Նար-Դոս | Ագահության սկիզբը


(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո´չ ինքը, ո´չ յուր կինը Եվան
Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ ո´չ քաղց էին զգում, ո´չ՝ շորի պետք, բայց այժմ նրանք թե´ քաղցած էին և թե´ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո չէին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին այդպես էր աստուծո պատվերն և անեծքը. նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:
Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա՝ բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:
«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ՝ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո´, ես եմ, ես…»:
Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:
«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի՝ թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:
Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ո´չ յուր մեջ էր ուժ մնացել, ո´չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:
Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով.
Է´յ, է´յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:
Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:
Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:
Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:
Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:
Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:
Ինչպես թե ինձ ինչ Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:
Ես ի՞նչ գիտեմ:
Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:
Այդ քարն ի՞նչ է որ:
Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:
Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:
Տո, հեռացի՛ր այն կողմն, է՜, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:
Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՜տ, ետ քշիր:
Ադամը պինդ կանգնեց:
Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:
Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո
Հա, ի´նչ է, ետ չե´մ քշում, ի´նչ պետք է անես:
Ա´յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:
Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած՝ յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա, սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:
Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:
Ոչ, չեմ տանիլ, միայն մի´ խեղդիր ինձ:
Դեհ, երդվիր, որ հավատամ:
Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:
Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.
Գնա´, ա´յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:
Ասաց և չքացավ:
Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:
Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:
1889

Տես նաև Նար-Դոս Հեքիաթներ
Նար-Դոս | Ագահության սկիզբը Նար-Դոս | Ագահության սկիզբը Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ on сентября 17, 2019 Rating: 5
Технологии Blogger.