Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնչորսերորդ


Որտեղ պատմվում է, թե ինչպես սինյոր Սիսեռիկը կառափնարան գնաց

Գյուղական հրապարակում կախաղան պատրաստեցին։ Դատապարտվածը պետք է բարձրանար տախտակամածը, որի մեջտեղում, ուղիղ կախաղանի տակ, մի փոքրիկ դռնակ կար։ Սինյոր Սիսեռիկն օղակը վզին այդտեղ պետք է ընկներ։ 
Երբ եկան դատապարտվածին հրապարակ տանելու, սինյոր Սիսեռիկը որպես փորձված փաստաբան, ամեն ինչ արեց, որ ժամանակը երկարի։ Օրենքի զանազան հոդվածներ վկայակոչելով, նա պահանջեց, որ նախ իրեն սափրվելու ժամանակ տան, հետո ցանկացավ գլուխը լվանալ, ապա հայտնաբերեց, որ ոտքերի եղունգները երկարել են, և ուզում է մահապատժից առաջ եղունգները կտրել։
Դահիճը, որ ժամանակ չէր ուզում կորցնել, սկսեց վիճել, բայց վերջ ի վերջո զիջեց։ Հին սովորության համաձայն, մահվան դատապարտվածի վերջին ցանկությունը պետք է կատարվեր։ Դրա համար էլ մի ամանով տաք ջուր, տաշտ, մկրատ և ածելի բերեցին բանտ։ Փաստաբան Սիսեռիկն առանց շտապելու սկսեց իր գործը։ Երկար ժամանակ նա կարգի էր բերում իրեն՝ սափրվում էր, լվացվում և համարյա երկու ժամ անընդհատ զբաղված էր եղունգները կտրելով։ Չնայած դրան, նա վաղ թե ուշ ստիպված էր գնալ մահապատժի վայրը։
Երբ Սիսեռիկը բարձրանում էր տախտակամածը, սարսափը պատեց նրան։ Այստեղ, կառափնարանի աստիճանների վրա նա առաջին անգամ պարզորոշ կերպով զգաց, որ պետք է մեռնի։ Այդքան փոքրիկ, այդքան չաղլիկ, այդքան կանաչ, մաքուր լվացված գլխով ու կտրված եղունգներով, նա այնուամենայնիվ պետք է մեռեր։
Թմբուկները չարագուշակ կերպով թնդացին։ Դահիճն օղակը հագցրեց փաստաբանի վզին, մինչև տասներեք հաշվեց և կոճակը սեղմեց։ Ոտների տակի դռնակը բացվեց, և սինյոր Սիսեռիկն օղակը ձգելով ընկավ խավարի մեջ։ Դրանից առաջ նա կարողացավ մտածել «Այս անգամ, թվում է, թե իսկականից մեռա»։
Հանկարծ նա մի խուլ ձայն լսեց
Կտրեցե՛ք, շուտ կտրեցե՛ք, սինյոր Չիպոլինո։ Այստեղ այնքան լույս է, որ ես ոչինչ չեմ տեսնում։
Ինչ֊որ մեկը կտրեց փաստաբանի պարանոցը խեղդող պարանը և նորից լսվեց նույն ձայնը
Մեր կարտոֆիլի հիանալի հյութից մի կում տվեք դրան։ Մենք, խլուրդներս, երբեք չենք բաժանվում այդ հրաշալի դեղից։
Իսկ ի՞նչ պատահեց ի՞նչ զարմանալի դիպվածով փրկվեց փաստաբան Սիսեռիկի կյանքը։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնչորսերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնչորսերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on июля 20, 2019 Rating: 5
Технологии Blogger.