Բորիս Վիան | Ականատեսը


I
Այդ տարի այցելուները կարծես լքել էին Վալյոզը՝ ավելի մարդաշատ օթևաններ գնալու համար: Գյուղ մտնելու միակ հնարավորությունը նեղ ճանապարհն էր, որի ձյունը անարատ էր մնացել, իսկ «հյուրանոցի» (եթե այդ անունով կարելի էր զարդարել Էլֆ ջրվեժի վրա իշխող փայտե կարմրավուն փոքրիկ տնակը) արտաքին փեղկերն ասես կպել էին պատուհաններին:

Ձմռանը Վալյոզը խորասուզված էր լինում լեթարգիական քնի մեջ: Այս մեկուսի վայրում երբևէ չէր հաջողվել ստեղծել մոդայիկ իջևանատեղ. բան դուրս չէր գալիս: Մի քանի գովազդային վահանակ՝ տեղանքը փառաբանելու փորձի մնացուկներ, դեռ որոշ ժամանակ աղտոտել էին Երեք Քույր լեռնահովտի դժնի ու հիասքանչ բնանկարը, սակայն կատաղի քամիների և ամենահոծ ժայռերն անգամ քիչ-քիչ ճեղքող անձրևի գողունի, անվերջանալի գրոհները դրանք նորից վերածել էին տախտակների, որոնք ծածկվել էին մամռով և ձուլվել հովտի վայրի տեսարանին: Տեղանքի բարձրությունը ընկճել կարող էր ամենակոփվածներին, իսկ մյուսներին չէր ընծայում վերահանիչների, ճոպանուղիների ու չափավոր քսակների համար նախատեսված պալատների դյուրին հարմարավետությունը: Վալյոզ գյուղակը իր չորս թե հինգ տունը շաղ էր տվել տնակից վեց կիլոմետր հեռավորության վրա, լեռնալանջին ծվարած մի խուլ անկյունում: Այնպես որ օթևան փնտրող ճանապարհորդին կարող էր թվալ, թե եկել է աշխարհի ծայրը, օտար մի երկիր, և ներս մտնելիս ապշում էր, պարզելով, որ հյուրանոցատերը այս ամենից հետո խոսում է իր լեզվով: Խոսում է…եթե կարելի է ասել…որովհետև այդ լռակյաց, երկարատև ձնամրրիկներից թխացած դեմքով մարդը օրվա մեջ երեք բառ հազիվ էր արտասանում: Ասենք, նա այնքան զուսպ էր ընդունում այցելուներին, այնպիսի աննշան խանդավառություն էր ցուցաբերում իր մոտ տեղավորվողների նկատմամբ, որ տեղի առանձնությունն ու անդորրը բացատրվում էին հեշտությամբ: Միայն իսկական մոլեռանդները կարող էին կուլ տալ նման անբարեհամբույր հյուրընկալությունը: Սակայն գլխապտույտ զառիթափերը, որ փոխհատույց էին լինում հաստատակամներին և ասես հաշվված էին խելահեղ արագությունների համար, արդարացնում էին այդ հաստատակամությունը և իրենց սքանչելի ձյունով մեծապես գոհացնում խիզախներին, որոնք հանդգնել էին հասնել այդ հեռավոր, խուլ անկյունը:
Ժանը հյուրանոցը նկատեց զառիվերի գագաթից, որը հենց նոր էր մագլցել՝ հևալով դահուկների, ծանր ճամպրուկի ու բարձրության համատեղ ազդեցության տակ: Դա հենց այն էր, ինչ խոստացել էին իրեն. անզուգական դիրք, մենություն, սուր օդ, որ վայրագորեն մտրակում է ձեզ՝ չնայած բոլոր կողմերից հորդացող արևին: Նա կանգ առավ, սրբեց ճակատը: Չվախենալով քամուց, մերկացել էր մինչև գոտկատեղը, ու նրա մաշկը պղնձին էր տալիս շլացուցիչ գնդի խիտ ճառագայթներում: Տեսնելով մոտակա նպատակը՝ նա արագացրեց քայլերը: Կոշիկները խրվում էին ձյան մեջ ու տպում իրենց կաուչուկե ներբանների ժանեկազարդերը: Հետքերն ունեին անգույն ջրի բաց կապտավուն երանգ: Մի պայծառ ուրախություն էր համակել նրան, ուրախություն, որ ունենում ես կատարյալ մաքրության հետ շփվելիս, ուրախություն, որ առաջանում է այս համակ ճերմակությունից, փայլաձև շաքարի նման այս հսկա եղևնիներից ու փայտե տնակից, որի տաք ու հարմարավետ լինելն արդեն գուշակում ես, կռահում ես սպիտակ ու քարաշեն մեծ բուխարու գոյությունը, որի մեջ ցախերը երևի այրվում են առանց ծխի, նարնջագույն ու թանձր բոցով:
Հյուրանոցից մի քանի մետրի վրա Ժանը կանգ առավ, արձակեց գոտկատեղին կապած հաստ փուլովերի թևքերն ու ներս մտնելուց առաջ հագավ: Հետո դահուկները հենեց հյուրանոցի պատին և, այնտեղ թողնելով ճամպրուկը, երեք քայլով անցավ փայտե աստիճանները, որոնք հնարավորություն էին տալիս տնակ մտնելու մի տեսակ պատշգամբի միջոցով, որը գետնից մի մետր բարձրության վրա օղակում էր կառույցը:
Առանց թակելու, նա բարձրացրեց դռան սողնակն ու մտավ:
Տնակում մութ էր: Ցրտի ներգործությունը մեղմելու նպատակով պատուհանները բավականին փոքր էին շինված և թույլ էին տալիս սենյակ թափանցելու ճիշտ այնքան լույս, որքան պետք էր մի քանի կարմրափայլ ցոլք կորզելու պատերը զարդարող պղնձե կաթսաներից: Քիչ-քիչ, սակայն, սովորում էիր կիսամութին, թեև ամեն անգամ դուրս նայելիս աչքերդ կկոցում էիր՝ շլացած ձյան արծաթազօծ սփռոցի վրա արևի շողարձակումից ու դժվարանում էիր կրկին վարժվել հյուրանոցի փոքր-ինչ խորհրդավոր անդորրին:
Մի հաճելի ջերմություն էր իշխում այնտեղ: Խարդախ թմրությունը պատում էր ձեզ և հրավիրում փռվելու մեծ ու ճռճռացող, ուռենու շյուղերից հյուսված բազկաթոռներից մեկի վրա, վերցնելու մեկն այն գրքերից, որոնք զարդարում էին պատի մեջտեղում գտնվող գրադարակները, աստիճանաբար ննջելու ողջ սենյակը երեսապատող, կարմիր ու փայլուն եղևնու ճարճատյունների մեջ: Ժանը թմրեց՝ ենթարկվելով վիթխարի գերաններով պատված ցածրիկ սենյակի մթնոլորտին:
Վերին հարկից ոտնաձայն լսվեց, վայր իջնող փութկոտ քայլեր՝ ճռճռացող սանդուղքի վրայից, հետո քրքիջներ, ու դահուկազգեստ հագած երեք աղջիկ մրրիկի նման այնքան արագ անցան Ժանի առջևից, որ նա հազիվ հասցրեց նրանց տեսնել: Սև դահուկազգեստների գլխանոցների միջից նրանց աչքերն ունեին միևնույն առողջ փայլը: Արևից կոկված նրանց մաշկը կծելու ցանկություն էր առաջացնում: Նույնպիսի սև, կիպ շալվարների մեջ երեքն էլ թվում էին ճկուն և ուժեղ, ինչպես ազատ, ջահել գազաններ: Նրանք անհետացան դռան մեջ, որը բացվելուն պես փակվեց և Ժանի աչքերում թողեց արևով ողողված ձյան կուրացուցիչ դրոշմը:
Ժանը, սթափվելով, հայացքը շրջեց դեպի աստիճանները, որին մոտեցել էր:  Չկար ոչ մի ձայն, բացի ջրի աղմուկից, որը երգում էր ինչ-որ տեղ կրակի վրա:
-Ո՞վ կա այստեղ:
Ձայնն արձագանքվեց պատերի մեջ, ոչ ոք չպատասխանեց: Առանց զարմանալու նա կրկնեց հարցը:
Այս անգամ մի դանդաղկոտ ոտնաձայն պատասխանեց նրա կանչին: Մի մարդ իջավ սանդուղքով: Շիկահեր, բավականին բարձրահասակ, քառասունին մոտ այդ մարդը լեռնեցու դեմք ուներ, որի մեջ ցայտունորեն առանձնանում էին բաց կապտավուն սևեռուն աչքերը:
-Բարև ձեզ,-ասաց Ժանը: -Կարելի՞ է սենյակ վարձել:
-Ինչու չէ, - ասաց մարդը:
-Ի՞նչ պայմաններով:
-Կարևոր չէ:
-Շատ փող չունեմ:
-Ես էլ…-ասաց մարդը: -Այլապես այստեղ չէի լինի: Օրը վեց հարյուր ֆրանկ:
-Բայց դա այնքան էլ…, - բողոքեց Ժանը:
-Օ˜, - ասաց մյուսը, - դուք չեք զղջա… Իմ անունը Ժիլբեր է:
-Իմը՝ Ժան:
Նրանք իրար ձեռք սեղմեցին:
-Բարձրացեք ու ընտրեք, - ասաց Ժիլբերը: - Բոլոր սենյակները ազատ են, բացի հինգերորդից ու վեցերորդից:
-Այն երեք աղջիկնե՞րն են, որ իջան, - հարցրեց Ժանը:
-Այո:
Ժանը նորից դուրս եկավ ու վերցրեց ճամպրուկը, որի վրա ելունդներ էին հայտնվել, ասես մեկը երկաթե կոշիկով հարվածներ էր հասցրել, կաշին պլոկված էր ու խորդուբորդ: Ուսերը թոթվելով՝ նա վերցրեց ճամպրուկն ու փայտե աստիճաններով վերև տարավ: Նորից զգաց մոմի ու լաքի հոտը, նորից լսեց ջրի բլթբլթոցը: Նա իրեն զգում էր ինչպես իր տանը: Ուրախ-ուրախ վերև շտապեց ուղիղ սանդուղքով, որ տանում էր երկրորդ հարկ:
II
Շատ չանցած իմացավ նրանց անունները՝ Լենի, Լորանս և Լյուս: Լենին՝ ամենաշիկահերը, բարձրահասակ ավստրուհի էր, նեղ կոնքերով, գրգռիչ կրծքով: Նրա ուղիղ քիթը համաչափորեն շարունակում էր ճակատի գիծը, իսկ քամահրական բերանով ու ցցուն այտոսկրերով կլորավուն դեմքը ավելի շուտ ռուսական էր, քան գերմանական: Լորանսը թուխ էր, խոշոր, կապտածիր աչքերով, իսկ Լյուսը պճնված էր մինչև եղունգների ծայրը: Ամեն մեկն իր տեսակի մեջ առինքնող էակ էր: Եվ զարմանալին այն էր, որ նրանք բոլորն էլ ասես ստեղծված էին միևնույն՝ Դիանայի տիպարով: Մկանուտ էին և ավելի շուտ տղայի տպավորություն էին թողնում մինչև այն պահը, երբ վերջապես տարբերում էիր գայթակղիչ կլորակներով նրանց կրծքերը, որոնց սուր ծայրերը ձգում էր սև մետաքսե դահուկազգեստների բարակ կտորը: Ժանի և երեք աղջիկների միջև միանգամից պատերազմ սկսվեց: Չգիտես ինչու, աղջիկները հենց առաջին օրից մերժել էին նրան ընդունել և որոշել էին նրա կյանքն անտանելի դարձնել: Նրան տանջում էին, բացահայտորեն արհամարհելով ու նվաստացնելով, չնկատելու էին տալիս յուրաքանչյուր բարեհաճ մղում, այն աստիճան, որ հրաժարվում էին այնպիսի հասարակ քաղաքավարությունից, ինչպիսիք են սեղանի շուրջը հաց մատուցելը կամ աղ փոխանցելը: Առաջին օրերը Ժանը սրտնեղում էր, բայց այդպես էլ չկարողացավ Ժիլբերից որևէ բացատրություն ստանալ: Ժիլբերն ապրում էր միայնության մեջ, երկրորդ հարկի իր աշխատասենյակում և այնտեղից դուրս էր գալիս միայն լեռնային անվերջանալի արշավների համար: Ծեր լեռնականների մի զույգ հոգ էր տանում կացարանին ու նրա բնակիչներին: Օրերն անցնում էին, և բացի այս յոթ հոգուց ուրիշ ոչ ոք չէր հայտնվում:
Չհաշված ճաշի ժամերը՝ Ժանը աղջիկներին հազվադեպ էր տեսնում: Նրանք կանուխ էին վեր կենում և արագ հանդերձավորվելով, դահուկներով ու ձողափայտերով զինված գնում էին լեռները: Երեկոյան վերադառնում էին կարմրած ու վառվռուն այտերով, մահու չափ հոգնած և սենյակ բարձրանալուց առաջ մի ժամ քսուկով շփում էին իրենց ծռմռված, ուզածիդ չափ խորդուբորդ դահուկները՝ պատրաստվելով հաջորդ օրվա վերելքներին: Այս վերաբերմունքից փոքր-ինչ վիրավորված՝ Ժանը պնդերեսություն չէր անում և հնարավորին չափ խուսափում էր նրանցից: Իր հերթին նա էլ էր գնում՝ սովորաբար ընտրելով նրանց հակառակ ուղղությունը: Զառիթափերը բավականին շատ էին ու մեծ ընտրություն էին ընձեռում նրան: Մեն-մենակ, առիշեղ մագլցում էր լեռան ուռուցիկ լանջերը, որպեսզի քիչ հետո դրանց վրայով կրկին իջնի ձյան մետաքսափայլ ցայտքերի ու դահուկի կաղնեփայտե շեղբերի մեղմասահ շփման մեջ, որպեսզի շրջադարձ կատարի ու սահի գլխապտույտ վայրէջքներով, որպեսզի հյուրանոց հասնի օդից արբեցած, ուժգին տրոփող սրտով, երջանիկ ու հոգնաբեկ: Արդեն մի շաբաթ էր, ինչ հյուրանոցում էր, և նորից ու նորից սահելով, սկսել էր առաջադիմել՝ ճշգրտելով դահուկաձողի յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր տեղափոխումը, մշակելով սեփական ոճը, ամրացնելով մկանները: Ժամանակն անցնում էր՝ անտարբեր, սրընթաց. արձակուրդ էր:
III
Այդ առավոտ նա շատ վաղ էր մեկնել, մտադրվելով հասնել Երեք Քույր լեռնահովիտը, որը հորիզոնին էր պարզել իր հիասքանչ բնապատկերը: Լեռների մեջ մենակ՝ նա հևասպառ առաջանում էր գագաթից գագաթ, որպեսզի ամեն մի վերելքից հետո իջնի բամբակից ծանրացած, անշարժ ճյուղերով եղևնիների արանքով: Նրան հատկապես հրապուրեց մի շեշտակի զառիվայր: Սլացավ ուղիղ վայրէջքով, ու քամին սուլեց նրա ականջներում: Դահուկների վրա կքած, ողջ ծանրությամբ առաջ հակված՝ նա իջնում էր, հետևից թողնելով մի զույգ հետք, որն ուղիղ էր սարդոստայնի թելի նման: Կպչուն ձյունը տեղ-տեղ կոտրում էր թափը:
Ցատկեց մի թմբի վրայով ու հասկացավ, որ չի անցնելու: Թմբի հետևում մի ձորակ էր բացվում, որն անկասկած առվի հուն էր եղել, և որտեղ տնկված էին ամուր բներով մատղաշ եղևնիներ: Հարկավոր էր շրջանցել ձախից, բայց շատ արագ էր գնում: Անշուշտ, անխոհեմություն էր անծանոթ տեղանքով ցած սլանալը: Ինքնաբերաբար հենվեց աջ դահուկին, ջանաց անցնել, բայց ձորակի վեր բարձրացող լանջը ծածկված էր մատղաշ եղևնիներով ու այնքան ուղղաբերձ էր, որ նա սայթաքեց, ամբողջ ուժով բախվեց դուրս ցցված մի ճյուղի և ընկավ՝ հարվածի ուժգնությունից կորցնելով գիտակցությունը: Ուշքի գալով, Ժանը հասկացավ, որ նախատեսված արշավն այստեղ էլ ավարտելու է: Երկու դահուկաքթերն էլ փշրված էին, դահուկները՝ անպետքացած: Ի լրումն այս ամենի՝ կոճիկներից մեկը անտանելի ցավում էր: Մետաղյա թանթիկներից արձակելով ամրափոկերը, նա փորձեց մի կերպ կապել կոճիկը: Ձողափայտերը գտավ տասը մետրի վրա ու կաղին տալով բռնեց վերադարձի ճամփան: Տեղ հասնելու համար նրան առնվազն հինգ-վեց ժամ էր հարկավոր:
Քայլում էր աչքերը կկոցելով՝ մեղմելու համար արևի կուրացուցիչ անդրադարձումը: Հենվում էր ձողերին, որպեսզի խուսափեր կոճիկը ճնշելուց, ու առաջանում էր դանդաղորեն: Յուրաքանչյուր հարյուր մետրը մեկ կանգ էր առնում շունչ քաշելու:
Հասել էր մի գագաթի, որ երկու ժամ առաջ մի շնչով էր անցել, երբ կանգ առավ, քանի որ ուշադրությունը գրավել էր բավական հեռավոր մի անցուդարձ: Լեռան ստորոտում երեք դահուկավոր, մթին կերպարանքներ էին անցնում: Նրանք գնում էին հովտի առվահունով:
Ժանը կռացավ, ինքն էլ չիմանալով ինչու: Ուղիղ գծով ընդամենը երկու հարյուր մետր էր իրեն բաժանում նրանցից՝ հյուրանոցի իր երեք հարևանուհիներից: Նա ոստոստեց ոտքի շուրջը, հայացքով հետևելով աղջիկներին, որոնք սահեցին եղևնիների հետևը, ու մի փոքրիկ թումբ անմիջապես ծածկեց նրանց: Նրանք այլևս չերևացին: Ժանը կամացուկ սահեց նրանց ուղղությամբ:
Նա պատրաստ չէր այն հարվածին, որ ստացավ, երբ իր զգուշավոր գլուխը վերջապես դուրս ցցեց թմբի հետևից. տեսավ դաշտի մեջ ուրախ-ուրախ վազվզող աղջիկներին և աննկատ մնալու համար ավելի խորը կծկվեց սառը, խիտ աղվամազի մեջ: Լենին, Լյուսն ու Լորանսը մերկ էին ձյան մեջ: Լյուսն ու Լորանսը շուրջկալել էին իրենց ընկերուհուն, կռանում, վերցնում էին սառած ձյունափոշին, շփում Լենիի մարմինը, որն ասես ոսկեձույլ, հպարտ արձանիկ լիներ ճերմակ անապատի մեջտեղում: Ժանը զգաց, որ տաք հոսանք անցավ երակներով: Երեք աղջիկները խաղում էին, պարում, վազում՝ ճկուն, ինչպես գազանիկներ, մերթ ընդ մերթ նետվելով իրար վրա, կարճատև մենամարտի բռնվելով: Այդ խաղը կարծես հետզհետե գրգռում էր նրանց: Հանկարծ Լյուսը բռնեց Լորանսի մեջքից, ցնցեց նրան ու ողջ հասակով գետին փռեց: Լենին նետվեց դեպի Լորանսը, ծնկի եկավ, ու Ժանը տեսավ, թե ինչպես են նրա շրթունքները սահում թխահեր աղջկա ձգված մարմնի վրայով: Մի պահ անց Ժանը նշմարեց միայն գրկախառնված մարմիններ, որոնք իր շլացած աչքերը չէին կարողանում անջատել իրարից: Նա հևալով շրջեց գլուխը: Հետո, Անկարող դիմադրելու, կրկին սկսեց անհագորեն դիտել իր առջև բացված տեսարանը:
Որքա՞ն ժամանակ էր անցել: Ձյան մի փոքրիկ փաթիլ ընկավ ձեռքին ու սթափեցրեց նրան: Երկինքը միանգամից թխպել էր: Երեք աղջիկները բաժանվեցին ու վազեցին դեպի իրենց հագուստները: Գիտակցելով իր դիրքի վտանգավորությունը, Ժանը պահել էր շունչը: Ուզեց հետ-հետ գնալ: Փորձեց շարժել վնասված ոտքը, բայց կոճիկն այնպես ուժեղ ցավեց, որ ակամա տնքաց:
Տագնապահար եղնիկների նման Լյուսն ու Լենին շուռ եկան նրա կողմը ու ռունգերով ներս քաշեցին օդը: Խառնիխուռն մազերը, ներդաշնակ շարժումները նրանց բաքոսուհիների տեսք էին հաղորդում: Մեծ-մեծ քայլերով նրանք հասան Ժանին, որը վեր կացավ, ցավից ծամածռելով դեմքը:
Աղջիկները ճանաչեցին նրան ու սփրթնեցին: Լենիի մուգ շուրթերը սեղմվեցին, ու դրանց արանքից հայհոյանք դուրս թռավ: Ժանը փորձեց արդարանալ:
-Պատահականություն է միայն, - ասաց նա: -Ես չէի ուզում:
-Չափից դուրս անհավանական պատահականություն է, - ասաց Լյուսը:
Լենիի թևը տարուբերվեց օդում, և նրա փոքրիկ, կոշտ բռունցքը հարվածեց Ժանի բերանին: Շրթունքը պատռվեց, ու տաք արյունը հոսեց կզակի վրայով:
-Ոտքս դուրս է ընկել, - ասաց Ժանը, - դահուկներս կոտրել եմ: Եթե ձեզանից որևէ մեկը ինձ մի դահուկ տար, ես առանց օգնության կհասնեի հյուրանոց:
Կաշվե հաստ դաստապանից Լյուսը մի դահուկաձող էր բռնել: Նրա ձեռքը սահեց մինչև ալյումինե շրջանակը: Ամբողջ ուժով պտտեցնելով դաստապանը, նա թափով հարվածեց Ժանի քունքին: Ժանը ուշակորույս ընկավ ծնկների վրա ու խրվեց ձյան մեջ: Լորանսը վրա հասավ: Արագ-արագ, առանց նախապես խորհրդակցելու, նրանք հանեցին անզգայացած մարմնի շորերը: Խաչաձև տնկելով Ժանի երկու դահուկաձողերը, դրանց կապեցին նրա դաստակներն ու բարձրացրին: Ժանը ծունկի էր եկել՝ գլուխն առաջ խոնարհած: Մի մեծ կարմիր կաթիլ ընկավ նրա ձախ ռունգից ու միացավ շրթունքի արյանը: Այժմ Լյուսն ու Լենին մեծ-մեծ բռերով ձյուն էին հավաքում Ժանի մարմնի շուրջը:
Ձնեմարդն արդեն պատրաստ էր, երբ սկսեցին թափվել ծանր փաթիլները՝ խիտ, ինչպես թանձր մառախուղ: Ժանի երեսը դիմակված էր ձնե մեծ քթով: Զավեշտի համար Լենին անճոռնի ձևով նրա գլխին մի սև, բրդե գլխարկ դրեց: Բերանը խոթեցին մի ոսկեզօծ ծխամորճ: Հետո, սպիտակ ձյունահյուսի տակ, երեք կանայք կրկին բռնեցին Վալյոզի ճանապարհը:  

Թարգմանությունը՝ Աննա Հակոբյան
Բորիս Վիան | Ականատեսը Բորիս Վիան | Ականատեսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 06:26:00 Rating: 5
Технологии Blogger.