Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը


(Հին, շատ հին հեքիաթ)
Առաջին մաս
1
Կար-չկար
Մի Կոկորդիլոս.
Հենց որ դուրս էր գալիս փողոց,
Գլանակ վառում,
Թուրքերեն էր խոսում:
Կոկորդիլոս Կոկորդիլոսօղլի:

2
Նրա հետևից քաղաքում,
Երգում էին, աղաղակում.
-Ամա˜ն, նայեք, նայե՛ք դրան,
Ի˜նչ երկար պոչ, ի˜նչ մեծ բերան:
Եվ որտեղի՞ց նման հրեշ:
3
Գիմնազիստներն են հետևում նրան,
Դռնապաններն են հետևում  նրան,
Բոթում են նրան, հրում են նրան,
Վիրավորում են ամենքը նրան:
Հազիվ քայլող մի մանուկ էլ
Ասաց.
-Սարսափելի մուկ է:
Իսկ մի շնիկ, ոչ այնքան մեծ,
Հասավ նրա դունչը կծեց:
Նա անպայման վատ շնիկ էր, անդաստիարա˜կ:
4
Կոկորդիլոսը շրջվեց
Ու շան լակոտին կուլ տվեց:
Կուլ տվեց վզնոցի հետ միասին:
5
Բարկացան մարդիկ մոտերքում,
Գոռում են ու աղաղակում.
-Հասե˜ք դրան,
Բռնե˜ք դրան,
Կալանատո˜ւն տարեք դրան:
6
Հենց նա մտավ տրամվայ
Աղմկեցին.
-Վա˜յ, վա˜յ, վա˜յ:
Վազելով ու
Գլորվելով
Ամենքը մի անկյուն մտան:
-Ամա˜ն, հասե˜ք, օգնե˜ք, փրկե˜ք:
7
Վազեց եկավ ոստիկանը.
-Ի՞նչ աղմուկ է, ի՞նչ կական է,
Ո՞վ է թույլ տվել ձեզ այստեղ
Զբոսնել, թուրքերեն խոսել:
Կոկորդիլոսներին այստեղ քայլելն արգելվում է:
8
Կոկորդիլոսն ի՞նչ անի.
Հեգնոտ ժպտաց
Ու կուլ տվեց ոստիկանին՝
Սապոգների ու թրի հետ միասին:
9
Վախից բոլորն էլ դողում,
Նվնվում, ճչում, գոռգոռում են:
Միայն մի քաղաքացի
Չհանձնվեց
Ողբ ու լացի.
Անվախ Վանյա Վասիլչիկովը:
10
Նա խիզախ է,
Նա արի,
Նա անվախ է
Ու քաջարի:
Առանց դայակի է փողոց դուրս գալիս:
11
Նա ասաց.-Դու չարագործ ես:
Մարդակեր ես դու:
Դրա համար, անկուշտ հիմա՛ր,
Քեզ կգլխատեմ հենց հիմա:
Ու հանեց սուրն իր խաղալիք:
12
Կոկորդիլոսն այսպես ասաց.
-Դու հաղթող ես, իսկ ես՝ պարտված:
Աղաչում եմ, դու ինձ ներիր,
Խղճա պստլիկ ձագուկներիս:
Նրանք լողանում Նեղոսում,
Լալիս ու ինձ են սպասում:
Թույլ տուր, դառնամ փոքրերիս մոտ,
Քեզ կարկանդակ կտամ համով:
13
Պատասխանեց Վանյան այսպես.
-Բալիկներիդ խղճում եմ ես,
Բայց չարագործ արնախումիդ
Կտոր-կտոր կանեմ հիմա:
Քեզ չեմ խղճա ու չեմ ների,
Դու շատ մարդկանց միս ես կերել:
14
Եվ Կոկորդիլոսը ասաց.
-Ինչ-որ այստեղ կուլ եմ տվել,
Հենց այս պահին հետ կստանաս:
15
Եվ ոստիկանը ողջ-առողջ
Հայտնվեց հանկարծ մարդկանց առաջ.
16
Ու շնիկն էլ առանց վախի
Ելավ նրա լայն երախից:
Ցատկոտո˜ւմ է,
Պարո˜ւմ, վազո˜ւմ,
Տղայի այտե˜րն է լիզում:
17
Շեփորները փողհարեցին,
Օդում հրթիռներ ճայթեցին.
Տոն է, տոն է Պետրոգրադում,
Բոլորն են ցնծում ու պարում,
Համբուրում են մեր հերոսին,
Որ հաղթեց Կոկորդիլոսին:
Գոռում են ու կանչում՝ ուռա˜,
Քաղաքում զուգված-զարդարված:
18
Ու ցնծում է քաղաքը ողջ.
«Կեցցե˜ս, Վանյա Վասիլչիկով,
Պետրոգրադի փրկարար»:
19
Նվերներ տալ նրան իսկույն,
Խաղողի ճիշտ հարյուր ողկույզ,
Մի հարյուր ֆունտ էլ մարմելադ,
Մի հարյուր ֆունտ էլ շոկոլադ,
Եվ գումարած դրան նաև
Ուզածի չափ պաղպաղակ:
20
Իսկ մարդակեր այս գազանին
Քաղաքից մեր թող դուրս անեն:
Թող գնա հայրություն անի իր սիրելի ձագուկներին:
21
Նա սավառնակ նստեց իսկույն
Ու սլացավ հողմի նման:
Ոչ մի անգամ հետ չնայեց:
Նետի նման գնաց, հասավ
Իր հայրենի երկիրը տաք,
Որ կոչվում էր Աֆրիկա:
22
Ցատկեց, ընկավ
Նեղոսի մեջ,
Ուղիղ Նեղոսի
Տիղմի մեջ,
Ուր ապրում էր կինը նրա
Ձագուկների հետ աննման:

Թարգմանությունը՝ Յուրի Սահակյան

Տես նաև երկրորդ և երրորդ մասերը

Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 02, 2019 Rating: 5
Технологии Blogger.