Կորնեյ Չուկովսկի | Խառնաշփոթ


Կատուները մլավեցին.
«Էլ չենք ուզում մլավել:
Մենք ուզում ենք խոզերի պես խռխռալ»:

Բադիկները վրա բերին.
«Էլ չենք ուզում կռնչալ:
Մենք ուզում ենք գորտերի պես կռկռալ»:

 Խոճկորները մլավեցին՝
Մյաո˜ւ, մյաո˜ւ:
Կատուները խռխռացին՝
Խը˜ռ, խը˜ռ, խը˜ռ:

Սագիկները կռկռացին՝
Ղո˜րտ, ղո˜րտ, ղո˜րտ:

Հավիկները կռավեցին՝
Ղա˜, ղա˜, ղա˜:

Ճնճղուկը թռավ եկավ
Հորթուկի պես բառաչեց՝
Մու-ու-ո˜ւ:

Արջը եկավ օրորվելով
Ու սկսեց մռնչալ՝
Ծուղ-րու-ղո˜ւ:

Կկուն նստեց ծառի ճյուղին.
«Չեմ կամենում կվկվալ,
Պիտի հաչեմ գամփռի պես.
Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ»:

Նապաստակն էր միայն խելոք.
Չէր մլավում,
Չէր կռավում,
Տապ էր արել
Կաղամբի տակ,
Բլբլում էր իրենց լեզվով
Ու համոզում գազաններին անխոհեմ.
«Ով որ պիտի ծլվլա,
Թող չմլավի:
Ով որ պիտի մլավի,
Թող չծլվլա:

Ագռավը կով չի դառնալու,
Իսկ գորտերն էլ
Չեն ճախրելու ամպերի մեջ»:

Հավքերը և գազանները,
Թռչողներն ու վազանները
Աղմկում են ու խենթանում,
Լսել անգամ չեն ցանկանում:

Զբոսնում են ձկները հանդում,
Թևածում են գորտերն ամպում:
Մկնիկները բազմաթիվ
Կալանել են ջոջ կատվին:

Աղվեսները՝ համա˜կ նազեր,
Լուցկի առել,
Ծով են վազել,
Հրդեհել են ծովը կապույտ:

Ծովն է այրվում բոցերի մեջ,
Լաց են լինում կետերը խեղճ.
«Հե˜յ, հրշեջնե˜ր, շտապեցե˜ք,
Մեզ փրկեցե˜ք, մեզ փրկեցե˜ք»:

Ցատկոտելով գորտերն եկան,
Ջուր ցանեցին երեք անգամ:

Հանգցնում են՝ չի հանգչում,
Մարում են, բայց չի մարում:

Թռավ թիթեռը նրբաթև,
Թևով արեց թեթև, թեթև,
Կրակն իջավ, մարմրեց
Ու մարեց լրիվ:

Բոլորն ահա ուրախացան,
Ծիծաղեցի˜ն, զվարթացա˜ն,
Ծափ տվեցին ականջներով
Ու դոփեցին սմբակներով:

Սագերն էլի սագավարի
Ճղճղացին՝ ղա˜-ղա˜-ղա˜:

Կատուները մլավեցին՝
Մյաո˜ւ-մյաո˜ւ:

Ծիտիկները ծլվլացին՝
Ծի˜վ-ծի˜վ-ծի˜վ:

Նժույգները խրխնջացին՝
Ի-ի-ո-հո-հո˜:

Բզեզները տզտզացին՝
Տը˜զ-տը˜զ-տը˜զ:

Խոճկորները խռխռում են՝
Խը˜ռ-խը˜ռ-խը˜ռ:

Հավիկները կռթկռթում են՝
Կո˜-կո˜-կո˜:

Նանիկ են ասում իմ անուշիկի˜ն,
Իմ աննմանի˜ն, իմ պուպուշիկի˜ն:


Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Խառնաշփոթ Կորնեյ Չուկովսկի | Խառնաշփոթ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 25, 2019 Rating: 5
Технологии Blogger.