Անդրե Վյուրմսեր | Խուզարկություն: Եթե խուզարկեն...


-…խուզարկություն: Եթե խուզարկեն…
Տղամարդն այլևս չերկարացրեց: Նրանց աչքերում կարդացվում էր մոլուցք և ատելություն: Պատի ժամացույցը տագնապով զարկեց: Մի ցախ ճարճատեց:
-Չեմ գնա, - ասաց կինը:
-Կգնաս:

Տղամարդը չէր բարձրացրել ձայնը: Գլխավերևի կանթեղը դեղին լույս էր սփռում նրա ճաղատին, որի վրա թառամած ջրիմուռների նմանվող մի քանի մազափունջ կար միայն: Չափազանց վտիտ էր, տձև, ծիծաղաշարժ ու վանող: Կինը նստած էր ուղիղ, փայտացած, հագին՝ բաց դարչնագույն զգեստ, որի կետոսկրե օձիքը եզերված էր գարեջրի փրփուր հիշեցնող բարակ ժանեկազարդով: Նրանց արանքում դրված էին ապուրաման, կուժ, կեղտոտ ափսեներ ու հացի դանակ՝ նույն հացի դանակը:
Կինն ուզեց կրկնել, որ չի գնա. նորից փակեց բերանը: Այնուհետև.
-Հենց հիմա՞:
Տղամարդը միայն կոպերը խոնարհեց:
Քանի որ գնում էր կնոջ առջևից և սանդուղքը լուսավորելու համար ճրագը բռնել էր հետևում, նրա ահարկու ստվերը ձգտում էր իրենցից շուտ հասնել ձեղնահարկ: Նա հետ տարավ դռան փականը: Հոտը: Լուսանցույցի տակ կար միայն մի սնդուկ: Բարձրացնելով կափարիչը՝ նրանք սարսափից ընկրկեցին:
Զոլավոր կտորով վայելչորեն աստառված ներսը մաքուր էր նոր մետաղադրամի նման: Սնդուկը դատարկ էր: Սակայն հենց այստեղ էր, որ, չկեղտոտելու համար հին լաթերի մեջ փաթաթելով, նրանք խնամքով տեղավորել էին քեռի Անտուանի մարմնի մասերը, որին այնքան մեծ դժվարությամբ կտրատել էին խոհանոցի սեղանի վրա:

Թարգմանությունը՝ Աննա Հակոբյան

Տես նաև Անդրե Վյուրմսեր Նովելներ 
Անդրե Վյուրմսեր | Խուզարկություն: Եթե խուզարկեն... Անդրե Վյուրմսեր | Խուզարկություն: Եթե խուզարկեն... Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on мая 20, 2019 Rating: 5
Технологии Blogger.