Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ծպտված կինը


Նա երկար ժամանակ նայում էր իր առջև խռնված դիմակների բազմությանը, անհասկանալի տհաճություն զգալով խայտաբղետ գույներից և իրար շատ մոտ գտնվող երկու նվագախմբի համահնչյունությունից: Կնգուղն ուժգնորեն սեղմում էր  քունքերը, քթարմատի մոտ ինչ-որ նյարդային ցավ էր ծնվում: Բայց նա համբերատար ըմբոշխնում էր հաճույքի ու տագնապի հետ միաձուլված այն վիճակը, երբ ժամանակի կորուստն անշոշափելի է դառնում: Նա շրջել էր Օպերայի բոլոր միջանցքներում, կուլ տվել պարասրահի արծաթավուն փոշին, ճանաչել ձանձրացած ծանոթների ու զգացել, թե ինչպես են պարանոցին փարվում մի շատ գեր աղջկա անտարբեր թևերը, որը, կարծես, ծիծաղելի թվալու համար հավերժահարսի հանդերձ էր հագել: Կնգուղավոր այդ բժիշկը, որը նեղսրտում էր իր դոմինոյից, անընդհատ օրորվում փեշ հագած տղամարդկանց նման, չէր համարձակվում սակայն հանել ոչ գլխանոցը, և ոչ էլ դոմինոն, քանի որ ստել էր աշակերտի պես.

-Վաղը Նոժանում եմ գիշերելու, - ասել էր նա կնոջը նախօրեին, - հենց նոր զանգահարեցին: Վախենում եմ, թե իմ հիվանդը, հիշո՞ւմ ես, այն խեղճ ծեր կինը…Հավատո՞ւմ ես, մանկան ցնծությամբ էի սպասում վաղվա երեկոյին: Ծիծաղելի է չէ՞, իմ տարիքի մարդը մինչև հիմա ոչ մի անգամ չի եղել Օպերայի պարահանդեսին:
-Շատ ծիծաղելի է, սիրելիս, շատ… Եթե իմանայի, երևի քեզ հետ չէի ամուսնանա:
Մինչ կինը ծիծաղում էր, նա հիանում էր նրա վարդագույն, թավշանման, սառնաշաքարի պես երկարավուն նուրբ դեմքով:
-Իսկ դու, դու չե՞ս ուզում մասնակցել կանաչ-մանուշակագույն պարահանդեսին: Նույնիսկ, առանց ինձ, սիրելիս, իհարկե, եթե դա քեզ հաճույք կպատճառի…
Կինը զզվանքից սարսռաց, և նրա մազերը, նրբագեղ ձեռքերը, սպիտակ զգեստի բացվածքից երևացող պարանոցը ցնցվեցին, ասես խխունջ էր տեսել կամ էլ կեղտոտ մեկին:
-Ե՞ս, ինչպես թե… դու արդեն ինձ պատկերացնում ես ամբոխի ձեռքին հանձնված… Ի՞նչ ես ուզում, ես ամոթխած չեմ, բայց… փշոտ եմ, ոչինչ չես կարող անել:
Շքասանդուղքի վերևում գտնվող սյունազարդ պատշգամբի ճաղաշարին հենված, նա խորհում էր իր սարսռացող եղնիկի մասին, դիտելով, թե ինչպես երկու խոշոր, քառակուսի, սևափայլ եղունգներով ձեռքեր սեղմել են սուլթանուհու մերկ թիկունքը: Ազնվազարմ վենետիկցու ծոպազարդ թևքերից դուրս եկող այդ ձեռքերը մխրճվել էին խմորի նման փափուկ ու սպիտակ մսի մեջ…Եվ քանի որ կնոջ մասին էր մտածում, անակնկալից ցնցվեց, լսելով կողքից եկած թեթևակի հազի ձայնը. «Ըհը, ըհը»: Այդպես իր կինն էր հազում…Նա շրջվեց և տեսավ ճաղաշարին հեծած սլացիկ ու անկռահելի մի ծպտյալի, մի Պիեռոյի, որի հագին կախ թևքերով քաթանե վերնաշապիկ էր, լայն անդրավարտիք, գլխանոց, իսկ ժանեկազարդ դիմակի տակից հազիվ երևացող մաշկը ասես գիպսով էր շպարված: Գլխանոցի և զգեստի մուգ մանուշակագույն արծաթափայլ գործվածքն այնպես էր պսպղում, կարծես ջահերով լուսավորված նավակների մեջ, գիշերվա կեսին երկաթյա կեռով բռնված օձաձուկ լիներ:
Զարմանքից քարացած՝ նա սպասում էր, որ նորից կլսի ծանոթ «ըհը, ըհը»-ն, սակայն այն չկրկնվեց: Պիեռո-օձաձուկը՝ սև ձեռնոց հագած մի ձեռքը կոնքին, կրունկով անհոգ թփթփացնում էր մարմարյա ճաղերին, ցուցադրելով սատինե կոշիկները: Կիսադիմակի շեղակի կտրվածքները խնամքով ծածկված էին քողով, որի տակից հազիվ նշմարվում էին խամրած կրակի անորոշ գույն ունեցող կայծկլտումները:
Քիչ մնաց բղավեր.
-Իրե˜ն…
Սակայն սեփական սուտը հիշելով, ձայն չհանեց: Եվ քանի որ դերասանական շնորհք չուներ, հրաժարվեց նաև ձայնը կեղծելու փորձից: Պիեռոն ազատ, գեղջկավարի քորեց ազդրը, և տագնապած ամուսինը թեթևացած շունչ քաշեց.
-Ո՛չ… Նա չէ…
Բայց երբ Պիեռոն գրպանից ոսկյա տափակ մի տուփ հանեց՝ այնտեղից շրթներկ վերցնելու համար, անհանգիստ ամուսինը ճանաչեց ներսից հայելապատ այդ ծխախոտատուփը՝ տարեդարձի իր նվերը… Նա այնպես հանկարծակի, ակամայից թատերական շարժումով, ձախ ձեռքը դրեց վեր ելած սրտին, որ Պիեռո-օձաձուկը նկատեց նրան:
-Այդ ի՞նչ է, խոստովանությո՞ւն, մանուշակագույն դոմինո:
Մի պահ լսելով իր կնոջ թեթևակիորեն կեղծած ձայնը, նա չպատասխանեց՝ զարմանքից, սպասումից, մղձավանջային այդ երազից համարյա շնչահեղձ եղած: Օձաձուկը, գլուխը թռչունի նման թեքած, հեծյալի պես նստած, իրեն էր նայում: Հետո, ուսերը վեր քաշեց, ցատկեց գետին ու հեռացավ: Այդ արարքը ազատություն տվեց բնական ու գործունյա խանդից տագնապած ամուսնուն, որը մի պահ մտածեց, հետո անշտապ վեր կացավ, որպեսզի հետևի կնոջը:
-Ինչ-որ մեկի համար, կամ ինչ-որ մեկի հետ է եկել: Առնվազն մի ժամից ամեն բան կիմանամ:
Կանաչ ու մանուշակագույն հարյուրավոր կնգուղներ երաշխավորում էին, որ նա ոչ կնկատվի, և ոչ էլ կճանաչվի: Իրենը ճոճվելով քայլում էր նրա առջևից, ու նա զարմացավ, տեսնելով, որ կինը սեթևեթանքով շարժում էր կոնքերը և քստքստացնում ոտքերը, կարծես հողաթափեր հագած լիներ: Ոսկեթել ու զմրուխտազարդ հագուստով մի բյուզանդացի քայլելու ընթացքում ճանկեց Իրենից, որը գրկախառնումից ծալվեց ու փոքրացավ, կարծես ուր որ է իրեն թրատելու էին: Ամուսինը վազելով մի քանի քայլ առաջացավ ու զույգին հասավ այն պահին, երբ Իրենը նվաղկոտ վրա բերեց.
-Կոպիտ աժդահա…
Ու հեռացավ նույն հանգիստ ու ծույլ քայլվածքով, հաճախ կանգ առնելով, աչք գցելով բաց օթյակներից ներս, սակայն՝ առանց շրջվելու: Աստիճանների ներքևում նա կանգ առավ, տատանվեց և միտքը փոխելով, վերադարձավ դահլիճի մուտքի մոտ, միացավ աղմկոտ մի ամբոխի, որն այնպես սեղմեց ու պարուրեց նրան, ինչպես պատյանը՝ սրին: Տասնյակ ձեռքեր շրջափակեցին նրան: Մի կիսամերկ ըմբշամարտիկ նրան դեմ տվեց ներքևի օթյակի բազրիքին և սկսեց սեղմել: Կինը տեղի տալով մերկ տղամարդու ծանրությանը, գլուխը հետ էր գցում, ու նրա ծիծաղը կորչում էր մյուս ծիծաղների մեջ, մինչդեռ մանուշակագույն կնգուղով մարդը տեսնում էր, թե կիսադիմակի տակից ինչպես են փայլում ատամները: Կինը հեշտորեն դուրս պրծավ և նստեց պարասրահ տանող աստիճաններին: Երկու քայլի վրա կանգնած ամուսինը թիկունքից զննում էր նրան: Իրենը ուղղեց դիմակը, ճմռթված վերնաշապիկը, շրջված գլխանոցը: Այնքան անկաշկանդ էին շարժումները, ասես մենակ լիներ: Մի պահ շունչ քաշելուց հետո, նորից առաջ շարժվեց: Իրենն իջավ աստիճաններով, ձեռքերը դրեց անխոս աղերսանքով պարի հրավիրող մի ռազմիկի ուսերին և գրկախառնված սկսեց նրա հետ պարել:
-Նա՛ է, - մտածեց ամուսինը:
Բայց կինը ոչ մի բառ չփոխանակեց զրահապատ, քրտնաթոր պարողի հետ և քիչ հետո հանգիստ լքեց նրան: Ճաշասենյակում նա մի գավաթ շամպայն ըմպեց, հետո՝ էլի մի գավաթ, վճարեց ու անշարժ հետաքրքրությամբ սկսեց դիտել բղավող կանանցով շրջապատված երկու տղամարդկանց միջև սկսվող ծեծկռտուքը: Խելքին փչեց իր սևաթույր ու փոքրիկ սատանայական ձեռքերը դնել ոսկեթել վարսակալով մի հոլանդուհու սպիտակ վզին, որից վերջինս ահաբեկված ճչաց:
Վերջապես, տագնապած ամուսինը տեսավ, թե ինչպես իր կինը իբր պատահաբար, բախվեց ու կանգնած մնաց մի երիտասարդի առջև, որը շնչասպառ փլվել էր նստարանին և դիմակով հով էր անում դեմքին: Իրենը կռացավ, մի տեսակ արհամարհանքով բռնեց այդ գեղեցիկ, առնական երիտասարդի կզակից և սկսեց համբուրել թրթռացող կիսաբաց շրթունքները…
Սակայն ամուսինը նետվելու և միաձուլված շուրթերը իրարից պոկելու փոխարեն, անհետացավ ամբոխի մեջ: Վհատ ու ապշահար՝ նա այլևս չէր վախենում, այլևս հույս չուներ դավաճանություն տեսնելու: Հիմա արդեն համոզված էր… Իրենը չէր ճանաչում ո՛չ պարից արբած պատանուն, որի հետ գրկախառնվել էր, ո՛չ էլ ըմբշամարտիկին: Համոզված էր… Իրենը ո՛չ սպասում, ո՛չ էլ փնտրում էր որևէ մեկին: Ողկույզի պես քամելով իր շուրթերին միաձուլված շուրթերը՝ նա իսկույն ևեթ լքելու էր դրանք, նորից գալու էր թափառելու, որպեսզի գիրկն առնի ուրիշ մեկին, մոռանա նրան էլ և միայն ու միայն ճաշակի, մինչև հոգնելն ու տունդարձը, իր նախասկիզբ վայրենությունը, մենակ, ազատ, ինքնիշխան լինելու դիվային հաճույքը, վայելի անծանոթ, հավիտյանս մենակ ու անպարկեշտ կին լինելու զգացումը, կին, որին մի փոքրիկ դիմակ և մի անթափանց զգեստ վերադարձրել էին անապաքեն մենության և վավաշոտ անմեղության գիրկը:

Թարգմանությունը՝ Թագուհի Խաչմանյան

Տես նաև Սիդոնի Գաբրիել Կոլետ Ապարանջանը
Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ծպտված կինը Սիդոնի Գաբրիել Կոլետ | Ծպտված կինը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on апреля 17, 2019 Rating: 5
Технологии Blogger.