Պարույր Սևակ | Երգել


Ա՜խ, թե երգելիս
Զրընգալ, ինչպես բահը ջրտուքի,
Ինչպես մանգաղը ցորենի արտում,
Դղրդալ, ինչպես ջաղացի ջրտուն,
Եվ լռել, ինչպես ստվերը շոգին:

                  Իսկ դուք լսե՞լ եք՝
Ինչպես է երգում քամին նեղ ձորում,
Մեղրի կաթիլը ինչպես է ծորում,
Ինչպես է խոտը կրծում ճագարը,
Ինչպես է լիզում հորթն աղաքարը,
Ինչպես է երգում կաքավն իր «կղա»-ն,
Ինչպես է երգում խաղացող տղան...

                  Դուք չե՞ք մտածել.
         Կարծես Էոլյան մի նոր քնար է
         Սյունից սյուն ձգվող հեռագրի լարը:
                  Ա՜խ, եթե գտնել
         Այդպես երգելու դյուրին հնարը...
Ա՜խ, եթե երգով լալ այնպես, ինչպես ծառերը խեժով,-
                           արցունքո՜վ բուժող,-
Եվ սպիանալ, ինչպես ջրերը կանաչ ջրմուռով,-
                  անցած մրմուռո՜վ...
         Երգել ջրի պես՝ մերթ գահավիժող,
         Նեղլիկ քարափից բաց հովիտ խուժող՝
         Անգիտակ իր իսկ ահեղ մռունչին,
         Մերթ էլ փոխարկված տարտամ մրմունջի՝
                  դանդաղ նեղվելով
                  ու ներս մղվելով
                  իրենի՛ց ծնված,
                  իրենո՛վ սնված
                  խարդախ սառույցից,-
                  երգել ջրի պես՝
         Մերթ էպիկական մանրամասնությամբ,
                  ու մերթ թռուցիկ...

                  Իսկ եթե երգել,
         Ինչպես ալիքը փոթորկված ծովո՞ւմ,
                  Եվ նվագակցել,
         Ինչպես կաթիլը մութ քարանձավո՞ւմ:

                  Իսկ դուք լսե՞լ եք՝
         Լցված սափորից ի՜նչ նվագով է
                  պաղ ջուրը չռում.
         Ի՜նչ անկրկնելի եղանակով է
                  թեյնիկը եռում...

         Ա՜խ, եթե հնչել գովերգի նման՝
Երբ մանուկների բոբիկ ոտներից թեկուզ պղտորված՝
         Բարի առուն է գոհունակ ճողփում.
         Ա՜խ, եթե հնչել եղերգի նման՝
Երբ սիրած կինը իր հանկարծ զոհված մարդուն է ողբում:
         Ա՜խ, եթե երգել եղեգնի նման՝
Երբ վեր է կենում քունն առած քամին-
                  ցանկացած ժամին...

Իսկ թե տրորվել՝
                  ավազի՛ նման,
                  և ոչ թե վազի:
Իսկ թե օրորվել՝
                  օրորոցի՛ պես և ոչ թե պատի,
                  և այն ծոցի՛ պես,
                  որ ուռճանում է մայրական կաթից:
Եթե գալարվել՝
                  ոչ թե օձի՛ պես,
                  այլ շեկ բոցի՛ պես:
Եթե դալարվել՝
                  աղջըկա ճկուն իրանի նման:
Եթե խելառվել՝
                  ավելի լավ է անհաջող սիրուց:
Եթե ոլորվել՝
                  այն թելի նման,
                  որ շուլալվում է կախարդիչ կնոջ
                  վզի կոճակում:
Եթե գլորվել՝
                  այն լուրի նման,
                  որ գերված երկրին
                  սեփական բախտի տեր է հռչակում:
Եթե մոլորվել՝
                  այն տուղտի նման,
                  որ կանաչում է ծառի փչակում...

Եթե ենթարկվել՝
                  ինչպես երակը արյան մղումին.
Եթե ուղարկվել՝
                  աստղերից եկած պայծառ լույսի՛ պես.
Եթե քողարկվել՝
                  ապա հույսի՛ պես.
Եթե ընդգրկվել՝
                  զորասյունի մեջ, որ ստրկացած երկիր է փրկում
                  և ոչ թե մարդկանց լեզվից է զրկում.
Եթե վիճարկվել՝
                  վիճարկվել իբրև խոր ճշմարտություն.
Ու եթե զարկվել՝
                  տագնապի ժամին ահազանգի պես.
Ու եթե զրկվել՝
                  ապա սուտ փառքից, ոչ թե ամոթից.
Ու եթե լլկվել՝
                  բաժանման ցավից, ոչ թե թշնամուց.
Ու եթե լալկվել՝
                  արհամարհանքից և ոչ թե վախից.
Ու եթե ծլկվել՝
                  ինչպես անձրևը ճաքճըքած արտում.

Իսկ թե իմանալ՝
                  ինչպես արևը իր ծագման պահը.
Ու թե զարմանալ՝
                  ո՛չ թե լավ բանից, այլ միայն վատի՜ց.
Թե ընդարմանալ՝
                  որպեսզի նորի՛ց, կրկի՜ն թարմանալ.
Թե ընդդիմանալ՝
                  նաև անցողիկ հաջողությանը.
Ու թե դիմանալ՝
                  ապա դիմանալ
                  ժամանակների խիստ քննությանը...

                  Երգե՜լ ու... մեռնե՛լ,
              Ու եթե մի օր կասկած հարուցել,
              Ապա բուրավետ այն հոտերի՛ պես,
              Որ մի ժամանակ սուր են զգացվել,
              Դրա համար էլ արդ չեն զգացվում.
              Ու եթե մի օր դժվար հասկացվել՝
              Ապա հինավուրց այն տոտեմի՛ պես,
              Որ մի ժամանակ լավ էր հասկացվում:
                  Ու եթե մաշվել՝
              Ապա հեսանվող մի դանակի՛ պես.
                  Եթե ետ քաշվել՝
              Հաղթանակ տարած մի բանակի՛ պես.
                  Եթե չհիշվել՝
              Չքնաղ լեգենդի հեղինակի՛ պես...
                  Ու եթե հիշվել՝
              Ժողովրդական եղանակի՜ պես...

31.V.1957թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Երգել Պարույր Սևակ | Երգել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 20:40:00 Rating: 5
Технологии Blogger.