Հակոբ Մնձուրի | Սիլա


Սըլոյանը, հացագործ չմշկածակցի Ղազար տզային դեզկյահտարը, կիրակի իրիկունը գործը ձգեց։ Հայրենիք պիտի երթար։
«Կեցիր, մի երթար» կըսվե՞ր, կրնա՞ր ըսել Ղազար աղան։ Չորս տարիե ի վեր կաշխատեր, իր դեզկյահտարն էր։ Ալ մնա՞ր։ Սիլաճի չըլլա՞ր, սիլա մը չընե՞ր իր երկիրը։ Բայց Սըլոյանին պես մեկը ո՞ւր պիտի գտներ։ Ատ կմտածեր։ Նույնիսկ անկե քիչ մըն ալ պակաս զործունյա ըլլար, նորեն գոհ էր։
Իրեն պես վարանոտ չէր։ Առաջ նետվոց, հանդուգն էր։ Ուրիշ հատկություններ ալ ուներ։ Գիր մը կգրեր որ կսքանչանայիր։ Վայրկենական ալ կգումարեր, կբազմապատկեր: Հաշիվ մը կհաներ։ Հաժախորդներուն տետրակները ան կբռներ։
Փուռին տերը, վարպետը ինքն էր։ Բայց իր գործը, իր փուռը ան փայլեցուց, ան անվանի դարձուց։ Ինք ի՞նչ կըներ։ Ղալաթիա, Խավյար Խանը ալյուրի հրապարակը՝ իջնալ մը, ալյուր ղրկել մը գիտեր։ Աժան, երկրորդական տեսակներեն պիտի առներ։ Տափակ, սմքած, մեջը խոնավ խմոր հացեր մը պիտի հաներ։ Հինգ բերան, այսինքն հինգ փուռ հաց կելլեր, չէր ծախվեր։ Չորսի իջեցուցին, նորեն ամեն օր հարյուր, հարյուր հիսուն հաց կմնար։ Հաջորդ օրը պազար կտարվեր, երեսուն, քսանըհինգ փարայի կտրվեր։ Ան պնդեց, ստիպեց առաջին կարգի ալյուրներ առնել տվավ, փուռին համբավը տարածվեցավ ամեն կողմ։
Թաղերը, տուները հաց տանող թապլաքյարներուն, հացի խանութներուն, ճաշարաններուն, նպարավաճառներուն փարաները ան կգանձեր։ Արագագործ ալ էր։ Տեզկյանը ցատկել ելլել մը, ցատկել իջնալ մը, փուռը մտնել մը, ելլել մը ուներ որ Ֆերիտիյեին Չոպանօղլուի փողոցի դրացիները, խանութպաններ կհիանային։
Երկրորդ Սիլան էր որ կըներ Սըլոյան։ Անգամ մը եկած գացած էր Ըստանպոլ իր տղայությանը։ Երկիրը ամեն տղու պես տասնըվեց տարեկանին կարցեր էին զինքը։ Երկու տարի մնացեր էր հարսին հետ։ Տասնըութնին Իսթանպուլ ղրկեր էին։ Սկյուտար Ղզլար Աղասիի փուռը աշկերտություն ըրավ։ Փուռը Արխանյանին էր։ Իրենք ալ երկիրը Արխանյաններուն կնքահայրն էին։ Տեզկյահտարն ալ Կասմացի Զաքար տղան էր։
Ամբողջ երկու տարի շալակի կողովով հաց կրեց Ահմետիյեի, Չավուշ Տերեի, Աթփազարի նպարավաճառներուն, շուկայի ու նավամատույցի ճաշարաններուն։ Փուռին ներսը դուրսը մաքրեց։ Իրիկունն ալ օթեք հացերը Ատլամա Թաղի պազարը տարավ, տասը փարա պակասով, «օթուզ փարա, օթուզ փարա» պոռալով ծախեց։
Աշկերտներուն շաբաթականը 35 ղուրուշ էր։ Կնքահոր տղան ըլլալով իրենը 40 ղուրուշ ըրին։ Ադ դրամովը թե պիտի ուտեր, թե երկու ամիսը անգամ մը տասը մեճիտիյե, այսինքն երկու հարյուր ղուրուշ հավաքելով երկիր պիտի ղրկեր։ Եթե ոչ ինչո՞ւ ճամբեր էին, ինչո՞ւ եկեր էր։ Առտու ցերեկ տասը փարայի հելվա կամ ձիթապտուղ կամ պանիր կառներ, հացով կուտեր։ Կերակուր եփելն ալ իր վրա էր։ Կերակուրն ալ ամառ, ձմեռ, ամեն օր չոր լուբիա մըն էր։ Դիմացի նպարավաճառեն երկու օխա լուբիա կառներ, կմաքրեր, մինչև շրթները ջուրով խորունկ սանին մեջ կլեցներ, կկուտակեր տակը կրակով, օջախին վրա կը դներ։ Սոխով պիտի ըլլար։ Օխա մը սոխը կը մանրեր, տախդեղով, այսինքն պղպեղով պիտի ըլլար, բուռ մըն ալ կարմիր փոշի տախդեղ կը խառներ մեջը, հայրենիքին պես։ Ձեթ չկար, ձեթեն չէին ախորժեր, «ծանր հոտ մը ունի» կըսեին։ Կթողեր, որ եփեր, շատ եփեր։ Կրակ շա՜տ փուռը։ Պոլսեցիներուն կերածին պես հատիկ լուբիա պիտի չըլլար։ Կծու ալ ըլլալու էր։ Քիմքերուն դպելու էր, քրտնցնելու էր։ Օթեկ հացերը կը բրդեին մեջը դգալ չմտնելու սատինան։ Ու Զաքար աղան, ինք, գործավորները, Ածպտերցոնց տղաքը, հացեփը, յոթը ութը հոգի կը բոլորվեին գետինը ու կը դգալեին։ Հատնելու ըլլար հացը, նորեն հաց կբերեին, նորեն կբրդեին։ Մարդուն փորը կշտացնողը հացն է։ Առանց հացի որքան ուտես չես կշտանար, կամ քիչ վերջը նորեն կանոթենաս։ Ամեն իրիկուն աս էր կերածնին։ Փարա չէին տար։ Վարպետեն էր։
Ամբողջ երկու տարի երկիրին լաթերը հագավ։ Ոտքերը Երզնկայի չետուկները, ճերմակ բուրդե հաստ գուլպաներ, մեջքը կարմիր գոտի, կապույտ կտավե սալթա կռնակը, սրունքները կապույտ շալվար ու Արաբկիրի մանուսայե մինթան մը, սատափե կոճակներով։ Երբ քսան տարեկան եղավ, երկիրեն գրեցին որ ճամբա ելլեր։ Կբավեր։ Մեղք էին։ Ճահել էին։ Հարսն ալ, ինքն ալ իրար չվայելեցին։
Սկյուտարի Արասթա փողոցի պիթ բազարեն գործածված հագուստ ծախող մը որ իր հաճախորդն էր, ամեն իրիկուն երկու երեք օթեկ հաց կգներ, երեսուն փարանոցներեն, զույգ մը կոշիկ, զույգ մը գուլպա, ճերմակ շապիկ մը, բաճկոն մը, բաճկոնակ տաբատ, ամենուն հիսուն ղուրուշ ուզեց։ Առավ։ Ամենքն ալ մեծ եկան իրեն։ Թող ըլլար։ Նեղ չըլլային։ Իր հիները նետեց, անոնք հագավ։ 650 ղրշ. աներ։ Տեզկյահի աշակերտ պատանի մը ամեն 2 ամիսը անգամ մը տանն ալ տասը մեճիտիյե կղրկեր, ատկե ավելի ի՞նչ կրնար ունենալ։ Կիրասոն ելավ։ Ջորեպան ալ չվարձեց։ Ատ փարայովը քալելով երկիր գնաց։
Վահան էր անունը։ Սըլոյենց Վահանը, Սըլոյենց Պետրոս ամուին տղան։ Հայրը իրեն հաջորդեց։ Ան Ըստանպոլ եկավ։ Սկյուտար Արապա Մեյտանին Շեխճամիին առջևը խանութ մը բռնեց։ Կերավաճառ եղավ։ Գարի, հարդ, թեփ, խոտ ծախեց։
Չորս տարի մնաց հարսին հետ։ Տարիները ի՞նչ ալ շատ կանցնին։ Նորեն պանդխտելու, նորեն Ըստանպոլ երթալու կարգը իրեն եկավ։ Եղբայր մը ուներ, փոքր էր, 12 տարեկան էր, ան չէր կրնար երթալ։ Ինք պիտի երթար ու հայրը պիտի ղրկեր։ Հիմա քսանչորս տարեկան էր։ Վահան չէին կանչեր այլևս, իր մականունովը Սըլոյան կկանչեին։ Հիմա, ինչպես գավառին յոթը հայ գյուղերու երիտասարդությունը, միայն իրենց մականունները կցործածեին, միայն Սըլոյան էր, պեխերը ոլորուն, ծայրերը վեր, ինչպես ամեն արու, ամեն երիտասարդ։
Ճամբա ելավ, Ըստանպոլ եկավ։ Երիտասարդության ամենեն ուժական տարիներն էին։ Արյունը կեռար։ Պատանությանը այնքան չազդվեցավ։ Հիմա շատ ծանր եկավ իր կնոջմեն բաժնվիլը։ Զիմառայի աղջիկ էր, Զիմառացի էր, Արեգնազ էր անունը, Արեգ կը կանչեր, իր Արեգեն բաժնվիլը։ Բայց ի՞նչ պիտի ըներ։ Դրամ չկար երկիրը, հետին տասնոց մը անգամ։ Նամակ մը մեկ ղուրուշ էր։ Ադ մեկ ղուրուշը չկա։ Այգիներու պահապանին կոտ մը ալյուր ու երկու ղուրուշ պիտի տրվեր տարեկան։ Ըստանպոլեն փարա գա որ երկու ղուրուշը տային։ Պետության տուրքերը հապա՞։ Ամեն տուն, չունևորները անգամ, չորս հինգ, ունևորները տասը, տասնըհինգ և ավելի ոսկի տուրքի մը ենթակա էին։ Որո՞վ, ինչո՞վ պիտի հատուցանեին։ Հարկահանությունը ամենեն դժնդակն էր տեսարաններուն։ Պետք էր պանդխտել, դրամ հասցնել։ Բերքերը ուզող չկար, որո՞ւ տային։
Ֆերիտիյեի Չոպան Օղլուի փուռը տեզկյահտար եղավ։ Ստիպեց, համոզեց վարպետը ու ամենեն խաս ալյուրները առնել տվավ։
Այս պատմությունը 1890 - 1894 տարիներունն է։ Այդ թվականներուն ինչպես անկե առաջ դարերով հացագործությունը Եգեական կղզիներու հույներուն ձեռքն էր։ Հայերը շատ վերջերը, նախորդ դարու սկիզբները, հունական ապստամբութենեն հետո երբ հույները քաշվեցան, անոնց տեղերը գրավեցին, ինչպես հիմա ալ քաղաքին ամբողջ հացագործները Սև Ծովցի լազերը, Հեմշինցիներն են։ Հայերն ալ Արմտանցի, Զիմառացի, Կասմացի, հետո Չմշկածագցի ու Արաբկիրցիներն էին։ Այս վերջինները պետության Խասգյուղի նավարանին, Գասըմփաշայի, Րումելի Գավագի, Պահրիյեի փուռերուն հացերը կհանեին։ Իսկ քաղաքին ու արվարձաններուն հացագործությունը հայերը ու հույները կվարեին։
Երկրին մինչև Միապետության վերջավորությունը Ըստանպոլ իր հացերուն ալյուրը Վառնայեն, Իպարյիլեն, Օտեսայեն կներածեր։ Սև Ծովեն կուգար։ Իր ներքին գավառներեն, նույնիսկ ամենեն մոտականերեն անկարելի էր ապրանք փոխադրել։ Ճամբա չկար։
Ղազար աղային փուռը Օտեսայի Ուքրանական ամենեն խաս ալյուրը սկսավ բանիլ։ Երկրորդական ալյուր մը չխառնեցին մեջը։ Աչքերնուդ առջև բերեք խոշոր ձմերուկ մը, այնքան մեծ հացեր ելան փուռեն։ Դյուրաբեկ կեղևով, եփուն, մեջը ամենևին խոնավություն չկա, վրայեն մատովդ ճնշես կիջնա ու մեկեն վեր կելլե։ Եվ ինչքան ճերմակ։ Բանտիսբանիա կարծես թե կուտես, այնքան ախորժելի դյուրամարս կլուծվեր ուտողին բերնին մեջ։ Ֆերիտիյեի փուռին համբավը տարածվեցավ շրջակա թաղերը։ Մինչև Այազփաշա, Ճիհանկիր, մինչև Թեփեպաշի, Այնալը Չեշմե տուները Ղազար աղային փուռին հացերը կպահանջեին իրենց նպարավաճառներեն, թապլաքյարներեն։ Գիշեր ցերեկ ամեն երեք ժամը փուռ մը հաց կելլեր։
Առավոտեն մինչև երեկո ալ ափսե կուգար եփվելու համար։ Մանավանդ շաբաթ, կիրակիները։ Ֆերիտիյեի բնակչությանը հայ ու հույն ըլլալով կաղանդներուն, Հայերու Ծնունդին, Բարեկենդանին, Զատիկին, հույներուն Ծնունդին, Բարեկենդանին ու Զատիկին հնդկահավերուն, մսեղեններուն, խմորեղեններու ափսեներուն տեղ բանալու նամար տեզկյահին հացերը ետ կքաշեին, իրարու վրա կդիզեին։ Մեղուները իրենց պարսերուն ինչպես իրար կանցնին, անդադար փեթակ կմտնեն, դուրս կելլեն, կիներ, այրեր, պատանիներ եփված կամ եփվելիք ափսեները երկու ձեռքով բռնելով մեկ մեկու ետևե փուռ կմտնեին կամ փողոց կելլեին։ Հույներու տուներեն կամ նույն ճաշարաններեն եկած ու եփված ձկնեղեններուն համեղ հոտերը ամենուն ախորժակները կգրգռեին։ Զատիկեն ետքը հայերուն բեյնիրլի բիտեները կեփվեին հավկիթով֊պանիրով, ազատքեղով ու սիպերիական յուղով փայլփլուն։ Մայիսներուն, Խըտըրելեզներուն ամբողջական գառներ կբերվեին ու կտարվեին անցորդերուն աչքերուն առջևեն։
Սըլոյանը կնայեր այս ափսեներուն։ Տեզկյահտարին պարտականությանը չէր, հացեփերուն գործն էր։ Բայց երկուքն ալ քնատ կըլլային, գիշեր ցերեկ ոտքի վրա ըլլալով քնանալու կերթային ու ան փուռը կքշեր, կեփեր, կհաներ։
Ըստանպոլի բոլոր փուռերուն տեզկյահտարներուն շաբաթականը վաթսուն ղուրուշ էր։ Ղազար աղա 100 ղուրուշ ըրած էր։ Եփողջեքները երեքի կբաժնեին։ Տեզկեհեն չորս ոսկի կառներ, երեք ոսկի, երբեմն ավելի ալ։ Եփողջեքներեն յոթը ոսկիի կուգար իր ամսականը։ Այդ թվականներուն մեծ գումար մըն էր։ Պեյօղլիի Ալթընճը Տաիրեի գայմագամի մը հավասար ամսական մը։
Գործեն ելած օրը 150 ոսկի ուներ, հինգ Մահմուտիյե, հինգ Րուպիյէի զարդոսկի, երեք ալ հինգըմեկնոց ոսկիներ, որոնք իր կնոջը Արեգին համար էին։ 150-էն 30, 40 հայրենիք տանելիք ապրանքներում, սիլային ծախսեր, 120-110 ոսկի ալ տուն կմտներ։ Այդ փարան երկիրը չորս տարի կբավեր իրեն, կավելնար անգամ։
Ամենքը յոթը հոգի էին սիլաճիները, Վեվեյանը, Բերդիկյանը, Մեծ Արմտանեն, երկուքն ալ համետագործ Թոփգափուեն, չորսն ալ իր գյուղեն, Պզտիկ Արմտանեն։ Երկուքը պատանի էին, դպրոցական էին, Պերպերյանեն, Կեդրոնականեն, նշաներ էին, պիտի կարգեին, Հակոբ Հայրանյանց, Հակոբ Լուսինյանը, երկուքը տարեց էին, Կորջայենց Մինաս Պապան, Շեխենց Նիկողոս Աղան, մեկը տեզկյահտար Լր Արխանյանին Շաթըրի փուռը, մյուսը կերավաճառ էր Ենի Ճամիի կիցը, երկուքն ալ Սկյուտարեն։ Այդ երկուշաբթի Սըլոյանը ճամփու պատրաստություններու սկսավ։ Այս սիլան իր քսան տարեկանի տղայության սիլային պիտի չնմաներ։ Կիրասոնեն քալելով երթալուն։ 650 ղուրուշով տուն մտնելուն։ Հիմա Սըլոյենց տղան չէր, Վահանը չէր, մականունովը կը կանչվեր, Սըլոյան էր, երկիրը թե Ըստանպոլ իր հայրենակիցներեն։ Հիմա տանը պետը ինք էր, տունը իրմե կսպասեր ամեն ինչը։
Կան մարդիկ որոնք շատ կանուխ ինքզինքնին հանգստյան կկոչեն, ամեն բանե կքաշեն իրենց ձեռքը։ Իր հայրը անոնցմե եղավ, թեև ծեր ալ չէր ըսվեր դեռ։ Քանի՞ բեռով պիտի երթար։ Իր հաշիվով երեք ջորիով, այսինքն վեց բեռով ամենքը կտարվեր։ Ջորի մըն ալ իրեն հեծնելու, չորս ջորի։ Բայց Սկյուտարեն իր սաները, Արխանյանները լուր ղրկեցին, որ երկու բեռ պիտի տային իրեն, իրենցմե այս տարի երկիր գացող չկա։ Կըմերժվե՞ր։ Ընդունեց։ Կընդուներ։ Ինք ընելիք մը չուներ որ արդեն ատոր մեջ։ Կրնային էմանեթճիի միքոցով ալ ղրկել եթե ինք չուզեր։
Ասմա Ալթը պարսիկ Աբբասեն վեց պարկ առավ։ Խաբար էին, ամենեն երկայններեն, զոյգ պարկերու մեծությունով։ Գյուղն ալ կգործածեին կալերեն մարագը հարդ կրելու համար։ Խանութին աշկերտին հետ Ղալաթիա Կյումրյուկ խանին անպարը էմանեթճիին՝ Սահակ Աղային հանձնեց, որ Կիրասոնի Թոքաթլյան Մաթոս էֆենտիին ներկայացուցիչն ու ընկերն էր, բեռները ան պիտի կապեր ու Կիրասոն ղրկեր։
Առաջին գործը շաքարն էր։ Թախթագալե գնաց շաքարագործերեն շաքար առնելու։ Ինչքա՞ն պիտի առներ։ Իր հաշիվով հինգական օխանոց երկու տուփ։ Ամենը ինըսուն տուփ։ Թրքական բենիր շեքերեն առավ։ Երկիրը ասոնց վարժված էին, ատոնք կսիրեին։ Բերանը հալելու էին։ Աքիտե շաքարը չգիտեին, տանելու ալ ըլլար պիտի չսիրեին։ Հետո երեքական օխանոց ալ երկու տուփ շերպեթի կարմիր շաքար առավ։ Ասոնք ուտվելու չէին։ Տղաբերքի համար էին։ Կհալեցնեին, շերպեթ կը շինեին, տղաբերողին կտանեին, ազգական ըլլար թե չըլլար, նույնիսկ անծանոթ մը, օտարական մը ըլլար։ Օգնություն մըն էր, որովհետև ջուրի տեղ շերպեթ խմելու էր, ալյուրով եփելու էին, ատ ուտելու էր։
Ամենքը 96 օխա եղավ, կշռեցին, տախտակե հաստ ու կլոր տուփերու մեջ դրին, գամեցին ճամբան չբացվելու, չկոտրելու համար։ Ըստանպոլեն գացող ամեն սիլաճիե ամենեն առաջ շաքարի կսպասեին։ Ամեն սիլաճի այսքան չէր տաներ, բայց կային որ ասկե ալ ավելի բեռնով ալ կերթային։ «Քերվան կուգա ինչ խոմաշի բեռներով, Արանիս ալ ինչ ծովերով, լեռներով»։ Սըլոյան չէր ուզեր անփառունակ սիլա մը ընել։ Բեռներով գյուղ մտնելու էր։ Պիտի խոսվեր, պիտի խոսեին։
Այսքան շաքարը միայն իր տանը չէր տաներ։ Մեծ տուփերը, հինգական օխանոցները, երեքական օխանոց շերպեթի շաքարները, մյուսներուն ալ փոքր մեկ մասը իրեն պիտի մնային, մյուս ամբողջը նվեր պիտի տար երեք գյուղերու իր ազգականներուն, բարեկամներուն։
Գիտեր, որ ամեն հայրենակից մեկ, նույնիսկ երկու, երեք տուփ պիտի բերեր իրենց տուներուն համար։ Կըլլա՞ որ ետ դարձներ։ Ոչ։ Ամեն օր դուռ դուռի, երես երեսի կնայեին։ Իրենը պիտի ձգեր նույնիսկ, անոնցինը պիտի ընդուներ։
Ամբողջ օրը այս շաքարով զբաղեցավ, մինչև որ շաքարագործներու աշկերտներուն հետ կրելով Սահակ աղային անպարը տարին։
Հետևյալ օրը, Երեքշաբթի, Գոց Շուկայի մեջ Հալեպցիներու շուկան մտավ։ Կարգով խանութներ էին, սուրիական հյուսվածեղեններ կծախեին։ Առաջին խանութին առջևը կեցավ, ներս հրավիրեցին։ Պատերու երկայնքին, բաց դարակներու մեջ ցուցադրեր էին կեռմեսուտները, սեֆայիները, յանարսեռներները, զութնիները, մանուսաները։ Կեռմեսուտ ու սեֆայի ուզեց։ Դարակներն իջեցուցին, տեզկյահին վրա իր առջևը դրին։ Ինչ փայլփլուն գույներ տվեր էին Հալեպցի վարպետները այս կերպասներուն։ Կեռմեսուտին կասկարմիրը, Սեֆայիին գոց կանանչը այնպես փռփռալով կշողային, որ Սըլոյանին աչքերը խտխտացուցին։ Ոսկիի ցոլքեր տեսավ։
Կեռմեսուտեն հինգ էնթարիցու իր կնոջը, տանը քրոջը, հարս գագած երկու քրոջը, աղջկանը՝ Մարանիկին, սեֆայիեն էնթարիցու մը մորը համար ուզեց։ Խանութպանները գիտեին էնթարիի մը չափը, իրենց Հալեպի կանգունովը չափեցին, կտրեցին, ծրարեցին։
Կարմիր ու գոց կանաչ չուխա ուգեց ճյուպպեի ու սալթայի համար։ Երկու ջուխաներն ալ վար առին, տեզկյահին վրա իր առջևը դրին։ Կարմիր չուխայեն չորս ճյուպպեցա ու սալթացու կնոջը ու քույրերուն, գոց կանանչ չուխայեն մեկ ճյուպպեցու ու սալթացու մորը առավ։ Գիտեին չափերը, կտրեցին ու ծրարեցին։
Սրմա առավ։ Այս սրման կնոջական գլխարկներու վրա պիտի բանեին։ Ոսկեգույն խայթան առավ։ Այս խայթանը էնթարիներուն, ճյուպպեներուն, սալթաներուն գրպանները, քղանցքները, թեզանիքները, ոսկեգույնով երիզելու համար էր։
Արյունի գույն, զմրուխտի գույն, ոսկիի գույն բուլ, թռթռ, թաթիկ, ուլունք առավ։ Յուրաքանչյուրեն երկու հարյուրական տիրեմ, այսինքն կեսկեսական օխա։ Ասոնք քեոսթեկներուն վրա պիտի ասեղնագործեին քույրերը։ Քեոսթեկները ճյուպպեներու ետևը, կոնքե կոնք պիտի կապվեին փեշերը ամփոփելու համար։ Այս չորս գույները պիտի ցոլցլային ամեն քայլափոխին։
Երկրորդ խանութը մտավ։ Սև թավիշե հինգ գլխարկ առավ, հինգ ալ լաչակ, չորսը վարդագույն, մեկը մանիշակագույն։ Այս լաչակները գլխարկներուն վրայեն մինչև թիկունքները պիտի իջնային։ Հինգ ալ լայն Թարապուլուսի գոտի առավ, էնթարիներու երկու փեշերը իրարու բերելով կապելու համար։
Չետուկ ծախողին խանութը մտավ։ Հալեպի գործ հինգ դեղին մորթե, հինգ ալ Ըստանպոլի գործ կաշիե չետուկ առավ մեծերուն համար։ Երկերկու զույգ չետուկ աղջկանը ու տղուն, մեկ մեկ զույգ ալ հորը ու եղբորը առավ։
Կտավեղեններու խանութը մտավ։ Վուշի գույն քթան առավ մարմինին վրա հագնվելիք քթանե շապիկ շինելու համար։ Լման հակ մը սուրիական բամպակե կտավ առավ անկողինի սավաններու ու ճերմակեղեններու համար։ Ծրարները ինչքան ալ ծանր էին։ Երկուքը գունավոր տորունի կարմիր կտավ էին։ Արտերը, լեռները պառկելու, վերմակները սավանելու համար։ Ճերմակները կաղտոտեին գետիններեն։
Հորը, եղբորը ու տղուն հագուստ առավ Սուլթանհամամ հանդերձեղեններու վաճառատունե մը։ Դարձյալ Սուլթանհամամ մզկիթին փողոցը հայու մը նեղ խանութե մը, մկրատ, դանակ, զմելի կծախեր, կնիկ մարդու զմելի ուզեց։ Երկիրը կիներուն համար պահանջ մըն էր զմելի մը։ Տարվան ութը ամիսը, մարտեն մինչև հոկտեմբեր, տանը չէին, դուրսն էին, այգիները փորելու, ջրելու, բերք հավաքելու, լեռը՝ կանկառ, ձորերը՝ ծնեփեկ ժողվելու, լեռները խոտ քաղելու, արտերը արտ քաղելու, ուր երթային կամ ըլլային, գրպանը զմելի մը ունենալու էին։ Աղջիկ մը տասներկու տարեկան եղա՞վ, զմելի կուզեր։ Ամեն Ըստանպուլեն եկողե մը կնիկ մարդու չախու մը կակնկալեին։ Ակեն չերչիները կբերեին, չէին հավներ, փայտե կոթով էին, աղվոր չէին։ Խանութպանինը տափակ կոթով, մեկ շեղբով, շատ սուր, անգլիական Շեֆիլտ էին, կոթերն ալ մետաղե, արծաթի պես կփայլեին։ Օղակ մըն ալ ունեին։ Տասնըհինգ հատ առավ։
Տունը կա՞ր թե չէր մնացեր, չէր գիտեր, Մըսըր Չարչըսըեն երեք օխա հինա առավ։ Թող գտնվեր։ Սըլոյան այդ օրը չորս անգամ Գոգ Շուկայեն, Սուլթանհամամեն Էմանեթճիին, Սահակ աղային ամպարը գնաց ու եկավ։
Չորեքշաբթի իր սանահայրը Արխանյան հաճի Վարդան աղան եկավ, ամառ ձմեռ կարմիր դեմքովը, մատնեմատը ոսկի մատանիովը, բաճկոնակը ոսկի շթայովը ու ոսկի ժամացույցովը։ Երեք եղբայրներեն երրորդն էր։ Իրմե մեծը հաճի Հարություն աղան էր։ Իրմե կրտսերը հաճի Ճիվան աղան էր։ Այս Արխանյանները գերդաստանով հաճի էին, մահտեսի էին, Երուսաղեմ գացեր էին։ Իրենց հայրը, որ գյուղն էր, հաճի էր. հաճի Սահակ Աղան։ Իր երեք տղաքը հաճի էին, իր թոռները, իր երեք տղոցը, երեք եղբայրներուն տղաքը, հաճի Գալուստը, հաճի Կարապետը, հաճի Գևորգը նույնպես Երուսաղեմ գացեր, իրենց պապուն, իրենց հայրերուն պես հաճի եղեր էին։ Իրենց կիներն ալ հաճի էին։ Հաճի Սահակ ադային կինը հանի Նախունթն էր։ Երեք եղբայրներուն կիները հաճի Ելպակը, հաճի Խայաթը, հաճի Ղըլըճն էին։ Անոնք հաճի եղեր, գյուղ դարձեր էին։ Միայն այս երեք կեսուրներուն հարսները և անոնց մանուկները հաճի չէին։ Սկյուտար փռապան էին, չորս փուռ ունեին, չորսն ալ կբանեցնեին, Տեվեճիօդլուի փուռը, Ղզլար Աղասիի, Շաթըրի, Թեքքեգափուի փուռերը։ Հարուստ էին։ Ինչքան հարցնեիր փուռերու գործավորներուն գումարը ոչ ոք գիտեր, համրելը անկարելի էր, այնքան շատ ոսկի ունին, կպատասխանեին։ Եթե ուզեին Սկյուտարի ամբողջ Իճատիեն, Ենիմահալլեն կգնեին, բայց իրենց հայրը Հաճի Սահակ Աղան, որ երկիրեն կկառավարեր իր տղաքը և անոնց գործերը, չէր արտոներ, որ թաղերը բնակին և իրենց կիները Ըստանպոլ տանին, Ըստանպոլցի ըլլան։ Իրենց փուռերը պիտի պառկեին, հերթով պիտի գային, երկու երեք տարին անգամ մը իրենց կիներուն հետ պիտի մնային, սիլա մը պիտի ընեին, նորեն ամենուն պես պիտի դառնային, պիտի պանդխտեին։ «Ի՞նչ գործ ունին մեր կիները Ըստանպոլ։ Անոնք մեր տուները շենցնողներն են, տուներուն հիմերն են։ Առանց անոնց մեր տուները կգոցվին։ Կփլին։ Մենք գյուղացի ենք, քաղքըցի չենք։ Անոնք ալ, մենք ալ չենք հարմարիր Ըստանպոլի նիստ ու կացին, վարք ու բարքին։ Ո՜վ պիտի կթե մեր այսչափ կովերը, այսչափ ոչխարը, ո՜վ պիտի տնտեսե անոնց կաթն ու կիթը, ո՜վ պիտի քաղե մեր արտերը, կալերը, մեր եգիները, պիտի բոպըկնա ջրե, թութերը, խաղողները շահ անցընե։ Այս ամենը մեր կիները, մենք էրիկմարդիկս պիտի ընենք։ Նայեցեք ձեզի օրինակ, Ակի Ժամկոչյանը, Տիվրիկի Հայրանյանը, Արաբկիրի Հանեսյանը, Չմշկածագի Կարմիրյանը, Գարահիսարի Այնաճյանը, Երզնկա Տեր Ստեփանյանը այնքան հարուստ են, ինչո՞ւ չեն գաղթեր։ Տուն մը ծառի մը կնմանի։ Ծառ մը հանես, ուրիշ տեղ մը տանիս դնես, հարյուրեն մեկը կբռնե, ինըսունինը կչորնա։ Մենք մեր տունը չենք չորցներ, չենք գոցեր։ Կանիծվինք, գերդաստանը ցանուցիր կըլլա, կմարի» կըսեր ու կգրեր հաճի Սահակ աղան, իրենց հայրը։
Սըլոյանը հաճի Վարդան աղան փուռին դեմի սրճարանը տարավ, նստան։
Ես մեր երկու տենկերը մեր տունը չեմ ղրկեր, կնքահայր, ըսավ հաճի Վարդան աղան։ Լիճքին ա Կասմային քույրերուն են, անոնք պիտի գան մեր տունեն առնեն։ Թեզի քսան մեճիտիե կուտամ, հորս համար է, երկու ոսկի ալ կուտամ, էմանեթճիին ու ջորեպանին դրամը։ Ես մեր Օհաննես վարպետն ու տղա մը կղրկեմ, մեր բեռները թող պատրաստեն, էմանեթճիին ամպարը հանձնեն։ Ես երթամ, կնքահայր։ Դուն ճամփորդ ես, քեռ առնել նստեցնել չըլլար։ Աշունը մեծ եղբայրս հաճի Հարության աղան պիտի գա, կարգը իմս է, գալ տարի ես հայրենիք պիտի երթամ, սիլա մը պիտի ընեմ։ Հոն ամեն օր իրար կտեսնենք։ Մնաս բարով։ Ե՞րբ ճամբա կելլեք։ Ո՞ւր կգտնեմ ձեզ, որ երթաք բարով ըսելու գամ։
Կիրակի ցերեկ ժամը վեցին նավը ճամբա կելլե: Մենք Ածպըտերցիներուն Չախո քեհյային սրճարանը կըլլանք, ըսավ Սըլոյանը։
Այդ երկու օրը իր տենկերը, Արխանյաններուն տենկերը, մյուս վեց ուղեկիցներունը կապվեցան, բերանները կարվեցան։ Էմանեթճին ամենը առավ, նավ տարավ, Ուրբաթ ապրանքները գացին։
Ածպըտերցիներուն Չախո քեհյային եդըայրը Շիրինին բանեցուցած Աշխարովացիներուն սրճարանը Կյումրյուկ խանին ամբողջ տարածությունը գետնահարկ մըն էր։ Առավոտյան կանուխ ժամերուն Սըլոյանը, Մինաս պապան, Նիկողոս աղան միայն կային։ Վեվեյանը, Բերդիկյանը, երկու Հակոբները և դեռ չէին եկեր։
Ամենքեն առաջ, ինչպես միշտ, Վոսփորի առաջին շոգենավով Պեյքոզի փուռին վարպետը Գևորգ աղան, Գանլըճայի փուռին վարպետը Նիկողոս աղան եկան։ Անոնց ետևեն Սարըյարի փուռին տեզկյահտարը Նաղաշյանը, Պյույուքտերեի, Ենիգյուղի, Էմիրկյանի փուռերուն վարպետները Պողոս աղան, Թորոս աղան, Աստուր աղան եկան։ Աղաները տարեցներն են, մականուններովը երիտասարդներն են։ Դեռ նստած չէին, սիլաճիները խումբով ու Աթբազարի համետագործները՝ Ակոբ աղան, Մարգարյանը, Խերյանը, Պետրոսյանը եկան։ Անոնք ալ դեռ չնստած, Ավետյանը, Սըլոյանին քենեկալը, Կոչյանը, Թևոյանը, Սըլոյանին քեռայրները եկան։ Սկյուտարեն Արխանյան երկու եղբայրները, հաճի Վարդան, հաճի Ճիվան աղաները ներս մտան։ Անոնց ետևեն Սկյուտարի Պալապան փուռին, Քեպապճիլարի փուռին Քերոբ աղան, հաճի Բարսեղ աղան եկան։ Միասին Գևորգ էֆենտին, որ թե Պալապանի փուռը տեզկյահտար էր, թե հուգուգ կհաճախեր, փաստաբան պիտի ըլլար։ Անոնց ետևեն Սկյուտարի կերավաճառները Ճորդիկանց Սարգիս ամուն, Ճորդյանը եկավ։ Հետո Էյուպի, Չեոմլեկճիլերի, Գատի Եոռանի փռապանները՝ Նահապետյանը, Չեպիճյանը, Կոկանյանը, Ագսարայի, Ալթը Մերմերի, Ավրատ Բազարի Կոբյանը, Սալամանյանը ներս մտան։
Այս գյուղացիներուն սովորություններեն էր ամեն հայրենիքեն եկողները դիմավորել, ամեն հայրենիք գացողներուն ողջերը մաղթելը։ Կմեղադրվեին եթե չգային։ Արդեն միայն հայրենակիցներ չէին։ Գրեթե ամենքը ազգականներ էին իրարու։ Փեսա, աներ, աներորդի, քեռի, քեռորդի, քեռայր, խնամի, հորքուրայր, մորքուրայր, հորքուրորդի, մորքուրորդի։
Ակոբ աղա, դուն ե՞րբ պիտի երթաս, ըսավ հաճի Վարդան աղան։
Երկիրը փարայով կերթացվի, որո՞վ պիտի երթամ, ծերացա հաճի բեկ։
Քսանըհինգ տարին ալ անցավ, Աթբազարը եկար, ալ մնացիր։ Տղա ունեցար, տղադ կարգեցին, թոռ ունեցար, ոչ տղադ ոչ ալ թոռդ չես տեսեր, չես ճանչնար։
Ամեն անգամ կըսենք, աղբար ճամփուդ փարան մենք տանք նավը դնենք քեզ, երկիր ղրկենք, ըսին իր արհեստակիցները, չ՚երթար։
Մեկն ալ մեր Կատարենց Գևորդը չէ՞, ինձմե ալ մեծ է, Սելամսըզի հույնին փուռը աշկերտ է, ադ տարիքովը շալակը հաց կկրե խանութները։ Առած փարան ի՞նչ կընե չես գիտեր, ոչ երկիր կերթա, ոչ ալ տունը փարա կղրկե, ոտքը ոտնաման չկա, ըսավ հաճի Ճիվան աղան իր ծանր առոգանությունովը։
Երկրացի մը տեսնե կպահվի, չտեսնելու կուտա,— ավելցուց Նիկողոս աղան։
Իբր թե իմ ալ քեռիս է, ըսավ Ճորտյանը, լավ որ տղան մեծցավ, սազանտար եղավ, ձայնն ալ աղվոր է, Ղոչկիրիի Մուստաֆա փաշային ղոնախն է, տանը ան կնայի։ Ավետյանը, որ դիմացի նստարանին ամենեն ծայրը Վեվեյանին հետ կխոսեր, հանկարծ ընդհատեց, ներշնչվեցավ, երգելու պես, երկրին հարսներուն իրենց պանդուխտ էրիկներուն հարենները սկսավ արտասանել։
«Զարկիր, կրակ տվիր, աղաս, կերիմ, կվառիմ,
Ջուրի պես ծարվցեր եմ, աղաս, ճամբուդ կնայիմ»։
«Քներ եմ խոշ եմ եղեր, աղաս, սիրույդ սերխոշ եմ եղեր,
Հերու շատ աղեկ էի, աղաս, աս տարի ի՞նչ եմ եղեր»։
«Հաներ եմ կապույտս, աղաս, հագեր եմ ալը
Ես քենե կարոտ եմ, աղաս, ի՞նչ ընեմ մալը»։
«Շըլլե ես չըլլայի, աղաս, քու սիրած յարը,
Շըլլե իս չի բերեր աղաս, իս բերող մարը»։
«Տուն եկուր աղաս, ելիր տուն եկուր,
Արմաղանդ չեմ ուզեր, աղաս, արևդ առ եկուր»։
Թուրքերենները շարունակեց.
Պա կեճե ույմամիշըմ, աղաս, պաջ յերե գոյմամիշըմ,
Կեչմիշ յարըն քերվանը, աղաս, ույումուշ կյորմեմիշըմ:
Քարշըմա կել քի կյորեմ, աղաս, էլին ուզաթ կյուլ վերեմ,
Արամըզտա քարլը տաղ, աղաս, պեն սենի նա՞սըլ կյորեմ։
(Այս գիշեր չեմ քներ, աղաս, գլուխս գետնին չեմ դրեր,
Յարի կարավանն է անցել, աղաս, քնած եմ եղել չեմ տեսել
Եկ դիացս որ քեզ տեսնեմ, աղաս, երկարի ձեռքդ վարդ տամ
Մեր միջև ձյունոտ լեռ կա, աղաս, ես քեզ ինչպե՞ս տեսնեմ)։
Այս հարենները Արմտանի հարսներուն ստեղծագործություններն էին։ Անոնք կը հավաքվեին ու կը հորինեին։ Աղան, որ Պարսկաստանեն եկեր է մեզի, ուր ամենամեծ տիտղոս մըն է, մենք որևէ տարեցի մը ի հարգանս կգործածենք, միակ տառի մը հավելումով շեշտը կփոխվի։ Մեր հարսներուն «աղաս»֊ը կամ Անջրդիի, Ակընիկի, Բաղմաշենի ղըզըլպաշ կիներուն «աղա֊մ»֊ը երիտասարդներուն, քսանեն մինչև քառասուն տարեկան իրենց էրիկներուն միայն կարտասանվին։ Կարոտի, պաշտամունքի հավասար սիրո մը արտահայտությունն է։
Ան ո՞վ է մեր հարսներան հարենները կ՚ըսե, կնքահայր, հարցուց հանի Ճիվան աղան։
Թեղուտցի է, Ավետյանն է, ըսավ Սըլոյանը խնդալով, քենիս առած է, քենեկալս է։ Երկիրեն խոսք բացվի, երկիրը միտքը ինկնա, մեր հարսներուն հարենները կկանչե։ Կոչենց Սարգիսը, Կոչենց Պետրոսը, Պառվենց Թադոսը եկան բարևեցին, Սըլոյանին առաջքը կայնեցան, Սարըյարեն վար, Րումելի Գավաքեն կուգային։ Պահրիյեին փուռը կ՚աշխատեին։ Աշկերտ էին։
Երկուական մեճիտիյե, մեկ մեկ ալ կնիկ մարդու զմելի բերինք, մերիններուն կուտաս, չըլլա՞ր, աղաչեցին Սըլոյանին։ Կ՚ամչնային հարսներուն, մեր կիներան ըսելա։
Օր առաջ ինչո՞ւ չբերիք, բեռներուն մեջ կը դնեինք, ըսավ Սըլոյանը։
Մեր տեզկյահտարը Սերոբ աղան չձգեց, ըսին տղաքը։ Ասօր թողուց որ եկանք։ Բան մը ըրե, ինչ կ՚ըլլա, գրպաններդ դիր։
Տվեք նայիմ, ըսավ Սըլոյանը, Թաթոս, դուն նոր եկար, քու փարադ ուրկե՞ է։
Փոխ առի, շաբաթականես վար պիտի դնեն։
Ինչո՞ւ եկար, մեկ տարվան կարգվա՞ծն ալ կուգա։ Տարի մըն ալ թող կենայիր։ Առածդ ո՞վ է, որո՞ւ աղջիկ է։
Վարի գեղեն է, Քարամենց Կոնխիկ պապային, ուր է Խրիմյան Հայրիկ կկանչեն, անոր թոռն է, հայրը Վառնա է։
Ան պըտըլիկ աղջիկ մըն էր, Մասուր ձորի մեջ եգիեն գիտեմ, ե՞րբ մեծցավ ու հարս եղավ։
Էհ, մեծցավ քիչ մը,— ըսավ։
Թաթոս ծո, իր տեղեն Ավետյանը ձայնեց, մեծցավ քիչ մը ի՞նչ ըսել է, մեծցավ ըսե։
Ամենքը խնդացին։
Էէ... դուն ալ... լեզվիս անանկ եկավ, անանկ ըսի, բարկանալով պատասխանեց ու ավելցուց, փարան մորս չտաս, հարսը փարան ի՞նչ պիտի ընե կըսե ու չի տար։
Երեքիդ փարան հարսներուն կուտամ, հոգ մի ընեք։
Վարպետնիդ ո՞վ է,— հարցուց հաճի Վարդան աղան տղոցը։
Արաբկիրցի է, Ճիզմեճյան Ակոբ աղա կըսեն։
Ու վախնալով քե նավը կփախցնեն, երեքը իրարու ետևե վազելով գացին։
Սըլոյան, Վիվեյան, չելլե՞ք չերթաք։ Ճամփորդը ճամբան ըլլալու է։ Ժամը չորսը անցավ։ Վեցի՞ն պիտի երթաք, որ նավը տեղ չգտնեք, ձեզ ամենեն տակի ամպարը իջեցնեն, ըսավ Ավետյանը, Սըլոյանին քենակալը, տղոցը երթալեն ետքը։
Այո՛, այո՛, ձայնեցին ամենքը։
Ու սրճարան մը բազմությունը ոտքի ելավ։ «Երթաք բարով... բարի ճանապարհ... մեր բարևները տարեք ամենուն, մեզ հարցնողներուն, հայրենիքին լեռներուն, ձորերուն»,— ըսին ճամբորդներուն։ Ասոնք ալ «Մնաք բարով ամենուդ... տարոսը ձեզի, որ դուք ալ գաք»,— պատասխանեցին ու բաժնվեցան։
Կյումրյուկ խանին Աշխարովացի Չադոյին, Շիրինին սրճարանը պարպվեցավ։ Կիրակի էր։ Գործի օր չէր, արմտանցիներն ալ որ գացին, ո՞վ կմնար։
Չորս օրեն նավով Կիրասոն ելան։ Յոթը օրեն ալ հայրենիք հասան։ Կապուտ Լուսի Քարս աղբյուրը եկան։ Տեղացիներուն Մանզուր Պապա Տաղլարը, մեզ հայերուս Մրզա լեռը, Մնձուրի լեռը երևցավ, որ Քեմախեն շարունակվելով Պեհրե Պելի, Խոսգա Պելի կիրճերովը Չմշկածագի բարձունքներեն հարավ Ակնո ուղղաթյամբ կընթանա։ Ջորիներուն վրա երեք անգամ խաչակնքեցին։ Երկիր եկեր էին, իրենց ճամփորդությունը վերջացեր էր։ Երկու գյուղին երիտասարդությունը իրենց կսպասեր, նախընթաց օրեն սիլաճիներուն գալը գիտեին։ Մյուժտեն գացած էր։
Արմտանցիներուն Քարս աղբյուրը նման բազմություն մը չէր տեսած։ Մեծ գյուղեն Էլպակյան մը, Նահապետյան մը, Պզտիկ գյուղեն Արխանյան մը հարուստ էին, Ըստանպոլի մեջ փուռերու տեր էին, վեց, յոթը, ութը ջորեբեռերով կուգային երկիր, կխոսվեին միայն։ Սըլոյան մը ի՞նչ էր, փուռի մը տեզկյահտար մը, բայց թե Ըստանպոլ հայրենակիցներու միջև, թե հայրենիքը յոթը հայ գյուղերու մեջ ոչ մեկը անոր ժողովրդականությունը ուներ։ Ամենուն սիրելին էր։ «Բարի եկաք, ամենքդ ալ, բարի եկաք»,— պոռացին, «Բարի եկար Սըլոյան» կրկնեցին ու զինքը շրջապատեցին։
Ջորիներեն վար ցատկեցին, իրար գրկեցին, իրար համբուրեցին, քրտինքները վազեցին ամենուն ճակատեն։
Կարավանին զանգակներուն ձայները հնչեցին, ծփացին միջոցին մեջ, տարածվեցան ճամփաներին վրա, թնդացուցին լեռները, ձորերը, դողացուցին սրտերը, երկու գյուղին աչքերը Կապուտլուս նայեցան։ Դաշտ իջան։ «Տղաք, մենք ձեզի ինչպե՞ս շնորհակալ ըլլանք»,— ըսավ Սըլոյանը։ «Ինչո՞ւ շնորհակալություն պիտի ընեք... կեցցե Սըլոյանը»,— պոռացին, պատասխան մը տված ըլլալու համար։
Վեվեյանը, Բերտիկյանը Մեծ գյուղեն էին։ Թերզոնց, Խարիպենց դռներեն թեքվեցան։ Սըլոյանը իր չորս ընկերներով արտերու ճամբան ելավ։ Ինչքա՞ն հեռու էր արդեն իր գյուղը, Պզտիկ Գյուղը։ «Նա... դեմն էր» տասը վայրկյան չկա, յոթը վայրկյան։ Ճամփան երկու կողմը, աջը, ձախը, դեպի վեր, դեպի վար, մինչև շուրջանակի բլուրներու ստորոտը ցանված էին, ափ մը պարապ գետին չկար։ Ամբողջ ցորենի արտեր էին։ Մեջ ընդ մեջ գարիի ու վիկի, այսինքն վայրի ոսպի։ Ամենքն ալ մաս մաքուր էին, ամենուն ալ քաղհանքը եղած էին, մեկ հատ խոտ չկար։ Բայց դեռ կափկանաչ էին, ամիսեն ավելի կուզեր հնձվելու համար։ Վիկերը կհնձեին։ Ոչ մեկին մեջ այր կար։ Վիկը կամ խոտ քաղելը կիներուն գործն էր, այրերը արտերը կհերկեին, աշունը ցանվելու համար։ Ճամփուն առաջին արտերը Մեծ Գյուղինն էին, հետո խառն էին, երկու գյուղինն էին, ավելի անդին Պզտիկ Գյուզին էին։ Սըլոյանը ճամփուն ձախը իր արտին քովեն անցավ։ Մեջը մտավ, ցողունները մինչև կուրծքը թաղեցին, հասկ մը քննեց, մեջի ալյուրը թույլ էր։ Ճամփուն աջը, բայց հեռուն, երկու արտ ունեին, անոնք ալ ցորեն էին։ Գարին հողին ուժը կառնե կտկարացնե, վիկը կը պարարտացնե։ Հետևցուց թե Առվտակի արտերը այս տարի վիկի հատկացուցեր էին ուժովցնելու համար զանոնք:
Վիկ քաղողները ամենեն հեռուներեն անգամ վազեցին Ըստանպոլվորները տեսնելու համար։ Աղջիկ, աղջնակ, ու հարս էին։ Չհամարձակեցան խոսիլ, միայն դիտեցին։ Պարտեզները եկան։ Ճամբու ձախը, վարեն առաջին պարտեզը Սըլոյանինն էր։ Փայտե սողնակը քշված էր, դուռը գոց էր։ Պատեն նայեցավ, ծառերուն տակի խոտերը քաղած ու տարած էին։ Թթենիներուն թութերը ճերմկեր հասեր, գետինները թափեր էին։ Մոլերը կը կքեին թութերու ծանրութենեն, ծիրանները, սալորները խոշորցեր էին, խակ էին, չէին ուտվեր, խնձորները մանր էին, չէին խոշորցեր անգամ։
Գյուղին երեք փողոցներուն առաջքը եկան։ Մաշիկանց տուներունը, կեդրոնի Գալենց տուներունը, երրորդը Սուրբ Եղիայի առջևեն դարձողը։ Սըլոյանին տունը գյուղին վերի գլուխն էր։ Ընկերներեն զատվեցավ, երրորդ փողոցով գնաց։ Բակին երկու մասով դուռը երկու կողմին վրա բացեր էին։ Զանգակներուն ձայները ավետեցին գալուստը։ Մայրը Աննան, երեք քույրերը, Ագապին, Նարոն, Մարոն վար վազեցին։ «Վահան, եկար... աղբար, եկար...»,— գոչեցին ու գրկվեցան։ Վրայի տունը կբնակեին։ Ջորիները հողե սանդուխեն ախոռին երդիքը ելան, հայրենական դրան առաջքը բեռերը վար առնվեցան։ Ագապին, մեծ քույրը, Նարոն, իրմե պզտիկը, բեռերուն երկու ծայրերեն բռնելով ներս տարին։ «Ի՞նչ ալ ծանր է»,— ըսավ Նարոն։ «Դուն ինծի ձգե, Նարո, կեցիր ես բռնեմ»,— ըսավ Սըլոյանը, քույրերը չթողին։
Ամենքեն առաջ Ակոբիկը, տղան, աղջիկը Մարանիկը ներս մտան, զարմացած աչքերով իրենց հորը նայեցան։ Իրենց ետևեն ալ գեղեզերքը, Խորունկալը, Խասաղբյուրը տղա, աղջիկ, քանի հատ կային բերին, մեկ մեկու ետևե, իրարու փակելու պես կայնեցան։
Ո՞ւր էիր ծո... ըսավ մամը Ակոբիկին, իրիկունն ալ կպարծենայիր, հայրիկին առջևը պիտի երթամ, կըսեիր... Ա՞ս էր երթալդ... Ավըղնին Ձորը թթու սալորները ուատելու գացիք... Չպագնե՞ք հայրիկին ձեոքը։
Անոնք թթու չեն, անուշ են, դեղին սալորները թթու են, ըսավ Ակոբիկը։
Աս ի՞նչ վրա գլուխ է, հողերուն մեջ, ոտքերնին բոպիկ, կոշիկ չունի՞ն ասոնք, չլչլներ տվեր եք ոտքերնին, անոնց ալ կեսը կա, կեսը չկա, նետեցեք ասոնք վաղը, ըսավ հայրերնին, ու ոտքի ելավ, բեռի մը բերանը բացավ, շաքարի տուփ մը հանեց։ Մարոյին դարձավ. «Մարո, ուրագնիդ ո՞ւր է»,— ըսավ, Մարոն ուրագը բերավ, տուփը բացավ։ «Եկեք նայիմ»,— ըսավ տղոցը։ Շրթունքնին սեղմած, իրարու փակած տղաքը մեկ մեկ զատվեցան եկան, յուրաքանչյուրին երկուական բուռ Ըստանպոլի շաքար տվավ. «Հայտի գացեք»,— ըսավ։
Ո՞ւր պիտի երթան,— ըսավ մայրը,— իրիկուն է, ալ աս ատեն ո՞ւր պիտի երթան, հայտի տղաք, դուք տուներնիդ գացեք,— իր թոռներուն ալ,— դուք ալ կեցեք, որ ճաշեք ու պառկիք։
Դրացիները, Կատարենց Հայանը, Ահարոնին Մարոն, Դպրենց երկու տուներան երկու ներերը, Ուֆֆա Մարոն, Բրոնը, իրենց ետևեն Մինասենց երեք տուներուն Մարգրիտը, Քնարը, Հայոցը եկան։ Մորը տարեկիցներն էին։ «Աչքդ լուս Գալենց Աղջիկ, տղադ եկավ... բարի եկար Վահան»,— ըսին ու արմտանցի կիներուն բարևելու կերպովը բթամատը, ցուցամատը, միջնամատը միացուցին Սըլոյանին ձեռքին դպցուցին, իրենց բերնին ու ճակատին տարին։ Չնստան։ Իրիկուն էր, կովերը, ոչխարը արոտեն եկեր էին, պիտի կթվեին, ընթրիք պիտի պատրաստեին, որովհետև չմթնած, լուսաչքով կճաշեին։
Վարի թաղեն Մաշիկանց, Թումասենց փողոցներուն կիներն ալ եկան, մորը աչքը լուսեցին ու գացին։ Անոնցմե վերջը գերդաստանին երեք տուներու մեծերը, պապերն ու մամերը ներս մտան։ Սըլոյանին պապն ու մամը մեռած էին։ «Մեր հարս... Գալենց Աղջիկ... Աչքդ լուս... Վահանը եկավ։ Բարի եկար Վահան»,— ըսին ու նստան։ Գրեթե նույն պահուն Տեր Պողոսը, Տեր Պապը, որ Սըլոյանին մամուն եղբայրն էր, Տեր Քեռի կկանչեին, ու մորը եղբայրը, իր քեռին ու քեռկինը եկան ու նույնպես նստան։ «Ապաշխարանք ըլլայ» ըսին, որ պանդխտութենե դարձողներուն կըսվի, իրենց տղաքը ու Ըստանպոլ իրենց տղոցը պես պանդուխտ բոլոր տղաքը հարցուցին ու հետաքրքրվեցան։ Ամենեն քիչ խոսողը Սըլոյանին հայրը եղավ։ Ամենքը խոսեցան, ան մտիկ ըրավ։ Քովը բնավ չեկողը իր կինը Արեգնազն էր։ Չէր կրնար գալ։ Անպատշաճ էր։
Գրիգորը, Սըլոյանին փոքր եղբայրը օղի, սեր ու մեղր հրամցուց։ Հարս ու կեսուր և տանը աղջիկները ճաշ պատրաստեցին։ Յուղ հալեցուցին, հոտը տարածվեցավ տունը, հավկիթով ջրվրա ու փիլավ եփեցին, սոխրացը յուղին մեջ կարմրցուցին ու փիլավին խառնեցին։ Աթոռակի մը վրա պղնձե սինին դրին, խոշոր թասերով թան բերին։ Էրիկմարդիկը բոլորվեցան, կերան։ Կիները հաջորդեցին, անոնք ալ կերան։ Ամառ էր, չարդախը, տանը ամենեն ընդարձակ մասն էր, հոն կնստեին, հոն կճաշեին։ Մթնեց։ Երկու տեղ լույս վառեցին ու դրին։ Սիլաճիին Ըստանպոլեն բերած բեռերը պիտի բացվեին ամենեն մոտ ազգականներուն ներկայությանը։
Շաքարի բեռերեն պիտի սկսվեր։ Փայտե կլոր տուփերով էին, ամենքն ալ կափարիչովը գամված։ Ամենուն վրա տերերուն անունը գրված էր։ Սըլոյան տուփ մը բացավ որուն շաքարները առաջին անգամն էր որ կտեսնեին։ Գունավոր էին, կարմիր, կանանչ, դեղին, խմորի պես ալ կակուղ։ Թե կերան, թե ըսին «Աս ինչ աղվոր շաքարներ են, չծամած կլլե, հալեցան բերաննուս մեջ»։ «Անուշ ըլլա, հրամմեցեք»,— ըսավ Սըլոյանը, ու մեկ մեկ, մեկ մեկ տուփերը հանեց։ «Անոնք մերն են, ըսավ, կինը Արեգնազը կանչեց, ներսը սնտուկներուն սենյակը տար»։ Երկերկու գրկեց ու տարավ կինը։ Տասնըհինգ տուփ նորեն հանեց։ Երեքական օխանոց էին։ «Ասոնք ալ մերն են, երկու հատը շերպեթի կարմիր շաքար են, ըսավ, կինը առավ որ պիտի տաներ, ամենքը մի տանիր, սա հինգ հատը Տեր Քեռիին, Միքայել քեռիին, երեք պապերուս առջևը դիր, իմ նվերներս են» ըսավ։ Երրորդ անգամ ինչքան կար հանեց, պարպեց պարկը։ «Ամենքը մերը չեն»։ Զատեց։ «Աս երկու տուփը Լճացի Գուլպետենցն է, աս երեքը Լճացի Արտակենցն է, աս երկուքը Լճացի Համլենցն է։ Աս երկուքը Դարգլոխի ղըզըլպաշ Տետեին է, Մարո, դուն ալ ասոնք սա պատին տակը շարե, մյուսները ներս, սնտուկներուն սենյակը տարեք»։ «Դուն Դարգլոխի ղըզըլպաշներուն Տետեին ո՞ւրկե կնանչնաս» հարցուցին։ «Տղան կճանչնամ, Աբբասը, մեր փուռին փողոցը խանի մը օտապաշին է, բերավ, աղաչեց, ի՞նչ պիտի ընես, մերժե՞ի»։
Երկրորդ բեռը բացավ, բոլորը դուրս հանեց։ «Արեգ, աս մերն է ըսեմ՝ ներս կտանիս, մեր չեղածներն ալ, Մարս, հոս կդնես»,— ըսավ ու սկսավ. «Աս հինգ տուփը վարպետիս՝ Ղազար աղայինն է, վաղը, մյուս օր Չմշկածագեն կուգան կտանին, աս երկուքը մերն են, աս երեքը Թերշոնց Բերոբ աղայինն է, Մեծ Արմտանու։ Աս երկու մեծերը զիմառացիներուն է, Մարտենց Ակոբ աղայինն է, անոնք ալ կուգան կտանին»։ «Ինչքան ալ ծանր է»,— ըսավ Մարոն։ «Ութնական օխա է, ծանր է, տասնըութը հոգի են տունը, ադչափ մարդուն շաքա՞ր կդիմանա»,— ըսավ Սըլոյանը։ «Աս երկուքը մերն է։ Աս երեքը Թեղուտի քրոջդ է։ Աս ալ, Արեգ, ներս տար։ Աս երկուքը Խաշմանենց է։ Այս երեքը Թեղուտի Նաղաշենցն է։ Աս Ապուշտայի Մարգարենցն է։ Աս ալ Ապուշտայի Նշանինն է։ Աս մերն է, աս չորսն ալ մերն է։ Աս Թումասենց մորքուրին է։ Աս Մաշիկանցն է։ Աս երեքը Բարնակ աղային է։ Աս երեքը Կախմիխցի Էզիզոյին է։ Աս երեքն ալ Պապիի զըզըլպաշներուն Տետեինն է։ Մնացածը ամենքն ալ մերն են, ըսավ։ Աս Պապիի Տետեն Արաբկիրի, Ակի, Տիվրիկիի, Ղուրուչայի ամենեն մեծն է։ Ես չեմ ճանչնար, տղան Խուրշիտը կճանչնամ, Ղալաթիա խանի մը օտապաշին է, Աբբասին հետ բերին, աղաչեցին։ Էզիզոն կճանչնաք։ Արտդ արտին քովն է, դրացի ենք, վաղը, արտքաղին, քուրտերուն կնիկներուն հետ գիշեր ցերեկ միասին պիտի ըլլանք, մերժեի՞»,— ըսավ Սըլոյանը։
Երրորդ բեռը բացավ։ «Ամբողջը կտավ է։ Հալեպի կտավ է,— ըսավ Սըլոյանը։Կտավնիս չմնաց, հատավ չըսեք։ Նայեցեք, ինչ դիմացկուն, ինչ ճերմակ է»։ «Քթան ալ առի՞ր, շապիկցու քթան ալ կա՞»,— հարցուց մայրը։ «Առեր եմ,— պատասխանեց Սըլոյանը,— ծրարներեն երկուքը կարմիր կտավ է, ճերմակ չէ, արտերը, եգիները, լեռը պառկելիք վերմակներուն կանցընեք, չեն աղտոտիր հողերե, խոզաններեն»։
Հալեպի կերպասներուն բեռը բացավ, կարմիր կեռմեսուտները, կարմիր չուխաները, գոց կանաչ սեֆայիները, գոց կանաչ չուխաները, էնթարի, ճյուպպե, սալթա շինելու համար, սև թավիշե գլխարկները, վարդագույն լաջակները, գլխարկներուն վրա կրելու համար, ոսկեգույն սոմաները, խայթանները, էնթարիները, սալթաները, ճյուպպեները ոսկերիզելու համար, արյունի գույն, զմրուխտի գույն, ոսկիի գույն, արծաթի գույն բուլերը, թաթիկները, թռթռները, ուլունքները, քյոսթեկները ասեղնագործելու համար, թարապուլուս գոտիները, Հալեպի գործ դեղին մորթե, Ըստանպոլի գործ սև կաշիի չետուկները։ Աղջիկները հավաքվեցան, բռնեցին, մատներով շոշափեցին, հիացան։ «Ինչ աղվոր են, աս ինչ աղվոր են» բացականչեցին, ցնծացին։ «Սըլոյենց աղջիկներ, մի կենաք ու խնդացեք»,— ըսին մամերն ու պապերը։ Սըլոյանին կինը, Արեգնազը ամենը կրեց, սնտուկներուն սենյակը տարավ։ Անոնք տանը աղջիկներն էին, չէին քաշվեր, ինք հարս էր, տանը հարսն էր, կեսրոջը կեսուրներուն, կեսրայրներուն առջևը կրնա՞ր ուրախանալ։
Զմելիներուն կապոցը հանեց։ Քույրերը հեռացեր էին, քովը եկան, քակել տվին, մեկ հատը առին, նայեցան, քննեցին, շեղբը բացին։ «Աս ինչ աղվոր է, ինչ սուր է, ածելիի պես, երեսն ալ օղակ կա, կոթն ալ արծաթի պես կփայլի։ Ակեն, Երզնկայեն կբերեն, խենթ մենթ զմելիներ են»,— ըսին։ «Աղբար, աս մեկը ես կառնեմ, հիմա կառնեմ»,— ըսավ մեծ քույրը, Ագապին։ «Մենք ալ կուզենք»,— ըսին մյուս քույրերը։ «Ես ալ կուզեմ, Վահան,— ըսավ Նարվերցի մամը,— իմ զմելիս մեր Ներոն պոռաց, կանչեց, ձեռքես առավ տարավ կորսնցուց»։ Սըլոյանը երեք մամերուն, քեռկինին մորը, երեք քույրերուն մեկ մեկ զմելի տվավ։ Յոթը հատ մնաց, անոնք ալ կնոջը տվավ, որ տանի։ Հինայի ծրարն ալ տվավ, որ տանի։ Ամենեն ետքը պարկին տակը երկու տոպրակ կային, անոնք հանեց։ Մեկը մեծ ու ծանր էր, մյուսը փոքր ու թեթև էր։ «Աս մեկը հինգ հարյուր մեճիտիյե,— ըսավ,— երեք գյուղի, երեսուն տան փարա կա ասոր մեջ։ Իրենց տուներուն պիտի տամ։ Աս փարաներուն մեջ դուք ալ, ամենքդ ալ, աղջիկներ դուք ալ, տասնական մեճիտիյե ունիք, տղաքը տվին։ Մեջը տուն մը հիսուն մեճիտիյե կա։ Գիտցեք նայիմ ո՞վ ղրկեց։ Ո՞ր տունն է»։ «Արխանե՞նց»,— հարցուցին։ «Ոչ»։ «Գալե՞նց»։ «Ոչ»։ «Բարնակ աղայի՞»։ «Ոչ»։ Մորը դառնալով. «Մորքուրարիդ Թումասենցն է, մորքուրորդիներդ Սարգիսն ու Հարությունը տվին, եզ չունին, երկու եզ պիտի առնեն»։
«Աֆերիմ տղաք, մորքուրս եկավ ու գնաց, գիտնայի աչքը կլուսեի»,— ըսավ մայրը։ «Աս պզտիկ տոպրակն ալ զարդոսկի է, 125 Րուպիյե, Մահմուտիյե է, հարսերուն աչքը լուս, էրիկներնին ղրկեցին, մեջը քսանըհինգը Ավետյանը տվավ, Թեղուտի քրոջն է»,— ըսավ կնոջը։
«Հա...— շարունակեց Սըլոյանը,— գրպաններս երկուական մեճիտիյե ու մեկմեկ զմելի կա, Կոչենց Սարգիսն ու Պետրոսը, Պառվենց Թաթոսը տվին։ Ճամբա ելեր էինք, նավ կնստեինք, բերին հասցուցին, օր մը առաջ բեռերը ղրկեր էինք, վրաս առի, աղաչեցին, ի՞նչ պիտի ընես։ Միայն թե զմելիները, փարաները կեսուրներուն պիտի չտաք, հարսերուն պիտի տալ, ադ ալ Թաթոսը աղաչեց, մորս չտաս ըսավ, հարսը փարան ի՞նչ պիտի ընե կըսե, չտար»։ «Նայե, նայե,— ըսին պառավները,— ինչ յաման տղա է, գնաց չգնաց կնկանը, Քարամենց աղջկանը փարա ղրկեց»։ «Տուր ինծի, ըսավ քույրը, Նարոն, ես զմելիներն ալ, փարաներն ալ հարսներուն կուտամ, կեսուրներուն չեմ տար»։ Եղբայրը Նարոյին տվավ։
«Աս երկու բեռերն ալ, ավելցուց Սըլոյանը, մեկը գորգ ու կապերտ է, մեջը երկուքը մերն են, մյուսը վարպետիս Ղազար աղային է, Չմըշկածագ պիտի երթա, պիտի գան ու տանին։ Մյուսը խահուե ու խահուեի հինգական օխանոց քելլե շաքար է, մեր ու ձեր հինգ տուներուն է։ Սընտուկ մը ճերմակ ըսբառմաչեթ մոմ ու խունկ է, ժամուն բերի։ Երկու սնտուկ ալ Մայրենի լեզու, քերական, հեգարան, տետրակ, գրիչ են, դպրոցի տղոցն է, փարա հավաքեցինք ու առինք»։
Պապերը, քեռիները ոտքի ելան։ «Աչքերնիդ լուս, Պետրոս, Գալենց աղջիկ, Վահանը եկավ... Վահան, բարի եկար, ապաշխարանք ըլլա»,— ըսին։ Մամերն ալ՝ «օրերնին շատ ըլլա, ղրկողներուն ալ, բերողին ալ»,— ըսին ու գացին։
«Քերվան եկավ, աղաս, ի՞նշ ղումաշի բեռներով,
Արանիս ալ, աղաս, ի՞նշ ծովեր ու լեռներով»։
«Աս գիշեր չեմ քնացեր, աղաս, գլուխս գետին չեմ դրեր,
Անցեր է յարիս քերվանը, աղաս, չեմ տեսեր, չեմ իմացեր»։
Ամենքը պառկեցան։
Մենք երկուքս մնացինք,— ըսավ Սըլոյանը։
Այո, ըսավ կինը խնդալով,— այս սենյակը քեզի տվին, հոն պիտի պառկիս։
Չարդախին ձախը էրիկ մարդոցը սենյակն էր։ Կինը լույսին մեկը մարեց, մյուսը ձեռքը՝ բացավ դուռը, ներս մտան։ Ամառ ըլլալով գորգերը վերցուցեր էին։ Կինը արագացուց շարժումները, կապերտ մը փռեց մեջտեղը, գետինը, բուրդե դոշակ մը բերավ, երկրորդ մը ևս, վրա վրայի դրավ, սավանով մը սավանեց։ Գլուխը երկու բարձ դրավ ու հյուրերու համար պահված գինեգույն երեսով վերմակով մը ծածկեց անկողինը։ Երկու երեք վայրկյան տևեց։ Սըլոյան բաճկոնը հանեց, բաճկոնակին կոճակները քակեց, մեջի գրպանեն ոսկի շղթայով մը երեք հատ հինգըմեկնոց զարդոսկիները կնոջը տվավ։
Քեզի իմ նվերս, ըսավ, տեսնեմ պիտի ուրախանա՞ս։
Աա՜աա՜... բացականչեց Արեգ, ասոնք ինծի բերի՞ր, ի՞նչ յարս ես, ախ քու նմանդ չկա, փաթթվեցավ, առավ ձեռքեն։
Մինակ ասոնք չեն, երկու ոսկի ապարանջան, ոսկի մատնի մըն ալ բերեր եմ քեզի, ըսավ։
Արեգ չզսպեց իր ուրախությունը, հափշտակվեցավ ոսկիներեն, որոնք ճրագին լույսեն կփռփռային ձեռքին մեջ։ Սըլոյան հանվեցավ, երկնցավ անկողինին վրա, հետևեցավ կնոջը ցնծություններուն ու ամենեն վերջը ըսավ.
Ալ հերիք նայիս, հերիք խաղաս ոսկիներուն հետ, չգա՞ս, չհանվի՞ս, լույսը չմարե՞ս, ԶարաԶիմարաԹամզարաիլլե Զիմարա... զիմարցիություն մի ըներ, արմտանցիություն ըրե։
Կինը խնդաց։
Մեկ մըն ալ մեկալները, ապարանջանները, մատնին տեսնեի կ՚ըսեմ, ո՞ւր են, գրպանե՞րդ են, ըսե ո՞ւր դրեր ես, ըսե տեղը երթամ գտնեմ։
Անոնք ալ վաղը կտեսնես, ըսավ Սըլոյանը, ոտքի ցատկեց, լույսը մարեց, ու նորեն երկնցավ անկողինին վրա։
Ի՞նչ անհամբեր ես, ըսավ կինը։

Տես նաև Հակոբ Մնձուրի Պատմվածքներ
Հակոբ Մնձուրի | Սիլա Հակոբ Մնձուրի | Սիլա Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 00:07:00 Rating: 5
Технологии Blogger.