Անդրե Մորուա | Վարպետի ծնունդը


Նկարիչ Պիեռ Դուշն արդեն ավարտում էր իր նատյուրմորտը՝ ծաղիկներ սրվակի և բադրիջաններ ափսեի մեջ, երբ արվեստանոց մտավ վիպասան Պոլ-Էմիլ Գլեզը: Գլեզը մի քանի րոպե նայեց, թե ինչպես է աշխատում բարեկամը, ու կտրուկ ասաց.
-Ո՛չ:
Հանկարծակիի եկած նկարիչը բարձրացրեց գլուխը՝ կիսատ թողնելով բադրիջանը հղկելու գործը:

-Ոչ,-կրկնեց Գլեզը, - ոչ: Դու երբեք հաջողության չես հասնի: Դու ունես ձիրք, տաղանդ, անկեղծություն, բայց քո նկարները առօրեական են, սիրելիս: Դրանք աչքի չեն ընկնում, չեն ճչում: Հինգ հազար կտավ պարունակող սրահում անտարբեր այցելուին ոչինչ չի ստիպի կանգնել քո նկարների առաջ… Ոչ, Պիեռ Դուշ, դու երբեք հաջողություն չես ունենա: Եվ դա ցավալի է:
-Ինչո՞ւ է այդպես, - հոգոց հանեց պատվելի Դուշը: - Ես նկարում եմ այն, ինչ տեսնում եմ, ձգտում եմ արտահայտել իմ զգացածը:
-Խոսքը հենց այդ մասին է, խեղճ բարեկամս: Դու կին ունես, սիրելիս, կին և երեք երեխա: Նրանցից յուրաքանչյուրն օրական երեք հազար կալորիայի կարիք ունի: Իսկ նկար շատ ավելի կա, քան գնորդ, և տգետներն ավելի շատ են, քան հասկացողները: Ուրեմն, Պիեռ Դուշ, ասա ինձ, ո՞րն է անհայտների ու ձախողակների ամբոխից առանձնանալու միակ միջոցը:
-Աշխատանքը, - պատասխանեց Պիեռ Դուշը, - անկեղծությունը:
-Լրջամիտ եղիր, Պիեռ Դուշ, բթամիտներին սթափեցնելու միակ միջոցը ցնցող արարքներն են: Հայտարարիր բոլորին, որ դու նկարելու համար մեկնում ես Հյուսիսային Բևեռ: Եգիպտական փարավոնի նման հագնվիր: Կամ, ավելի լավ է, մի ինչ-որ նոր դպրոց հիմնիր: Իրար խառնիր և օգտագործիր գիտական բառեր՝ տարածքայնություն, դինամիզմ, ենթագիտակցություն, ոչ ֆիգուրատիվ, և մանիֆեստ հռչակիր: Ժխտիր շարժումը կամ անշարժությունը, սպիտակը կամ սևը, շրջանը կամ քառակուսին: Ստեղծիր «նեոհոմերոսյան» նկարչություն, որն ընդունում է միայն կարմիր ու դեղին երանգները, շրջագծերով նկարչություն, չորս չափագծերով նկարչություն և այլն…
Այդ պահին մի անսովոր ու նուրբ բույր ազդարարեց տիկին Կոզնևսկայի գալը: Դա մի գեղեցիկ լեհուհի էր, որի մանուշակագույն աչքերը գերել էին Պիեռ Դուշին: Բաժանորդ լինելով մի քանի թանկարժեք ամսագրերի, որոնք մեծ ծախսերի գնով հրատարակում էին երեք տարեկան երեխաների գլուխգործոցները, նա այնտեղ չէր գտել ազնվագույն Դուշի անունը և սկսել էր արհամարհել նրա արվեստը: Մեկնվելով բազմոցին՝ նա դիտեց իր առջև դրված անավարտ նկարը, վրդովմունքով թափահարեց շիկավուն մազերն ու թեթևակի հեգնանքով ժպտաց:
-Երեկ ես այցելեցի, - ասաց նա իր թրթռուն ու երգեցիկ ձայնով, - նեգրական հինավուրց արվեստի ցուցահանդեսը: Օ˜հ, զգայացունց էր, արտահայտիչ, տպավորիչ…
Նկարիչն իր հավանած դիմանկարներից մեկը բերեց նրան ցույց տալու:
-Հաջողված է, - ասաց նա հազիվ շուրթերը շարժելով:
Հետո հիասթափված, թռվռուն, երգեցիկ ու անուշաբույր կինն անհետացավ:
Պիեռ Դուշը ներկապնակը մի անկյուն նետեց և ընկավ բազմոցի վրա:
-Ես դառնալու եմ ապահովագրական տեսուչ, բանկի ծառայող կամ ոստիկանության գործակալ, - ասաց նա: -Նկարչությունը ամենահետին արհեստն է: Այս տգետներին կարող են հիացնել միայն խզբզողները: Փոխանակ իսկական վարպետներին հարգանք մատուցեն, քննադատները խրախուսում են բարբարոսներին: Բավական է, ես հրաժարվում եմ նկարելուց:
Պոլ-Էմիլը, լսելով այդ ամենը, ծխախոտ վառեց ու բավական երկար ժամանակ մտածմունքի մեջ ընկավ:
-Դու քեզ ընդունակ համարո՞ւմ ես, - ասաց նա վերջապես, - եպիսկոպոսի լրջությամբ հայտնելու Կոզնևսկային և էլի մի քանիսին, որ արդեն մի տասը տարի է, ինչ պատրաստվում ես թարմացնել քո արվեստը:
-Ես՞…
-Լսիր… Աչքի ընկնող տեղում տպագրված երկու-երեք հոդվածով ես մեր «հասարակության սերուցքին» կհայտնեմ, որ դու հիմնում ես գաղափարավերլուծական դպրոց: Քեզնից առաջ եղած դիմանկարիչներն իրենց տգիտության պատճառով ուսումնասիրում էին մարդու դեմքը: Հիմարությո՛ւն: Ոչ, մարդու մասին ճշգրիտ պատկերացում կարող են տալ այն մտքերը, որ այդ մարդը առաջացնում է մեր մեջ: Այսպես, գնդապետի դիմանկար պատկերելու համար պետք է կապույտ ու ոսկեգույն ֆոնի վրա հինգ հսկայական տրեզ նկարել, մի անկյունում՝ ձի, մյուսում՝ խաչեր: Արդյունաբերողի դիմանկարը՝ գործարանի ծխնելույզն է ու փակ բռունցքը՝ սեղանի վրա: Հիմա հասկանո՞ւմ ես, Պիեռ Դուշ, թե ինչ ես ներկայացնելու աշխարհին և կարո՞ղ ես մի ամսում գաղափարավերլուծական քսան դիմանկար  անել:
Նկարիչը տխուր ժպտաց:
-Մեկ ժամում կնկարեմ, - ասաց նա,- և ցավալին այն է, Գլեզ, որ եթե ես ուրիշ մարդ լինեի, գործը գլուխ կգար:
-Փորձենք:
-Ես խոսելու մեջ այնքան էլ հմուտ չեմ:
-Ահա թե ինչ, սիրելիս, ամեն անգամ, երբ բացատրություն կպահանջեն, դու մի պահ դադար կտաս, ծխամորճդ կվառես, ծխի քուլա բաց կթողնես հարց տվողի քթին և կարտասանես հետևյալ պարզ բառերը.
«Դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը»:
-Իսկ դա ի՞նչ է նշանակում:
-Ոչինչ, - պատասխանեց Գլեզը,- այդպես դու ավելի ուժեղ տպավորություն կթողնես, և երբ նրանք քեզ կհայտնաբերեն, կմեծարեն, մենք նրանց կպատմենք եղելությունը և կուշտ կծիծաղենք՝ տեսնելով, թե ինչպես են շփոթվել:

Երկու ամիս հետո Դուշի ցուցահանդեսի վերնիսաժն ավարտվեց հաղթանակով: Երգեցիկ, թռվռուն, անուշաբույր գեղեցկուհի տիկին Կոզնևսկան այլևս չէր հեռանում իր նոր պաշտամունքի կողքից:
-Ա˜հ, - կրկնում էր նա,- զգայացունց է, արտահայտիչ, տպավորիչ: Սիրելի վարպետ, ինչպե՞ս կարողացաք հասնել այս ապշեցուցիչ ընդհանրացումներին:
Նկարիչը մի պահ լռեց, հետո վառեց ծխամորճը, քուլա-քուլա ծուխ բաց թողեց ու ասաց. «Տիկին, դուք երբևէ դիտե՞լ եք, ինչպես է հոսում գետը»:
Գեղեցիկ լեհուհու երգեցիկ ու թրթռուն շուրթերը անհուն երջանկության հուզաթաթավ պահեր խոստացան:
Նապաստակի մորթուց վերարկու հագած երիտասարդ, փայլուն Ստրունսկուն շրջապատել էին այցելուները:
-Ուժեղ է, - ասում էր նա,- շատ ուժեղ: Բայց, Դուշ, կարո՞ղ ես ինձ բացատրել, այս գաղափարը որտեղի՞ց ծագեց: Իմ հոդվածների՞ց:
Պիեռ Դուշը բավականին երկար լռեց, ծխի քուլաներ բաց թողեց նրա կողմն ու ասաց. «Սիրելիս, երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը»:
-Հրաշալի է, - գլխով արեց Ստրունսկին, - հրաշալի է: Այդ պահին կտավների մի հռչակավոր վաճառական արվեստանոցի նկարները դիտելուց հետո թևանցուկ արեց նկարչին ու նրան մի անկյուն տարավ:
-Դուշ, բարեմակս,-ասաց նա, - դուք շատ խորամանկն եք: Այս ամենից կարելի է մեծ գործ ձեռնարկել: Ինձ հատկացրեք ձեր արտադրանքը: Չփոխեք ձեր ոճը, մինչև ես չասեմ, և տարեկան ձեզնից հիսուն կտավ կգնեմ: Եղա՞վ:
Դուշն առանց պատասխանելու՝ խորհրդավոր լռությամբ ծխում էր:
Արվեստանոցը դանդաղ դատարկվում էր: Պոլ-Էմիլ Գլեզը գնաց վերջին այցելուի հետևից դուռը փակելու: Աստիճանների կողմից լսվում էին հիացմունքի հեռացող շշնջոցները: Հետո, մենակ մնալով նկարչի հետ, վիպասանը ուրախ-ուրախ ձեռքերը գրպանները մտցրեց:
-Դե ինչ, բարեկամս, - ասաց նա,- տեսա՞ր, թե ինչպես գլուխները պտտացրինք: Տեսա՞ր, թե ինչեր էր ասում նապաստակի մորթիով այն մարդուկը: Իսկ գեղեցիկ լեհուհի˜ն: Իսկ այն երեք ջահել գեղեցկուհիները, որ անդադար կրկնում էին. «Այսքան թարմություն, օ˜հ, այսքան թարմություն»: Է˜հ, Պիեռ Դուշ, ես գիտեի, որ մարդկային հիմարությունն անսահման է, բայց այս ամենը գերազանցեց իմ սպասելիքները:
Նա բռնկվեց ծիծաղի նոպայով և չէր կարողանում հանգստանալ: Նկարիչը կիտեց հոնքերը, և մինչ վիպասանը ցնցվում էր ջղաձիգ զկրտոցներից, խիստ տոնով ասաց.
-Հիմար:
-Հիմա՞ր, - զայրույթով բղավեց վիպասանը: -Այժմ, երբ ինձ հաջողվեց ամենափայլուն մտահղացումը, որ Բիքսիուից հետո…
Նկարիչը հպարտորեն հայացքը սահեցրեց վերլուծական ոճով ստեղծած իր քսան կտավների վրայով և խոսեց հաստատակամությունից էլ ավելի վճռական դարձած տոնով.
-Այո, Գլեզ, դու հիմար ես: Այս նկարների մեջ ինչ-որ բան կա…
Վիպասանը ապշած նայեց ընկերոջը:
-Դա արդեն չափազանց է, - բղավեց նա: -Դուշ, սթափվիր: Ո՞վ քեզ հուշեց նոր ձևով ստեղծագործելու միտքը:
Պիեռ Դուշը մի պահ լռեց, վառեց ծխամորճը և, ծխի մի հսկայական քուլա բաց թողնելով ասաց.
-Դու երբևէ դիտե՞լ ես, ինչպես է հոսում գետը:

Թարգմանությունը՝ Սուսան Գաբրիելյան

Տես նաև Անդրե Մորուա Նովելներ
Անդրե Մորուա | Վարպետի ծնունդը Անդրե Մորուա | Վարպետի ծնունդը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 25, 2019 Rating: 5
Технологии Blogger.