Վերկոր | Երազ


Մի՞թե դա ձեզ երբևէ չի մտատանջել: Երբ երջանիկ օրերին, տաք ավազի վրա արևի տակ մեկնված կամ լավ բուրգունդյան գինի խմելով՝ տապակած աքաղաղ ուտելիս, և կամ բարեկամների շրջապատում սև ու անուշաբույր սուրճ ըմպելիս աշխույժ, հետաքրքրաշարժ զրույցով տարված՝ ձեր մտքով հանկարծ անցնում է, որ այս հասարակ ուրախությունները բոլորին չէ, որ հասանելի են: Եվ դուք ձեզ ստիպում եք մտածել խոլերայից ոչնչացող Հնդկաստանի բնակչության կամ կենտրոնական շրջանի չինացիների մասին, որոնք ամբողջ գյուղերով մեռնում են սովից կամ ճապոնացիների կողմից մորթոտվում, տանջահար արվում և իրենց վերջն են գտնում շոգեքարշի հնոցում:

Մի՞թե ձեզ երբևէ չի մտատանջել, որ կարճատև խորհրդածությունը այն ամենն է, ինչ կարող եք նրանց տալ: Եվ մի՞թե դա խորհրդածություն է, այլ ոչ թե մշուշոտ ցնորատեսիլ երևակայության արդյունք՝ շատ ավելի անիրական, քան արևի քնքուշ ջերմությունը, բուրգունդյան գինու բույրը կամ վեճից առաջացած հուզմունքը: Բայց, այնուամենայնիվ, այդ ամենն ինչ-որ տեղ իրականում գոյություն ուներ, դուք դա գիտեիք, դուք նույնիսկ ապացույցներ ունեիք՝ ականատեսների պատմվածներ, լուսանկարներ: Դուք գիտեիք և երբեմն ջանացել էիք գիտակցական վրդովմունքից բացի ուրիշ բան էլ զգալ, ջանացել էիք «կարեկցել»: Ապարդյուն ջանքեր: Դուք զգում էիք, որ փակված եք ձեր անձի մեջ, ինչպես կնքված վագոնում: Անհնար էր դուրս գալ:
Այդուհանդերձ, դա ձեզ երբեմն մտատանջում էր, և դուք փորձում էիք արդարացում փնտրել. «Չափազանց հեռու է, - մտածում էիք դուք: -Այ եթե այդ ամենը Եվրոպայում պատահեր»: Եվ պատահեց, սկզբում՝ Իսպանիայում, մեր սահմանների մոտ: Ճիշտ է, Իսպանիայի դեպքերն արդեն ավելի շատ զբաղեցրին ձեր միտքը, դիպան ձեր սրտին: Բայց ինչ վերաբերում է «զգալուն» կամ «կարեկցելուն»…
Դուք քողարկվում էիք Ֆրանսիայով, Փարիզով և ասում էիք. «Մենք կմարտնչենք Մարնի, Սենի, Լուարայի վրա…»: Շուտով արդեն յուրաքանչյուր օր սկսեց լուրեր բերել ձեր իսկ բարեկամների բանտարկության, աքսորի կամ մահվան մասին…Դուք ծանր էիք տանում այդ հարվածները: Բայց միայն այդքանը: Դուք շարունակում էիք մնալ երկտակ փեղկով փակված այդ անպատուհան վագոնի մեջ: Եվ փողոցի արևը, անկողնախորշի ջերմությունը, սև շուկայից գնված սմքած խոզապուխտը ձեզ համար շարունակում էին մնալ առավել շոշափելի, քան այն մարդկանց հոգեվարքի ճիչերը, որոնք ինչ-որ տեղ կրակի բաժին էին դառնում:
Սակայն ինձ մի անգամ հաջողվեց դուրս գալ այդ եղկելի մենությունից: Արթուն վիճակում անզոր երևակայությունը քնի մեջ ձեռք է բերում հրաշագործ իշխանություն: Երևակայությո՞ւն: Ենթադրենք: Անվանենք այդպես, եթե ուզում եք: Թեև ես այլ կարծիքի եմ: Երազում ես այնպիսի արտասովոր բաներ եմ տեսել, որոնք չի կարելի բացատրել ո՛չ երևակայությամբ, ո՛չ էլ ենթագիտակցական կյանքով: Այն, ինչ տեսա երազում, իսկապես եղել է ինչ-որ տեղ, ինձանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Բնականաբար, ոչ մի ապացույց չունեմ, նման դեպքերը ապացույցներ չեն ունենում: Բայց այն, ինչ ապրեցի քնի որոշակի պահերին, ինձ համար բավարար ապացույց է անսահման տարածքներում ցրված գիտակցության, տիեզերքում ծփացող գիտակցության գոյության, որին երբեմն հաջողվում է հաղորդակցվել քնած ժամանակ, բարենպաստ գիշերներին: Եվ այդ գիշերներին մենք իսկապես դուրս ենք գալիս կնքված վագոնից, և մեզ վերջապես հաջողվում է պատնեշից այն կողմ նայել…
Այդպիսի գիշերներից մեկի ժամանակ ես քայլում էի մի լերկ դաշտով: Ես դժվարությամբ էի քայլում: Ցածր երկինքը ծվեն-ծվեն կախվել էր գլխավերևումս, իր շղարշի պատառոտված լեզվակներով կառչել մացառներից ու քարշ էր գալիս գետնի վրայով: Ես ճամփա էի հարթում, շրջանցելով այդ ծվենները, այլապես ոչ միայն հայտնվում էր անթափանց մառախուղի մեջ, այլև դեմ առնում կարծր մշուշին: Ստիպված էի լինում հրել դրանք, բարձրացնել, ինչպես խունացած կերպասի ծանր վարագույրներ: Ես ուժասպառ էի լինում և համարյա առաջ չէի շարժվում: Գետինը սև էր, խոնավ և սպունգի պես ծակոտկեն: Ոտնահետքերս սկզբում փոքր փոսեր էին թողնում, հետո անմիջապես լցվում էին պղտոր ջրով, որի երեսին լող էին տալիս եռացող պղպջակներ ու փտած փայտի կտորներ: Տարօրինակ հոտ էի առնում: Դա ոչ հումուսի, ոչ էլ փտածության, այլ ինչ-որ ուրիշ, նեխածության ու քրտինքի խառը հոտ էր: Սիրտս խառնում էր, այդ գարշահոտը տագնապով էր համակում ինձ: Ես դժվարությամբ էի առաջ շարժվում և շուտով հայտնաբերեցի սեփական հետքերս: Մի՞թե շրջանաձև էի քայլել: Ես ջանում էի հեռանալ, ուղիղ քայլել, սակայն կրկին ու կրկին դեմ էի առնում գնալով փոքրացող հետքերիս: Քիչ անց, ես քայլում էի սև, սառած ցեխի վրայով, ուր ոտնահետքերն այնպես էին խառնվում, կարծես այնտեղով հազարավոր մարդիկ էին անցել:
Այնինչ ես բոլորովին մենակ էի: Եվ թվում էր, թե հարյուրավոր տարիներ քարշ եմ տալիս իմ հետևից այդ մենությունը: Միակ բանը, որ գուցեև փշրել էր այն, մի հուշ էր. այստեղ գալու համար ես, ըստ երևույթին, գետով էի անցել, և երկու կարապ, երկու սև կարապ իմ մոտենալուն պես օդ էին բարձրացել: Ես աղոտ կերպով, բայց այնուամենայնիվ հիշում էի, թե ինչպես նրանց հսկայական ստվերը տարածվեց իմ գլխավերևում: Ես հիշում էի թռիչքի աղմուկը, աղմուկը նրանց թևերի մեջ և ճակատիս հպվող սառը շունչը: Այդ հիշողությունը նույնպես ինձ համակում էր տագնապով:
Չգիտեմ երբ, բայց հանկարծ զգացի, որ այլևս մենակ չեմ: Ինչ-որ մեկը առջևիցս էր գնում: Ես արագացրի քայլերս՝ հասնելու համար այդ անհետացող տեսիլքին: Ես ոչ մի կերպ չէի կարողանում նրան հստակ տեսնել, մեր միջև շարունակ ի հայտ էին գալիս մառախուղի ծվեններ: Ժամանակ առ ժամանակ ստվերն անհետանում էր և սրտիս մեջ թողնում սահմռկեցուցիչ դատարկություն: Քիչ անց նա կրկին հայտնվում էր՝ թեթևակի պարող քայլվածքով, գորշ ու լռակյաց:
Անսպասելիորեն, նա հայտնվեց իմ կողքին: Համընթաց, հանդարտ և անձայն քայլում էր իմ կողքով: Տեսա, որ դա տղամարդու սարսափելիորեն նիհար մարմին էր: Նրա քառանկյուն և գունատ դեմքը տարօրինակ ձևով ժպտում էր: Նա, կարծես ինձ ինչ-որ բան ցույց տալու համար, առաջ մեկնեց իր երկար, ոսկրոտ ձեռքը:
-Ոչինչ չեմ տեսնում,- ասացի ես:
Այդ մարդն ինձ անծանոթ չէր: Ուզում եմ ասել, այդ պահին նա ինձ անծանոթ չէր: Մենք իրար շատ լավ էինք ճանաչում, և մեզ չափազանց շատ հիշողություններ էին կապում: Ես նրան հարցրեցի.
-Ի՞նչ եք ցույց տալիս ինձ: Ես ոչինչ չեմ տեսնում:
Նա չպատասխանեց և, ցուցամատը պարզած, անհամբերությամբ թափահարեց ոսկրոտ ձեռքը:
-Պատասխանե՛ք վերջապես, - բղավեցի ես:
Այդ ժամանակ նա դեպի ինձ դարձրեց իր տարօրինակ ձևով ժպտացող, գունատ և այլանդակված դեմքը: Բացեց բերանը, և ես տեսա նրա ծռված, չորացած, սև ու պատառոտված լեզուն, որը գալարվում էր խաշած խխունջի պես: Եվ ես հիշեցի, որ նրա լեզուն, իրոք, այրել էին շիկացած երկաթով: Այն դողդոջում էր, ինչպես կտցահարելու պատրաստ սագի լեզուն: Խոսելու այդ գերագույն ճիգը սրտաճմլիկ էր ու անտանելի: Ինձ համակեց զզվանքի զգացումը, որը չէին կարող հաղթահարել ո՛չ խղճահարությունը, ո՛չ զայրույթը: Ես շրջվեցի, որպեսզի վկա կանչեմ ուրիշ երկու մարդկային կերպարանքների, որոնք դանդաղորեն քարշ էին գալիս իմ ձախ կողմում, բայց նրանց տեսքից շունչս կտրվեց: Այդ մարդիկ այնքան հյուծված էին, որ չկարողացա հասկանալ, թե որտեղից են ուժ գտնում կրելու իրենց բեռը՝ երկաթե հսկայական ծռմռված և ժանգոտ չորսուն, որը ճզմել էր նրանց ուսերը: Նրանք քայլում էին լուռ, անվստահ, ինչպես թաղման թափորը, և լսելի էր միայն ընդհատվող հառաչանքի նմանվող նրանց հևքը: Առջևինը գնում էր գլուխն առաջ թեքած: Նրա գանգը շատ մեծ էր, դեմքի կաշին կարծես սոսնձված լիներ ոսկորներին: Ծոծրակի վրա, երկու ջիլերի արանքում այնպիսի խոռոչ կար, որ կարելի էր բռունցք մտցնել: Կարճ ու սև մազերը, որ փոշեգույն էին դարձել, գլուխը ծածկում էին քրտինքից իրար կպած փնջերով, որոնց արանքներում երևում էր արնածոր կեղանքներով պատված մաշկը: Նրա ընկերակիցը ավելի ցածրահասակ էր: Երկաթն ավելի էր խրվել նրա ուսի մեջ և դաժանորեն ճզմում էր: Դեմքը ծածկված էր հազարավոր մանր կնճիռներով, ասես, կիսով չափ փչված փուչիկ լիներ: Մաշկը մոխրագույն էր: Աչքերն այնքան դուրս ընկած էին, որ թվում էր, ուր որ է գնդիկների պես ցած կգլորվեն, իսկ սպիտակուցները ամբողջովին ճանկռոտված էին: Տեսա նաև, որ ականջներից մեկը կիսով չափ պոկված է գանգից և դեռևս կպած է մնում շնորհիվ մի արյունլվիկ փողրակի, որից հոսող արյունը ծորում էր ներքև, վազում բզկտված ու մածուցիկ շրթունքների արանքով: Նրանք երկուսն էլ ստվերների պես անցան, բայց նրանց հետևեցին ուրիշները: Սարսափելի ծանրությունը կաշկանդում էր ոտքերս, և թվում էր, թե ոչ մի բան ինձ չի կարող ստիպել թեկուզ մեկ քայլ առաջ շարժվել: Ես նկատեցի ինչ-որ մեկի կիսամերկ, ցնցոտիապատ իրանը, որի կողոսկրերը փուքսերի պես ուռչում և սմքում էին, իսկ դատարկությունից ներս ընկած ստամոքսի տակ ճիգ գործադրելուց լարվում էր որովայնը, և երևում էր, թե ինչպես այդ մարդու յուրաքանչյուր քայլի հետ այնտեղ ինչ-որ փափուկ, կասկածելի ուռուցք է տեղաշարժվում: Ես նկատեցի մի մարդու, որի մարմինը մնացել էր գեր ու սպիտակ, մինչդեռ ձեռքերն ու ոտքերը արդեն կմախքացել ու կապտել էին: Կարծես թանաքով շրջագծված մուգ շրջանակների մեջ՝ նրա աչքերը թվում էին խամրած ու կույր, և չնայած ցուրտը թափանցել էր մինչև ոսկորներս, նրա մազերը և շապիկը թրջվել էին քրտինքից: Մեկ ուրիշը համարյա բնական տեսք կունենար, եթե քիթը, քունքերը և ականջները ծածկված չլինեին տերևների երակների պես կարծր երակներով: Նրա բորբոքված ռունգերը տարօրինակ ձևով ուռել էին և այնպիսի տեսք ունեին, կարծես գիշերը մկները կրծած լինեին: Մեկ ուրիշը, որի սուր անրակները դուրս էին ցցվել, դժվարությամբ առաջ էր հրում ոտքերի արանքում կախված հսկայական փորը: Մեկ այլ մարդու թևերի տակ ուռած վիթխարի գեղձերը նման էին դուրս թափված փորոտիքի: Բոլորը տարօրինակ մաշկ ունեին: Այն պղտոր էր, ինչպես թթված կաթը, կամ հողից կեղտոտված մոմը, և պատված էր այլանդակ ճանկռտվածքներով, մրմնջուկներով ու թարախապալարներով: Թվում էր, թե մարդկային մարմինը ապստամբում էր, ուզում էր բողոքել, լսելի դարձնել իրեն այդ արյունաշաղախ ճիչերի և ճերմակավուն հեծեծանքների օգնությամբ:
Ի՞նչ տարիքի էին այդ մարդիկ: Չէի կարող ասել: Հավանաբար ամեն տարիքի, բայց ինչպե՞ս կռահել: Նայելով նրանց վրա, ես կասեի. «Նրանք ծեր են, նրանք շատ ծեր են»: Բայց անմիջապես էլ կլռեի: Նրանց մեջ, ինչ խոսք, կային նաև դեռևս բոլորովին երիտասարդ մարդիկ: Այսօրվա պես հիշում եմ մշուշի միջից հայտնված սարսռազդու դեմքը…Այդ բարակ, փխրուն, տառապանքից կիսաբաց շրթունքները, դրանց միջից երևացող ճեփ-ճերմակ մանր ատամները, որոնցից մի քանիսը չկային: Իսկ շուրջ բոլորը՝ ցինկի գույնի այդ ճաքճքած մաշկը, որպիսին ծեր գյուղացիներն են ունենում… Ճակատի այդ երեք խորը կնճիռները, որոնց վրա թափվում էին փափուկ, խարտյաշ մազափնջերը…Եվ այդ խորն ընկած, չռված աչքերը՝ դեղնավուն ու սմքած կոպերի արանքում, որոնք ասես նուրբ մետաքսից հյուսված հնամաշ պաստառ լինեին… Մեկ ուրիշի ճակատը բոլորովին մաքուր և անարատ էր, ինչպիսին լինում է միայն տասնվեց տարեկան հասակում, սակայն ավելի ներքև դեմքը կարծես ենթարկվել էր անբացատրելի, կործանարար այլափոխման: Աչքերից մնացել էին միայն բիբերը, որոնք տենդագին կերպով փայլում էին վերքի պես կարմիր սպիտակուցներում: Արյունազուրկ բերանը փոս էր ընկել երկու բոսորագույն կնճիռների միջև, որոնք հատում էին այտերը՝ քթից մինչև կզակը: Սակայն վիզը դեռևս նուրբ էր, հարթ ու ճկուն, ինչպես աղջնակի պարանոցը:
Մշուշը ցրվեց: Ես սկսեցի զանազանել շրջապատիս բնապատկերը, եթե կարելի է դա բնապատկեր անվանել: Ես գտնվում էի կլոր հովտի նմանվող ինչ-որ վայրում, որի մի կողմն անհետանում էր հեռվում, կեղտոտ մշուշի մեջ, իսկ մյուս կողմերը բարձրանում էին դեպի անձև բլուրները: Եվ ամենուրեք այդ սև, ցեխոտ, ծվատված հողը: Ոչ մի ծառ, ոչ էլ մի որևէ կանաչ տարածություն, որի վրա աչքը կարողանար հանգստանալ: Եվ հողի պես սև երկինք: Այդ խորշի մեջ, որին ստիպված ենք հովիտ անվանել, ես նկատեցի երկրաչափական ձև ունեցող կառույցներ. դրանք սև էին ինչպես երկինքն ու հողը և կանգնած էին մի շարքի վրա, որից առավել մռայլ ու չարագուշակ էին թվում: «Տասը շարք և յուրաքանչյուրում երեսուն բարաք,- մտածեցի ես: -Դրանց մեջ կարելի է տեղավորել ավելի քան քսան հազար մարդ»: Կենտրոնում վեր էր բարձրանում մի շենք, որը երբևիցե սպիտակ էր եղել, այն ուներ աղյուսե խողովակ, որը երբևիցե կարմիր էր եղել, իսկ այժմ սև էր, ինչպես ամեն բան, ինչպես այդ խողովակից ժայթքող ծուխը: Իմ ճանապարհն այնտեղ էր: Նորից սկսեցի քայլել: Այնքան էլ մոտիկ չէր, իսկ սիրտս քարի պես ծանրացած էր: Հողը կպչում էր ոտքերիս, և հայացքս, ուր էլ դարձնեի, հանդիպում էր միայն այդ սովահար եղած մարդկանց, այդ խոշտանգված ստվերներին, որոնք ճզմվել էին ծանր բեռի տակ, որը նրանք քարշ էին տալիս զարհուրելի լռության մեջ… Ծանր գերաններ, ցեմենտով լի պարկեր, երկաթե չորսուներ… Այնտեղ կային նաև ուրիշ կերպարանքներ՝ սևազգեստ, ուժեղ ու արագաշարժ: Նրանց միակ բեռը մահակն էր: Նրանք անցուդարձ էին անում և հետևում, որ աշխատանքը չդադարի: Հողաթմբի մոտերքում քարշ գալով, ես հանդիպեցի մի դառնաղետ լծի: Հանկարծ հետևից գնացող մարդն ընկավ և չորսուի ծայրը ձեռքից բաց թողեց: Նա բերանքսիվայր ընկել էր ցեխի մեջ: Նրա ընկերակիցը, մեջքը կորացրած, կանգ առավ, շարունակելով խաչի նման բռնել չորսուն: Նա ոչ մի բանի վրա չէր նայում, հավանաբար, ոչ մի բանի մասին չէր մտածում՝ նման այն ուժասպառ ձիուն, որը ճանապարհը շարունակելու համար գլուխը կախ սպասում է մտրակի հարվածին: Այդ ժամանակ մոտ վազեց սևազգեստ մարդը և փորձեց մահակի օգնությամբ ոտքի կանգնեցնել ընկածին: Ես սրտխառնուք զգացի: Ինձ թվում էր, թե այդ մարդուն այլևս ոչինչ չի մնում, քան մեռնել մահակի հարվածների տակ: Բայց ոչ: Նա ոչ միայն բարձրացրեց իր նիհար կմախքը, այլև ձեռքը վերցրեց չորսուն, և լուծը ճոճվելով առաջ շարժվեց: Մի քիչ հեռվում, իրենից երկու անգամ ծանր պարկի տակ կքած, միայնակ թափառում էր մոմի պես դեղին ու կախ ընկած մաշկով մի կենդանի կմախք: Արյունը և մորմոքը, հոսելով պատառոտված կրունկներից, ամբողջությամբ թրջել էին նրա քրքրված կոշիկները: Նա քայլում էր և փսխում, ավելի ճիշտ, փորձում էր փսխում առաջացնել, և անառատ մաղձը հոսում էր կզակի և վզի վրայով: Սարսափելի ջղակծկումները ծվատում էին ստամոքսը, իսկ սևազգեստ մարդը մահակով մեջքին հարվածներ հասցնելով՝ կրկնապատկում էր նրա տառապանքները:
Կային նաև պակաս հյուծված մարդիկ: Սրանք դեռևս պահպանել էին մարդկային հայացքը: Չգիտեմ, ավելի՞ հեշտ էր նրանց նայել, բայց այդ հայացքներում կարդացվում էին միայն հուսահատություն և վախ: Նրանց ոսկորները դեռևս դուրս չէին ցցվում մաշկի տակից, թեև մաշկն արդեն ընդունել էր փափուկ, ծակոտկեն և խունացած տեսք, որը ցույց է տալիս քայքայման ընթացքը: Դժվար չէր կռահել, որ դեմքերի ուռածությունը վերածվելու էր այտուցների, կարմիր բծերը՝ խոցերի, իսկ կապտուկները շուտով լցվելու էին թարախով: Չգիտեմ, արդյո՞ք ավելի խորշելի չէր տեսնել գրեթե առողջ այս մարդկանց և իմանալ, թե ինչ են դառնալու: Ես առաջ էի գնում: Սարսափելի ցուրտ էր՝ չգիտեմ քամուց, թե հոգեկան ցավից: Աչքերիցս՝ դեմքս այրելով, արցունքներ էին գլորվում: Ես առաջ էի գնում: Ցեմենտով լիքը պարկերի մոտ երկարել էր մի խղճուկ, ծռմռված մարմին: Դիրքից երևում էր, որ մեռած է: Նրա կողքին կանգնել էր սևազգեստ մարդը և սառը զզվանքը դեմքին՝ մահակով շուռումուռ էր տալիս դիակը, ինչպես դա կանեին ավազի վրա դուրս շպրտված մեդուզայի հետ: Ես տեսա դեմքը, որ մահը մաքրել էր աղտեղություններից: Այդ դեմքը գեղեցիկ էր, մահը վերադարձրել էր գեղեցկությունը: Կուզենայի փախչել, բայց չէի կարող: Կարող էի միայն ծանրաքայլ առաջանալ: Հավանաբար, մի քանի շրջապտույտ էի կատարել, որովհետև կրկին ու կրկին հանդիպում էի այդ չարագուշակ զույգին՝ սևազգեստ մարդուն և նրա ոտքերի տակ ընկած անկենդան մարմինը, որ նա, չարախինդ արհամարհանքը դեմքին, մահակով շուռումուռ էր տալիս: Ես առաջ էի գնում: Մի ճահճուտ վայրի մոտով անցնելիս ոտքս դրեցի ինչ-որ փափուկ բանի վրա և վախեցած հետ ցատկեցի: Դա ձեռք էր: Ձեռքի ափ: Այն պատկանում էր ձեռքերը խաչաձև դրած, ցեխի մեջ պառկած մի մարդու: Նրա հոգնատանջ դեմքը թեթևակի ցնցվեց, և ինձ վրա հառեց մշուշով շղարշված հայացքը: Կարծես նայելիս լիներ մի ծովահրեշ կամ ինչ-որ տարօրինակ ստորջրյա էակ: Օ, դա անտանելի էր: Աշխարհում ոչ մի բան ինձ չէր հարկադրի դիպչել այդ մարդուն: Եվ ես հեռացա, շարունակեցի ճամփաս, հազիվ քարշ տալով ծանրացած ոտքերս: Բայց, այնուամենայնիվ, ականջիս հասավ մահակի հարվածների տակ կոտրվող ոսկորների ճրթճրթոցը:
Ես, հավանաբար, տեսել եմ նաև շատ ուրիշ բաներ, որոնք հիշողությունս չի պահպանել: Հիշում եմ, բարաքներից քիչ հեռու կանգնել էր հարյուր մարդուց բաղկացած մի խումբ: Նրանց դժվար էր նկատել քամու բերած ծխի ծվենների հետևում: Նրանք զգաստ շարք էին կանգնել: Մինչև կոճերը սառած ցեխի մեջ խրված, հին կոշիկներ հագած ոտքերի մոտ ընկած էին հնամաշ ճամպրուկներ և կապոցներ: Այդ մարդիկ դեռևս առույգ էին, չնայած բոլորը տարօրինակ կերպով գունատ էին, ինչպես նկուղում աճեցված էնդիվիումը: Միայն ականջներն էին սառը քամուց կարմրել: Եվ այդ կարմրած զույգ-զույգ ականջները զավեշտական ու չարագուշակ տպավորություն էին թողնում: Որքա՞ն ժամանակ է, որ այդտեղ էին: Նրանց շարքերում կային ճեղքվածքներ, ոմանք ընկել էին ու այդպես էլ մնացել: Մյուսները ծխի մեջ ոչ մի շարժում չէին անում, ինչը անհասկանալի կլիներ, եթե նրանց առջև, ցրտից սառած ձեռքերը շփելով, անցուդարձ չանեին մահակաները թևատակին պահած սևազգեստ մարդիկ: Ես անցա նրանց մոտով: «Մի՞թե դեռ էլի նոր մարդկանց են բերում,- մտածեցի ես: -Մի՞թե դեռ բերում են: Իսկ որտե՞ղ են տեղավորելու»: Եվ հանկարծ ես հիշեցի մեռածին, և բոլոր մյուսներին, և այն համրի ուսին կարված համարը՝ հարյուր վաթսուն հազար և էլի մի քանի թիվ: Իսկ որքա՞ն մարդու համար էին նախատեսված այդ բարաքները: Ամենաշատը՝ երեսուն հազար: Այստեղ, հանկարծ, քուլաներով ծուխ հորդաց, սեղմվեց կոկորդս: Ծխի հոտն այնքան նողկալի էր, որ ես փշաքաղվեցի՝ գարշահոտ ծծմբին խառնվել էր լեշի և այրված ոսկորների հոտը: Սարսափով նայեցի գորշ կառույցին, օձագալար ծխով պարուրված մահատեսիլ խողովակներին և սարսռալով հասկացա դրա չարագույժ նշանակությունը:
Այստեղ հիշողությունս մթագնեց: Այդ ծուխը և ինձ համակած վախը կործանարար կերպով ազդեցին գիտակցությանս վրա: Ինձ թվում է, թե երկար ժամանակ ես թափառում էի ծխի միջով: Ես սակայն, այո, ես էլի ինչ-որ բան եմ տեսնում, դրանք հուշերի ամայի կղզյակներ են: Ես կրկին տեսնում եմ այրված լեզվով ուղեկցիս: Նրա քառակուսի, ճերմակ, խոշտանգված դեմքը, որի վրա միշտ միևնույն ծածուկ ու սառը ժպիտն է, և ես հիմա լավ եմ հասկանում, որ դա Յորիկի ծիծաղն էր: Նա ինձ ցույց է տալիս ափերը՝ այրված, ինչպես իր լեզուն, ծածկված արյունածոր, սևացած մսի ծվեններով և թարախի պարկերով: Եվ շարունակ ժպտում է, ժպտում: Հիշում եմ նաև վազող մարդուն և ինձ հարց տալիս, թե ինչպես էր կարողանում վազել, երբ հսկայական տձև ոտնաթաթերը կորել էին վերքերի մեջ, իսկ սրունքները երկու ձողի պես կախ էին ընկել փուքսի պես ուռած ծնկներից: Բայց, այնուամենայնիվ, նա վազում է, և ես լսում եմ նրա ծանր, անհամաչափ շնչառությունը: Շո՞ւնչն է կտրվել արդյոք, թե՞ վախենում է: Իսկ իմ գրկում հեծկլտացող տղա՞ն: Ո՞վ էր նա: Չեմ հիշում: Հիշում եմ միայն, թե ինչպես սեղմվեց ինձ, ինչպես նրան թևերիս մեջ առա, և երկուսիս արցունքները իրար խառնվեցին: Մեր շուրջը ծուխ էր, տղայի մազերի մեջ ոջիլներ էին վխտում…Ես կրկին հանդիպեցի շարք կանգնած մարդկանց, բայց շատ ավելի ուշ՝ մի քանի ժամ անց: Ցերեկվա լույսը փոխվել է մթնշաղով: Այս անգամ արդեն վազողը ես եմ: Ես վազում եմ նրանց մոտով, իսկ նրանք, ոտքերը ցեխոտ, անշարժ կանգնած են ձմեռային քամուց քշվող ծխի ծվենների մեջ: Նրանց շարքերը ավելի են նոսրացել, իսկ ականջներն այլևս կարմիր չեն: Նրանց ձեռքերի, դեմքերի և ականջների մաշկը միևնույն մեռելային գույնն ունեն: Եվ ես կրկին, բայց այս անգամ արդեն վերջին անգամ, տեսնում եմ իմ առաջին ուղեկցին: Նրան տանում են պատգարակով: Սավանը ծածկում է նրա ոսկրացած մարմինը: Բայց, այնուամենայնիվ, այդ սավանի միջով ես տեսնում եմ նրա գունատ, ժպտացող դեմքը: Բայց, ի՞նչ: Նախկին ժպիտն այլևս չկա, Յորիկի ժպիտն անհետացել է մեռած շուրթերից:
Այնուհետև…
Ինչպե՞ս դա պատահեց: Երազի պես: Երազում «ինչպես» գոյություն չունի: Հիմա արդեն ես այդ մարդկանցից մեկն էի: Ես չէի դարձել, այլ միշտ եղել էի նրանցից մեկը: Վաղուց ի վեր: Ես այլևս հանդիսատես չէի, որը քիչ առաջ սարսափահար խղճահարությամբ նրանց էր նայում: Եվ երբեք էլ չէի եղել: Ես պարզապես մեկն էի այդ մարդկանցից: Ինչպես և նրանք, ես քարշ էի տալիս բեռս և խարխլված մարմինս: Ես ոչ մի հուշ չունեի, բացի այն հուշերից, որ օր օրի, ժամ ժամի հետևից խարանվել և խարանվում էին մարմնիս վրա: Այն ամենը, ինչ մնացել էր իմ գիտակցությունից, սևեռված էր երկու կետի վրա, մեկը, որ բեռս ծվատում է կաշիս, փշրում ոսկորներս, մյուսը, որ փորոտիքս սոսկալի ծանրացել է ու պայթելու աստիճան ճնշում է որովայնիս ներքևի մասը: Եթե թեկուզ որևէ ցանկություն էլ ունեի, ապա դա միայն պառկելու և մեռնելու հոգեմաշ, անսպառ ցանկությունն էր: Սակայն կենդանական բնազդով, լծկան ձիու բնազդով ես գիտեի, որ ո՛չ պառկել, ո՛չ մեռնել ես չեմ կարող…Քանի որ մեր պատյանի մեջ մարդուց բացի բնակվում է նաև կենդանին, որն ապրել է ուզում: Ես վաղուց էի հասկացել, որ եթե ես ուրախությամբ կհամաձայնեի մահն ընդունել սևազգեստ մարդու մահակի հարվածից, ապա կենդանին իմ մեջ կըմբոստանար և մահակի հարվածներից ոտքի կկանգներ, ինչպես կիսամեռ, կոտրված ողնաշարով մեկն է ձգտում փրկվել իր տանջանքներից: Այո, ես գիտեի, և դրանից իմ տառապալի հոգնությունը և իմ տառապալի ցանկությունը դառնում էին առավել տառապալի ու դաժան:
Եվ եթե այդ անդունդի, այդ անհատակ դժոխքի, այդ հոգնատանջ բթացման խորքերում իմ մեջ դեռ մնացել էր մտքի մի նշույլ, զգացմունքի մի ծվեն, ապա դա սրտամաշ դառը վիշտն էր, լերկ ու պաղ հուսահատությունը այն գիտակցությունից, որ աշխարհում կան մարդիկ, մեզ նման գլուխ ու սիրտ ունեցող մարդիկ, որոնք գիտեն մեր գոյության ու կյանքի մասին և իմանալով հանդերձ՝ ապրում են իրենց կյանքով, դրամական ու սիրային հաշիվներով, որկրամոլությամբ, ամեն օր առաջանում են առարկաների միջով ու ժամանակի մեջ՝ առանց նվիրելու մեզ իրենց մտածմունքների գեթ չնչին մասը: եվ կան նույնիսկ այնպիսիները, այո, այնպիսիները, որոնք երբեմն հիշում են մեր մասին ու քմծիծաղ տալիս:  

Թարգմանությունը՝ Աշոտ Բլբուլյան
Վերկոր | Երազ Վերկոր | Երազ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 04:24:00 Rating: 5
Технологии Blogger.