Կորնեյ Չուկովսկի | Մաքրիլվան


Սավանը
Դուրս փախավ մեկեն
Բռնած տուտը վերմակիս,
Իսկ բարձիկս
Զամբիկի պես
Ծլկեց իմ ձեռքի տակից:

 Ձեռքս՝ մոմին,
Մոմը՝ մի կողմ,
Ձեռքս՝ գրքին,
Սա ահով,
Ցատկոտելով պահվեց ինձնից
Բազմոցի տակ ապահով:

Ես ուզում եմ խմել թեյ,
Ջուրը եռում է արդեն,
Ինքնաեռն էլ, արի տես,
Փախավ ինձնից գժի պես:

Սա ի՞նչ բան է,
Ի՞նչ պատահեց,
Ո՞ւմ պատճառով
Եվ ինչո՞ւ,
Ինչ ունեի՝ փախան ինձնից,
Կարծես չե˜ն էլ ճանաչում:

Երես թեքում, խուսափում են,
Հետևելով մեկմեկու,
Ամենալավ կոշիկներս,
Գոտի, գրիչ և արդուկ…

Անվերջ իրար հորդորելով,
Հրելով ու գլդորելով,
Նրանք խենթի պես ահավոր
Պտտվում են իմ շուրջբոլոր:

Հանկարծ մոտիկ ննջարանից,
Ննջարանի˜ց մայրիկիս,
Լվացարանն է դուրս վազում
Նայելով ինձ շեշտակի.

«Ա˜յ դու կեղտոտ, ա˜յ անճոռնի,
Ա˜յ անլվա խոզի ձագ,
Մուր մաքրողը քո համեմատ
Աղավնի է մի ճերմակ:
Վզի˜դ նայիր՝ մի մատ կե˜ղտ է,
Դեմքի˜դ նայիր՝ ճաշի հետքե˜ր,
Բա ձեռքե˜րդ…Չե՞ս ամաչում,
Քո շորն էլ է քեզնից փախչում՝
Քեզնից դժգոհ, ա˜յ անկարգ:

Առավոտ շուտ՝ ծեգը ծեգին,
Լվացվում են մկնիկները,
Լվացվում են բադիկները,
Արջուկներն ու գորշուկները…
Լոկ դու ես նույնը մնացել,
Չե˜ս սանրվել, չե˜ս լվացվել,
Ահա փախել են մոտիցդ
Շորերդ ու կոշիկներդ:
Լվացարանն եմ մեծարգո՝
Մաքրիլվան եմ սիրուն,
Ինձ լսում են պատկառանքով,
Եվ ինձ բոլորն են սիրում:

Եթե ոտքս խփեմ գետնին,
Զինվորներին իմ կանչեմ,
Տասը-քսան լվացարան
Կհայտնվեն քո առջև,
Ու կոռնա˜ն, ու կհաչե˜ն,
Ու կդոփե˜ն ոտքերով,
Կտրորե˜ն, կքլոլե˜ն,
Ու թե հանկարծ ես ուզեմ,
Կբռնեն քեզ,
Ոտից-գլուխ
Ջրանցքի մեջ կսուզեն»:

Նա առավ մի փայլուն թաս
Ու կանչեց. «Կարա˜-բարա˜ս»:

Հլու իրենց գոռ արքային՝
Ճիլոպները ինչքան կային,
Սկսեցին տրորել ինձ
Մռթմռթալով.

«Քերում ենք կեղտը կեղտոտի՝
Դեմքի˜ց, վզի˜ց, մեջքի˜ց, ոտի˜ց,
Լվանո˜ւմ ենք ահա այսպես
Մարմինը այս անամոթի»:

Այստեղ օճառն է մոտ թռչում,
Կատաղածին հապա տես,
Ֆռֆռո˜ւմ է, փրփրո˜ւմ է
Ու խայթում է մեղվի պես:

Եվ այդ դաժան ճիլոպից
Փախա ինչպես ճիպոտից,
Իսկ նա կոպիտ ու բռի
Քիչ է մնում ինձ բռնի:

Զբոսայգուն հասա ծանոթ:
Վազում եմ նեղլիկ կածանով,
Իսկ ճիլոպը՝ իմ հետևից,
Եվ ուր որ է նա կբռնի իմ թևից…

Մեկ էլ տեսնեմ իմ սիրելի
Կոկորդիլոսը ծանր ու մեծ
Իր Տոտոշին ու Կոկոշին
Ման է տալիս այգու մեջ:
Նա ճիլոպին աներես
Կուլ տվեց մի հաբի պես:

Իսկ հետո այնպե˜ս փնչաց
Ինձ վրա,
Իսկ հետո այնպե˜ս ճչաց
Ինձ վրա.
-Անմիջապե˜ս չքացիր,-
Ասաց ինձ,-
Գնա˜ տուն ու լվացվի˜ր,-
Ասաց ինձ,-
Թե չէ մի լա˜վ տուր կտամ,-
Ասաց ինձ,-
Կտրորե˜մ, կո˜ւլ կտամ,-
Ասաց ինձ:

Ո˜նց եմ վազում ես փողոցով մեր երկար,
Եվ ահա ես շնչասպառ տուն ընկա:
Լվացվում եմ,
Լվացվում եմ
Ես օճառով բուրավետ,
Օճառը լավ փրփրում է,
Մաքրում թանաք,
Մուր ու կեղտ:

Անդրավարտիքն իմ խռոված
Ձեռքերիս մեջ ցատկեց հանկարծ:

Իսկ քիչ հետո կարկանդակը.
«Կե˜ր ինձ,- ասաց,- քանի տաք եմ»:

Պանիրհացն էլ չի թերանում
Ինքն է հայտնվում իմ բերանում:

Պայուսակս վերադարձրեց
Ինչ առել էր ու տարել,
Եվ «Մայրենին» իմ սկսեց
«Հանրահաշվի» հետ պարել:

Լվացարանն էլ մեծարգո՝
Մաքրիլվան իմ սիրուն,
Որին լսում պատկառանքով
Եվ շատ-շատերն են սիրում,
Ինձ մոտ վազեց թևատարած՝
Մեղմելով ձայնն իր ահեղ.

«Հիմա արդեն սիրո˜ւմ եմ քեզ,
Հիմա արդեն գովո˜ւմ եմ քեզ,
Եվ գիտե˜մ, որ կարող ես միշտ
Մաքրությունդ պահպանել»:

Անհրաժեշտ է սիրե˜լ, պաշտե˜լ
Ջո˜ւր, օճա˜ռ ու մաքո˜ւր օդ,
Իսկ կեղտոտ ու մրոտներին
Ամո˜թ,
Ամո˜թ,
Շա˜տ ամոթ:

Քանի շնչում ենք, ապրում ենք, կանք,
Փառք տանք օճառին դուրեկան,
Փառք տանք սանրին ու սրբիչին,
Մեզ օգնական ամեն ինչին:

Եկեք լվացվենք, լողանք, լողանանք,
Սուզվենք, դո˜ւրս լողանք, գլուխկոնծի տանք՝
Կոնքում, տաշտակում, ջրերում հոսուն,
Առվակում, լճում, ծով-օվկիանոսում,
Պաշտենք բնության բարիքներն արդար,
Սիրենք ու փառք տանք:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Մաքրիլվան Կորնեյ Չուկովսկի | Մաքրիլվան Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on августа 20, 2019 Rating: 5
Технологии Blogger.