Պարույր Սևակ | Երազում եմ


Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի քեզ փախցընեմ
Ու հետս առած՝ ղաչաղ դառած՝ քեզ թռցընեմ
Անտակ ձորից, գարնանային գիժ գետակից,
Եվ ինչ ուզես՝ գտնեմ անգամ քարի՜ տակից.
                  Թե սոված ես՝
Կերակըրեմ եղնիկների համեղ մսով,
                  Թե ծարավ ես՝
Քեզ մոտենամ ցողով լեցուն ծաղկե թասով,
                  Թե դրսում ես՝
Պալատ դառնամ հանկարծակի,
                  Թե մրսում ես՝
                  Կրակ խլեմ և կայծակից,
Խփված արջի ոսկորներից խարույկ վառեմ,
Խարույկի մոտ քո պաղ խոսքից իսկույն սառեմ,
Սառցի մեջ էլ կրակ կտրեմ խոսքից քո ջերմ...

Բայց ես հիմա այն պատանի տղան հո՞ չեմ:
Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն:

Ինձ թվում է, թե դեռ պիտի մի օր աշխարհ զարմացընեմ.
Հին ջութակի յոթ լարի մեջ մի ութերորդ լար մտցընեմ
Ու նվագեմ:
                  Չնվագե՜մ, այլ սար ու քա՛ր լացացընեմ:
                  Եթե ինչ-որ տեղդ է ցավում,
                  Իսկույն բուժեմ՝ լոկ հայացքո՜վ...
                  Մի հինավուրց քարանձավում,
                  Աստվա՜ծ գիտի ինչ հրաշքով,
Բոլոր մեռած լեզուներով գրքեր ճարեմ
         Եվ բոլորը... ե՛ս վերծանեմ...

Գնամ մտնեմ Վանա լճի խորքերն անտակ
Եվ ի՜նչ - գտնեմ հին հայկական հազա՛ր քանդակ...
                  Մի օր հանկարծ ջղայնանամ ու վերցընեմ
                  Մթնոլորտը մեկ այլ օդով թարմացընեմ...

Արեգակի, լուսնի լույսով պատեր ծեփեմ,
Խարույկների հոսուն բոցից սարքեմ սեպեր,
Գրեմ վեպե՛ր,
Եվ ի՜նչ վեպեր...

Հասակս առած, խոհեմ դառած մարդ եմ արդեն,
Բայց, արի տես, դեռ գցում եմ ինձ դեսուդեն...

Ինձ թվում է, թե դեռ պիտի
Ես վերստին դառնամ ջահել՝
Իբրև հայտնի մարմնամարզիկ,
Մրցանակներ անվերջ շահեմ.
Թե դեռ պիտի չեմպիոն դառնամ ես շախմատի
Եվ, համաձայն պատվիրանին սուրբ Մահմադի,
Բերան չառնեմ օղու, գինու ոչ մի կաթիլ.
Ծխախոտով էլ չպիտի թունավորվեմ՝
Իմ իսկ ձեռքով էլ չպիտի տնավերվեմ,
Էլ չպիտի ուրիշներով տարվեմ-գերվեմ...
Միայն պիտի մեկին սիրեմ, մեկից սիրվեմ...

Այս հմայիչ երազներից գեթ երկուսը կկատարվե՞ն:
Ես կարող եմ պատասխանել այդ հարցի՛ն էլ.
-Միայն մեկը
                  և - վերջինը...

28.V.1957թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երազում եմ Պարույր Սևակ | Երազում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 09, 2019 Rating: 5
Технологии Blogger.