունեք: Քիչ առաջ ես թափառում էի ճանապարհով, իհարկե փոքրիկներին չէի տեսել ու հանկարծ երշիկի հաճելի բուրմունք առա: Քանի որ երեկվանից պասի մեջ եմ, ես շատ էի ցանկանում ուտել, բայց փոքրիկներն ինձ արգելեցին դիպչել իրենց պայուսակին: Ի դեպ, կարծում եմ, որ չար տեսք ունեի: Եվ, գիտեք, նրանք ինձ ինչ ասացին. «Երշիկը ծնողների համար է և այն, ինչ պատկանում է ծնողներին, շների համար չէ»: Ահա թե ինչ ասացին նրանք: Չգիտեմ դուք ինչպես, բայց երբ ես հանդիպում եմ երկու աղջնակի նույնքան խելացի ու հնազանդ, ես մոռանում եմ, որ սոված եմ և մտածում եմ, որ նրանց ծնողները բախտավոր են:
Մայրն արդեն ժպտում էր փոքրիկներին, իսկ հայրը շան գովեստից իրեն հպարտ էր զգում:
-Ես դժգոհելու ոչինչ չունեմ,- ասաց հայրը,- նրանք շատ լավ երեխաներ են: Քիչ առաջ նրանց հանդիմանում էի, որ աչալուրջ լինեն: Ես նույնպես գոհ եմ, որ ձեզ առաջնորդել են մինչև տուն: Այսօր դուք համեղ ապուր կուտեք և կարող եք գիշերը մեզ մոտ մնալ: Պատմեք, թե ինչպե՞ս եք կուրացել ու մենակ մնացել:
Այստեղ շունը մեկ անգամ էլ պատմեց իր հետ պատահածը: Ծնողները հետաքրքրությամբ լսում էին և չէին թաքցնում իրենց հուզմունքը:
-Դուք բոլոր շներից լավն եք,- ասաց հայրը,- և ձեզ կարելի է միայն հանդիմանել, որ շատ բարի եք: Ձեր ցուցաբերած գթասրտության համար ուզում եմ ձեզ օգտակար լինել: Մնացեք մեր տանը: Ես ձեզ համար գեղեցիկ բուն կպատրաստեմ, և դուք ամեն օր ապուր կունենաք, չհաշված ոսկորները: Քանի որ շատ եք ճանապարհորդել, կպատմեք ձեր տեսած երկրների մասին ու այսպես մենք կկրթվենք:
Փոքրիկներն ուրախությունից շառագունել էին, հոր վճիռը նրանց երջանկացրել էր: Կատուն նույնպես մեղմացել էր և մեջքն ուռեցնելու, բեղերի տակ ատամները կրճտացնելու փոխարեն շանը նայում էր բարեկամաբար:
-Ես շատ երջանիկ եմ,- հառաչեց շունը: -Այսպիսի հյուրընկալ տուն չէի սպասում գտնել:
-Դուք վատ տեր եք ունեցել,- ասաց հայրը,- չար, եսասեր ու անշնորհակալ: Բայց թող մտքով չանցկացնի այս կողմերով անցնել, ամոթանք կտամ նրան իր արարքի համար, և կպատժեմ:
Շունը տարուբերեց գլուխն ու հառաչեց.
-Իմ տերն արդեն պետք է որ լավ պատժված լինի: Իհարկե, ոչ խղճի խայթից, այլ ծուլությունից: Այժմ, երբ արդեն կույր չէ և ապրելու համար աշխատել է պետք, վստահ եմ, որ ափսոսում է այն բարի օրերը, երբ միակ գործը թափառելն էր և հաց մուրալը: Նույնիսկ պետք է խոստովանեմ, որ անհանգստանում եմ նրա համար, որովհետև աշխարհում նրանից ավելի ծույլ մարդ չի գտնվի:
Կատուն սկսեց բեղի տակ ծիծաղել: Նա գտնում էր, որ շունը հիմար է, որովհետև մտահոգվում էր իրեն լքած տիրոջ համար: Ծնողներն էլ այդպես էին մտածում:
Շունն ամաչում էր ու լսում էր նրանց ականջները կախած: Բայց փոքրիկները նրան գրկեցին ու Մարինետը, նայելով ուղիղ կատվի աչքերի մեջ, ասաց.
-Նա բարի է, իսկ դու, կատո´ւ, բեղիդ տակ ծիծաղելու փոխարեն լավ կլինի՝ նույնպես բարի լինես:
-Եվ հետո, երբ քե´զ հետ խաղանք,- շեշտեց Դելֆինը,- մեզ այլևս չճանկռես, որպեսզի դրա համար մեզ անկյուն չկանգնեցնեն:
Կատուն տխրեց ու փոքր ինչ ամաչեց: Նա մեջքով շրջվեց դեպի փոքրիկները և տխուր-տրտում շորորալով գնաց դեպի տուն՝ քթի տակ մրթմրթալով, որ իր հանդեպ արդարացի չեն, որ ճանկռում էր զվարճանալու համար կամ էլ անում էր առանց դիտավորության, իսկ իրականում նույնքան բարի էր, որքան շունը և միգուցե դեռ ավելին:
Փոքրիներին դուր էր գալիս շան ընկերակցությունը: Երբ գնում էին խանութ, ասում էին նրան.
-Շուն, գալի՞ս ես մեզ հետ:
-Այո´, այո´,- պատասխանում էր շունը,- կապը գցեք վիզս:
Դելֆինը կապում էր վզկապը, Մարինետը բռնում էր այն կամ հակառակը, և երեքով գնում էին դուրս:
Ճանապարհին փոքրիկները նրան պատմում էին, որ կովերի նախիրը շարժվում է դեպի մարգագետինները, կամ երկնքում լողում են ամպերը, և կույր շունը երջանիկ էր: Բայց միշտ չէ, որ փոքրիկներն իրենց տեսածը պատմում էին նրան: Այդժամ շունը հարցնում էր.
-Մի ասեք տեսնեմ, ինչ գույնի են այդ թռչունները կամ գոնե ինչպիսի՞ն են նրանց կտուցները:
-Շատ լավ, լսի´ր: Ամենամեծի մեջքի փետուրները դեղին են, թևերինը՝ սև, իսկ պոչինը՝ և՛ սև, և՛ դեղին…
-Ուրեմն դա պիրոլ է: Հիմա կլսեք նրա երգը:
Պիրոլը միշտ չէ, որ ցանկություն էր ունենում երգելու, և շունը փոքրիկներին զվարճացնելու համար փորձում էր նմանակել պիրոլի երգը, սակայն նրան հաջողվում էր միայն հաչել ու նա այնքան ծիծաղելի էր, որ ստիպված կանգ էին առնում, որպեսզի մի կուշտ ծիծաղեն: Երբ անտառեզրով նապաստակ կամ աղվես էր անցնում, այդ մասին շունն էր հայտնում փոքրիկներին: Նա քիթը կպցնում էր գետնին ու հոտոտելով ասում.
-Ես նապաստակի հոտ եմ առնում, նայե´ք այն կողմը…
Նրանք գրեթե ողջ ճանապարհն անցնում էին ծիծաղելով: Գրազ էին գալիս, թե երեքից որ մեկը ոտքի վրա թռչկոտելով ավելի արագ կգնա, և միշտ շունն էր հաղթում, որովհետև նա, այնուամենայնիվ, երեք լրացուցիչ թաթ էլ ուներ:
-Չեղավ,- ասում էին փոքրիկները,- մենք մի ոտքի վրա թռչկոտելով ենք գնում:
-Իսկ ձեր մեծ ոտքերով այնքան էլ դժվար չէ,- ասում էր շունը:
Կատուն միշտ էլ նեղսրտում էր, երբ շունը փոքրիկների հետ գնում էր խանութ: Նա այնքան էր կապված շանը, որ կցանկանար առավոտից երեկո մռմռալ նրա թաթերի մոտ: Երբ Դելֆինն ու Մարինետը դպրոցում էին լինում, նրանք գրեթե միշտ միասին էին: Անձրևոտ օրերին ժամանակն անց էին կացնում շան բնում՝ զրուցելով կամ կողք-կողքի քնելով: Բայց երբ օրն արևոտ էր լինում, շունը միշտ պատրաստ էր վազվզել դաշտերով ու ասում էր իր բարեկամին:
-Ծույլերի թագավոր, վե՛ր կաց, գնանք զբոսնելու:
-Մը˜ռ, մը˜ռ:
-Վե՛ր կաց, արի՛, ինձ ցույց տուր ճանապարհը:
- Մը˜ռ, մը˜ռ,- խաղացկուն շարունակում էր կատուն:
-Իհարկե, շատ կուզեիր ինձ հավատացնել, թե քնած ես: Լավ, ես գիտեմ, թե ինչ է քո ուզածը…արի´:
Շունն իջեցնում էր մեջքը, կատուն տեղավորվում էր նրա վրա, ու գնում էին զբոսնելու:
-Ուղի´ղ գնա,- ասում էր կատուն…Ձախ թեքվի´ր, եթե հոգնել ես, կարող եմ իջնել մեջքիցդ:
Բայց շունը գրեթե երբեք չէր հոգնում: Նա ասում էր, որ կատուն թեթև է, ինչպես աղավնու փետուր: Դաշտերով ու մարգագետիններով զբոսնելիս խոսում էին իրենց առօրյայի, փոքրիկների ու ծնողների մասին: Թեպետ պատահեց այնպես, որ կատուն էլի ճանկռեց Դելֆինին ու Մարինետին, բայց իրոք շատ էր բարիացել: Նա մշտապես մտահոգ էր, թե արդյոք իր բարեկամը գոհ է իր ճակատագրից: Եվ շարունակ անհանգստանում էր նրա համար:
-Շուն, դու քեզ երջանիկ զգո՞ւմ ես այստեղ,- հարցնում էր կատուն:
-Դե, իհարկե,- հառաչում էր շունը: -Ես բողոքելու տեղ չունեմ, բոլորը շատ սիրալիր են:
-Դու այդպես ես ասում, բայց տեսնում եմ, ինչ-որ բան թաքցնում ես:
-Ոչ, հավատացնում եմ քեզ,- առարկում էր շունը:
-Դու տխրո՞ւմ ես տիրոջդ համար:
-Ոչ, կատու, անկեղծ եմ ասում…և նույնիսկ մի փոքր նեղացած եմ նրանից: Ուզում եմ երջանիկ լինել և լավ բարեկամներ ունենալ, բայց չափսոսել տեսողությո˜ւնը…
-Իհարկե,- հառաչում էր կատուն,- իհարկե…
Մի օր, երբ փոքրիկները հարցնում էին շանը, թե նա ցանկանու՞մ է իրենց հետ դուրս գալ, կատուն զայրացավ և ասաց, որ կույր շան տեղը ճանապարհի վրա է, երկու խենթուկների կողքին չէ: Սկզբում փոքրիկները ծիծաղեցին ու Մարինետը կատվին առաջարկեց իրենց ուղեկցել: Վերջինս ինքնահավան տեսքով, ոտքից գլուխ նրան չափելով, պատասխանեց.
-Մի՞թե ես՝ կատուս, գնումների կգնամ:
-Կարծում էի քեզ հաճելի կլիներ,- ասաց Մարինետը,- բայց եթե նախընտրում ես մնալ, քո գործն է:
Նկատելով, որ կատուն զայրացած է, Դելֆինը կռացավ նրան շոյելու, սակայն կատուն ճանկռեց նրա ձեռքը: Բարկացած Մարինետը, իր հերթին կռացավ ու քաշեց կատվի բեղերից:
-Երբեք ավելի զզվելի կենդանի չեմ տեսել, որքան այս ծեր կատուն:
-Ա´ռ քեզ,- նրան էլ ճանկռելով պատասխանեց կատուն,- քեզ տեղն է:
-Ա˜խ, ա˜խ:
-Այո, ճանկռեցի ու գնում եմ ծնողներիդ ասելու, որ բեղերիցս քաշել ես, և քեզ անկյուն կանգնեցնեն:
Կատուն արդեն վազում էր դեպի տուն, երբ շունը, որը ոչինչ չէր տեսել, բայց նաև չէր ուզում հավատալ ականջներին, զայրացած դիմեց նրան:
-Կատո´ւ, իրոք չէի կարծում, որ այդքան չարն ես: Ես ստիպված եմ հավատալ, որ փոքրիկներն իրավացի են: Ես քեզնից դժգոհ եմ:
Կատուն այնքան էր շփոթվել, որ ոչինչ չկարողացավ պատասխանել: Արդեն ճանապարհին էին, երբ շունը կրկնեց.
-Ես քեզնից դժգոհ եմ:
Կատուն բակի կենտրոնում տխուր-տրտում մենակ կանգնած էր: Հիմա էր հասկանում, որ չէր կարելի ճանկռել, որ իրեն շատ վատ էր պահել: Հատկապես նրան տանջում էր այն միտքը, որ շունն այլևս իրեն չէր սիրում և որ իրեն զզվելի կատու էր համարում: Եվ գնաց ձեղնահարկ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու: «Միևնույնն է, ես բարի եմ,- ինքն իրեն ասում էր կատուն,- ու եթե ճանկռել եմ, առանց մտածելու եմ արել: Զղջում եմ արարքիս համար, ահա ապացույց, որ ես բարի եմ: Բայց ինչպես նրան հավատացնեմ»: Երեկոյան, երբ փոքրիկները վերադարձան, նա չհամարձակվեց ձեղնահարկից իջնել: Քիթը պատուհանից դուրս հանելով տեսավ, որ շունը բակում պտտվում էր ու ասում.
-Կատվի ձայնը չեմ լսում, ոչ էլ հոտն եմ առնում: Փոքրիկներ, դուք նրան տեսնո՞ւմ եք:
-Չէ, չեմ տեսնում,- պատասխանեց Մարինետը,- և չեմ էլ ցանկանում տեսնել: Նա շատ չար է:
-Ճի˜շտ է,- հառաչեց շունը,- այսօրվա արարքից հետո հակառակը չես ասի:
Կատուն իրեն դժբախտ էր զգում: Նա ուզում էր գլուխը ձեղնահարկի պատուհանից դուրս հանել ու բղավել. «Ճիշտ չէ, ես բարի˜ եմ», բայց չէր համարձակվում ոչինչ ասել, որովհետև մտածում էր, որ կատարվածից հետո շունը պարտավոր չէր իրեն հավատալ: Նա ծանր գիշեր անցկացրեց, և աչք չփակեց: Հաջորդ օրը՝ առավոտ կանուխ, աչքերն անքնությունից կարմրած ու կախ ընկած բեղերով, ձեղնահարկից իջավ ու գնաց շանը բնի մեջ փնտրելու: Նստեց շան դիմաց ու խղճալի ձայով ասաց.
-Բա´րև շուն…այդ ես եմ, կատուն…
-Բա՛րև, բա՛րև,- գռմռաց շունը փոքր-ինչ խոժոռ:
-Վատ ես քնել շուն, տխուր ես երևում…
-Ոչ, լավ եմ քնել…երբ ամեն առավոտ արթնանում եմ ու ոչինչ չեմ տեսնում, տխուր եմ:
-Իսկապե՞ս, ես էլ եմ տխրում, որ դու չես տեսնում, որ մտածում եմ, որ եթե ինձ տաս քո ցավը, քո փոխարեն կկուրանամ և քեզ համար կանեմ նույնն, ինչ դու արեցիր տիրոջդ համար:
Սկզբում շունն արտասվելու չափ հուզվեց, չկարողացավ ոչինչ ասել:
-Կատու, ինչքան բարի˜ ես,- թոթովեց նա:
Կատուն, լսելով այդ խոսքերը, սկսեց հուզմունքից դողալ: Նա երբևէ չէր մտածել, որ բարի լինելն այդքան հաճելի է:
-Եվ այսպես,- ասաց նա,- ես վերցնում եմ քո ցավը:
-Ոչ, ոչ,- առարկում էր շունը,- ես չեմ ուզում:
Նա ոչ մի կերպ չէր համաձայնում ասելով, որ գրեթե վարժվել է իր վիճակին, և որ բարեկամներով ինքը երջանիկ է: Բայց կատուն չէր զիջում.
-Քեզ աչքերդ անհրաժեշտ են, որ տնեցիներին օգտակար լինես: Իսկ իմ ինչի՞ն է պետք տեսողությունը: Քեզ եմ հարցնում: Ես մի ծույլ կատու եմ, որին դուր է գալիս արևի տակ կամ կրակի կողքին քնելը: Ազնիվ խոսք, աչքերս գրեթե միշտ փակ են: Ես նույնիսկ չեմ զգա կուրությունը:
Նա այնքան համոզիչ էր խոսում ու այնքան հաստատ, որ շունն ի վերջո զիջեց: Փոխանակումը կատարվեց անմիջապես, տեղնուտեղը բնում: Հենց որ շունը կրկին տեսավ լույսը, կոկորդով մեկ բղավեց.
-Կատուն բարի˜ է, կատուն բարի˜ է:
Փոքրիկները բակ դուրս եկան ու իմանալով եղելությունը, լացակումած համբուրեցին կատվին:
-Ի˜նչ բարի է կատուն, ի˜նչ բարի է,- ասում էին նրանք,- շատ-շատ բարի է:
Իսկ կատուն բարի լինելուց երջանկացած կախել էր գլուխը և նույնիսկ չէր զգում, որ այլևս չի տեսնում:
Տեսողությունը վերագտնելուց հետո շունը շատ զբաղված էր և երբեք ժամանակ չէր ունենում բնում հանգստանալու, բացի կեսօրվա և գիշերվա ժամերից: Ցերեկը նրան ուղարկում էին հոտը հսկելու կամ ուղեկցում էր տերերին: Տերերից մեկը միշտ նրան տանում էր իր հետ: Շունը դրանից չէր դժգոհում: Ընդհակառակը, երբեք այդքան երջանիկ չէր եղել և երբ հիշում էր անցած-գնացածը, երբ գյուղից-գյուղ առաջնորդում էր նախկին տիրոջը, երախտապարտ էր այն դիպվածի համար, որն իրեն ագարակ բերեց: Միայն վատ էր զգում, որ բարեհոգի կատվին չէր կարողանում շատ ժամանակ հատկացնել: Նա արթնանում էր առավոտ կանուխ, կատվին նստեցնում մեջքին ու տանում գյուղով մեկ զբոսանքի: Կատվի համար դա օրվա ամենալավ պահն էր: Շունը նրա հետ խոսում էր և երբեք չէր մոռանում իր երախտագիտությունը հայտնել նրան, նաև ինչ-որ չափով ցավակցությունը: Կատուն ասում էր, որ այդ մասին չարժե նույնիսկ խոսել, բայց թախիծը սրտում մտածում էր, որ լավ կլիներ նորից տեսնել: Այժմ, երբ կույր էր, իրենով գրեթե չէին զբաղվում: Փոքրիկները երբեմն նրան դնում էին ծնկներին ու շոյում, բայց նրանց համար ավելի հետաքրքիր էր շան հետ վազվզելն ու թռչկոտելը, սակայն չկար այնպիսի մի խաղ, որտեղ կարողանային խաղացնել խեղճ, կույր կատվին:
Այնուամենայնիվ, կատուն չէր զղջում: Նա մտածում էր, որ իր բարեկամ շունը երջանիկ է և դրանից ավելի կարևոր ոչինչ չկար: Նա շատ բարի կատու էր: Օրվա ընթացքում, երբ զրուցակից չէր ունենում, նա, բուխարու կողքին կամ արևի տակ, որքան քեֆը տար քնում էր ու մռմռում.
-Մը˜ռ…ես բարի˜ եմ…մը˜ռ…ես բարի˜ եմ…
Ամառային մի շոգ օր կատուն տեղավորվել էր մառան տանող սանդուղքի վերջին աստիճանի զովին ու սովորականի նման մռմռում էր, երբ զգաց, որ ինչ-որ բան է շարժվում կողքին: Նրան տեսողություն պետք չէր, որպեսզի հասկանա, որ դա մուկ է ու նրան թաթի մի հարվածով բռնեց: Մուկն այնքան սարսափահար եղավ, որ նույնիսկ փախչելու փորձ չարեց:
-Պարոն կատու,- ասաց նա,- ես մի մոլորված, փոքր մկնիկ եմ, բա´ց թողեք ինձ…
-Փոքր մկնի՞կ, շատ լավ է, հիմա քեզ կուտեմ:
-Պարոն կատու, եթե ինձ չուտեք, խոստանում եմ ձեզ միշտ հնազանդվել:
-Ոչ, ես նախընտրում եմ քեզ ուտել: Եթե միայն…
-Եթե միա՞յն, պարոն կատու:
-Շատ լավ, լսիր: Ես կույր եմ, եթե ցանկանաս իմ փոխարեն կուրանալ, քեզ կենդանի կթողնեմ: Դու ազատ կզբոսնես բակում, ես ինքս քեզ ուտելիք կտամ: Այդ դեպքում դու կշահես:
Մուկը դեռևս տատանվում էր, կատուն բարեհոգաբար շարունակեց.
-Լավ մտածիր, մկնիկ, և անխոհեմ վճիռ չկայացնես: Ես այնքան էլ չեմ շտապում և կարող եմ մի քանի րոպե սպասել և, իհարկե, ուզում եմ, որ կամովին վճիռ ընդունես:
-Հասկանում եմ,- ասաց մկնիկը,- բայց եթե «ոչ» ասեմ, դուք ինձ կուտե՞ք:
-Իհարկե, մկնիկ, իհարկե կուտեմ:
-Ուրեմն, ես նախընտրում եմ կույր լինել, քան զոհվել:
Կեսօրին տուն դառնալով, Դելֆինն ու Մարինետը շատ զարմացան, երբ բակում տեսան պստիկ-ճստիկ մի մուկ, որ վազվզում էր կատվի քթի տակ: Զարմանքն ավելի մեծացավ, երբ իմացան, որ մկնիկը կույր է, իսկ կատուն՝ արդեն ոչ:
-Սա մի բարի, փոքրիկ արարած է,- ասաց կատուն,- նա հրաշալի սիրտ ունի, և ես առաջարկում եմ նրան խնամել:
-Հանգիստ կաց,- ասացին փոքրիկները,- նա ոչնչի կարիք չի ունենա:
-Մենք նրան կկերակրենք և գիշերվա համար անկողին կպատրաստենք: Շունն էլ իր հերթին եկավ և իմանալով եղելությունը, այնքան երջանկացավ, որ նույնիսկ մկան մոտ չկարողացավ թաքցնել ուրախությունը:
-Կատուն շատ բարի էր գտնվել,- ասաց նա,- և տեսեք՝ ինչ եղավ այսօր. նա դրա համար վարձատրվեց:
-Ճիշտ է,- ասացին փոքրիկները,- նա բարի գտնվեց…
-Ճիշտ է,- մրմնջում էր կատուն,- ես բարի գտնվեցի…
-Հը˜մ,- անում էր մկնիկը,- հը˜մ, հը˜մ:
Մի կիրակի, երբ շունը ննջում էր կատվի կողքին՝ բնի մեջ, իսկ երեխաները բակում պտտեցնում էին մկնիկին, շունը սկսեց անհանգիստ հոտոտել, հետո գռմռալով վեր կացավ և գնաց դուրս. ոտնաձայներ էին լսվում: Դա մի նիհարադեմ թափառական էր՝ պատառոտված շորերով, որը հոգնած քարշ էր տալիս ոտքերը: Տան մոտով անցնելիս մի հայացք նետեց բակի կողմը ու շանը տեսնելով ապշեց: Եվ վճռական քայլերով մոտեցավ.
-Շո՛ւն, հոտոտի՛ր ինձ…չե՞ս ճանաչում:
-Ճանաչում եմ,- շունը կախեց գլուխը: -Դուք իմ նախկին տերն եք:
-Ես քեզ հետ վատ վարվեցի, շուն…բայց եթե իմանաս խիղճս ինչպես էր տանջում, ինձ անկասկած կներես…
-Ես ձեզ ներում եմ, հեռացե՛ք:
-Այն օրվանից, ինչ տեսնում եմ, ես դժբախտ եմ: Այնքան ծույլ եմ, որ չեմ կարողանում ինձ ստիպել աշխատել և ուտում եմ հազիվ շաբաթը մեկ անգամ: Երբ կույր էի, աշխատել պետք չէր: Մարդիկ ինձ խղճում էին և ուտելիք ու քնելու տեղ էին տալիս: Հիշո՞ւմ ես: Մենք երջանիկ էինք…Եթե ցանկանաս, շուն, ես ետ կվերցնեմ քո ցավը, ես նորից կույր կդառնամ, և դու նորից ինձ կառաջնորդես:
-Միգուցե դուք երջանիկ էիք,- պատասխանեց շունը,- բայց ես՝ ամենևին: -Մոռացե՞լ եք հարվածները, որոնցով ինձ վարձատրում էիք: Դուք չար տեր էիք, և ես դա լավ հասկացա, երբ գտա բարիներին: Իմ մեջ չարություն չկա ձեր հանդեպ, սակայն երբեք ձեզ չեմ առաջնորդի ճամփաներով: Ի դեպ, դուք չեք կարող ետ վերցնել իմ ցավը, ես այլևս կույր չեմ: Կատուն, որը շատ բարի էր, ցանկացավ իմ փոխարեն կուրանալ և այնուհետև…
Բայց մարդն արդեն նրան չէր լսում ու հեռանում էր՝ նրան երախտամոռ անվանելով: Մարդը գնաց կատվին գտնելու, որը բնի առջև մռլտում էր և նրա մազերը շոյելով ասաց.
-Խե˜ղճ կատու, դու շատ դժբախտ ես:
-Մը˜ռ, մը˜ռ:
-Ես վստահ եմ, որ շատ բան կտաս, որ նորից տեսնես:
Եթե ուզում ես, ինձ տուր քո կուրությունը, փոխարենը ինձ կուղեկցես, ինչպես մի ժամանակ այդ անում էր շունը:
Կատուն աչքերը լայն բաց արեց և առանց շարժվելու պատասխանեց.
-Եթե դեռ կույր լինեի, միգուցե համաձայնեի, բայց մկնիկը վերցրեց իմ ցավը, ես այլևս կույր չեմ: Դա մի շատ բարի կենդանի է, և չի մերժի ձեզ: Նայեք, ահա քարի վրա քնած է, փոքրիկներն են պառկեցրել զբոսանքից հետո:
Մինչ մկնիկին մոտենալը մարդը մի պահ երկմտեց, բայց այնքան ծույլ էր, և հաց վաստակելու միտքն այնքան անընդունելի, որ ի վերջո վճռեց: Խոնարհվեց մկնիկի վրա ու մեղմորեն ասաց.
-Խե˜ղճ մկնիկ, դու կարեկցանքի ես արժանի…
-Այո, այո˜, պարոն,- ասաց մկնիկը,- փոքրիկները սիրալիր են, կատուն նույնպես, բայց ես շատ կուզեի տեսնել:
-Կուզե՞ս քո փոխարեն ես կուրանամ:
-Այո, պարոն:
-Փոխարենը իմ ուղեկցողը կլինես: Վզիցդ թել կկապեմ, և դու ինձ կառաջնորդես:
-Դժվար չէ,- ասաց մկնիկը,- ես ձեզ կառաջնորդեմ, ուր ցանկանաք:
Փոքրիկները կանգնած բակի մուտքի մոտ, շան ու կատվի կողքին, նայում էին մարդուն՝ մկան ետևից կույրի իր քայլերն անելիս: Մկան վզին կապած թելի ծայրը ձեռքին՝ նա գնում էր դանդաղ և շատ անհամարձակ, որովհետև մկնիկը շատ փոքր էր և հազիվ էր քաշում պարանը, իսկ կույրի ցանկացած աննշան շարժում ստիպում էր կենդանուն պտտվել ինքն իր շուրջը: Դելֆինը, Մարինետը և շունը անհանգստացած և խղճահարված էին: Տեսնելով քարերին դիպչող և վարանոտ քայլերով մարդուն՝ շունը դողում էր ողջ մարմնով: Փոքրիկները բռնել էին նրա վզի օղակից և շոյում էին գլուխը, բայց շունը հանկարծակի պոկվեց նրանց ձեռքից ու վազեց ուղիղ դեպի կույրը:
-Շո˜ւն,- բղավեցին փոքրիկները:
-Շո˜ւն,- կանչեց կատուն:
Շունը վազում էր չլսելու տալով, իսկ երբ կույրը կապեց պարանը վզից, նա առաջ ընթացավ առանց ետ նայելու, որպեսզի չտեսնի փոքրիկներին, որոնք արտասվում էին իր բարեկամ կատվի հետ:

Ֆրանսերենից թարգմանեց Ռուզան Միրզոյանը
Մարսել Էմե | Շունը Մարսել Էմե | Շունը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:53:00 Rating: 5
Технологии Blogger.