Հակոբ Մնձուրի | Արմտանի այգիները


Այստեղը ձոր է: Այս տեղերը ձորեր են։ Այս ձորերը արտ կըլլա՞։ Արտ կշինվի՞։ Այստեղը լեռ է։ Շրջապատող լեռներ են։ Գլուխդ վերցուր՝ երկինքը կտեսնես միայն։ Այս ստորոտները եզ կբերվի՞։ Կլծվի՞: Այս ձորերեն գետը՝ Ղարապուտախը կանցնի։ Այս գետափերը արոր կբանի՞: Ակոսներ կշարվի՞ն։ 
Կան տեղեր՝ արտ կըլլան։ Հոսկե վար՝ գետին ափը, Ամըրքարի մողեստանը կա: Նետե, մաքրե մողերեն։ Արտ ըրե։ Հոսկե վեր՝ Թեղը կա։ Գետին ձախ ափը, խիճերու անապատ մըն է։ Ամըրքարին չորս անգամն է, մինչև Սուրբ Գևորգին լեռները կերկարի։ Խիճերը մակերեսն են, հոն ալ արտ կըլլա: Երրորդ՝ լեռ մըն ալ կա։ Թեղեն վեր է։ Ապուշտայեն անցիր, անոնց ուխտատեղին՝ Աստվածամարն ալ անցիր։ Ավազուտները։ Գետին երկու ափերը կղմինդրի գույն ավազներու տարածություն մը։ Այնքան մեծ է, որ՝ ձի վազցուր ամեն ուղղությամբ։ Աչքերդ կխտղտի՝ քանի նայիս անսահման ամայությունը։ Գետը կկորսնցնես։ Ո՞ւր է գետը, «հոս գետ չկա» կըսես դուն քեզի, մինչև որ ափերուն մոտենաս։ Քանի տասնյակներով արտեր կըլլան հոն։
Ցանե ցորենդ՝ այս երեք տեղերեն ուր որ կուզես։ Կբուսնին, բայց չեն բարձրանար։ Մինչև ծունկերդ հազիվ կհասնին։ Ծունկթաղ մը հազիվ կըլլան։ Թզուկ բերք մը կառնես։ Հասկերուն երկու կողմերը չորսական, հինգական հատիկներով։ Անոնց ալյուրն ալ վտիտ է, ուժ չունի։ Խմորն ալ չերկննար, չի բացվիր, չի տարածվիր րապաթին վրա։ Մեր բարձրավանդակի Կապույտ Լույսի, Քարսաղբյուրի, Կապույտ Կապաններու կամ Ջրկորուսի, Վերնաղբյուրի, Երիցաղբյուրին արտերուն արևագույն հունձքերը՞ կուզես, որ մինչև ուսերդ ելլեն։ Հասկերը՞, մոնը՝ ոսկեփոշին, վրան։ Հատիկները տասնըութական, քսանական՝ մարգրիտի պես շարված։ Ամենքն ալ՝ ալյուրով լեցուն, մատովդ պատյաններուն ճնշես՝ ալյուրը դուրս կցայտե։ Կամ անոնց հացը՞, որ հացեփը ակիշին ծայրովը թոնիրին կողեն քաշե, հանե, գետինի վալաները նետե, գոլորշին բաղնիք դարձնե հացատունը։ Եփված հացերուն հոտը, ամենեն համեղը, ամենեն ախորժագրգիռը հոտերուն, թաղը պաշարե։ Առջևդ սեր ըլլա, մեղր ըլլա, կաքավի խորոված, եղնիկի խորոված ըլլա, սերն ալ, մեղրն ալ, խորովածներն ալ ձգես, չդիմանաս, ծայրեն պատառ մը փրցնես և ուտես, չգոհանաս, մեկ մըն ալ, երրորդ մըն ալ փրցնես։ Այս ձորերը արտ ըլլալիք տեղ չկա։ Քռա են։ Քռաներու վրա արտ կըլլա՞: Այս քռա ըսածս ալ՝ ավազ է։ Բայց ավազը փափուկ է, քայլերդ կթաղին մեջը, հետքերդ կշարվին վրան։ Իսկ քռաները, իրարու միացած, միակտուր եղած, քարացած են։ Ոչ կփրթին, ոչ կփշրին: Փորձելու ալ ըլլաս՝ բրիչդ կբթացնեն, մինչև որ կոտրի։ Ասոնց վրայեն կքալենք՝ կարձագանքեն մեր ոտքերուն տակը։ Աղի գույն ճերմակ են։ Ուրիշ տեղ մը՝ գորշ գույնով են։ Շատ տեղ ալ՝ սեփ֊սև են, ածուխի պես։
Անծեղկայի դիմացը, գետին աջ ափը, լեռ է։ Ինչպե՜ս ցից է: Ոտքերդ չեն բռներ, կվախնաս ելլելու։ Լեռան երեսը, մինչև ուր երկինքին կհասնի, ժայռեր են։ Կարգ֊կարգ։ Ամենքն ալ իրարու քով են, բայց ամենքն ալ իրարմե զատ են։ Ամենքն ալ գետնեն վեր ելեր են։ Ամենքն ալ մարդու հասակով, ուրիշներ՝ կարճ մարդու հասակով։ Չհամրվիր, որ համրես, ինչու որ՝ իրարու ետին կայնած են, կշփոթեցնեն քեզ։ Հիսուն, վաթսուն, յոթանասուն կհամրես, կսխալիս, կշվարիս, կձգես համրելը։ Բանակի մը զինվորներուն կնմանցնես, որոնք քարացեր են, կըսես։ Բայց ոչ, երբեմն ալ, իսլամներու գերեզմանատան մը գերեզմանաքարերուն կնմանցնես։ Անոնց պես կանգուն են, գետինը ինկածներ ալ կան, ինչպես անոնցինը։ Քարե քար բռնելով, մինչև գագաթը կելլվի, բայց ելլես՝ ի՞նչ պիտի ընես։ Երկրորդ, երրորդ մըն ալ կա՝ բարձրավանդակը հասնելու համար։
Նույն ճամբուն կարգին՝ Կապանները կան։ Կիրճ մըն է։ Բարձրավանդակին այգիները իջնելու համար հոնկե պիտի անցնիս։ Կիրճին երկու կողմն ալ վայրի, ահեղ տեսարաններով են։ Երկու կողմն ալ երկաթի գույնով մթին ապառաժներ են։ Միակտուր և իրարու վրա, մինչև Մաշաթի լեռան հավասարությանը։ Չես սիրեր, մինչև որ ընտելանաս։ Ճամբա չունի՝ ոչ ստորոտեն, ոչ բարձունքներեն։ Մենք, մեզի ու մեր անասուններուն համար, ժայռերուն երեսը ճամբա շիներ ենք։ Ծռիս, վար նայելու ըլլաս՝ ջուրի գիծ մը կտեսնես, որ գետը կերթա։
Կապաններեն Ջերմայի քարայրները կուգաս։ Երկուական հարկով են, մեկը՝ տակը, մյուսը՝ վրան։ Գետաքարերով շաղախված են, թե ներսը և թե դուրսի երեսները։ Ո՞վ գիտե՝ քանի հազարավոր դարեր առաջ, Ղարապուտախը այդ բարձրութենեն ընթացեր է, մինչև որ հիմակվան անկողինը իջեր է։
Հոսկե՝ Կարմիր Քարն ես։ Իրարու վրա ելած ժայռերու լեռ մըն է: Շատ բարձր չէ։ Ոտքերու տեղեր կան, մինչև գագաթը ելիր։ Համայնապատկեր մըն է առաջդ՝ գետին երկու ափերու լեռներուն, ձորերուն, ու մաս մը հանդերուն։ Ամբողջ լեռը կասկարմիր է։ Վարի տարածությունը, նույնպես, կասկարմիր է։ Գետինները ավազ չկան։ Քռա ալ չեն։ Կարծր ալ չեն։ Փիլավի ձավարի մանրուքին մենք «ձնիկ» կըսենք, անոնց կնմանին հողերը։ Մինչև քովնտի Ճերմակ Քարտակի ձորը այդ կարմրությունը կշարունակվի։ Գետին դեմի ափը, Սուրբ Գևորգի հանդիպակացը, Քաջտանին քարը կա։ Աս ալ, ինչպես մյուսները, միակ քար մը չէ։ Հարյուրավոր ապառաժներ են՝ իրարու միացած, կամ իրարու վրա կանգնած, որոնք պարիսպի մը պես կերկարին Կարմիր Կապաններու ուղղությամբ։ Հեռուեն կապույտ կերևնան, քովը կուգաս որ՝ կապարագույն են։ Փեշերեն վեր կնայիս՝ քարայր, քարայրներ կան, ոտքերու տեղեր կան, մինչև գագաթը ելլելու համար։
Բերդ֊հովիտի առաջքը Գողուն ձորի, Մասուր ձորի բարձունքներու քարերուն առատությանը կզարմանաս։ Ամեն ուր նայիս՝ քար կա։ Խոշոր ալ չեն։ Մեր հերկի արտերուն գուղձերուն չափ են։ «Երկինքեն քար թափեր են»՝ կմտածես։ Թե քարերը, թե հողերը, չորցած արյունի՞ մը ըսեմ, չոր սոխի կեղևի՞ մը ըսեմ, գույնով են։
Վարը, Մասուր ձորը, խճաքարերու խավով մը ծածկված է. «Ջուրի տեղ՝ քարերու հեղեղ մըն է, ոը մինչև գետը հասեր է, հանկարծ կանգ առեր է»՝ կըսես դուն քեզի։ Կասկապույտ կփայլին խճաքարերը։ Անոնց կեցած տեղեն կարմիր ու ճերմակ ավազ մը կշարունակվի։ Եվ այնքան նուրբ, այնքան փափուկ է, որ վրան ընկողմանիլդ, կռնակի վրա պառկիլդ կուգա, կամ ձեռքերդ եթե թաց են՝ չորցնելդ։
Ամըրքարի դիմացը, գետին ձախը, այսինքն Իննըսունիննին զառիվերը ու անոր բարձունքը Ղափլան Ղայասին կա։ Գետափեն մինչև զառիվերին գագաթը իննըսունիննը քայլ է, ատկե ալ՝ անունը տված են։ Ապառաժներ են։ Մեկը, ամենամեծը, կատաղի վագրի մը կնմանի, որ բերանը բացեր է։ Վարեն աս ալ կապտագույն կերևա, քովը կհասնիս որ՝ կապարագույն է։
Այս քարերուն, լեռներուն բուսականությունը մեր բարձրավանդակի սարերունը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկայն ցողուններով։ Համեմավոր են։ Ծաթրին կբուրեն, կգրգռեն ռունգերդ։ Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ կայրեն։ Անոնց մեկ պճեղը մեր ածուները մշակած սխտորներուն տասը պճեղին դեմ են։ Այս տեղերու խոտերեն այծերը շատ կախորժին։ Կվազեն դարվեր, դարվար, խոտ մը, ցողուն մը, ծիլ մը, կամ ծառի մը տերևները ուտելու համար։ Եվ կամ՝ թուփի մը հասնելու համար անանկ գահավեժի մը եզերքը կկենան, ուր մենք կզարհուրինք։ Երբեմն ալ կսոսինձեն, կարծես, իրենց կճղակները՝ ժայռերուն։ Ինչպես արիշի մը ողկույզները՝ կկախվին պարապին մեջ, կռնակնին վար, բերաննին, փորերնին վեր, կապույտ ծաղիկներով ծաթրին մը փրցնելու, խըբըռ-խըբըռ ծամելու, կուլ տալու համար։
Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։
Ես ալ կայլայլեի, երբ դեմս ելլեր։ Կդողայի։ Շատ ալ կհանդիպեի, հակառակ ամեն զգուշության։ Անգամ մը՝ այգիներեն կուգայի։ Ամառ էր։ Լուսնկա գիշեր մըն էր։ Ինչպես ամենուն, ինծի ալ կերևնային լեռները, ձորերը: Փարախները եկա։ Ճամբուս այդ մասը բուռ էր, ալյուրի պես ճերմակ էր։ Կծիկ մը տեսա առաջքս, սեփսև։ Կովու կամ եզի թրիք մը կարծեցի։ Թրիքեն զատ ի՞նչ կրնար ըլլա։ Վրան չկոխեցի։ Ոտքերս իրար անցան։ Կապվեցան։ Ցատկեցի, ցատկեցի։ Տեսա՝ օձ մըն էր։ Փախավ։ Ես ալ փախա։ Ալ աշխարհը տեղը չէր գտեր, եկեր էր, ճամբուս մեջտեղը պլորվեր, պառկեր էր։
Օձեն չսկսիս։ Պատմությունները անհամար են։ Իրարու ետևեն կուգան։ Անգամ մըն ալ, առտու մը կանուխ, այգիները կիջնայի։ Մեր կարմիր հողերու այգիները։ Բարիկանց ձորի վրան էի։ Անոնք բարտեստան մը ունեին ձորը։ Ճամբուս այդ տեղերը պարանի մը պես էր, նեղ էր։ Անկյուն մըն էր։ Վարը ձոր էր։ Զգուշությունով պիտի դառնաս, չսահելու համար։ Լեռը անհամար կանաչ չողաններով կետկիտված էր։ Խշրտուք մը լսեցի։ Լեռն ի վեր նայեցա։ Եվ ի՜նչ տեսնեմ։ Օձ մը։ Բայց ի՜նչ օձ։ Ես անանկ օձ չէի տեսեր կյանքիս մեջ։ Չորս մատերնիդ միացուցեք՝ այնչափ լայնքով, տափակ, տորունի կարմիր։ Երեք մեթր կար։ Ալ ավելի, ի՞նչ գիտնամ։ Դարվեր կսողար։ Գլուխը կատուի մը գլուխին չափ կար: Ինչպե՜ս պոռացի։ Ինչպե՜ս ես զիս ձորին տվի: Կգլորիմ՝ թող գլորիմ, օձին կծելեն ալ նախընտրելի չէ՞ր։ Լավ որ ձորն ի վար ավազ էր, չգլորեցա, առանց իյնալու վար իջա։ Լավ որ նաև՝ ճամբես անցեր էր, ինձմե վեր էր։ Ետ չէր կրնար դառնալ ու հարձակիլ ինծի։ Օձ մը, արդեն արագ չի կրնար դառնալ։ Առաջքը ըլլաս՝ պետք է շիտակ չփախչիս, ճուկ ու մուկ պիտի վազես, ան չի կրնար հետևիլ քեզի։ 1913֊ին պատահեցավ ինծի։ Օձերը շատ կապրին, կըսեն։ Արդյոք հիմա ալ ո՞ղջ է։ Աս պատմությունը անգամ մը պատմեցի ձեզի «Օձի վախ» պատմվածքիս մեջ։ Հիմա ալ կկրկնեմ՝ այգիներու վրա խոսելուս պատճառով։
Իմ տղայությանս, իմ գյուղս, անգամ մը միայն օձեն մեռնող մը եղավ։ Լուսիկանց երեցկինը։ Գիշեր մը էգետանը դուռը կգոցե։ Չըլլա որ՝ մարդ մտնե։ Բանալին դռանը դեմի որթատունկի մը տակ կպահե։ Վարի հանդին էգին պիտի երթա ու գա։ Վերադարձին, մութին մեջ, կծռի որ բանալին առնե։ Ձեռքովը կփնտրե։ Ինչպե՞ս գիտնա, թե օձ մը պլորվեր է բանալիին քովը։ Ափովը կսեղմե։ Օձը կկծե մատը։ Կպոռա։ Կարմիր հողերուն հանդը որչափ մարդ կա՝ կվազե։ Բոլոր հանդերեն կվազեն։ Չի թողուր, որ մատը կտրեն։ Էշ մը կհեծցնեն, տուն կբերեն։ Ուռեցավ, մեռավ։ Արգիլեցին մեզ, որ քովը երթայինք։
Ի՜նչ տաք կըլլային մեր ձորերը։ Եփրատին անմիջապես կիցն էին, ձախը։ Մենե վար՝ Ակը, Ակեն վար՝ Կապանն էր, հիմակվան անունով Քեպանը, ուր երկրին մեծագույն ամբարտակը՝ պառաժը, կկառուցվի։ Մինչև Ուրֆաները, Հալեպները, Միջագետքերը՝ ամենեն տաք տեղերեն էր։ Մեր շապիկները կփակեին մեր միսերուն։ Մենք կիսամերկ, մեր կիները՝ էնթարիով, գոտիով մը կբանեինք։ Մեր ճակատներեն, աչքերեն քրտինքներ կհոսեին։ Ես՝ օրը քանի անգամ, տրեխով ըլլայի, թե չետուկով, ոտքերս գետը, առուները կկոխեի՝ զովանալու։ Բայց որքա՞ն կտևեր, իսկույն կչորնար։
Ի՞նչ չէր բուսեր այդ տաքին, այդ ջուրերու առատությանը մեջ։ Մեր նախնիքները արտ չէին ըրեր։ Տարածություն չկար։ Բայց գետափերը, ձորերը, ուր քռա չէր, ավազ էր, հողերը հարստացուցեր էին իրենց ախոռներու, գոմերու աղբերովը։ Եվ հեղեղներու բերած տիղմերովը։ Գետիններուն ամենեն բարեբերը դարձուցեր էին։ Կորիի մը, ածուի մը վրա ցորեն չի ցանվիր, կես կորիի մը, ածուի մը վրա, նույնիսկ հողի շերտի մը, հողի ժապավենի մը վրա քանի֊քանի պտուղի ծառեր, որթատունկեր կհասնին, կմշակվին։ Մեր նախնիքը տասներկու հանդեր ձգեր էին մեզի։ Գետին աջը Լեղիակի, Խառիծակի, Կապաններու, Ջերմայի, Կարմիր հողերու, Վարեհանդի էգիները, ձախը՝ Եղիակի, Անծեղկայի, Գողուն ձորի, Մասուր ձորի, Պեքիրցիքի էգիները: Առուներու ցանցով մը շրջապատեր էին բոլոր հանդերը, յուրաքանչյուրը քսանըհինգեն մինչև ութսուն, հարյուր այգիներովը։
Մինչև՝ նուռը, մեր այգիները բոլոր պտուղները կուտային մեզի։ Ծառերը կճաղային։ Խառիծակի սերկևիլները անվանի էին։ Կհալեին բերնիդ մեջը: Եվ ի՜նչ հոտավետ էին։ Մասուր ձորի դեղձերը բերանդ չէր մտներ, ակռաներդ բանեցնեիր մեջը՝ ի՜նչ անուշ, ի՜նչ անուշ մեղրաջուրով կլեցվեր բերանդ։ Անծեղկայի ծիրանները կթափեին իրենք իրենցմե, ծառերու տակը։ Մրջյունները կվազեին վրան։ Չէիր կրնար բռնել, կբացվեին մատներուդ վրա, և եթե իսկույն բերանդ չտանեիր, կիյնային ձեոքեդ, իրենց մեղրովը միասին։ Ջերմային շամամները համբավավոր էին, Քուչակյան տաղերու երգած շամամները. «Յարս այ շարժոցու լայըխՇարժոցու, շամամ ծծերու լայըխ»: Խնձորի մը չափ։ Խնձորեն քիչ մը ավելի մեծ։ Բարակ մաշկով։ Դեղին, դեղին գույնով։ Մեղրին դեղնեն ալ դեղին: Չէին ուտվեր։ Ափդ առնեիր՝ կդողային ափիդ մեջ։ Դեմքդ կցոլացնեին՝ նայեիր վրան։
Հոտը անմահական էր։ Տունդ մեկ հատ մը դիր՝ հոտը կբռներ բոլոր տունդ։ Օ՜... խ... մը ըսել կուտա քեզի։ Պատերուն, Եղիակին խնձորները՜... Նշանավոր էին։ Գինիի գույն կըլլային։ «Փեսի խնձոր» կըսեինք։ Զոքանչները իրենց փեսին նվեր կղրկեին։
Թուզ չունեինք։ Հանդերուն մեջ մեկ, երկու այգի միայն կային։ Բնությունը ինք իր թուզերը կուտար։ Բայց ծառ չէին։ Արմատներ էին։ Ձորերուն խիճերուն մեջեն քիչ մը վեր ելեր էին։ Լեռներու խոլորձներուն պես, քսան և ավելի ցողուններով, աստղաձև, կտարածվեին խիճերուն մակերեսը։ Շատ չէին մեծնար անոնց թուզերը։ Երբ կհասուննային՝ ինչպե՜ս սև և ի՜նչ անուշ, ի՜նչ անուշ կըլլային։ Քաղաքներու թուզերը անոնց քով՝ ջուրի համ կունենային։ Ես տեղ մը տեսա՝ քսան, երեսուն մը կային։ Եփրատի գետուղիին ձախ ափը։ Մարդու ոտք չի բանիր, լաստանավով կանցնիս առաջքեն։ Ակը չգացած։ Հիմա ուր կամուրջ մը շինված է, շոգեկառքը վրայեն կանցնի, Եփրատին դեմը, Բինկյանին կողմը. հիմա մնացի՞ն, չմնացի՞ն, չեմ գիտեր։ Մեր Խառիծակի այգիեն խել մը վերը, ձորը, ես ալ հատ մը ունեի։ Ժայռի մը ետևն էր։ Չէր տեսնվեր։ Ես ալ պատահմամբ տեսա։ Մարդու չէի ըսեր։ Ամեն տարի, երբ հասուննար, կթառեի վրան:
Պտուղներու կարգին, ես դեռ չըսի՝ մեր թութերն ու խաղողները։ Շրջակա, կամ, նույնիսկ, հեռավոր գավառներու մեջ՝ մերինները ամենեն անվանիներն էին։ Միայն պտուղ չէին անոնք։ Մեր մառաններուն պահեստիներն էին։ Մեր ամենօրյա սնունդին մասերն էին անոնց արտադրությունները։ Թթենիներու թութերեն մենք դիրքերով քացախ, դիրքերով օղի, ձմեռի ընկույզին հետ ուտելու համար՝ բղուկներով չոր թութ, կպատրաստեինք։ Եվ ուրուպ, այսինքն՝ պեքմեզ։ Քանի՞ աման, քանի կճիկ։ Ասոնց պեքմեզը նախ սև կըլլար, հետո կդեղներ, դեփ֊դեղին կըլլար, կշաքարոտեր, կկարծրանար, դանակով կկտրեինք, սեղան կբերեինք։ Այնքան կանուշնար, որ կայրեր մեր ներսը։ Շատ աղի, շատ կծու բան մը կուզեինք ուտել, հակազդելու համար անուշին. կծու սոխ մը, կծու, աղի տաղդեղե թթու մը (այսինքն՝ աղ դրած պղպեղի թուրշու մը), լեզունիս այրող, ալքերնես արցունք բերող տեսակեն, նորեն շարունակելու համար պեքմեզ ուտելը։
Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։
Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։
Թութերը կիյնային վար՝ առանց թոթվելու։ Այգիներու երեսը, ծառերուն տակը, ագուգաներուն վրա, ածուներուն մեջ։ Ամեն երեք օրը ծառերը կելլեինք, կթոթվեինք։ Կարկուտի պես կտեղային թութերը, թթենիներուն տակը ճերմակ սավաններու պես կերևային։ Մինլև ցերեկները ժողվելով՝ մեջքերնիս կթմրեին։ Կելլեինք, կշտկվեինք՝ ցավը անցընելու համար։ Չէր անցներ, նորեն կծռեինք, շարունակելու համար։ Ինչքա՞ն կրնայինք ուտել՝ իբր պտուղ, եթե չոր թութ, եթե պաստեղ, եթե քացախ, եթե պեքմեզ չշինեինք։ Խաղող ալ ունեինք։ Սև էին, բայց անուշ էին։ Ամեն այգիի մեջ ամենեն շատ տեղը կբռնեին որթատունկերը։ Պարան֊պարան, այսինքն՝ կարգ֊կարգ։ Որքան ընդարձակություն ունեին։ Կարմիր Հողերու Վարի հանդին խաղողները ամենեն անուշներն էին։ Թութերու պես չէին, անշուշտ, չորս, հինգ ամիս բերք չէին տար։ Այգեկութքը Մեծ Խաչին երկուշաբթիեն կսկսեր, երեք օր կտևեր։ Էշերուն բեռնալով, հնձանները կկրեինք։ Որչա՞փ կրնայինք ուտել։ Մեր մառանները անոնց արտադրություններով կլեցնեինք։ Պաստեղ, բլիթ, ընկույզ շարոց կշինեինք։ Բղուկներով գինի կլեցնեինք։ Թարխանա կշինեինք, խաղողի թարխանա։ Շիրան ալյուրով եփելով, մալեզ կընեինք։ Մլեզին կորկոտ կխառնեինք, կեփեինք։ Բոլորելով, արևին կչորցնեինք։ Բոլորակները պարանները կշարեինք, մառաններու պատերեն կկախեինք։ Թանե թարխանան ուտիքներուն, շիրայինները՝ պահքերուն կուտեինք։ Կաղանդի անուշապուրներու պես կըլլային։
Ժիժիներուն ամենակալության ամիսներն էին։ Կխենթեցնեին մեր հանդերը՝ երգերով։ Բյուրերով էին անոնք։ Շատը, ամենաշատը՝ թթենիներուն կփակեին։ Ծառերը ծառ չէին որ, ժիժի էին։ Ժիժիե ծառ կըլլա՞։ Հանդերը կհպատակեին անոնց։ Միակ նոտայի մը վրա՝ ժի՛-ժի՛-ժի՛-ժի՛-ժի՛... Վերջը չէր գար, վերջ չուներ, արևածագեն մինչև արևամուտ, և ամեն օր՝ մինչև օգոստոսի կեսերը։ Մանավանդ՝ երբ Քաջտանի Քարը, երբ Բերդհովիտը, երբ Անծեղկայի ժայռերը, երբ Կապանները, երբ Կարմիր Քարը, երբ Ղափլան Ղայասին արևեն կայրեին, տաքը կտեղար, կբռնկցներ ձորերը։ «Գլուխը՝ մեծ, մեջքը՝ բարակ, մեզի ըսին՝ անոթիներ...», իբր թե մրջյունները ըսեր են։ Ատկե կկատղեին։ Մենք ի՞նչ կըլլայինք։ Մի հարցնեք։ Օրը քանի՜ անգամ մեր ականջները կխլանային ու կբացվեին։ Հանկարծ կգոցվեին։ Չէինք լսեր։ Լեցվեցա՞ն, թմրեցա՞ն, ալ չէինք լսեր։ Ինչե՞ն կըլլար՝ չէինք հասկնար։ Քանի՞ րոպե կտևեր։ Եվ հանկարծ, մեկեն, նորեն կբացվեին մեր ականջները՝ ժի՛-ժի՛-ժի՛-ժի՛-ժի-ժի՛ միակ նոթային վրա։
Մեր հայրենի հեթանոս աստվածներն ու աստվածուհիները. Տեր ամենակալ Աստված Աբրահամու, Իսահակա և Հակոբա, և ամենայն արդարոց Իսրայելի Մի Աստվածը օրհներ էին մեր այգիները։
Մենք Արմտյաց գավառն էինք, հին հիշատակարանի մը մեջ հիշված։
Մենք Անդաստանին մեջ եկեղեցիին երգած պտղաբերության «Հարավային կողմն Աշխարհի»-ն էինք։
Բայց աս ալ ավելցնեմ։ Պետք է, որ ավելցնեմ։ Փարա չէին ըներ մեր բերքերը։ Մեկ ղուրուշը ի՞նչ է՝ մեկ ղուրուշ չէին բերեր։
Հանդը պահապան ուներ։ Այգի գլուխ՝ տարեկան երկու ղուրուշ և կոտ մը ալյուր։ Ալյուրը անպարեն կուտայինք։ Դյուրին էր։ Երկու ղուրուշը չունեինք։
Արտածում չկար։ Առնող չկար։ Մենք մեզ կարտածեինք, կպանդխտեինք՝ Իսթանպուլ, Վառնա, Պուքրեշ, Օդեսա, փարա հասցնելու հար մար մեր տուները։ Հիմա շոգեկառքը դեմի ափեն կանցնի՝ Եփրատեն, Լիճքեն։ Հիմակվան անունով՝ Ըլըճեն։ Պոռանք՝ մեր ձայնը հոն կհասնի։ Հիմա մենք ափարթման կշինեինք, հարկեր կգնեինք՝ Իսթանպուլի մեջ։

Տես նաև Հակոբ Մնձուրի Պատմվածքներ
Հակոբ Մնձուրի | Արմտանի այգիները Հակոբ Մնձուրի | Արմտանի այգիները Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 05:10:00 Rating: 5
Технологии Blogger.