Ջորջ Բայրոն | Կարոլինին


Տեսա աչքերդ արցունքով լեցուն,
Հայացքը տեսա քո աղերսական
Ու բառերից էլ ավելի խոսուն
Լսեցի ես քո հառաչներն անձայն:

 Թեև լացդ վիշտ էր արտահայտում,
Երբ պարտված էր սերն ու հույսը նույնպես,
Բայց դեռ, աղջիկս, այս սիրտը տրտում
Բաբախում էր խոր վշտով սրտիդ պես:

Բայց երբ վառվեցին մեր այտերն վշտից,
Երբ դիպան շուրթերդ իմ շրթունքներին,
Այնժամ խառնվեց լացն իմ դառնալից
Աչքերիցդ հոսող հորդ արցունքներին:

Չզգացիր այտերս հրով բռնկուն,
Լացդ մարում էր բոցերը նրա.
Եվ երբ որ փորձեց խոսել քո լեզուն,
Հազիվ անունս արտաբերեց նա:

Իսկ մենք, աղջիկս, զուր ենք հառաչում,
Զուր ենք սգում մեր բախտը ողբալի.
Լոկ հուշ կարող է մնալ մեր սրտում,
Բայց այդ էլ, այդ էլ մեզ լալ կստիպի:

Դե, մնաս բարով, և եթե, ավա˜ղ,
Չես կարող հաղթել վշտիդ անհատակ,
Մի հիշիր անցած օրերը ուրախ,
Զի մոռացումն է մեր հույսը միակ:

Թարգմանությունը՝  Մ. Խերանյան

Տես նաև Ջորջ Բայրոն Բանաստեղծություններ
Ջորջ Բայրոն | Կարոլինին Ջորջ Բայրոն | Կարոլինին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:28:00 Rating: 5
Технологии Blogger.