Մարսել Էմե | Պոլդևյան առասպել


Չստվերցկ քաղաքում ապրում էր Մարիելա Բորբոյե անունով մի պառաված օրիորդ, որը վայելում էր անաղարտի և բարեպաշտի մեծ համբավ: Ամեն օր առնվազն մեկ անգամ պատարագ էր լսում, շաբաթը երկու օր հաղորդության էր գնում, եկեղեցուն առատորեն դրամ էր պարգևում, ասեղնագործում էր խորանի ծածկոցները, նաև ողորմություն էր բաժանում խեղճ աղքատներին: 
Քանի որ տարվա բոլոր եղանակներին սև հագուստ էր կրում, տղամարդկանց հետ խոսում էր ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն, այն էլ աչքերը խոնարհած, նա չէր արթնացնում ոչ մեկը այն հանցավոր մտքերից, որոնք դրդում են պարկեշտության դեմ մեղանչել, և որոնցից նա ինքը գաղափար անգամ չուներ: Եվ ահա, կարծես ցանկանալով ավարտուն տեսք տալ այս կատարելությանը, աստված նրան ուղարկեց մի մեծ ու տառապալից փորձություն, որը նոր սնունդ տվեց այս մոլեռանդ ու գթառատ հոգու բարեպաշտությանը:
Օրիորդ Բորբոյեն քնքուշ և աչալուրջ հոգատարությամբ մեծացրել էր Բոբիսլաս անունով իր որբ եղբորորդուն: Անուշիկ տղան անչափ խոստումնալից էր թվում, և օրիորդ Բորբոյեն ուզում էր, որ նա դառնա նոտար: Ելնելով պետական լիցեյի ուսուցիչների բարի համբավից, նա իր եղբորորդուն միամտորեն վստահեց այդ հաստատությանը, որտեղ Բոբիսլասը շատ շուտ այլասերվեց: Ավարտական տարում աթեիստ ուսուցիչների դասավանդած փիլիսոփայությունը առանձնապես ճակատագրական եղավ նրա համար. Բոբիսլասը մարդկային զգացմունքների մեխանիզմը սովորեց միմիայն, որպեսզի դրանք ավելի լավ իր շահերին ծառայեցնի և ուրիշներինը հմտորեն օգտագործի: Նա սկսեց խմել, ծխել և կանանց նայել վավաշոտությունից փայլող աչքերով: Քանի որ նրա աչքերը երբեք չէին ունենում նման արտահայտություն պառաված օրիորդին նայելիս, իսկ գինին նրան հասցնում էր հոգեկան այնպիսի վիճակի, որ կարելի էր շփոթել լավ տրամադրության հետ, օրիորդ Բորբոյեն նույնիսկ չէր կասկածում, որ իր եղբորորդին ճանապարհից շեղվելու վրա է: Լիցեյն ավարտելուց հետո Բոբիսլասը մտավ աշխատելու Չստվերցկ քաղաքի նոտարներից մեկի մոտ,  որպեսզի հմտանա իր մասնագիտության մեջ: Այդ ընթացքում էլ նրա նողկալիությունը քողազերծվեց: Մի օր կեսօրից հետո, երբ նոտարը բացակայում էր, Բոբիսլասը դրամարկղից փող գողացավ և բռնաբարեց նրա կնոջը և երկու սպասուհիներին: Հետո նրանց ստիպեց իջնել նկուղ և այնտեղ իր հետ հարբել, խմելով օղի և տարբեր տեսակի գինիներ: Բարեբախտաբար նոտարի յոթ աղջիկներն այդ օրը տանը չէին: Խայտառակված և կողոպտված ամուսինը վռնդեց աշակերտին և բողոքի գնաց օրիորդ Բորբոյեի մոտ:
Բոբիսլասի այդքան վաղահաս այլասերվածությունը կոտրեց պառաված օրիորդի սիրտը: Նա իր վիշտը պատմեց աստծուն և խիզախորեն ձեռնամուխ եղավ եղբորորդուն ճիշտ ճանապարհի բերելու գործին: Զուր ջանքեր: Փորձելով շատ մասնագիտություններ և ոչ մեկը չշարունակելով՝ թշվառը մի անդունդից մյուսը գլորվեց: Չստվերցկ քաղաքի բնակիչների լեզվին նրա խայտառակ վարքն էր, գինարբուքները, կռիվները, նաև ջահել աղջիկները և ամուսնացած կանայք, որոնց դատապարտում էր անպատվության: Սերտ կապի մեջ էր անբարոյական կանանց հետ: Ամբողջ հինգ տարի օրիորդ Բորբոյեն հավատում էր, որ իր եղբորորդին վերջիվերջո կուղղվի, և անդադրում բարի խորհուրդներ և խրատներ էր տալիս նրան, առանց խնայելու տալիս էր դրամ, մտածելով, որ այդ ամենը իր բարերար ազդեցությունը կունենա: Ի վերջո հասկացավ, որ առատաձեռնությունը միայն նպաստում է տղային մեղքի մեջ պահելուն և մի երեկո էլ, երբ Բոբիսլասը փող էր խնդրում, օրիորդը քաջություն ունեցավ մերժել, հույս ունենալով, թե կարիքը կստիպի նրան խելքի գալ:
Այսպիսին էին նրանց հարաբերությունները, երբ պատերազմ սկսվեց: Վաղուց ի վեր պոլդև ժողովուրդը վատ հարաբերությունների մեջ էր հարևան մոլտոն ժողովրդի հետ: Ամեն առիթով նոր կոնֆլիկտներ էին ծագում երկու մեծ պետությունների միջև, որոնց փոխըմբռնումը համարյա անհնարին էր, քանի որ երկուսն էլ յուրովի իրավացի էին: Իրադրությունն արդեն շատ էր լարված, երբ մի լուրջ միջադեպ առիթ դարձավ պատերազմի բռնկվելուն: Մոլտոնցի մի մանչուկ միտումնավոր միզեց սահմանի վրայով և քրքջալով ջրեց Պոլդևիայի տարածքը: Դա չափազանց մեծ վիրավորանք էր Պոլդևիայի համար, ժողովուրդը ըմբոստացավ, և անմիջապես տրվեց զորահավաքի հրամանը:
Չստվերցկ քաղաքում սկսվեց մեծ իրարանցում: Տղամարդիկ զորակոչվեցին հայրենիքը վտանգից պաշտպանելու, իսկ կանայք սկսեցին զինվորների համար գուլպաներ գործել: Օրիորդ Բորբոյեն մյուս կանանցից տարբերվեց ոչ միայն իր գործած գուլպաների ամրությամբ և հաստությամբ, այլև նա էր, որ վառում էր եկեղեցու ամենամեծ մոմերը պոլդևյան զորքի հաղթանակի համար: Բոբիսլասը, որն արդեն քսանութ տարեկան էր, զորակոչվեց հուսարական գունդ, որը կայազորվել էր քաղաքում: Փայլելով իր համազգեստի և հանդերձանքի մեջ, գլխին կրելով արջի մորթուց գլխարկ, կապելով չորս ոտնաչափ սուր, որը քայլելիս կպչում էր ծնկատակին, նա գերագնահատեց իր կարևորությունը և պոլդևյան երկրի փառապանծ պաշտպանի իր բացառիկ իրավունքները: Նրա լկտիությունը և անպատկառությունը այլևս սահմաններ չէին ճանաչում: Պատերազմը նրա համար միայն խրախճանք էր, գինարբուք, զվարճալիք: Պատճառաբանելով, որ կյանքը պետք է վտանգի ենթարկի թիկունքում գտնվողների համար, նրա պահանջները վերջիններիս նկատմամբ օրեցօր ավելի էին մեծանում: Քաղաքում չկար կին կամ աղջիկ, որոնց հայացք կամ ձեռք չգցեր: Պնդերեսորեն նրանց հետևում էր մինչև եկեղեցի, նույնիսկ մինչև տուն, անամոթաբար դրամ էր փոխ առնում մեկի հորից, մյուսի սարսափահար ամուսնուց, անհրաժեշտության դեպքում թալանում էր անցորդներին, պատճառաբանելով, թե այդ միջոցով նրանց մասնակից է դարձնում երկրի պաշտպանությանը: Օրիորդ Բորբոյեն, որը դեռ սրտի խորքում պահպանում էր մի փոքր քնքշանք ճանապարհից շեղված եղբորորդու նկատմամբ, սկսեց նրան ամբողջ էությամբ ատել, այնպես ինչպես միայն բարեպաշտը կարող է ատել մի արարածի, որը մարմնավորում է ամենաստոր արատներ: Այդ ատելությունը, որը օրիորդը համարում էր իր ամենասուրբ պարտականություններից մեկը, չէր խանգարում վայրագ զինվորականին նրան այցելել: Դեռ փողոցի ծայրից լսվող անընդմեջ հայհոյանքները հայտնում էին նրա գալը: Ճոճվելով, մեծ սրով հարվածելով և տակն ու վրա անելով կահույքը, միաժամանակ հայհոյելով աստծուն՝ նա գոռգոռոցով և հիշոցներով օրիորդից պահանջում էր շուտափույթ ցույց տալ փողի տեղը: Բազում անգամներ, երբ նա հապաղում էր ենթարկվել, Բոբիսլասը կիսով չափ մերկացնում էր սուրը և սպառնում էր սուրբ օրիորդին երկու կես անել:
Կես տարվա անփառունակ կյանքից հետո վերջապես հուսար Բոբիսլասը իր ձիու հետ գնացք նստեց և ուղարկվեց ուղիղ ռազմաճակատ: Դա շատ մեծ թեթևություն բերեց Չստվերցկ քաղաքին, և այնքան մեծ էր բարի մարդկանց ուրախությունը, որ նույնիսկ ռազմաճակատից ստացած ուրախալի հաղորդագրությունը աննկատ մնաց: Օրիորդ Բորբոյեին թվաց, թե իր համար սկսվում է հանգստությամբ և լույսով լի մի նոր կյանք: Նա իր աղոթքներում նորից սկսեց զգալ մանկական անդորր, իսկ գիշերները երազում լսում էր հրեշտակների թևերի մեղմ աղմուկ:
Կես տարի էր անցել Բոբիսլասի մեկնելուց ի վեր, և պոլդևյան բանակը ճաշակել էր զինվորական ճակատագրի և լավ, և վատ կողմերը, երբ վիրուսային գրիպի համաճարակը բազմաթիվ մարդկային կյանքեր տարավ Չստվերցկ քաղաքում: Օրիորդ Բորբոյեն առաջին վարակվածներից էր: Նա մահը ընդունեց խաղաղ հոգով: Կտակը կազմեց երկրի ամենասուրբ գործերի օգտին և պայծառ ակնածանքով ստանալով վերջին օծումը՝ մահացավ առավոտյան ժամը երեքին՝ աստծո անունը շուրթերին: Նրա մահվան լուրը տարածվեց քաղաքով մեկ: Բոլորը եկան այն միահամուռ կարծիքին, որ օրիորդ Բորբոյեն երեկոյան ընթրելու է դրախտի հրեշտակների հետ:
Մոտենալով դրախտի դռներին՝ օրիորդ Բորբոյեն ականատես եղավ տարօրինակ տեսարանի, որի իմաստն անմիջապես չհասկացավ: Դրախտի մատույցները ծանրաբեռնված էին զինվորական շարասյուներով, որոնք աղմկելով առաջ էին շարժվում ճամփեզրին նստած կամ պառկած, մռայլ ու անհույս հայացքով զինվորներին նայող քաղաքացիների երկու շարքի միջով: Օրիորդ Բորբոյեն, առանց դույզն-ինչ անհանգստության, աշխուժորեն քայլում էր առաջացող շարասյուների կողքով, երբ ականջին հասավ իրեն կանչող ինչ-որ մեկի ձայնը: Շրջվելով ձայնի ուղղությամբ՝ նա ճամփեզրին նստած մարդկանց մեջ ճանաչեց նոտարին, որի կինը նույնպես դարձել էր Բոբիսլասի զոհերից մեկը: Այդ մարդը, որը օրիորդից մի երկու շաբաթ առաջ էր գերեզման իջել, սիրալիր բարևեց նրան և բարեսիրտ քմծիծաղով հարցրեց, թե ո՞ւր է այդպես շտապում:
-Գնում եմ աստծուն հաշիվ տալու,- պատասխանեց Բորբոյեն:
-Ավա˜ղ,- հառաչեց նոտարը,- մեր հաշիվ տալու ժամանակն այնքան էլ մոտ չէ:
-Ձերը միգուցե, իսկ ինչ վերաբերում է ինձ, շատ կուզեի իմանալ, թե ինչ պատճառով ինձ պիտի մերժեն…
-Ամեն ինչ շատ պարզ է, և ձեզ մնում է միայն աչք ածել ձեր շուրջը, որ հասկանաք եղելությունը: Այն օրից, ինչ պոլդևյան սահմանի վրա մոլեգնել է պատերազմը, այստեղ տեղ ունեն միայն զինվորականները: Նրանք երկինք են գնում քառաշարք շարասյուներով, և ոչ ոք նրանց չի քննում, ոչ ոք չի հարցնում, թե ինչ մեղքեր կարող են գործած լինել:
-Հնարավո՞ր բան է,- մրմնջաց օրիորդը:- Բայց դա սարսափելի կլիներ…
-Ընդհակառակը, դրանից արդար բան չկա: Նրանք, ովքեր մեռել են սուրբ գործի համար, արդեն իսկ արժանի են դրախտի երանությանը: Դա վերաբերում է ինչպես Պոլդևիայի զինվորներին, որոնք ի սեր արդարության մարտնչելով՝ աստծո համակրանքը շահեցին, այնպես էլ Մոլտոնիայի զինվորներին: Թեև մեզ այդ մասին ոչինչ չէին ասում, աստված նրանց էլ է համակրում: Ահա թե ինչու են զինվորները կուտակվել, և վախենում եմ, որ պատերազմը դեռ երկար տևի: Երկու կողմերի մարտական ոգին էլ շատ է բարձրացել, և գեներալները երբեք այդքան հանճար չեն ցուցադրել, որքան այժմ: Անիմաստ է հույս ունենալ, թե նախքան պատերազմի ավարտը մեզանով կզբաղվեն: Դեռ երանի պիտի տանք, եթե այս խառնաշփոթում մեր անձնական գործերը չկորչեն:
Լսելով նոտարի բացատրությունները՝ օրիորդ Բորբոյեն նախ շատ ընկճվեց, բայց խորհելուց հետո կասկածեց նրա ասածների ճշմարտացիության վրա: Կենդանության ժամանակ լինելով օրինավոր անձնավորություն՝ նոտարն այնուամենայնիվ կրոնի հարցերում երբեք ջերմեռանդություն չէր ցուցաբերել, և, բացի այդ, ժլատ և որկրամոլ մարդու համբավ ուներ: Այդքանն էլ հերիք էր, որ հոգին առհավետ տանջանքի դատապարտվեր:
Զինվորները, հետիոտն թե ձիավոր, իրար հրմշտելով, երգը շուրթերին մտնում էին դրախտի ճառագայթող դռներից ներս, ետևում թողնելով հրապարակի նմանվող մատույցները: Դռների մոտ, ամպի վրա նստած, սուրբ Պետրոսը վերևից հսկում էր զինվորների մուտքը և հաշվում էր շարքերը:
Օրիորդ Բորբոյեն բարեպաշտ հավատացյալի հանդուգն խիզախությամբ հասավ հրապարակի կենտրոն: Մի հրեշտակապետ եկավ նրան ընդառաջ և անսահման թովիչ ձայնով, որն ասես արդեն դրախտի երաժշտություն լիներ, ասաց.
-Ետ դարձեք, պառավ, դուք շատ լավ գիտեք, որ քաղաքացիներին հրապարակ մտնելն արգելված է:
-Չքնաղ հրեշտակ, դուք հավանաբար չգիտեք, թե ես ով եմ: Ես օրիորդ Բորբոյեն եմ Չստվերցկ քաղաքից: Ես վաթսուն տարեկան եմ և դեռ կույս եմ, ողջ կյանքս ապրել եմ աստծո սիրով ու աստծուց երկյուղելով: Մեր ծխի քահանան, որն իմ խոստովանահայրն էր…
Պարզամտորեն թվելով եկեղեցուն բերած իր ծառայությունները, նա շարունակում էր առաջ գնալ, չնայած որ հրեշտակապետը նրան ընդդիմադրում էր և զուր փորձում ընդհատել:
-Բայց չէ՞ որ ասում եմ, որ հրապարակը…
-…Առավոտ ծեգին աղոթք, նվիրատվություն, հետո ժամը վեցին՝ պատարագ, տարվա բոլոր եղանակներին: Պատարագից հետո պաղատանք առ սուրբ Հովսեփ և շնորհակալական աղոթք՝ սուրբ Մարիամին: Ժամը տասին նորից աղոթք, որից հետո Ավետարանից ընթերցում: Կեսօրին Բենեդիկտե…
Չնայած խստիվ հրամանին՝ հրեշտակապետը չկարողացավ զսպել իրեն ու ակամա սկսեց ականջ դնել: Երկնային էակների համար ոչինչ այնքան գրավիչ ու հետաքրքիր չէ, որքան որևէ բարեպաշտ պառաված օրիորդի արժանիքների ու արարքների թվարկումը: Հետաքրքրությունը, որը մենք ունենում ենք այստեղ՝ երկրում, Ալեքսանդր Դյումայի վեպերը կարդալիս, չի տալիս նույնիսկ աղոտ պատկերացումն այն վսեմ հուզմունքի, որը համակում է հրեշտակներին, երբ սրանք տեղեկանում են երկրային էակների բարին արարող փոքրիկ, բայց ամենօրյա ջանքերի մասին:
-Լսեք,- ասաց բարի հրեշտակապետը,- դուք ինձ հետաքրքրեցիք, կաշխատեմ ինչ-որ բան անել ձեզ համար:
Նա օրիորդ Բորբոյեին առաջնորդեց մինչև ամպի ստորոտը, որի վրա գահակալել էր սուրբ Պետրոսը, հետո թևին տալով վեր թռավ և երկնքի բանալիների հռչակավոր պահապանի աջ ականջին ինչ-որ բան շշնջաց: Սուրբ Պետրոսը ուշադրությամբ լսում էր նրան, ի դեպ, առանց աչքը զինվորների շարասյունից կտրելու:
Գործը համարյա գլուխ էր եկել, և սուրբ Պետրոսը մտադիր էր հրաման արձակել օրիորդ Բորբոյեի օգտին, երբ մի ուրիշ հրեշտակապետ մոտեցավ նրա ձախ ականջին և իրազեկ դարձրեց, որ պոլդևյան սահմանի վրա սկսվել է գարնան ամենամեծ հարձակումը: Սուրբ Պետրոսը ձեռքի լայն շարժում արեց, կարծես ցանկանալով ավլել-սրբել բոլոր քաղաքացիներին, և սկսեց հրամաններ որոտալ:
Մտնելով քաղաքացիների շարքերի մեջ՝ պառաված օրիորդը, տառապանքից մորմոքվող սրտով, այժմ արդեն գնում էր զինվորական շարասյուների հոսանքին հակառակ ուղղությամբ, որոնք ավելի ու ավելի բազմամարդ էին դառնում: Հետևակայինները, սակրավորները, հրաձիգները, վիշապազորայինները, հրետանավորները, զենքերն իրար խառնած, քայլում էին անկանոն շարքերով: Այդ հսկա բանակի առաջխաղացումից անտանելի ժխոր էր բարձրանում: Սպայական կազմը հրամաններ էր արձակում, զինվորները երգում էին, հայհոյում իրար մի վաշտից մյուսը, կպչում էին քաղաքացիներին, կատակում էին կանանց հետ և բոլորը միասին ոռնում էին անպատկառ երգեր, որոնք զինվորական ավանդույթների անբաժան մասն են կազմում: Երբեմն խցանում էր առաջանում, որի ժամանակ շարքերը հրում էին մեկը մյուսին և խառնաշփոթի ու անհամբեր սպասման մեջ իրար էին ուղարկում անվերջանալի անեծքների տարափ. հրետանավորները  վիրավորում էին հետևակայիններին, սրանք էլ իրենց հերթին զայրույթը թափում էին վիշապազորայինների կամ գրենադերների գլխին: Թոհուբոհից ուժասպառ օրիորդ Բորբոյեն մտածում էր, որ ինքն արդեն դժոխքում է: Ապշահար քայլում էր ճանապարհի երկայնքով, ավելի հաճախ փոսերի միջով, անտարբեր քաղաքացիների մեջ փնտրելով Չստվերցկ քաղաքի նոտարին կամ մի ուրիշ ծանոթի, որի ընկերակցությունը կարող էր նրան այդ դաժան փորձության մեջ սփոփանք բերել: Երբեմն շատ մոտիկից լսում էր հարյուրավոր բերաններից թռած երգի անամոթ բառեր: Ի վերջո հոգնած ու հուսահատված, արցունքն աչքերին, օրիորդը նստեց մի փոսի եզրին:
Կրկին առաջացած խցանման պատճառով հուսարական մի վաշտ կանգնեց օրիորդ Բորբոյեի դիմաց: Վաշտի հրամանատարը սպիտակ բեղերով ծեր կապիտան էր, որը թևի տակ հպարտորեն տանում էր հուսարական գլխարկով զարդարված սեփական գլուխը և դժվարությամբ էր սանձահարում իր անհամբեր նժույգին: Ինքն էլ ջղայնանալով երկարատև սպասումից, գլուխը տնկեց սրի ծայրին ու բարձրացրեց վեր՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում առջևում: Հանկարծ մի ցասումնալից ու ահեղ գոչյուն գրավեց օրիորդ Բորբոյեի ուշադրությունը:
-Սատանա՛ն տանի,- բղավում էր ծեր կապիտանը: Էլի՛ այդ գումակային խոզերն առաջ անցան: Այդպես էլ գիտեի: Սրիկանե˜ր, ձրիակերնե˜ր: Մի կարգին ձի նստել չգիտեն: Եվ այս սայլապանները դրախտ են ընկել: Այդպես որ գնա, խանութպանն էլ այնտեղ կընկնի: Չստվերցկի հազար ու մի կայծակ:
Եվ բոլոր հուսարները իրար ետևից, կանգնելով ասպանդակների վրա, սկսեցին ոռնալ:
-Գրողի ծո՛ցը սայլապաններին: Բոլոր սայլապանները սրիկաներ են: Դժո՛խքն է նրանց տեղը:
Երբ ձայներն այսպիսով ներդաշնակության մեջ մտան, սկսեցին իրենց փառաբանող մի հիմն երգել, որի սկիզբն այսպիսին էր.
Երբ Չստվերցկի հուսարները
Փողոցներով են անցնում,
Այդ քաղաքի աղջիկները
Նրանցից աչք չեն կտրում:
 Օրիորդ Բորբոյեն այլևս կասկած չուներ, որ իր առջև Չստվերցկի զորամասի հուսարներն են: Նա ճանաչեց սպիտակ բեղերով ծեր կապիտանին, որին հաճախ էր տեսել՝ երկար թուրը քաղաքի մայթերին քարշ տալով քայլելիս: Կապիտանը նույնիսկ սիրուհի ուներ՝ անպարկեշտ մի աղջիկ, որի համար մորթի և մետաքսյա զգեստներ էր գնում: Պառաված օրիորդը ցնցվեց այն մտքից, որ դրախտի դռները բաց են մի մարդու առաջ, որն ընդունակ էր սիրուհի պահել: Հայացքը սահեցնելով շարքերի վրայով, օրիորդ Բորբոյեն գտավ բազմաթիվ ծանոթ դեմքեր: Շատերի մեջ էր նաև աղջկա գեղեցկությամբ օժտված մի լեյտենանտ: Նա ուրախ ժամանակ էր անցկացնում իր նման գեղատես տղաների հետ, և նրա հասցեին ասում էին այնպիսի բաներ, որոնց իմաստը օրիորդը լավ չէր հասկանում, թեև ենթադրում էր, որ դրանք կասկածելի բաներ են, քանզի կանայք այդ մասին շշուկով էին խոսում: Եվ այդ ամենը չէր խանգարում, որ լեյտենանտը նույնպես ուղիղ դրախտ գնա:
Օրիորդ Բորբոյեն արդեն վերջին շարքերն էր զննում, երբ մի ահավոր ճիչ թռավ բերանից, ապշանքի ու զայրույթի ճիչ: Վաշտի վերջում, խիտ շարքի մեջ, հանձին մի հեծյալի նա ճանաչեց իր անարգ եղբորորդի Բոբիսլասին: Ըմբոստ մի շարժումով նա վեր թռավ տեղից և կանգնեց փոսի եզրին: Այս անսիրտ ու պատվազուրկ տականքին, այդ ավազակին, խայտառակ այլանդակությունների ընդունակ այդ լկտի անառակին, առանց երկմտելու, հրամցնում էին դրախտ գնալու պատիվը, մինչդեռ ինքը պետք է դրախտի դռան առաջ տարիներ շարունակ սպասեր, և դեռ հարց էր, կթողնեին, թե ոչ: Պառաված օրիորդը, խորհելով իր խղճուկ գոյության, իր աղոթքների, աստվածահաճո գործերի մասին, հանկարծ ընկրկեց, ըմբոստության զգացումը, որ համակել էր նրա ողջ էությունը, տեղի տվեց խոր և հիասթափեցնող հուսալքության առաջ: Բոբիսլասն էլ նրան էր ճանաչել և ձին քշում էր ճամփեզրի կողմը:
-Տե˜ս է, մեր քավթառն էլ է այստեղ: Ա˜յ քեզ հանդիպում…
«Քավթառ» բառը Պոլդևում շատ է տարածված, և, ինչպես հասկանում եք, նվաստացուցիչ, անհարգալից երանգ ունի: Բոբիսլասն այն արտասանեց ոչ առանց քինախնդրության:
-Ծիծաղելի է, որ երկուսս էլ միաժամանակ սատկեցինք, - շարունակեց նա, - ոնց որ տեսնում եք, ես այնքան էլ վատ չվերջացրի, ինչպես հավատացած էիք: Այս անգամ իմ ապագան ապահով է, և որքան հասկանում եմ, դուք նույնը չեք կարող ասել, այնպես չէ՞:
Օրիորդ Բորբոյեն ուժ չգտավ դիմանալու այդ դաժան ծաղրին և ձեռքերով ծածկեց դեմքն ու լաց եղավ: Դրա վրա Բոբիսլասի սիրտը փափկեց, ու նա մեղմ ձայնով ասաց.
-Դե լավ, լաց մի եղեք: Իրականում ես այնքան էլ վատը չեմ: Ձեզ նեղությունից կազատեմ: Հեծնեք ձիուս գավակին:
Մինչ օրիորդ Բորբոյեն երկմտանքի մեջ էր՝ հեծնի թե ոչ, վաշտն սկսել էր առաջ շարժվել: Բոբիսլասը կռացավ, բարձրացրեց օրիորդին և նստեցրեց իր ետևում՝ ձիու վրա:
-Մեջքիցս բռնեք ու պինդ սեղմվեք ինձ և մի սարսափեք ազդրերդ ցույց տալուց, ոչ ոք դրանց տեսքից չի ուշաթափվի: Այս ամենը մի կողմ: Ի՞նչ նորություն կա Չստվերցկում:
-Նոտարն է մեռել: Քիչ առաջ ճամփեզրին տեսա:
-Խեղճ մարդ: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էի բռնաբարել նրա կնոջը:
Օրիորդ Բորբոյեն այնքան անհարմար էր զգում, որ մտածում էր՝ չխնդրի արդյոք Բոբիսլասին ցած իջեցնել իրեն: Պառաված օրիորդը, որը վայելում էր եկեղեցու շնորհը, արտառոց վիճակում էր հայտնվել. հուսարի հետ նստել էր ձիու գավակին բիրտ զինվորների շարասյունում, որոնք մի գլուխ ծաղրում էին իրեն այդ տեսքի համար: Բայց նրան տանջողը այդ չէր միայն: Երբ ետևում ես թողել մի ավարտուն կյանք, ամբողջովին նվիրաբերված քրիստոնեական առաքինությանը, այրող ամոթ ես զգում, որ հոգուդ փրկության համար պարտական ես ամենաստոր մեղքերի մեջ թաթախված մի սրիկայի: Պակաս նվաստացուցիչ չէր և այն փաստը, որ դրախտ էր մտնում խորամանկությամբ ու խաբեությամբ:
-Ոչ կտեսնեն, ոչ կիմանան,- ասում էր Բոբիսլասը: -Պինդ սեղմվեք ինձ:
«Բարձրյալի կամքը անըմբռնելի է». փոքր-ինչ երեսպաշտությամբ մտածում էր օրիորդ Բորբոյեն: Վաշտը դանդաղ էր առաջ գնում, իսկ հաճախակի կանգառները ավելի էին երկարաձգում նրա տառապանքը: Վերջապես հուսարները մտան հրապարակ և կանգնեցին դրախտի դռների առջև: Երկնային շեփորները հնչեցրին Չստվերցկի հուսարների քայլերգը, և վաշտի հրամանատարը անցավ կամարի տակով: Ամպին բազմած՝ սուրբ Պետրոսը աչալուրջ հետևում էր, թե ինչպես է վաշտը մուտք գործում:
-Կծկվեք, - շշնջաց Բոբիսլասը:
Խորհուրդն անտեղի էր: Ամոթից ու վախից կուչ եկած օրիորդ Բորբոյեն իր սև հագուստի մեջ առանց այն էլ նմանվում էր ձիու գավակին մոռացված հնոտիների կապոցի: Ձին արդեն հասել էր դրախտի դռներին և կիսով չափ կամարից ներս մտել, երբ ամպի վրայից եկած մի հզոր ձայն արգելեց առաջ գնալ:
-Հե˜յ, զինվորական, կա՛նգ առ,- բղավեց սուրբ Պետրոսը,- Այդ ի՞նչ կին է ձիուդ գավակին նստած:
Պառաված օրիորդը սարսափից այլևս չէր կարողանում իրեն ձիու վրա պահել և քիչ էր մնում վայր ընկնի: Հեծելազորային Բոբիսլասը թեթևակի բարձրացավ ասպանդակների վրա, անբռնազբոս շրջվեց դեպի սուրբ Պետրոսը և գլխարկը հանելով պատասխանեց առնացի ու վստահ ձայնով.
-Սա մեր վաշտի պոռնի˜կն է:
-Ա˜հ, շատ լավ…Անցե՛ք…
Օրիորդ Բորբոյեն հեծկլտոցի մեջ խեղդեց այդ ծայրահեղ ստորացումը, բայց մի ակնթարթ հետո դադարեց դրա մասին մտածել, քանի որ արդեն մտել էր Երկնային Արքայություն, որտեղ ինչուներն ու ինչպեսները այլևս ոչ մի նշանակություն չունեին:

Թարգմանությունը՝ Ռուզան Միրզոյան

Տես նաև Մարսել էմե Շունը, Քարտը
Մարսել Էմե | Պոլդևյան առասպել Մարսել Էմե | Պոլդևյան առասպել Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 03:07:00 Rating: 5
Технологии Blogger.