Կորնեյ Չուկովսկի | Գողացված արևը


Երկնքի մեջ արևը տաք
Մեկ էլ կորավ ամպերի տակ:
Ամբողջ աշխարհը խավարեց:
Նապաստակի սիրտը մարեց:

Կաչաղակները բացբերան
Այդ լուրն իսկույն առան-թռան
Ու հասցրին կռունկներին.
«Կոկորդիլոսը սուրատամ
Կուլ տվեց մեր արևն արդար»:

 Իջավ խավարը անգութ,
Ամենուր մութ էր ու մութ,
Տնից ով որ ելավ դուրս,
Կորավ անհետ ու անհույս:

Ճնճղուկը լաց է լինում.
«Այս ի՞նչ բան է, ի՞նչ են անում,
Առանց արև ո՞նց կլինի,
Մենք դաշտերում կուտ չենք գտնի»:

Շլդոները տրտնջացին,
Հնար չկա էլ տունդարձի,
Կորցրել են ճանապարհը,
Վերադառնալ չեն կարող:

Լոկ խեցգետինն է չռաչք
Շարժվում թե՛ հետ, թե՛ առաջ,
Ու դաշտերի մեջ հեռու
Սոված գայլերն են ոռնում:

Լուսածագին
Երկու մաքի
Դարպասները բախեցին.
Տրա-տա-տա˜ ու տրա-տա-տա˜:
«Հե˜յ, գազաննե՛ր, շուտ հավաքվեք,
Այդ հրեշի հախից եկեք,
Որ ավազակը աներես
Արեգակը հետ բերի մեզ»:

Վախենում են բրդոտները.
«Իսկ եթե նա հերսոտե՞լ է:
Շատ դաժան է ու սուրատամ,
Արևը մեզ հազիվ թե տա»:

Եվ ահա նրանք ուղիղ ծուռթաթի քարայրն են վազում.
«Վե՛ր կաց, Ա՛րջ ապեր, քո օգնությանն ենք այստեղ սպասում:
Հերիք է, ինչքան պառկել ես անգործ ու թաթդ ծծել,
Վե՛ր կաց, բարձրացի՛ր, պիտի մեր արդար արևը փրկես»:


Բայց դե Արջը կռիվ տալու հավես չունի,
Նույնիսկ վնաս տալ չի կարող նա մրջյունին:
Պտտվում է Արջը տխուր, ման է գալիս ու մռնչում,
Որջից վաղուց դուրս գնացած քոթոթներին է տուն կանչում.

«Ո՞ւր եք կորել, ծուռթաթիկներ, ո՞ւր եք կորել,
Ո՞ւմ հույսին եք դուք ծերուկիս այստեղ թողել»:
Արջ մայրիկն էլ է հառաչում,
Ե՛վ լալիս է, և՛ կանչում.
«Ախր, այդ ո՞ւր անհետացաք,
Թե՞ շներին բաժին դարձաք,
Գուցե ջրանցքը ձեզ առավ
Լափին տալով քշեց, տարավ»:

Եվ ամբողջ օրը այսպես անտառում
Կանչում էր, փնտրում ու չէր դադարում:
Լով բվերն էին աչքերով աննինջ
Հետևում անհույս դեգերող արջին:

Նապաստակն է ահա վազում
Եվ արջին այսպես է ասում.
«Դե հերիք է դու քեզ տանջես,
Հո շլդիկ չես, բրդոտ արջ ես:
Կոկորդիլոսն ո՞վ է, որ դու
Վախենում ես ու սարսափում:
Գնա նրան ճանկռոտիր,
Գնա նրան պատառոտիր,
Խփիր նրան աջից, ձախից,
Եվ ազատիր արևը մեր
Այդ հրեշի մեծ երախից:
Ու երբ կրկին երկրի վրա
Մեր մեծ արևը շողշողա,
Փոքրիկները քո հիմարիկ,
Բրդոտներդ ծուռ ու բարի,
Տուն կդառնան իրենք-իրենք,
Կասեն. «Պապիկ, ահա և մենք»:

Արջը
Վեր կացավ,
Արջը
Մռնչաց,
Դեպի մեծ գետը
Վազեց սրընթաց:
Իսկ այդ մեծ գետում
Հրեշն է լողում,
Նրա երախում
Կրակ չի շողում,
Արևն է պայծառ
Գերված-գողացված:

Արջը ծածուկ, ծառի տակից
Հրեց նրան թեթևակի.
«Քեզ եմ ասում, ա՛յ չարագործ,
Շուտ արա, մեր արևը թող:
Թե չէ հիմա կբռնեմ քեզ,
Կջարդեմ, կանեմ երկու կես,
Որպեսզի դու այսուհետև
Չգողանաս արևը մեր:
Սրա˜ն տեսեք, գողի˜ ծնունդ,
Արևը ո˜նց է փախցնում,
Կուլ տվել ու պառկել է կուշտ,
Փնչացնում է ապուշ-ապուշ:
Ո˜ղջ աշխարհը՝ խավարի մեջ,
Ասես սրա պետքն էլ չի հեչ»:

Բայց անխիղճը քրքջում է,
Փայտի նման ճռնչում է.
«Տե՛ս, հա˜, կելնեմ, թե գտա,
Լուսնյակին էլ կուլ կտամ»:

Արջը կատաղեց
Ու չդիմացավ,
Արջը թշնամու
Վրա սլացավ:

Քլոլեց նրան,
Տրորեց նրան.
«Մեր արևն իսկույն
Վերադարձրու»:

Կոկորդիլոսը սարսափեց,
Ատամներով կափկափեց
Ու երևի թե վախից
Նրա բացված երախից
Արևն ընկավ, գլորվեց,
Բարձրացավ թփուտներով,
Սաղարթներով, տերևներով:

Ծիտիկները ծլվլացին:
Միջատները թռվռացին:

Շլդիկները հովիտներում
Ցատկոտեցին ու պարեցին:

Տեսե՛ք, տեսե՛ք, քոթոթներն էլ
Փիսիկների նման ուրախ՝
Վրա տվին միահամուռ
Իրենց բրդոտ պապի վրա.
«Պապի˜կ, պապի˜կ, ահա և մենք»:

Տղաներն ու աղջիկները
Սկյուռիկներն ու շլդիկները
Համբուրում են Արջ պապիկին
Եվ ասում են սրտագին.
«Ուրախ ենք ու շնորհակալ,
Որ արևը բերիր կրկին»:

Բարև՛, բարև՛, ոսկի արև՛,
Անամպ երկի՛նք, բարև՛, բարև՛:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Գողացված արևը Կորնեյ Չուկովսկի | Գողացված արևը   Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 23:42:00 Rating: 5
Технологии Blogger.