Անդրե Մորուա | Կորնթական գավիթը


Ամուսնական կյանքի քառասուն տարիների ընթացքում լորդ և լեդի Բարչեսթերները միշտ ապրել էին Փարք Լեյնի վրա գտնվող տանը: Բայց պատերազմից հետո նեղ կացության մեջ հայտնվեցին:
Կապիտալը անհաջող տեղ էին ներդրել, որդիներից մեկը սպանվել էր, նրա այրին ու երեխաները մնացել էին իրենց խնամքի տակ, իսկ եկամուտից գանձվող հարկը ֆունտին հինգ շիլինգի էր հասել: Լորդ Բարչեսթերը ստիպված էր համակերպվել այն մտքի հետ, որ չէր կարող միաժամանակ պահել Սասեքսում գտնվող հայրական կալվածքը և Փարք Լեյնի տունը: Երկար վարանելուց հետո վերջապես որոշեց կնոջ հետ խոսել իրեն հուզող հարցի մասին: Միայն թե վախենում էր ցավ պատճառել նրան: Երեսուն տարի առաջ նրանց ամուսնական կյանքը փոթորկալից էր եղել, բայց ծերությունն իր հետ բերել էր խաղաղություն, մեծահոգություն և քնքշություն:
-Սիրելիս,- ասաց կնոջը,- ցավում եմ, որ միայն մի ուղի կա մեր կյանքն առանց հոգսերի ավարտելու համար, և գիտեմ, որ այդ միջոցի իրականացումը ծանր պիտի անդրադառնա ձեզ վրա: Այն ընդունելու կամ մերժելու հարցում ազատ եք: Ահա այդ ուղին. Փարք Լեյնի տնապատկան հողերի արժեքը հիմա շատ է բարձրացել: Մի ձեռնարկատեր, որի հողատարածության մեջ սեպի պես խրվել է մեր տունը, ուզում է գնել այս անկյունը և այնպիսի գին է առաջարկում, որ կարող ենք ոչ միայն նույն թաղամասում տուն գնել, այլև հավելյալ գումար տնտեսել մեր կյանքի մնացած օրերի համար: Սակայն լավ գիտեմ, որ սիրում եք Բարչեսթեր Հաուզը, և չեմ ուզում ձեզ վիշտ պատճառող որևէ քայլ անել:
Լեդի Բարչեսթերը համաձայնեց տունը փոխանակել, և մի քանի ամիս անց ծերունական զույգը տեղափոխվեց նոր բնակարան, որը նախկինից հեռու չէր: Բանվորներն արդեն սկսել էին քանդել լքված տունը: Լորդ և լեդի Բարչեսթերները ամեն օր  զբոսանքի գնալիս անցնում էին նախկին տան մոտով և տարօրինակ զգացում ապրում՝ տեսնելով շինության դանդաղ փլուզումը, որ նրանց համար տարիներ շարունակ եղել էր աշխարհի ամենաանհրաժեշտ և ամենակայուն հիմքը: Երբ տեսան, որ տանիքը չկա, նրանց թվաց, թե իրենք են հանձնվել անձրևի և քամու բերանը: Լեդի Բարչեսթերի տառապանքները հատկապես խորացան այն ժամանակ, երբ տան ճակատի պատը բացվեց և ներկայացման մի նոր տեսարանի նման ի ցույց հանեց զոհված որդու՝ Պատրիկի սենյակն ու իր ննջարանը, որտեղ անցկացրել էր քառասուն տարվա համարյա բոլոր ժամերը:
Փողոցից նա նայում էր ննջասենյակի մուգ գույնի պաստառին: Երկար, շատ երկար էր դիտել նրա զարդանախշերը սգի, հիվանդության ու նաև երջանկության պահերին, և հիմա այդ պաստառի նախշերը նրան թվում էին մի ֆոն, որի վրա նկարված էր իր իսկ կյանքը: Մի քանի օրից նրան մեծ անակնկալ մատուցվեց. բանվորները քաշել պոկել էին պաստառը, և տակից հայտնվել էր սև ու սպիտակ մի թուղթ, որի գոյության մասին մոռացել էր, և որը անհասկանալի, սրտաճմլիկ մի ուժով արթնացրել էր Հարրի Վեբի հետ ունեցած սիրային երկարատև կապի հուշը: Քանի-քանի անգամ էր առավոտներն անվերջ անրջել՝ նայելով ճապոնական տնակների նկարներին՝ Հարրիի սիրատենչ նամակները կարդալուց հետո, որ նա գրում էր Հեռավոր Արևելքից: Մեծ սիրով էր սիրել նրան: Հիմա նա դարձել էր սըր Հարրի Վեբ՝ Նորին Մեծության դեսպանը Իսպանիայում:
Անձրևը շուտով պոկեց նաև այդ սև ու սպիտակ թուղթը, և մեկ ուրիշ շերտ հայտնվեց նրա տակից: Բավական պարզունակ ծաղիկներ էին նկարված, և լեդի Բարչեսթերը հիշեց, որ այն երկյուղածությամբ ընտրել էր իր հարսանյաց հանդեսի նախօրեին, 1890 թվին: Այն ժամանակ նա սերժից երկնագույն հագուսներ էր հագնում և դեղին սաթից վզնոցներ կրում: Ջանում էր նմանվել տիկին Բերն Ջոնսին և կիրակի օրերը գնում էր ծերուկ Վիլյամ Մորիսի մոտ թեյ խմելու: Քանի դեռ երևում էին վարդագույն ու կանաչ թղթի կտորները, նա օրական մի քանի անգամ անցնում էր տան առջևով, որովհետև այդ պատկերը նրան հիշեցնում էր երիտասարդությունը և լորդ Բարչեսթերի հանդեպ տածած մեծ սիրո ժամանակները:
Ի վերջո պատերն էլ փլվեցին և մի օր, երբ լորդ և լեդի Բարչեսթերները դուրս էին եկել պուրակի կողմերը զբոսնելու, նկատեցին, որ տնից մնացել է միայն մուտքը ծածկող կորնթական փոքրիկ գավիթը: Տարօրինակ և տխուր տեսարան էր. աստիճանի վերին մասում գավիթը բացվում էր ձմռան երկնքի տակ կուտակված որմնաքարերի ավերակների վրա: Լեդի Բարչեսթերը երկար նայեց սպիտակ սյուների արանքով անցնող ամպերին, հետո ասաց ամուսնուն.
-Այս գավիթը իմ հուշերում արթնացնում է կյանքիս ամենատխուր օրը: Մինչև հիմա համարձակություն չեմ ունեցել պատմել, բայց այժմ այնքան ենք ծերացել, որ այլևս նշանակություն չունի: Այն ժամանակներն էին, երբ ես սիրում էի Հարրիին, իսկ դուք՝ Սիբիլին: Մի երեկո գնացել էի պարահանդես՝ Տոկիոյից վերադարձած Հարրիին հանդիպելու հույսով: Արդեն մի քանի շաբաթ այդ հանդիպման ուրախությամբ էի ապրում, բայց նա արձակուրդ էր խնդրել նշանվելու համար և ամբողջ երեկոյի ընթացքում պարեց մի երիտասարդ աղջկա հետ, ձևացնելով, թե չի նկատում ինձ: Վերադառնալիս կառքի մեջ լաց էի լինում: Հասա տուն: Պատկերացրի, թե որքան էի այլայլված արցունքներից և քաջություն չունեցա այդ վիճակով ձեր աչքին երևալ: Ձևացրի, թե դռան զանգն եմ տալիս, մինչև որ կառապանը հեռացավ, հետո հենվեցի այս սյուներից մեկին և երկար ժամանակ մնացի այդտեղ: Հեծկլտում էի: Հորդառատ անձրև էր թափվում: Գիտեի, որ դուք նույնպես ուրիշ կնոջ մասին եք մտածում, և ինձ թվում էր, թե կյանքս վերջացած է: Ահա թե ինչ է հիշեցնում ինձ այս փոքրիկ գավիթը, որ շուտով անհետանալու է:
Լորդ Բարչեսթերը, որ մեծ համակրանքով ու հետաքրքրությամբ էր լսել կնոջ պատմածը, ջերմորեն թևանցուկ արենց նրան:
-Գիտե՞ք ինչ ենք անելու,- ասաց նա: -Քանի դեռ այս գավիթը, որ ձեր հուշերի շիրմաքարն է, չի խորտակվել, ծաղիկներ կդնենք աստիճանների վերևում:
Ծեր զույգը գնաց ծաղկավաճառի մոտ, վարդեր գնեց և դրեց կորնթական սյուներից մեկի ստորոտին: Հաջորդ օրը գավիթն անհետացել էր:

Թարգմանությունը՝ Նվարդ Վարդանյան

Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Անդրե Մորուա | Կորնթական գավիթը Անդրե Մորուա | Կորնթական գավիթը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 09:16:00 Rating: 5
Технологии Blogger.