Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնութերորդ


 Փոկ, որի լեզուն չափից դուրս երկար էր

Կենդանաբանական այգում խոր լռություն էր տիրում։ Պահակը բարձի տեղ փղի կնճիթը գլխի տակ դրած, քնել էր փղանոցում։ Նա շատ խորն էր քնել, դրա համար էլ, երբ Չիպոլինոն ու Արջը փղանոցի դուռը կամաց բացեցին, չարթնացավ։ 
Փիղը պահակի գլուխն զգուշորեն դրեց ծղոտի վրա, առանց տեղից շարժվելու կնճիթը երկարացրեց և դուռը բացեց
― Ներս մտեք, ― փնթփնթաց նա։
Մեր երկու բարեկամները շուրջը նայելով ներս մտան։
― Բարի երեկո, սինյոր Փիղ, ― ասաց Չիպոլինոն, ― ներեցեք, որ մենք ձեզ այս ուշ ժամին անհանգստացրինք։
― Օ՜, ոչի՛նչ, ոչի՛նչ, ― պատասխանեց Փիղը։ ― Ես դեռ չէի քնել։ Փորձում էի գուշակել, թե իմ պահակն ինչ է տեսնում երազում։ Երազների միջոցով կարելի է իմանալ մարդը վատն է, թե լավը։
Փիղը հնդկական ծեր փիլիսոփա էր, և միշտ նրա գլխում տարօրինակ մտքեր էին ծագում։
― Մենք գիտենք, թե դուք ինչքան իմաստուն եք, ― շարունակեց Չիպոլինոն, ― դրա համար էլ ձեզանից օգնություն ենք խնդրում։ Չէ՞իք կարող խորհուրդ տալ, թե ինչպես գերությունից ազատենք իմ բարեկամ Արջի ծնողներին։
― Ի՞նչ կա որ, ― մտածկոտ մռթմռթաց ծեր փիղը, ― երևակայեցեք, ես կարող էի ձեզ խորհուրդ տալ, բայց ինչի՞ համար։ Անտառը ավելի լավ չէ վանդակից, վանդակն էլ ավելի լավ չէ անտառից․․․ Չգիտեմ, իրավացի եմ թե չէ, միայն ինձ թվում է, որ ամեն ոք պետք է մնա իր տեղում․․․ Ասենք, եթե շատ եք ուզում, ― անսպասելիորեն ավելացրեց նա, ― կարող եմ ասել, որ արջանոցի բանալին գտնվում է, ա՛յ, այս քնած մարդու, իմ պահակի գրպանում։ Կաշխատեմ առանց արթնացնելու բանալին հանել։ Նա շատ խորն է քնում, կարծում եմ, որ ոչինչ չի զգա։
Ճիշտն ասած, Չիպոլինոն և Արջը շատ էին կասկածում, թե այդ բարդ գործը գլուխ կգա, բայց փիղն իր ճկուն ու հնազանդ կնճիթով այնքան զգույշ ու ճարպկորեն էր գործում, որ պահակն իրոք ոչինչ չզգաց։
― Ահա ձեզ բանալիները, ― կնճիթի ծայրը պահակի գրպանից հանելով, ասաց փիղը, ― միայն թե չմոռանաք վերադարձնել։
― Հանգիստ եղեք, ― ասաց Չիպոլինոն, ― և ընդունեցեք մեր անկեղծ շնորհակալությունը։ Իսկ դուք չէ՞իք ուզենա մեզ հետ փախչել։
― Եթե ես երբևիցե ուզենայի փախչել, ապա չէի սպասի ձեզ և ձեր օգնությանը։ Դե, հաջողություն եմ ցանկանում։
Եվ պահակի գլուխը նորից դնելով կնճիթի վրա սկսեց նրան օրորել, որպեսզի իր բանտապետը ավելի խորը քնի և ժամանակից շուտ չարթնանա։
Չիպոլինոն և Արջը փղանոցից դուրս սողացին ու գնացին դեպի այն վանդակը, որտեղ արջերն էին ապրում։ Նրանք աշխատում էին որքան կարելի է զգույշ քայլել, բայց դեռ մի քանի քայլ չէին արել, երբ ինչ֊որ մեկը նրանց կանչեց
― Է՜յ, է՜յ, սինյո՛ր։
― Ս-ս՜-ս՜․․․ վախեցած շշնջաց Չիպոլինոն, ― այդ ո՞վ է ինձ կանչում։
― Ս-ս՜-ս՜․․․ այդ ո՞վ է ինձ կանչում, ― կրկնեց անծանոթ խզված ձայնը։
― Դո աղմուկ մի բարձրացնի, պահակը կարթնանա։
Ձայնը կրկնեց
― Պահակ մի՛ բարձրացնի, աղմուկը կարթնանա․․․ Ա՜խ, ես հիմա՜ր եմ, հիմա՜ր, ամեն ինչ խառնեցի։
― Սա հո Թութակն է, ― շշնջաց Չիպոլինոն Արջին։ ― Նա ինչ որ լսում է, կրկնում է։ Բայց քանի որ լսածը չի հասկանում, դրա համար էլ հաճախ շուռ տված է խոսում։ Բայց բարի տղա է և ոչ ոքի վատը չի ցանկանում։
Արջը քաղաքավարի գլուխ տվեց Թութակին ու հարցրեց
― Սինյոր Թութակ, չէ՞իք ասի, թե որտեղ է գտնվում արջերի վանդակը։
Թութակւ կրկնեց
Սինյոր Արջ, չէիք ասի, թե որտեղ է գտնվում թութակների վանդակը։ Ա՜խ, ես հիմմա՜ր եմ, հիմմա՜ր, նորից խառնեցի։
Տեսնելով, որ Թութակից կարգին բան չեն լսի, Չիպոլինոն ու Արջը սուս ու փուս հեռացան։ Ճաղերի հետևից նրանց ձայն տվեց մի կապիկ
― Լսեցե՛ք, սինյոր, լսեցե՛ք․․․
― Մենք ժամանակ չունենք, ― ասաց Արջը, ― շատ ենք շտապում։
― Մի րոպե միայն ինձ լսեցեք ահա արդեն երկու օր է, որ ուզում եմ այս ընկույզը ջարդել, բայց չի հաջողվում։ Խնդրում եմ, օգնեցեք ինձ։
― Մի քիչ սպասեցեք, ետ դառնալիս կօգնենք ձեզ, ― ասաց Չիպոլինոն։
― Է՜խ, դուք այդպես ասում եք միայն, ― գլուխը շարժելով ասաց Կապիկը, ― ասենք ես հենց այնպես, խոսքի համար ասացի ինչի՞ս է պետք այս ընկույզը, և ընդհանրապես աշխարհի բոլոր ընկույզները։ Ես կուզենայի նորից իմ հարազատ անտառում լինել, թռչել ծառից ծառ և կոկոսի ընկույզով խփել մի որևէ անբան ճանապարհորդի գլխին։ Էլ ինչի՞ համար են կոկոսի ընկույզներն աճում, որ նրանցով մարդու գլխին չխփես։ Ես ձեզ եմ հարցնում, էլ ինչի՞ համար են ճանապարհորդները, եթե մեկը չկա, որ նրանց գլխին կոկոսի ընկույզով խփի։ Ես արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ այն ե՞րբ էր, որ կոկոսի ընկույզով հասցրի մի անծանոթ եկվորի սափրված կարմիր գլխին․․․ Այնքան հաճելի էր նրան մերկ գագաթին նշան բռնելը։ Ես հիշում եմ, թե․․․
Բայց Չիպոլինոն և Արջը հեռացել էին և նրա շաղակրատանքը չէին լսում։
― Կապիկները, ― ասաց Չիպոլինոն, ― շատ թեթևամիտ և հիմար արարածներ են։ Սկսում են խոսել մեկ այս մասին, մեկ այն, և երբեք չես կարող ասել, թե ինչով կվերջանա նրանց շաղակրատանքը։ Չնայած դրան, ես անկեղծորեն ցավում եմ այդ խեղճի համար։ Ինչո՞ւ չի քնում, կարծում ես այն պատճառով, որ չի՞ կարողանում ընկույզը ջարդել։ Ո՛չ, չի քնում, որովհետև կարոտել է իր հեռավոր հարավին, տաք արևին, կոկոսի ծառերին և բանաններին։
Առյուծը նույնպես քնած չէր։ Նա աչքի տակով նայեց Չիպոլինոյին ու Արջին, բայց գլուխն էլ չշարժեց, որ տեսնի, թե ուր են գնում։ Նա շատ ազնիվ ու հպարտ գազան էր, և նրան բոլորովին չէր հետաքրքրում, թե ով ինչ գործով է անցնում իր վանդակի մոտով։
Վերջապես Չիպոլինոն և Արջը հասան արջերի վանդակին։
Խեղճ պառավներն իսկույն ճանաչեցին իրենց բրդոտ տղային և թաթերը մեկնելով, սկսեցին ճաղերի արանքից համբուրել նրան։
Մինչ նրանք համբուրվում էին, Չիպոլինոն վանդակի դուռը բացեց և ասաց
― Հերիք է լաց լինեք։ Ձեր վանդակի դուռը բաց է, եթե հիմա չօգտվեք այդ հնարավորությունից, պահակը կարթնանա, և ազատություն այլևս չեք տեսնի։
Երբ վերջապես, գերիները դուրս եկան վանդակից, նորից նետվեցին իրենց ծուռթաթ տղայի կողմը և գրկեցին նրան, որից իրենց այլևս չէին բաժանում վանդակի երկաթե ճաղերը։ Նրանց բրդոտ այտերի վրայով արցունքի խոշոր կաթիլներ էին հոսում։
Չիպոլինոն մինչև հոգու խորքը հուզվեց։
«Խեղճ հայրիկ, ― մտածում էր նա, ― այն օրը, երբ ինձ հաջողվի քա բանտի դռները բացել, ես էլ քեզ անվերջ կհամբուրեմ»։
― Ժամանակն է, գնալու ժամանակն է, ― ցածր, բայց լսելի ձայնով ասաց նա արջերին։ ― Ուշանալ չի կարելի։
Բայց պառավներն ուզում էին հրաժեշտ տալ սպիտակ արջերի ընտանիքին, որ ապրում էին ավազանի մոտ։ Հետո ուզեցին տեսնել ընձուխտին, որը այդ ժամանակ պինդ քնած էր։ Մյուս գազաններն էլ էին քնած, բայց արջերի գնալը շուտով իմացավ կենդանաբանական ամբողջ այգին և արթնացրեց նրա բնակիչներին։ Արջերին շատ էին սիրում։ Ասենք, նրանք էլ թշնամիներ ունեին։ Օրինակ, նրանց տանել չէր կարողանում Փոկը, որն արջերին սպիտակ արջերի մոտիկ ազգակիցներ էր համարում։
Իմանալով, որ արջերը վանդակից փախել են, Փոկն այնքան բարձր սկսեց ճչալ, որ արթնացրեց խոր քնած պահակին։
― Ի՞նչ է պատահել, ― հորանջելով հարցրեց նա Փղին։
― Ճիշտն ասած չգիտեմ, ― մտածկոտ պատասխանեց ծեր իմաստունը։ ― Եվ ի՞նչ կարող է պատահել։ Աշխարհում այլևս ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ուրեմն այս գիշեր ևս ոչ մի նոր բան չի պատահել։ Միայն կինոյումն է ամեն տասը րոպեին մի նոր բան պատահում։
― Գուցե և դու իրավացի ես, ― համաձայնեց պահակը, ― բայց էլի պետք է նայել։
Հենց որ նա փղանոցից դուրս եկավ, հանդիպեց փախստականներին։
― Օգնեցե՜         ք, օգնեցե՜ք, ― ճչաց նա։
Նրա բոլոր օգնականներն արթնացան և մի քանի րոպեում կենդանաբանական ամբողջ այգին շրջապատեցին։ Փախուստն անհնարին դարձավ։
Չիպոլինոն և երեք արջերը նետվեցին ավազանի մեջ և, գլուխները դուրս հանելով ջրից, թաքնվեցին այնտեղ։ Դժբախտաբար, ընկել էին այն ավազանը, որտեղ ապրում էր Փոկը։
― Հի՛, հի՛, հի՛, ― նրանց հետևից լսվեց ինչ֊որ մեկի չարագուշակ ծիծաղը։
Դա հենց ինքը՝ Փոկն էր։
― Հույս ունեմ, որ սինյորներն ինձ թույլ կտան մի փոքր ծիծաղել այսօր շատ լավ է տրամադրությունս։
― Սինյոր Փոկ, ― ցրտից դողալով՝ խնդրեց Չիպոլինոն, ― ես հասկանում եմ ձեզ, բայց մի՞թե դուք կարող եք ծիծաղել մեզ վրա այն ժամանակ, երբ մեզ փնտրում են։
― Ա՛յ, հենց այդ էլ ինձ ուրախացնում է։ Ես հիմա կկանչեմ պահակին և կխնդրեմ, որ ձեզ ավազանից դուրս քաշեն։ Չէ՞ որ դուք ջրային կենդանիներ չեք։
Եվ Փոկն իրոք գնաց ավազանի մյուս ափը՝ պահակին ու նրա օգնականներին կանչելու։
Արջերին իսկույն դուրս հանեցին և այն էլ ոչ թե երկուսին, այլ երեքին։ Դա պահակին շատ զարմացրեց։ Բայց նա ավելի շատ զարմացավ, երբ արջերի մեջ նկատեց անհայտ ցեղի ինչ֊որ մի արարած, որը, սակայն, մարդկային լեզվով սկսեց խոսել։
― Սինյոր պահակ, ինչպես տեսնում եք, սա բացարձակ թյուրիմացություն է։ Ես արջ չեմ։
― Ես էլ եմ տեսնում, բայց դու ի՞նչ էիր անում ավազանում։
― Լողանում էի։
― Այդ դեպքում քեզ կտուգանեմ, որովհետև հասարակական վայրերում լողանալը խստիվ արգելվում է։
― Ինձ մոտ փող չկա, բայց եթե այնքան սիրալիր կլինեք․․․
― Ես բոլորովին էլ սիրալիր չեմ, և քանի դեռ տուգանքը չես վճարել, կապիկների հետ կնստես վանդակում։ Գիշերն այնտեղ կանցկացնես, իսկ առավոտյան կտեսնենք, թե ինչ անենք։
Կապիկը հյուրին հրճվանքով ընդունեց և, դեռ Չիպոլինոն ուշքի չէր եկել, նա սկսեց առաջվա նման անկապ ու խառնաշփոթ շաղակրատել։
― Ես ձեզ պատմում էի կարմիր և սափրված գլխով ճանապարհորդի մասին։ ― Վանդակի տանիքի ճաղերից պոչով կախված, օրորվելով սկսեց խոսել նա, ― եթե ես ասում եմ, որ նրա գլուխը կարմիր էր և սափրված, ուրեմն այդպես էլ եղել է։ Ես երբեք չեմ ստում, ավելի ճիշտ՝ ստում եմ միայն ծայրահեղ դեպքում։ Սակայն, գիտե՞ք, երբեմն սիրում եմ սուտ ասել։ Այո՛, այո՛․․․ ստելու մեջ ինչ֊որ հատուկ հաճելի համ կա․․․ երբեմն․․․
― Լսեցեք, ― խնդրեց Չիպոլինոն, ― չէի՞ք կարող ձեր խոստովանությունը հետաձգել մինչև առավոտ։ Ես շատ եմ ուզում քնել։
― Գուցե ձեզ օրո՞ր ասեմ, ― առաջարկեց կապիկը, ― նանի՜, նանի՜։
― Ո՛չ, շնորհակալ եմ։ Առանց դրա էլ կքնեմ։
― Ուզո՞ւմ ես վերմակով ծածկեմ։
― Բայց այստեղ վերմակ չկա։
― Իհարկե չկա, ― փնթփնթաց կապիկը։ ― Ես քաղաքավարության համար առաջարկեցի, բայց եթե ուզում եք, որ անքաղաքավարի լինեմ, խնդրեմ, դեմ չեմ։
Այս ասելով վիրավորված կապիկը երեսը շուռ տվեց և լռեց։
Չիպոլինոն ի՞նչ խոսք, լռությունից օգտվեց ու քնեց։ Կապիկն իզուր էր սպասում, թե Չիպոլինոն կխնդրի իր կողմը նայել։ Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, նա որոշեց զայրանալու փոխարեն, ներողամիտ լինել և նորից խոսել տղայի հետ։ Սակայն երբ ետ դարձավ, Չիպոլինոն պինդ քնած էր։
Կապիկն ավելի վիրավորվեց և մի անկյունում կուչ գալով, սկսեց նայել քնածին։
Կապիկի վանդակում Չիպոլինոն ամբողջ երկու օր մնաց։ Մայրերի ու դայակների հետ կենդանաբանական այգի եկած երեխաները հիանում էին։ Նրանք դեռևս չէին տեսել, որ կապիկը իրենց նման հագնվի։
Միայն երրորդ օրը կապիկի ձեռքին տանջված Չիպոլինոյին հաջողվեց Բալուկին գրություն ուղարկել։ Սա հենց առաջին գնացքով քաղաք եկավ, Չիպոլինոյի համար տուգանք վճարեց և գերությունից ազատեց նրան։
Փողերը հաշվելով, պահակը ջերմորեն հրաժեշտ տվեց իր բանտարկյալին և նույնիսկ առաջարկեց, որ սա հաճախ գա կենդանաբանական այգի։
― Լա՛վ, լավ, ― պատասխանեց Չիպոլինոն և շտապեց, որ գնացքին հասնի։
Ճանապարհին նա Բալուկին նախ հարցուփորձ արեց իր բարեկամների մասին և, նրանց անհայտացումն իմանալով, շատ անհանգստացավ։
― Չեմ հասկանում, ― ուսերը թոթվելով ասաց նա, ― այդ ապաստարանում նրանք լիակատար անվտանգության մեջ էին։ Ի՞նչն է ստիպել, որ անձավից հեռանան։

Հաջորդ գլուխները կարդա Այստեղ
Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնութերորդ Չիպոլինոյի արկածները | Գլուխ տասնութերորդ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:13:00 Rating: 5
Технологии Blogger.