Կորնեյ Չուկովսկի | Հրեշավոր փայտաճճին


Առաջին մաս

Սուրում էին արջուկները
Հեծանիվով:
Սրանց հետևում էր կատուն՝
Եռանիվով,

Կատվի հետևից՝ մոծակը՝
Փուչիկ հեծած ընտանիքով,

Իսկ սրանց էլ՝ քարճանկերը՝
Կաղ շնիկով:
Գայլերը ձի են քշում,
Ավտո՝ առյուծն ահեղ,
Շլդոն տրամվայ է նստել,
Գորտը՝ ցախավել:

Մրցում են և զվարճանում,
Բլիթներ են անուշ անում:

Եվ հանկարծ դարպասի տակից
Շիկավո˜ւն, խոշո˜ր,
Դուրս եկավ փայտաճճին
Բեղավո˜ր, խոժո˜ռ,
Խավարապաշտ, խավարատես, խավարամոլ:

Նա ճռճռում, ճռնչում է՝
Բեղերն ահեղ շարժելով.

«Սպասեցե˜ք, մի՛ շտապեք,
Ես ձեզ իսկույն կուլ կտամ:

Տուր կտամ, կուլ կտամ,
Չե˜մ խնայի ոչ մեկիդ»:

Գազանները սարսափեցին,
Սարսափից ուշաթափվեցին:
Գայլերը գորշ, ահարկու,
Քլոլեցին մեկմեկու:

Իսկ կոկորդիլոսը շվար
Գորտին ճամփեց կոկորդն ի վար:

Տիկին փիղն էլ սարսափահար
Ոզնու վրա նստեց ահա:

Չեն վախենում միայն տեսեք,
Խեցգետինները կռվասեր,
Թեկուզ նահանջում են հետ-հետ,
Բայց բեղեր են շարժում մեկ-մեկ
Եվ ասում են հրեշին այդ բեղավոր.

«Զուր մի՛ ճչա ահավոր,
Տե՛ս, մենք էլ ենք բեղավոր,
Կարող ենք մենք էլ ճոճել
Մարտական բեղ ու պոչեր»:
Ասում են ու նահանջում են քաջաբար:

Եվ այսպես ասաց Հիպոպոտամը՝
Նստած ապահով, խոնավ իր տանը.

«Ով չի վախենում անկոչ հրեշից,
Ով կպաշտպանի ինքն իրեն ու ինձ,
Ես հերոսին այդ անվեհեր
Չաղլիկ գորտեր կնվիրեմ,
Անգամ եղևնու կոն չեմ ափսոսա»:

«Մենք չենք վախենում քո ասած
Բեղավորից երես առած:
Կքլոլենք մենք նրան
Մեր ժանիքներով,
Կտրորենք մենք նրան
Մեր սմբակներով»:

Գազանները խառնուխռիվ
Պատրաստ էին արդեն կռվի:
Բայց հենց բեղավորին տեսան,
Ա˜յ-ա˜յ-ա˜յ,
Սարսափից փախան ցիրուցան,
Ա˜յ-ա˜յ-ա˜յ:

Անտառներում ու դաշտերում թաքնվեցին,
Որովհետև բեղավորից սարսափեցին:

Եվ նորից կանչեց Հիպոպոտամը՝
Նստած ապահով, խոնավ իր տանը.

«Ռնգեղջյուրնե˜ր, ցուլե˜ր, եզնե˜ր,
Թողեք խաղաղ որջերը ձեր
Եվ թշնամուն
Այդ զզվելի
Առեք սուր-սուր ձեր պոզերին»:

Բայց պոզավորներն էլ, ավա˜ղ,
Թեկուզև շա˜տ, շա˜տ են անվախ,
Ափսոսալով իրենց կաշին՝
Մոտ չգնացին հրեշին
Եվ պոզերն իրենց փրկելով՝
Կամաց-կամաց ընկրկելով,
Թաքնվեցին ու պահվեցին թմբերի տակ,
Ճահիճներում, անտառներում, թփերի տակ:

Կոկորդիլոսը թաքնվեց եղինջներում,
Իսկ ջրանցքում՝ հսկա փիղը և եղջերուն:
Սարսափում են՝ ատամն ատամին չի գալիս,
Դողդողալով իրենց օրն ու բախտն են լալիս:

Իսկ քաջարի կապիկները
Ճանկեցին լի ճամպրուկները
Փախան բեղավորից ահեղ՝
Գտնելու մի ապահով տեղ:

Շնաձուկն էլ
Ճարպիկ ու մեծ,
Պոչով խփեց ու թաքնվեց:

Երկրորդ մաս

Եվ ահա հաղթեց խավարասերը՝
Դառնալով հանդ ու սարերի տերը:
Ենթարկվեցին գազանները բեղավորին
Սարսափելի այս պատմության մեղավորին:

Շրջում է նա ինքնավստահ ահեղատես
Եվ իր փորն է շոյում ագահ հրեշի պես.
«Հե˜յ, գազաննե˜ր, մոտ բերեք ձեր բալիկներին,
Պիտի ուտեմ չաղլիկներին, լավիկներին»:

Մե˜ղք են, մե˜ղք են գազանները,
Ողբում, ոռնում են,
Կոծում:
Ամեն որջում ու անձավում
Հրեշին են անիծում:

Բայց կլինի՞ որևէ մայր,
Որ իր ձագին չգթա,
Որ աննման իր բալիկին,
Իր ուլիկին, իր արջուկին,
Իր գայլուկին ու փղիկին
Տանի սևուտիճին տա:

Տանջվում են նրանք, հառաչում, լալիս,
Ձագերին ընդմիշտ հրաժեշտ տալիս:

Բայց մի անգամ, առավոտյան,
Կենգուրուն այցելեց նրանց,
Եկավ, տեսավ բեղավորին,
Այս պատմության մեղավորին:
Ասաց. «Սա՞ է հրեշն այն,
Հա-հա-հա,
Հապա լավ նայեք նրան
Հա-հա-հա:

Բլոճ է սա խավարասե˜ր, խավարամո˜լ,
Սովորական մի խեղճ միջատ՝ մութի սովոր:
Բա դուք ձեզնից չե՞ք ամաչում,
Ո՛չ մռնչում եք, ո՛չ հաչում:
Էլ ի՞նչ պատիվ կամ արժանիք,
Որ մոռացած սմբակ, ժանիք,
Գերի դարձաք այս խղճուկին»:

Գետաձիերը երբ լսեցին,
Ահա թե ինչ շշնջացին.
«Ամա˜ն, զգո˜ւյշ, մի՛ խոսիր, մի˜,
Թե բեղավորը իմացավ,
Էլ˜ ավելի վատ կլինի»:

Մեկ էլ հանկարծ թռավ-եկավ,
Անտառներից թռավ-եկավ,
Այգիներից թռավ-եկավ
Թռավ-եկավ մի ճնճղուկ:

Հոպ-հոպ արեց
Ու չիկ-չիրիկ,
Չիկ-չիրիմ ու չիմ-չիրիկ:

Կտցին առավ բեղավորին
Ու կուլ տվեց մեղավորին:
Ճտպտաց ու թռավ գնա˜ց
Հրեշի բեղն իսկ չմնաց:

Ուրա˜խ է շատ ու երջանի˜կ
Ընտանիքը գազանների:
Գովերգում են, փառք են տալիս
Քաջաց քաջին ճնճղուկների:

Էշերը երգ հորինեցին ու երգեցին,
Իսկ այծերը մորուքներով
Ճամփան ավլեցին, մաքրեցին:

Բվեճները փողհարում են,
Փողհարո˜ւմ,
Ոչխարները թմբկահարում են,
Պարո˜ւմ,
Աշտարակին սարյակներն են
Ճտճտո˜ւմ,
Չղջիկները՝
Թաշկինակներ ծածանում,
Աղմկո˜ւմ են, ճռվողո˜ւմ են երջանիկ:

Իսկ ծանր ու մեծ փիղ հայրիկը՝
Փիղ մայրիկի ամուսինը,
Այնպե˜ս պարեց,
Որ երկնքից
Պոկվեց, ընկավ
Լուսինը ցած:

Հետո այնքա˜ն չարչարվեցին
Մինչև լուսնին վեր հանեցին
Ու մեխեցին սուր գամերով:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Հրեշավոր փայտաճճին Կորնեյ Չուկովսկի | Հրեշավոր փայտաճճին Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 31, 2019 Rating: 5
Технологии Blogger.