Կորնեյ Չուկովսկի | Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ


Մեր տզզանը ճանճ էր փոքրիկ,
Փոքրիկ ճանճ էր ոսկեփորիկ,

Ճանճը մի օր դաշտը մտավ,
Դաշտում քսան դրամ գտավ:

Շուկա թռավ օրոր-շորոր
Եվ ինքնաեռ գնեց մի նոր: 

Բզեզ քույրեր, եկե˜ք, հե՛յ-հե˜յ,
Հյուրասիրեմ ձեզ քաղցր թեյ:

Իսկույն եկան բզեզ, բողոճ
Ու խմեցին թեյը ամբողջ:

Բզեզն ուներ
Ի˜նչ ախորժակ,
Խմե˜ց, խմե˜ց
Երեք բաժակ:

Դեռ հետն էլ՝ կաթ
Ու կարկանդակ:
Կերե˜ք, խմե˜ք, ամոթ բան չի՛.
Դե՛, ծնունդն է
Այսօր ճանճի:

Ի˜նչ կոշիկներ
Բերեց մեզ լուն,
Փնջիկներով
Ոսկեփայլուն:

Իսկ մեղրաճանճը պառաված,
Բերեց մոմեր
Ու մեղրահաց:

Թիթեռնիկնե˜ր,
Սիրունիկնե՛ր,
Քաղցրավենիք
Կերեք մի քիչ:

Գուցե համը
Դուր չի՞գալիս,
Գուցե գոհ չե՞ք
Իմ սեղանից:

Մեկ էլ հանկարծ
Ծերուկ մի սարդ
Անկյուն քաշեց
Տզզան ճանճին,
Ու բոլորի աչքի առաջ
Սպանել է ուզում խեղճին:

-Ա˜խ, կհանի սա իմ հոգին,
Օգնե˜ք, քույրե՛ր իմ թանկագին,
Պատիվ տվի ձեզ, կերուխում,
Փրկեք սարդից այս արնախում:

Ինձ մի՛ թողեք սրա ճանկում,
Մեռնեմ ծաղիկ այս հասակում.
Ինձ կլափի սարդը չար,
Ձեռքիս չունեմ ոչ մի ճար:

Սարսափեցին
Որդ ու պիծակ,
Ամեն մեկը
Մտավ մի ծակ,
Խավարասեր,
Մրջյուն, մժեղ
Ամեն մեկը
Ծլկեց մի տեղ:

Որը մտավ
Բազմոցի տակ,
Որն էլ սսկեց
Հենց դարակում,
Կամ թարեքի
Մութ հատակում:
Ո՞վ դեմ կերթա
Էդ հրեշին
Ազատեցե՛ք
Դուք ձեր կաշին:

Տո՛, ծնունդն էլ
Լինի էդպե՞ս,
Դե սո՛ւս կացեք,
Փրիեցե՛ք ձեզ:
Իսկ չար սարդը
Առանց խղճի
Ոտքն ու ձեռքը
Կապեց խեղճի:

Սուր ատամով
Սիրտը խոցում
Եվ արյունն է
Նրա ծծում:
Խեղճ տզզանն է
Ճչում ցավից,
Օգնեցե˜ք ինձ,
Օգնեցե˜ք ինձ:

Հանկարծ ինչ-որ մի տեղից
Թռավ եկավ մի մոծակ՝
Իր մի ձեռքում մի սուսեր,
Մյուս ձեռքում՝ լուսարձակ:

Որտե՞ղ ես դու,
Չա՛ր դահիճ,
Չես ազատվի
Իմ ձեռքից:
Ու մոտեցավ
Հրեշին,
Թուրը քաշեց
Պողպատի,
Ու գլուխը թռցրեց
Էն արնախում չար սարդի:

Ու ձեռքն առավ էն ճանճին
Ու շշնջաց ականջին.
-Մեռավ սարդը էն գազան,
Դու մի՛ լացիր, իմ տզզան,
Դե՛, ուշքի եկ, ապա տե՛ս,
Ազատեցի արդեն քեզ:
Այժմ, հոգյակ իմ անգին,
Քեզ ուզում եմ առնել կին:

Մժեղ, բողոճ դեսից-դենից
Հավաքվեցին եկան նորից:
Ու տզզացին, տզտզացին՝
Փա՛ռք, հազար փա˜ռք
Քաջ մոծակին,
Ու փառք նրա հաղթանակին:

Լապտերները բռնած ձեռքին՝
Եկան անթիվ լուսատտիկ,
Ազատվել է այսօր մահից՝
Սարդի ձեռքից ճանճը պստիկ:
Ի՞նչ եք կանգնել, շո՛ւտ եկեք մոտ,
Դո՛ւք, թրթուրներ հազարատոտ
Երաժիշտնե՛ր, հյուր եկեք մեզ,
Այսօր տոն է, պարահանդես:
Նվագողներն իսկույն եկան
Գործիքներով քանի˜-քանի˜…

Ու թմբուկն է զարկում՝ բո՛ւմ-բո՛ւմ
Ու պարում են՝ տարա-նի-նի˜:

Որդ ու մլակ,
Մժեղ, պիծակ,
Թիթեռ, բզեզ
Ուրախ այնպես,
Իսկ ծղրիդին նայիր, մի տե˜ս,
Ո˜նց է պարում՝ ճիշտ մարդու պես:

Իր գլխարկն է օդում շարժում,
Թիթեռնիկին պարի քաշում:

Ժողովուրդն է ուրախանում
Սրահի մեջ այն ծաղկավետ,
Այսօր ճանճն է ամուսնանում
Քաջ, անվեհեր մոծակի հետ:

Իսկ մրջյունն էլ իր կնոջ հետ
Պար է գալիս, պարի հանում,
Բզեզներին աչքով անում:

Մլակ, պիծակ,
Լուսատտիկ
Պար են գալիս՝
Տակ-տի՛կ, տակ-տի՛կ:
Հա՛, հա՛, հա՛, հա՛,
Տոն է հիմա:

Թող ողջ գիշեր
Երգը հնչի
Պարե˜ք, պարե˜ք,
Ամոթ բան չի.
Հարսանիքն է
Տզզան ճանճի:

Թարգմանությունը՝ Վ. Հովակիմյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ Կորնեյ Չուկովսկի | Ճանճը փոքրիկ, ոսկեփորիկ   Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:47:00 Rating: 5
Технологии Blogger.