Անդրե Վյուրմսեր | Ամենից հաճախ, երբ վեր ես կենում...


Ամենից հաճախ, երբ վեր ես կենում նստածդ տեղից, նա, ով հայելու միջից նայում է քեզ, նույնպես վեր է կենում: Նրա շարժումներն այնքան ճշգրիտ են, որ գրեթե երբեք սխալը չես բռնի: Զարմանալի է, բայց ինձ հաջողվել է ականատես լինել այս օրենքի հազվադեպ մի բացառության: Ասենք, ես ոչինչ էլ չէի նկատել: Նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում ոչինչ չգիտեի: Ձեղնահարկ չէի բարձրացել մանկուց ի վեր, երբ այնտեղ խաղ էի անում՝ փորձելով իմ օրենքները պարտադրել և հավատի դարձնել վայրենիներին: Մեր հին տունը խնամքով է պահպանվել. կիրակի օրը, երբ ձեղնահարկ բարձրացա, ոչ մի մուկ առջևիցս չվազեց:
Ես կիսով չափ բացեցի բավականին մռայլ ու գաղջ խորշի դուռը, որտեղ գետնին դրված բծավոր ու մեծ հայելին վերարտադրում էր մի պաստառապատ բազկաթոռ: Դատարկ բազկաթոռի արտացոլման մեջ կծկված էր մի երեխայի անդրադարձը: Ես հազիվ ճանաչեցի այդ մանկանը, որն ինձ ուշադիր զննեց իր խոշոր, զարմացած աչքերով: Արձակուրդի ժամանակ մի օր երևի խաղացել էի այդ խորշում ու դուրս էի պրծել այնպես, որ պատկերս ինձ չէր նկատել. նա մնացել էր այնտեղ՝ հայելու մեջ բռնված, ինչպես ձուկը ցանցի մեջ: Ես հանկարծ մտաբերեցի, թե այդ մանչուկը ինչ խորամանկ հնարների էր դիմում, որպեսզի իր արտացոլման այտը համբուրեր: Դե ինչ, հիմա արդեն այդ բանը հնարավոր էր թվում…
Նա շարժեց շրթունքները առանց լռությունը խախտելու, թեև լսեցի.
-Ինքս ինձ հարցնում էի, արդյո՞ք կվերադառնամ:
-Ես վերադարձել եմ: Նորից եմ ինձ տեսնում: Ես փոքրիկ լավ տղա էի:
-Ես ձանձրացել եմ երեսուն տարի շարունակ լինել փոքրիկ տղա, արքայազն, ճանապարհորդ, բանաստեղծ, տրիբուն, ռազմիկ…Իսկ դո՞ւ:
-Կալվածատեր, որսորդ ու ձկնորս:
-Որտեղի՞ց հայտնվեց իմ կարողությունը: Երևի մի հրաշալի մեքենա եմ հնարել: Արդյոք իմ արձա՞նն է հառնում գյուղի հրապարակում, հորաքույր Ուրսուլայի դռան առաջ:
-Անկեղծ ասած՝ ոչ:
-Ես լսում եմ զանգի ղողանջները: Այս առավոտ աղոթե՞լ եմ:
-Տիրոջ…
-Չանարգեք տիրոջը: Մնանք մաքուր և արժանի լինենք Արկադիա իշխանուհուն: Ամուսնացա՞ծ եմ:
-Այո, և եղջրակիր:
-Եվ ի՞նչ:
-Ոչինչ:
-Ես գլխի եմ ընկնում: Հիմա ամառ է: Սիրելի հորաքույրս մեզ՝ իմ սիրեցյալին ու ինձ, հյուրընկալել է իր տանը: Հենց դա էլ առիթ է եղել, որ ես նորից գտնվեմ: Ճի՞շտ է:
-Ոչ: Ես տասը տարուց ի վեր այստեղ եմ ապրում: Փառք աստծո, պոռնիկ կինս չքվեց, ու ես մենակ եմ վայելում այդ ցնդած պառավի ժառանգությունը:
-Ժառանգությո՞ւն: Հորաքույր Ուրսուլան մեռե՞լ է:
Նրա աչքերում արցունքներ երևացին: Ի˜նչ կլիներ հապա, եթե ասեի, որ դեղաջրի բաղադրության հմուտ բարելավումը օգնել էր այդ տխմար արարածին, որ մաքրվի իմ ճանապարհից: Էլ չեմ ասում կարծեցյալ կտակի մասին… Հերիք եղավ, այս փսլնքոտը ինձ հունից հանում է վզին կապած իր ժապավենով, հորթի աչքերով, նվնվոցով, գլուխս տարավ իր հորինած «հրաշալի մեքենաներով», «իշխաններով», «իմ հորաքույրով»… Չեմ հասկանում, թե ինչո՞ւ մարդասպանի այս սաղմին չպատմեցի ողջ ճշմարտությունը, չասացի, թե ինչ էր կատարվել նրա հետ:
-Պատմիր ինձ իմ կյանքը:
-Հետո: Ես կվերադառնամ:
Ես այլևս չեմ վերադառնա: Թեև գիտեմ, որ այդ փոքրիկ սրիկան այնտեղ է, վերևում և բազկաթոռի անկյունում կծկված՝ ինձ է սպասում:
Եվ դա պղտորում է այն հաճույքը, որ ստանում եմ ապրելուց:

Թարգմանությունը՝ Աննա Հակոբյան

Տես նաև Անդրե Վյուրմսեր Նովելներ
Անդրե Վյուրմսեր | Ամենից հաճախ, երբ վեր ես կենում... Անդրե Վյուրմսեր | Ամենից հաճախ, երբ վեր ես կենում... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 20, 2019 Rating: 5
Технологии Blogger.