Կորնեյ Չուկովսկի | Արջն ու աղվեսը


 «Ինչո՞ւ ես լալիս,
Ծուռթաթ բարեկամ»:
«Ախր ես ինչպե՞ս
Չլամ, չողբամ:

Շատ մեղք եմ ես,
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Ծնված օրից մինչև հիմա
Ձախորդ եմ ես:

Նույնիսկ շները
Նիհար, թե գիրուկ,
Մարդկանց դուր գալու
Պոչ ունեն սիրուն:

Կատուներն անգամ
Նույնիսկ պարտվելիս
Ցցած պոչով են
Կռվից դուրս գալիս:

Չէ՛, մեղք եմ ես,
Դժբախտ եմ ես,
Որբ եմ ես:
Անտառի մեջ
Ամենաձախորդն եմ ես:

-Բժի՛շկ, բժի՛շկ իմ բարի,
Էլ ոչինչ մի հարցրու,
Միայն թե շատ եմ խնդրում,
Ինձ մի լավ պոչ կպցրու»:

Բարի բժիշկ Այբոլիտը
Մեղմորեն ժպտաց
Եվ Ծուռթաթին խելապակաս
Ահա ինչ ասաց.

-Դե լա˜վ, դե լա˜վ, մի՛ տխրիր, իմ բարեկամ,
Ինչպիսի պոչ էլ կամենաս, մոտս կա:
Կան այծի պոչեր, կան ձիու պոչեր,
Կան ավանակի շատ երկար պոչեր:
Որբուկ-ձախորդիդ ինչո՞ւ տխրեցնեմ,
Թե ուզես չորս հատ պոչ կկպցնեմ…

Արջը փորձում է պոչերը բազում,
Նայում հայելում, թե որն է սազում:
Փորձում է, նայում շեկլիկ Աղվեսին,
Սպասում է, թե Աղվեսն ի՞նչ կասի:

Իսկ Աղվեսը ծիծաղում է. «Քա˜հ-քա˜հ-քա˜հ
Վա˜յ թե դառնաս դու պոչավոր Արջ արքա:
Սիրամարգի պոչը վերցրու աննման,
Որ այդ հարցում հետդ մրցող չմնա:
Վերցրո˜ւ, վերցրո˜ւ, համեստություն մի՛ անի,
Պոչը այդ շատ կսազի քեզ նմանին»:
Ծուռթաթն, ինչ խոսք, ուրախ է շատ.
-Լա՛վն է, իրոք, պոչն այս անչափ:
Կքայլեմ ես շորորալով
Մեր ձորերով ու դաշտերով:
Կզարմանան՝ ովքեր տեսնեն,
«Ի˜նչ աննման արջ է»՝ կասեն:

Արջերն էլ, թեկուզ ցեղակից,
Հենց որ տեսնեն ինձ գեղեցիկ,
Երևի ճաքեն նախանձից:

Ժպտում է բարի բժիշկը.
-Գուցե քեզ պոչ անհրաժեշտ է,
Սակայն ոչ սիրամարգինը:
Լավ կանես՝ վերցնես այծինը:

-Չեմ ուզում ես ուրիշ պոչեր:
Ուրիշ պոչերը թող կորչեն:
Պոչ կպցրեք սիրամարգի,
Որ ամեն ոք ինձ հարգի,
Որ անտառում զբոսնելիս
Հմայվեն՝ ու նախանձեն ինձ:

Ահա անտառ ու դաշտերով
Քայլում է Արջը ճոճվելով:
Շողում է նրա թիկունքում
Կանաչ, կապույտ
Ու ոսկեգույն
Սիրամարգի
Պոչը
Շքեղ:

Իսկ Աղվեսը նրբաճեմիկ
Ուղեկցում է Ծուռթաթ Արջին,
Ժպտում է նրան անդադրում
Ու փետուրներն է հարդարում:

-Վա˜խ, ի˜նչ լավն ես, ի˜նչ պատվական,
Դու սիրամարգ ես իսկական:
Չեմ կեղծում, չճանաչեցի,
Իրոք, սիրամարգ կարծեցի:
Ա˜խ, ի˜նչ լավն է ու միշտ հարգի
Չքնաղ պոչը սիրամարգի:

Բայց այդ կողմերում որսորդներն անցորդ
Տեսան ինչ-որ բան փայլող, շողացող.
-Տեսե˜ք, տեսե˜ք, ճահճում այն
Շողշողում է ինչ-որ բան:

Հենց վազեվազ տեղ հասան,
Որսորդները Արջին տեսան,
Որ ճահճի կապույտ հայելում
Իր նոր պոչով էր հմայվում:

Եվ ինքն իր պոչով տարված,
Իր նոր պոչին սիրահարված
Չի նկատում տխմարն անգետ
Որսորդներին շների հետ:

Արջին բռնեցին հեշտությամբ
Ու կապկպեցին թոկերով:

Իսկ Աղվեսը
Ուրախ-ուրախ
Խնդմնդում է խեղճի վրա.
-Ուրախությունդ անհոգ,
Կարճ տևեց, ա՛յ պճնամոլ:
Որսորդները այս ահավոր
Քեզ ծեծ կտան փառավոր,
Որ ինչ որ ես այն էլ մնաս,
 Ու երբեք չմեծամտանաս:

Ու մոտ վազեց, մեկիկ-մեկիկ
Փետուրները պոկեց խեղճի:
Արջն էլ, թեկուզ ողջ ու առողջ,
Մնաց առաջվա պես անպոչ:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Արջն ու աղվեսը Կորնեյ Չուկովսկի | Արջն ու աղվեսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 17, 2019 Rating: 5
Технологии Blogger.