Հակոբ Մնձուրի | Սի փարա հոթուզ փարա


Իր այծերովը մեր Ղարապուտախի քարայրները բնակող Ջնդոն ջորին հեծավ, Զիմառու ջաղացքը ալյուր առնելու եկավ։
Մեր Ղարասրթի քուրդերը, որ մեզի պես երկրագործ չեն, խաշնարած են ու Ղարապուտախին Եփրատ թափած անկյունադարձին քարայրները կձմեռեն, ամեն առտու քարայրներու բերանը իրենց կնիկներուն՝ խմոր բանալով, օճախին վրա եփած հացին ալյուրը իրենք չունին, մեր ջաղացքներեն կհայթայթեն, կամ՝ իրենց յուղը, պանիրը մեր գյուղերը կբերեն, մեր ալյուրին հետ կփոխանակեն։
Անոնք մեր ըրած երկրագործությունը չեն սիրեր ու չեն գիտեր։ Արտ վարել-ցանելը սորվեցնես ալ՝ հոգինին չուզեր, որ սորվին. «Էհո՜» կըսեն, ուսերնին վեր կընեն։ Անոնք խաշնարած են թեև՝ կով, մաքի չեն պահեր։ Կով մը իրենց երեք, չորս այծին կաթը կուտա, մաքին ըսես՝ թե իրենց այծերեն ավելի կաթ կուտա և թե՝ բուրդ ունի։ Իրենց կնիկները, հարսներր ինչո՞վ գուլպա կհյուսեն, բայց դյուրի՞ն է անոնց նայելը, հինգ վեց ամիս զանոնք ներսը պահել ու կերցնել պետք է, կեր չունին, մարագ չունին, ինչ պիտի կերցնեն։ Իսկ դուրս հանեն, արածելու տանին՝ չեն դիմանար, կմսին։ Մաքիները, մանավանդ, բուրդով ալ են, բայց աղբյուր մը ղրկեն, որ ջուր խմեն, իսկույն պաղ կառնեն, կհազան, քիթերնին կվազե։ Իրենց խաշնարածության միակ հարմարողը այծն է։ Ամառ, ձմեռ կարածի դուրսը՝ սարերը, ձորերը, գետափները. իրենց պես՝ ցուրտեն չի մսիր։ Ձմեռը, ամիսներով, երկիրը սառի՝ իրենցմե կեր չուզեր, քարայրը չի բանտվիր, դուրս կփախի ու սառին տակեն, ձյուներուն մեջեն գետերուն, սառած եղեգնուտներեն իր փորը կկշտացնե, կամ եթե ծառ մը, թուփ մը տեսնե, ետևի սրունքներուն վրա ուղղաձիգ կկայնի, կերկննա մինչև ծառին ճյուղերը, թուփին ցախին գագաթները, ակռաներովը շաքար կոտրելու պես՝ խըբըռ֊խըբըռ ոստերը, ոստերուն կեղևները, չթափած տերևները կուտե։ Հանկարծ, խոտի մը համար, մինչև ժայռի մը գլուխը կբարձրանա, կկենա, մարգարեական մորուքը միջոցին մեջ՝ քարոզիչի մը պես, իր նայվածքը կպտտցնե հեռավոր տարածություններուն, խոտը կփրցնե, կուտե ու ոստոստելով, խաղեր ընելով, վար կիջնա։ Մեր քուրդերուն այծը, հապիկայի պես կախված ստինքներով, ծանրաշարժներեն չէ, և ամենևին բան մը չեն տար անոր: Մեղուին պես է, ո՞վ իր մեղուներուն բան մը կուտա։ Մեղուն սարերեն, մարգագետիններեն թե ինքզինքը կկշտացնե և թե իր մեղրը կուտա տիրոջը։ Մեր խաշնարածները ի՞նչ կուտան այծերուն։ Բան մը չեն տար։ Մինչդեռ, ամեն տարի, որձերը կզատեն, Ակը, Արաբկիր, Երզնկա կտանին, մսավաճառներուն կծախեն։ Էգերն ալ կպահեն հոտը բազմանալու ու անոնց յուղովն ու պանիրովը իրենց պարենը, բոլոր կարիքները ապահովելու համար: Գիշերն ալ, նույն քարայրին մեջ, միասին, կողք֊կողքի կքնանան, իրենք՝ իրենց մթելներուն տակ, անոնք ալ, ծնկածալիկ, կորոճան ցերեկվան կերածնին, մինչև աչքերնին ծանրանան ու գոցվին։ Քարայրր, որ մինչև հազար այծ ներս կառնե, բաղնիքին պես տաք կըլլա ամենուն շունչեն: Դուրսը աշխարհը կործանի՝ լուր չեն ունենար, այնքան բարձրաբերձ լեռներուն տակն են իրենք։ Ոչ տանիք կա, ոչ լող, ոչ լողել կուզե, ոչ կկաթե: Առտուն միասին կարթննան, գետը՝ Ղարապուտախը կտեսնեն, որ, հոսելով, Եփրատին կխառնվի իրենց աչքերուն առջև, ու կարգով քարայրներուն ոգևորությունը, ծուխերը օճախներուն, որոնց վրա կիները հաց կեփեն, հոտերուն դուրս խուժումը, մեկնումը։ Հարսերուն պարտականությունն է՝ հոտերուն ընկերանալով, արածելու տանիլը։ Յուրաքանչյուրը ձեռքին քարման մը, կամ բուրդմանիկ մը, թե կդարձնե, բուրդ կմանե և թե հոտին ետևեն քայլ֊քայլ կընթանա: Վախ չունին, ինչե՞ն, կամ ինչո՞ւ վախնան, իրենց լեռներն են, ո՞վ կհամարձակի՝ իրենց ցանկալով նայելու։ Առհասարակ, ամենքն ալ՝ ցուրտեն, հովերեն արևներեն այրած մուգ դեմքով են։ Ձող մը, ձող ալ եթե չունիք՝ ձողունի ավելի երկայն կոթ մը ունի՞ք, վրան էնթարի մը հագցուցեք, գունավոր լաթերեն գլուխ մը շինեցեք, ճակատը կարմիր պղինձե դրամներ կարգով կարեցեք, աջ ռունգը ծակեցեք, կարմիր գինդ մի կախեցեք՝ քրդու հարս մը կըլլա ձեր դիմացը։ Մորթ ու ոսկորեն է։ Ոչ յուղ կա, ոչ միս՝ վրան, ոչ փոր ունի, ոչ կորություններ: Հղի անգամ ըլլա՝ չեք կրնար գիտնալ։ Սև ու սուր, մինչև ներսդ թափանցող աչքերով, շեշտակի կնայի քեզի, ոչ թուրք կնոջ մը պես ճերմակ սավանի մը մեջ կջանա չերևնալ, ոչ ղզլպաշ կնոջ մը պես՝ երկայն ու կասկարմիր քողը ուսեն թիկունքը կնետե ու անտարբերություն կեղծելով, փարտվելով, կքալե, ոչ հայ հարսերու պես կկարմրի՝ իրեն նայելու ըլլաս։
Կաթերը եռացնելը, յուղ֊պանիր պատրաստելը կեսուրներուն գործն է։ Տղամարդիկն ալ ջորեպանություն կընեն: Ամեն քարայր հինգ֊վեց երիտասարդ կա, ծերերեն զատ։ Խաշնարածության մեջ ուրիշ ի՞նչ զբաղում կա իրենց համար ընելիք։ Մինչև Հալեպ, Շամ կերթան, մինչև Խարբերդ, Երզնկա, Էրզրում ապրանք կփոխադրեն։ Ամեն քարայր ութը֊տասը ջորի կա։ Ջորին բեռ մը չէ, եկամուտ մըն է իրենց։ Ջորիի վաստակին մեկ քառորդը ճամբաներեն, խաներեն գարի, կեր գնելով, անոր կկերցնեն, երեք քառորդը՝ իրենց կմնա։ Մաշլախ, զենք կգնեն իրենց համար, պերճանքի պահանջներ՝ կիներուն համար. մայրերը հինա կուզեն՝ իրենց մազերը հինայելու, հարսերը՝ իրենց ձեռքերը հինայելու։ Թարապուլուսի փայլփլուն գոտի, սև թավիշ՝ բարձր կոնաձև գլխարկներ շինելու համար, արծաթ ու պղինձ զարդադրամ՝ գլխարկներուն ճակատը քունքե֊քունք կարելու, ապրշում, արծաթ ու ոսկեգույն սրմա՝ գրպաններն ու էնթարիները երիզելու, դեղին ու կարմիր մորթե կանացի չետուկ, կարկեհանի ու սուտակի գույն վարտիքցու, սնդուս ու թավիշ՝ իրենց մեջքերեն մինչև կրունկները իջնող ակնահմա վարտիքներուն համար, որպեսզի ամեն քայլափոխի երևան էնթարիներու քովնտի չաքերուն բացվածքներեն։
Ջնդոն ջաղացքին դուռը ջորիեն իջավ, ներս մտավ որ՝ ջաղացպանը՝ Պապոն, ադ օրը զատենց ցորենին գալուն կսպասեր աղալու, երկանաքարերը քանի ատեն է՝ չէր կռանած, խոշոր կաղային, վար իջեցուցեր, կռանովը կռաներ, աղալու պատրաստ ըրեր էր, ու երեսը գետինի երկանաքարերուն դարձուցեր, աթոռակին վրա նստեր էր մինակը։ Կքնանա՞ր, թե արթուն էր, հայտնի չէր:
Չէր քնանար, ինչու որ՝ իր ներս մտնելուն վրա ետին դարձավ: Ջնդոն քովը գնաց, նստավ, որպիսությունը հարցուց ու ըսավ, թե ալյուր առնելու եկեր էր, քանիի՞ պիտի տար:
Երկու ղուրուշ, — ըսավ Պապոն։
Օ՜... շատ, շատ ըսիր Պապո,— ըսավ Ջնդոն,— ես ադ գնով ալյուր կրնա՞մ առնել Պապո, Թորոս հուսթա, ղուրպան ըլլամ։
Պապոն, Ջնդոյին ճիշտ հակառակը, պաղարյունով.
Շատ չըսի, օխան երկու ղուրուշ ըսի ատկե վար չըլլար, Ջնդո,— ըսավ,— ջորևոր ես՝ ցատկե ջորուդ վրա, ուրիշ ջաղացքները գնա, հասկցիր։
Ջնդոն գիտեր, որ նույն գինը պիտի ըսեին՝ ուր որ երթար.
Չէ՛... երկու ղուրուշը շատ է, հոգիդ սիրեմ, Պապո, Թորոս հուսթա, — ըսավ բողոքելով։
Ջորին տակդ է, — կրկնեց Թորոս հուսթան, — Լեռնոն մարդդ է, գնա Թեղուտի ջաղացքը, հասկցիր։ Թեղուտը Զիմառայեն ալ մոտ է քեզի։ Մեծ Արմտանին Խաշմանենց Աղային գնա, Պզտիկ Արմտանին Փիլիկին ջաղացքը գնա։ Որը՞ ըսեմ։ Լիճքը դիմացդ է, Ֆռաթին կամուրջը անցնիլ մը ունիս, Սանախսիկի ջաղացքը մտիր, ավելի աժան գտնես նե՝ անոնցմե առ։
Ջնդոն գիտեր, որ ամեն ծախող միշտ երկու անգամ գինը կպահանջե իր ապրանքին։ Կան, որ գիները չեն գիտեր, չորս, հինգ անգամն ալ կպահանջեն։ Ինք, Մալաթեն, այսինքն՝ Մալաթիայեն սև չամիչ, Երզնկայեն՝ լեպլեպի կբերե, կամ՝ պանիր, յուղ, որ կտանի ու կծախե գյուղերը, նույնը չընե՞ր։
Հելե դուն մեկ մը՝ երկու ղուրուշ մի ըսեր, մեկ ղուրուշ ըսե՝ ալյուրին,— ըսավ Ջնդոն։
Ինչո՞ւ մեկ ղուրուշ պիտի ըսեմ, երկու ղուրուշ է ալյուրս,— ըսավ Պապոն։
Չէ՛, պիտի ըսես։ Հելե դուն մեկ մը՝ մեկ ղուրուշ ըսե,— պնդեց Ջնդոն։
Ամա ինչո՞ւ ըսեմ, օխան երկու ղուրուշ է, ինչո՞ւ մեկ ղուրուշ ըսեմ։
Ջնդոն գիտեր, որ անմիջապես պիտի չընդուներ, պիտի ընդդիմանար, համառեր։ Առուտուրի օրենքն է։ Ան նույնիսկ պիտի երդնուր։ Երկու աչքերս կուրնան՝ պիտի ըսեր, աստծո վրա երդում պիտի ըներ։ Երդումը աստված մեղք չէր համարեր։ Ինչքան կրնաս՝ սուտ խոսե, ան ալ մեղք չէր: Ինք պետք է չթուլնար, Թորոս հուսթան պետք է համոզեր։
Հելե դուն մեկ ղուրուշ մը ըսե, նայե՝ քեզի ես ինչ պիտի ըսեմ,— ըսավ Ջնդոն։
Ո՛չ, չեմ ըսեր, ինչո՞ւ ըսեմ, — պատասխանեց Պապոն։
Մեկ մը մեկ ղուրուշ ըսե, մեկ մը ըսե, ի՞նչ կըլլա։ Ես, նայե, քեզի ի՞նչ պիտի ըսեմ։
Թորոս հուսթան հավանեցավ։
Հայտե ըսեմ, մեկ ղուրուշ, ի՞նչ պիտի ըսես նայիմ։
Ջնդոն կտրուկ շեշտով ու ուրախությունով.
Սի փարա, հոթուզ փարա կուտամ ես ալ, դուն մեկ ղուրուշ ըսիր, ես ալ՝ տասը փարա մինակ կկտրեմ։ Այո, սի փարա, հոթուզ փարա պիտի տամ։
Ճանըմ, դուն զոռ ըրիր, նայե քեզի ինչ պիտի ըսեմ՝ ըսիր, ես ալ ըսի, — ըսավ Թորոս հուսթան:
Չէ, սի փարա, հոթուզ փարա կուտամ, դուն մեկ ղուրուշ ըսիր, ես ադ ըսածդ կընդունիմ, ես ալ տաս փարադ կտրեցի,— գոչեց Ջնդոն:
Զատենց ցորենները եկան։ Գևորգ աղան ալ եկավ։ Ջնդոն ալ բռնեց եզերքներեն, երկանաքարերը վերցուցին անպարին առջևը, իրենց տեղերը զետեղեցին։ Ջրամբարին ջուրը Պապոն անվատուն դարձուց, երկանաքարները սկսան դառնալ, ցորենին անպարներին բերանը բացավ, աղացվող ալյուրը հոսիլ սկսավ քարերուն տակեն՝ առաջքի ալյուրին անպարը: Պապոն հոսող ալյուրը մատներուն տակ ճզմեց, խոշոր չկար, լավ էր: Պապոյին հոնքերը, թարթիչները ճերմկեցան աղոնեն բարձրացող ալյուրին փոշիեն, ամեն շնչառութենեն ամենուն ռունգերը գոցվեցան, Ջնդոյին ու Պապոյին սակարկությունը շարունակվեցավ։ Պապոն երկու ղուրուշ կըսեր, Ջնդոն սի փարա, հոթուզ փարա կուտար։
Գևորգ աղան միջամտեց Պապոյին հայերեն.
Ասոնց հետ առուտուր ընես նը՝ ասանկ կըլլա, ծո, աղբար, Թորոս աղբար, տուր՝ երթա, մի հակաճառվիր հետը։
Չեմ տար, Ղարապուտախի, Ֆռաթի մաղարաները որչափ քուրդ կա, ամենուն ալ կըսե. «Ես եռսուն փարայեն առի»։
Գան ուզեն նը՝ չունիմ, հատավ, չմնաց՝ չե՞ս կրնար ըսել, — ըսավ Գևորգ աղան, ու դարձավ Ջնդոյին, պատվիրեց. «Ով որ հարցնե՝ չըլլա, թե երեսուն փարայեն ըսես», «Երկու ղուրուշեն առի» պիտի ըսես։
Հաշա, Գեվեր աղա, դուն ինծի աղեկություն ըրիր, հաշա, ես կմոռնա՞մ քու աղեկությունդ։ Մարդու չեմ ըսեր, տղոցս անգամ չեմ ըսեր։ Ով հարցնե, երկու ղուրուշեն առի կըսեմ, Գեվեր աղա։
Կշռեցին հարյուր օխա ալյուրը։ Ջնդոն կապույտ լաթե ծրարե մը երեք մեճիտիյե, երեք արծաթ քառորդ հանեց, իր քրդախառն թուրքերենովը համրեց երեք մեճիտիյեն, քսանականեն՝ վաթսուն ղուրուշ... շիլ ղուրուշ ըսավ, երեք քառորդին ալ՝ պիր չորիկ, հյուչ չորիկ, դեհուփենճ ղուրուշ ըսավ, հեմիսի հաֆթե փենճ ղուրուշ, հեթմիշպեշ ղուրուշ ըսավ, Թորոս հուսթային տվավ։
Ջնդոն երկու պարկ ալյուր ջորիին բեռցավ, կարճ, մինչև ծունկերը հասնող քրդական էնթարիին երկու փեշերը վերցուց, գոտին կոխեց, մինչև կրունկները գոցող ուռուցիկ վարտիքովը ճամբա ելավ։
Ալ մեկ մըն ալ՝ ադ գինով ալյուր չեմ տար,— ըսավ Թորոս հուսթան։
Չէ, մեկ մըն ալ պիտի գամ, մեկ մըն ալ պիտի գամ, հիքի տեֆա տահա, — ըսավ Ջնդոն։
Կտեսնե՞ս, — ըսավ Թորոս Պապոն Գևորգ աղային։
Անգամ մըն ալ կուտաս, անկե ետին՝ ալ չունիմ կըսես, — պատասխանեց Գևորգ աղան։

 Տես նաև Հակոբ Մնձուրի Պատմվածքներ
Հակոբ Մնձուրի | Սի փարա հոթուզ փարա Հակոբ Մնձուրի | Սի փարա հոթուզ փարա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 22:25:00 Rating: 5
Технологии Blogger.