Պարույր Սևակ | Ողբում եմ

Ողբամ վաղամեռ մինուճար որդուն, 
Առավել՝ նրա խեղճ մորը տրտում, 
Եվ որդեկորույս մորից առավել՝ 
Վա՜յ տամ ու ողբամ այն թշվառ մարդուն, 
Որ հավա՛տ ուներ - և ծովածավա՜լ, 
                  Եվ հիմա չունի՛, 
                  Մի՜ կաթիլ չունի... 
Ստիպողական ժպիտըդ ողբամ, 
Հարգանքըդ ողբամ, թե հարկադիր է, 
Թե աղբյուրի պես սրտից չի բխում, 
Այլ լիմոնի պես քամվում է վախից... 
 
                  Եվ դողը ողբամ, 
Եթե չի ծնվում նա ակնածանքից 
Եվ կամ թե սրտում այն դեռահասի, 
Որ իր կյանքի մեջ առաջի՛ն անգամ 
                  Ծրար է բացում՝ 
                  Սիրային նամա՜կ: 
                  Ա՛յն դողը ողբամ, 
Որ զոռով-շառով որդեգըրվում է, 
Եվ կնքահայր է դառնում Երկյուղը, 
Եվ կնքամայր է դառնում Սարսափը... 
 
                  Քե՜զ ողբամ, աստվա՛ծ, 
                  Եթե սուտ ես դու: 
                  Ողբամ, սո՛ւտ, և քե՜զ, 
                  Եթե քո հագին 
                  Դու ճշմարտության քղամիդ ունես. 
                  Եվ քե՜զ, քղամի՛դ, 
Թե ուս ես ծածկում և ոչ թե քամակ... 
 
Հիասթափությո՛ւն, քե՜զ ողբամ նաև, 
Եթե գալիս ես և էլ չես գնում, 
Ինչպես չի գնում հյուրը աներես: 
Ողբամ և հյուրին, որ տանն օտարի 
Իրեն պահում է տանտիրոջ նման, 
Եվ տանտիրոջը՝ թե չի վռընդում, 
Նրան թողնում է կնոջ հետ մենակ, 
                  Աչքը դո՛ւրս կնոջ, 
Որ շատ է սիրում արցունքով զինվել: 
                  Արցունքն էլ ողբամ, 
Եթե արցունքը՝ ցավը մեղմելով՝ 
Եվ քենն է փոխում հնազանդության. 
                  Թող քենը գործե՜ր... 
 
                  Վայ տամ ա՛յն գանգին, 
Ուր ձմեռում է խելքը՝ արջի պես. 
                  Նաև ա՛յն գանգին, 
Որ ուսին դրված կաղամբ է ասես, 
Եվ այդ կաղամբը այնտեղ է հասել, 
Որ՝ օգտըվելով նմանությունից՝ 
Իրեն վիթխարի վարդ է հռչակում 
Ու դեռ սոխա՜կ է պահանջում նաև, 
                  Եվ հարցնող չկա, 
                  Թե ո՞ւր է գույնըդ, 
                  Բուրմո՞ւնքդ ուր է... 
 
                  Ճիշտ այսպես՝ 
Նաև վայ տամ տականքի՛ն, 
Որ իրեն յուղից թանկ է համարում 
                  Լոկ այն պատճառով, 
                  Որ... ծանր է յուղից. 
                  Ա՛յն արձագանքին, 
                  Որ հոգնած «մեռա»-ն 
                  Դարձնում է «ուռռա՛»... 
 
                  Ճիշտ այսպես՝ 
Պիտի այն ցա՛նկը ողբամ, 
Որ միայն ինքն է մնացել գրքից. 
                  Այն վա՛նքը ողբամ,
Որ վեր է ածվել բողկի պահեստի. 
                  Այն վա՛նկը ողբամ, այն վա՜նկը, որին 
Զրկում են միա՜կ իր ձայնավորից. 
                  Նաև հավանգը, 
Թե հավանգի մեջ լոկ ջուր են ծեծում. 
                  Նաև սահանքը, 
Եթե սահանքը... խելագարվել է՝ 
                  Բռնել է գրազ 
Նույնիսկ ձկներին խեղդամահ անել, 
                  Բռնել է գրազ 
Եվ մտադիր է գրազը տանե՜լ... 
 
Եվ ողբամ նաև... 
Ինքըս ի՜նձ ողբամ, 
Թե այսպես պիտի ողբամ - վայ կանչեմ 
Եվ իզուր տեղը ինքըս ինձ տանջեմ... 
 

03.VI.1957թ.

Մոսկվա


Տես նաև Պարույր Սևակ Բանաստեղծություններ
Պարույր Սևակ | Ողբում եմ Պարույր Սևակ | Ողբում եմ Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on 21:48:00 Rating: 5
Технологии Blogger.