Պարույր Սևակ | Մեռնել


Եթե մեռնե՜լ...
                  Թո՛ղ որ մեռնեմ
                                    հուր-կայծակից՝
Միանգամի՛ց,
                  մի վայրկյանո՛ւմ,
                                    հանկարծակի՛,
Այնքա՜ն արդար,
                  խղճիս ձայնին մի՛շտ ունկընդիր,
Որ՝ համաձայն բիբլիական հին լեգենդին՝
Հանգիստ անցնեմ և ասեղի նեղլիկ ծակից...

Եթե մեռնե՜լ...
                  Թող սպանվե՛մ,
                                    թող կործանվե՛մ
Այնպես ապրած և բան արած,
Որ նորածին մանուկների տեսքով նորից
                  վերածնվեմ՝
Իմ անունո՛վ կնքեն նրանց...
Եթե գամվել՝
                  փարոսի՜ պես,
Արնաքամվել՝
                  հերոսի՜ պես,
Ու քրքրվել՝
                  դրոշի՜ պես...

Եթե մեռնե՜լ...
Բայց առայժմ ապրե՛լ է պետք:

26.V.1957թ.          
Մոսկվա

Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Մեռնել Պարույր Սևակ | Մեռնել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on марта 11, 2019 Rating: 5
Технологии Blogger.